Reuters. Մակրոնը բանակցությունների «նոր մեթոդ» է առաջարկել - Mediamax.am

Մարտ 03, 2026
8893 դիտում

Reuters. Մակրոնը բանակցությունների «նոր մեթոդ» է առաջարկել


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիայի նախագահ Էմանյուէլ Մակրոնն ասել է, որ այսօր հաջողված հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ:

Reuters-ը վկայակոչում է Մակրոնի հայտարարությունն այն մասին, որ նա Հայաստանի վարչապետին եւ Ադրբեջանի նախագահին առաջարկել է «նոր մեթոդ»՝ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները վերսկսելու համար:

 

Ֆրանսիայի նախագահն ասել է, որ այդ աշխատանքը կմեկնարկի այսօր երեկոյան:

 

Էմանյուէլ Մակրոնը նաեւ վերահաստատել է հրադադարի մասին իր կոչը:

 

Այսօր ավելի վաղ հայկական կողմը հաղորդել էր Մակրոնի եւ Փաշինյանի հեռախոսազրույցի մասին:

 

Հայաստանի վարչապետը շնորհակալություն էր հայտնել պատերազմը սանձազերծելու անթույլատրելիության վերաբերյալ Ֆրանսիայի սկզբունքային եւ կառուցողական դիրքորոշման համար:

 

Կողմերն անթույլատրելի էին համարել օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավումը ռազմական գործողություններում:

 

Ֆրանսիայի նախագահը կարեւորել էր խաղաղ գործընթացի վերականգնումը՝ համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հոկտեմբերի 1-ի հայտարարության:

 

Վարչապետ Փաշինյանն անընդունելի էր համարել Թուրքիայի եւ այդ երկրի կողմից հովանավորվող ահաբեկիչների ներթափանցումը տարածաշրջան՝ ընդգծելով, որ առանց այդ ապակայունացնող ուժերի դուրսմղման հնարավոր չէ վերականգնել տարածաշրջանային անվտանգությունը:

 

Խաղաղության հաստատման համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարեւորել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ նրանց երկրների սերտ համագործակցությունը:




Մեր ընտրանին