Արծրուն Հովհաննիսյան. Ալիեւը հայտնվել է ծուղակում - Mediamax.am

4400 դիտում

Արծրուն Հովհաննիսյան. Ալիեւը հայտնվել է ծուղակում


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ասել է, որ հոկտեմբերի 9-ին մարտական գործողությունները սկսել են նոր թափով, ինչպես հարավում, այնպես էլ հյուսիսում:

Նա ասել է, որ այսօր հյուսիսում ավելի շատ մարտական գործողություններ են ընթացել, քան նախորդ օրը, բայց ավելի ծանր է եղել հարավային ուղղությամբ:

 

«Հայկական ԶՈՒ-ն շարունակում է դիմադրել հակառակորդի հարձակվողական նկրտումներին եւ անհրաժեշտ հակահարված տալով՝ ետ շպրտել ելման դիրքերը: Այսօր հակառակորդը որոշակի կորուստներ է կրել, միայն նախնական տվյալներով՝ 2  տասնյակ զրահատեխնիկա»,- ասել է նա:

 

Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ մարտական գործողությունների ինտենսիվությունը, մի շարք հանգամանքներով պայմանավորված, փոփոխվում է:

 

«Ադրբեջանական զինուժի «մեքենայի» ինտենսիվ թափը Պաշտպանության բանակը կոտրել եւ ջախջախել է: Ադրբեջանի բանակի ամենաէլիտար՝ 4-րդ բանակային կորպուսը, որ զինված է բացառապես Տ-90 տանկերով, պետք է 5 օրում կարողանար 30-40 կմ խորության հասներ: Եթե նման ուժ ես կիրառում եւ չես հասնում խորության, ուրեմն տապալել ես օպերացիան»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:      

 

Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է Ջեբրայիլը, Հադրութը եւ հարակից գյուղերը գրավելու վերաբերյալ պաշտոնական Բաքվի հայտարարություններին եւ ասել.

 

«Դա, մեղմ ասած, ծիծաղելի էր, որովհետեւ հենց այդ ժամանակ ես Հադրութում էի: Ավելին ասեմ՝ կոնկրետ այդ ուղղությամբ ընդհանրապես մարտական գործողություններ չկային: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալիեւի զինված ուժերում մեծ ազդեցություն ունի այլ պետության ռազմական ղեկավարությունը, այս պատերազմի ընթացքում առնվազն մի քանի անգամ տեսել ենք, որ Ալիեւը հայտարարում է բաներ, որ ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը: Շատ մեծ կասկած եւ մտահոգություն կա, որ ռազմավարական առումով Ադրբեջանում կառավարման համակարգը խաթարված է: Շատ հնարավոր է, որ ինքը հայտնվել է այդ ծուղակում»:

 

ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ  այսօր ողջ ցերեկ շարունակվել է Ստեփանակերտ քաղաքի հրետակոծությունը, առնվազն մի քանի տասնյակ պայթյուններ են որոտացել տարբեր տրամաչափի զենքերից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին