Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի նախկին գլխավոր հրամանատար, ամերիկացի ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը կարծում է, որ Արցախյան պատերազմը «զգալի հետեւանքներ կունենա տարածաշրջանային անվտանգության, էներգետիկ շուկաների եւ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավակնությունների համար»:
«Երբ ծառայում էի ՆԱՏՕ-ում, ինձ մի քանի անգամ բախտ է վիճակվել այցելել երկու երկրներ (Հայաստան եւ Ադրբեջան): Նրանց այդ ժամանակվա պաշտպանության նախարարներն ատում էին միմյանց, կարող էին խոսել միայն միմյանց երկերեսանիություն եւ վաճառվածության մասին: Ցավոք, նրանցից յուրաքանչյուրը շատ ճշգրիտ արտահայտեց հարեւան երկրի վերաբերյալ իր ժողովրդի տեսակետը: Ոչ ոք չէր ուզում եւ չէր պատրաստվում նահանջել անգամ մեկ քայլ», - գրում է նա Bloomberg-ի համար գրված հոդվածում:
«ՆԱՏՕ-ում իմ ծառայության չորս տարվա ընթացքում ադրբեջանցիները բազմիցս անվճռական հարձակողական գործողություններ էին սկսում Լեռնային Ղարաբաղում, որոնք հայերը հեշտությամբ կանգնեցնում էին: Մեր հետախուզության գնահատմամբ, եթե խոսքը լուրջ բախումների մասին լիներ, հայերը գրեթե հաստատ կհաղթեին», - նշում է Ստավրիդիսը:
«Այս նոր բռնկման ամենավտանգավոր պահն այն է, որ Թուրքիան եւ Ռուսաստանը ակտիվորեն աջակցում են դիմակայող կողմերին: Թուրքերը չեն սիրում հայերին եւ պաշտպանում են իրենց ադրբեջանցի մահմեդական համակրոնականներին:
Հայաստանում մեկ դար առաջ օսմանյան թուրքերի գործած դաժանությունների մասին հիշողությունը շարունակում է ազգային գիտակցության մեջ կարեւոր գործոն մնալ: Ռուսաստանը պաշտոնական պաշտպանական պայմանագիր ունի Հայաստանի հետ եւ սերտ ռազմական կապեր է պահպանում:
Հակամարտող երկրների հարեւաններն են հավերժ անկայուն Վրաստանը եւ ԱՄՆ-ի ամենաաննկուն թշնամիներից մեկը` Իրանը: Իսկ նավթի խոշոր հանքեր ունեցող Ադրբեջանը շատ խոցելի խողովակաշարեր ունի, որոնք տեղ-տեղ անցնում են Հայաստանի սահմանից 16 կիլոմետր հեռավորության վրա:
Վաշինգտոնը ամբողջությամբ զբաղված է առաջիկա ընտրություններով: Թուրքիան եւ Ռուսաստանը հակառակ կողմերում են (ոչ միայն Կովկասում, այլեւ Սիրիայում եւ Լիբիայում): Եվրամիությունը տարված է Բրեքսիթի հանգուցալուծմամբ եւ Միջերկրական ծովի արեւելքում Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածության աճով: ՆԱՏՕ-ն, որը համագործակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, ասում է, որ «կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները», եւ որ «հակամարտությունը ռազմական լուծում չունի»: Բայց կոնկրետ ոչինչ չի առաջարկում»,- նշում է Ստավրիդիսը:
«Խաղաղ կարգավորման հնարավորությունները քիչ են: Մինսկի խմբի նոր տարբերակը, որը ներառում է Թուրքիան (Թուրքիան իրականում Մինսկի խմբի անդամ է-Մեդիամաքս), կարող է ամրապնդել վստահությունը համաձայնության նկատմամբ: Պուտինը լավ հարաբերություններ է պահպանում երկու երկրների ղեկավարների հետ, չնայած Ռուսաստանն ընդհանուր առմամբ շատ է հակված դեպի քրիստոնյա Հայաստան: Միգուցե Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Թուրքիան համատեղ ջանքերով կարողանան համոզել հակամարտության կողմերին փոխել այն աղետալի ուղին, որով այժմ գնում են »,- գրում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի նախկին գլխավոր հրամանատարը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: