Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է հոկտեմբերի 9-ին Մոսկվայում կայացած բանակցությունները, որոնք ավարտվել են այսօր վաղ առավոտյան եռակողմ հայտարարության ստորագրմամբ:
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա բանակցությունները «չափազանց բարդ» է որակել:
Նախարարն ասել է, որ հայկական կողմի համար կարեւոր էր «վերջ դնել այս ագրեսիային, որն առանձնահատուկ էր նրանով, որ Ադրբեջանը գործում էր Թուրքիայի եւ միջազգային ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ»:
«Իրավիճակը տարածաշրջանում մնում է բավականին փխրուն, մեզ անհրաժեշտ է հասնել կրակի դադարեցման եւ հաղթահարել այս լուրջ մարտահրավերը: Առանց այս իրավիճակին վերջ դնելու որեւէ առաջընթացի մասին խոսելն անիմաստ է», - շեշտել է Զոհրաբ Մնացականյանը:
Նա կարեւորել է այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը մնում է միջազգայնորեն ճանաչված միակ ձեւաչափը եւ «որեւէ այլ ուժ, մասնավորապես, Թուրքիան, չի կարող որեւէ դերակատարություն ունենալ կարգավորման գործընթացում»:
Նախարարն ասել է, որ այս ագրեսիան հերթական անգամ ապացուցեց հայկական կողմի մտահոգությունները Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության մասին:
«Մեզ համար եղել եւ մնում են առաջնային անվտանգության եւ Արցախում ապրող մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի ճանաչման ու իրացման հարցերը: Արցախի մեր հայրենակիցները պետք է ապրեն ազատ, տնօրինեն սեփական ճակատագիրը որպես մի միավոր, որը ճանաչված կլինի բոլորի կողմից որպես անկախ պետություն», - ասել է Զոհրաբ Մնացականյանը:
Նախարարը շեշտել է, որ ագրեսիայի առաջին օրվանից կարեւոր դերակատարություն են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները: Նա հիշեցրել է, որ ընդունվել էին համատեղ հայտարարություններ ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների եւ ԱԳ նախարարների մակարդակով:
«Սակայն պետք է առանձնահատուկ նշեմ Ռուսաստանի եւ անձամբ նախագահ Պուտինի ջանքերը: Ըստ էության, մեր այսօրվա աշխատանքը կոչված էր ամրագրել այն պայմանավորվածությունները, որոնք Ռուսաստանի նախագահը ձեռք էր բերել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ շփումների ընթացքում», - ասել է Զոհրաբ Մնացականյանը:
***
Մոտ 11 ժամ տեւած բանակցություններից հետո այսօր վաղ առավոտյան Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասված է.
«Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ.
1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։
3.Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։
4.Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: