Արցախի պաշտպանության նոր նախարարը Կարեն Աբրահամյանն է - Mediamax.am

8140 դիտում

Արցախի պաշտպանության նոր նախարարը Կարեն Աբրահամյանն է


Լուսանկարը` Արցախի նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր բարձրագույն սպայական կազմին է ներկայացրել Արցախի պաշպանության նոր նախարարին գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին։

Այս մասին հաղորդել է Արարատ հեռուստաընկերությունը՝ ցուցադրելով Արցախի պաշպանության նախարարությունում կայացած խորհրդակցության կադրերը:

 

Կարեն Աբրահամյանը 2017 թվականից զբաղեցնում էր Արցախի ՊԲ շտաբի պետի պաշտոնը։ Մինչ այդ եղել է ՀՀ զնինված ուժերի 5-րդ բանակային կորպուսի հրամանատար։

 

Լեւոն Մնացականյանը Արցախի պաշտպանության նախարարի եւ ՊԲ հրամանատարի պաշտոնները զբաղեցնում էր 2015 թվականից։

 

Քիչ առաջ ստացվել է նաեւ Արցախի նախագահի մամուլի ծառայության հետեւյալ հաղորդագրությունը.

 

«Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 14-ին այցելել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն:

 

Նախագահը Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմին է ներկայացրել իր ստորագրած հրամանագրերի համաձայն պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատար նշանակված գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին եւ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ նշանակված գնդապետ Ջալալ Հարությունյանին:

Նախագահը բարձր է գնահատել գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի եւ գնդապետ Ջալալ Հարությունյանի մասնագիտական ու մարդկային որակները, անցած ուղին, համոզմունք հայտնելով, որ նրանք պատշաճ մակարդակով կիրականացնեն իրենց պարտականությունները, եւ մաղթել հաջողություններ ծառայության մեջ:

 

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել նախկին պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանին զինված ուժերում երկարամյա ծառայության համար, ընդգծելով նրա մեծ ավանդը բանակաշինության, Պաշտպանության բանակի կայացման ու զարգացման գործում, եւ վստահություն հայտնել, որ նոր պաշտոնում Լեւոն Մնացականյանը կշարունակի նույն նվիրվածությամբ ծառայել հայրենիքին:

 

Միջոցառմանը ներկա էին հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի համագործակցության եւ գործողությունների համադրման ծրագրի շրջանակներում Արցախում գտնվող ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, պաշտոնատար այլ անձինք»:

 

Հաղորդագրությունից պարզ չէ, թե ինչ նոր պաշտոն է զբաղեցնելու Լեւոն Մնացականյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին