Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագան Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է այսօր Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի եւ Էմանուէլ Մակրոնի ընդունած համատեղ հայտարարությանը, որով նրանք կոչ էին արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:
Reuters-ի հաղորդման համաձայն, ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում, նա ասել է, որ երկարատեւ խաղաղության հասնելու համար «Հայաստանը պետք է դուրս գա օկուպացված տարածքներից»:
«Հաշվի առնելով, որ Ռուսաստանն, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան այս խնդիրը արհամարհել են գրեթե 30 տարի՝ անընդունելի է, երբ նրանք փորձում են հրադադար սահմանել», - ասել է Թուրքիայի նախագահը:
Հատկանշական է, որ Պուտինի, Թրամփի եւ Մակրոնի կոչը ուղղված էր Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին, բայց դրան առաջինն արձագանքել է Էրդողանը:
















