Երեւան: Մեդիամաքս: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «սանձազերծելով հերթական ագրեսիվ պատերազմը եւ հակամարտությունը կրկին փորձելով լուծել ուժի կիրառման միջոցով` Ադրբեջանը զրոյացրել է միջազգային միջնորդների բոլոր ջանքերը եւ մշակումները խաղաղ կարգավորման գործընթացում»:
«Ստեղծված պայմաններում միայն մեկ ելք է մնում՝ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը, որը տարածաշրջանում կապահովի երկարատեւ խաղաղություն եւ կայունություն, ինչպես նաեւ կբացառի Ադրբեջանի կողմից հերթական պատերազմ սանձազերծելու փորձերն ու կկանխի Բաքվի իշխանությունների կողմից մարդկության դեմ նոր հանցագործությունների իրագործումը»,- ասված է Արցախի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:
Պաշտոնական Ստեփանակերտը համարում է, որ Բաքուն վաղուց կորցրել է Արցախի բնակիչներին իր քաղաքացիները կոչելու բարոյական իրավունքը:
«Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններն այն մասին, թե ռազմական գործողությունների վերսկսումը չի նշանակում բանակցային գործընթացից հրաժարում, եւ որ պաշտոնական Բաքուն շարունակում է Արցախի բնակիչներին համարել իր քաղաքացիները, ցինիզմի բարձրագույն դրսեւորում են»,- հայտարարել է Արցախի ԱԳՆ-ը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: