«Քվեարկության ժամանակային շրջանակները կբարդացնեն իրավիճակը» - Mediamax.am

9487 դիտում

«Քվեարկության ժամանակային շրջանակները կբարդացնեն իրավիճակը»


Էլմար Մամեդյարով
Էլմար Մամեդյարով

Լուսանկարը` Consilium.europa.eu


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը:

 

- Պարոն նախարար, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել կրկին մեր հարցերին պատասխանելու պատրաստակամության համար: Այսօր օտարերկրյա փորձագետներից հաճախ կարելի է լսել գնահատականներ այն մասին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ էապես նվազել է վստահության մակարդակը: Դուք համաձա՞յն եք այդ գնահատականին: Եթե այո, ո՞րն է պատճառը: 

- Գիտեք, դժվար է խոսել կողմերի միջեւ վստահության որեւէ մակարդակի մասին, երբ նրանք, ցավոք, գտնվում են չհայտարարված պատերազմի իրավիճակում: Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացման փաստը` տվյալ հողերում լիակատար էթնիկ զտումների իրականացման հետ մեկտեղ, իհարկե, չեն կարող նպաստել վստահության մակարդակի բարձրացմանը: Պատճառն, ինչպես ասում են, ակնհայտ է: 

- Բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալը կարծում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները “հայտնվել են իրենց իսկ լարած որոգայթում”: «Նրանք այնքան հաճախ են իրենց ժողովուրդներին հրապարակայնորեն խոստացել լիակատար հաղթանակ ղարաբաղյան խնդրում եւ այնքան հաճախ են ղարաբաղյան քարտն օգտագործել որպես գործիք իրենց սեփական լեգիտիմացման համար, որ հիմա, եթե նույնիսկ մի կողմը ցանկանա ստորագրել նորմալ, ողջամիտ համաձայնագիր մյուս կողմի հետ, դա արդեն գրեթե անհնարին կլինի ներքին քաղաքական դրդապատճառներից ելնելով»,- ասել էր Թոմաս դե Վաալը մեր գործակալության հետ հարցազրույցում: Ի՞նչ կասեք այդ ձեւակերպման կապակցությամբ: 

- Նախեւառաջ, ինչպես հայտնի է, արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է: Որքան հզոր է պետությունը տնտեսապես, այդքան հզոր է նրա արտաքին քաղաքականությունը: Այդ պատճառով, ներքաղաքական պատճառներից խոսելն Ադրբեջանի դեպքում այդքան էլ ճիշտ չէ: Երկրորդը, պետք է նշեմ, որ ադրբեջանա-հայկական ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կառուցվում է միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա, ինչպես դա նշված է 2008 թվականի նոյեմբերի 2-ին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության  նախագահների կողմից ստորագրված Մայնդորֆյան հռչակագրում: Հակամարտության կարգավորման գործում հենց միջազգային իրավունքի վրա հենվելն է հնարավորություն ստեղծում խուսափել ներքաղաքական դրդապատճառներից, քանի որ եւ Ադրբեջանը, եւ Հայաստանը, դառնալով միջազգային կազմակերպությունների անդամներ, ստանձնել են համապատասխան պարտավորություններ, որոնք անհրաժեշտ է կատարել: Այլ պետության տարածքի օկուպացումը եւ էթնիկական զտումներն այդ հողերում այդ պարտավորությունների մեջ չեն մտնում: 

- Պարոն նախարար, Ադրբեջանի իշխանություններն ինչո՞ւ չեն դադարեցնում հակահայկական հռետորությունը. չէ՞ որ դա չի կարող չխանգարել փոխզիջումների որոնմանը: Ի՞նչ են տալիս հրապարակային պնդումներն այն մասին, որ մեր երկրի տարածքների մեծ մասը Հայաստանին «նվիրել է» Ադրբեջանը, կամ որ Երեւանը «ադրբեջանական Իրեւան» քաղաքն է: Ի՞նչն է խանգարում հրաժարվել այդ հայտարարություններից եւ մեկնաբանել զուտ բանակցային գործընթացը: 

-  Դե, հանուն արդարության պետք է նշել, որ հակաքարոզչությամբ զբաղվում է ոչ միայն ադրբեջանական կողմը: Պատճառը` նայեք իմ պատասխանը Ձեր առաջին հարցին: Հավատացեք, հայկական զորքերի դուրսհանումն ադրբեջանական տարածքներից բոլորովին այլ իրավիճակ կստեղծի տարածաշրջանում: Մենք, առնվազն, կկարողանանք խոսել իրավիճակի զարգացման կանխատեսելիության, հաղորդակցությունների բացման, կորսված վստահության վերականգնման մասին: 

- Նախորդ տարեսկզբին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ հայկական կողմը խախտել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները` պահանջելով ամրագրել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի/քվեարկության անցկացման ամսաթիվը: Ձեզ չի՞ թվում, որ հենց “don’t ask, don’t tell” մոտեցումը, երբ կողմերից յուրաքանչյուրը յուրովի է ձեւակերպում հանրաքվեի/քվեարկության մանրամասները, բանակցային գործընթացի հիմնական փորձաքարերից մեկն է: Ինչո՞ւ հանրաքվեի/քվեարկության հստակ բովանդակային եւ ժամանակային չափանիշների սահմանումն ու ամրագրումը չի գոհացնում Բաքվին:  

- Ժամանակային շրջանակները կբարդացնեն իրավիճակը: Պետք է իրականացնել հսկայական նախապատրաստական աշխատանք, հալեցնել սառույցը հարաբերություններում, վերականգնել վստահությունը, վերադարձնել բնակչությունը, պայմաններ ստեղծել նրանց բարեկեցիկ համատեղ գոյակցության համար: Չի կարելի հանրաքվե անցկացնել հրացանի փողի եւ ճնշման տակ: Ցանկացած շտապողականություն հանուն ժամանակային շրջանակների պահպանման նման զգայուն եւ փխրուն հարցերում կարող է էլ ավելի բարդացնել իրավիճակը եւ խաչ քաշել խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերի վրա: 

- Հունվարի 14-ին Ձեր հայ պաշտոնակիցն ասել էր, որ Հայաստանը որպես հիմք է ընդունում ղարաբաղյան կարգավորման` միջնորդների առաջարկած  3 սկզբունքներն ու 6 բաղադրիչները: «Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, ապա նա հայտարարում է, որ ընդունում է միայն տարածքային ամբողջականություն սկզբունքը եւ տարածքների վերադարձի դրույթը: Ադրբեջանին հարկ է կողմնորոշվել եւ հստակ պատասխան տալ. կամ նա ընդունում է բոլոր սկզբունքները եւ դրույթները, կամ` ոչ»,- ասել էր էդվարդ Նալբանդյանը: Ի՞նչ կպատասխանեք Ձեր հայ գործընկերոջը: 

- Դա ուրախալի փաստ է եւ կարծում եմ, որ դա կարող է հնարավորություն ստեղծել սկսել աշխատել մանրամասն Խաղաղության Համաձայնագրի ուղղությամբ: Ահա այդ ուղղությամբ տարվող աշխատանքը պետք է սահմանափակել ժամանակային շրջանակներով, որպեսզի խուսափենք հավերժ բանակցություններ վարելու գայթակղությունից`առանց տեղում իրավիճակի փոփոխության: Ի դեպ, բոլոր 3 սկզբունքները եւ 6 բաղադրիչները հանդիսանում էին նորացված Մադրիդյան փաստաթղթի հիմքը, որը փոխանցվել էր Հայաստանին եւ Ադրբեջանին 2009 թվականին Աթենքում`ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովի ընթացքում: Ցավոք, մենք կորցրեցինք ավելի քան մեկ տարի, չնայած մարտի 5-ին Սոչիում նախագահների հանդիպման ժամանակ կարելի էր որոշակի դրական միտումներ նկատել դեպի Խաղաղության Համաձայնագրի վրա աշխատանքի մեկնարկը շարժվելու ուղղությամբ: 

- Ինչո՞ւ Ադրբեջանը չի համաձայնում դիպուկահարներին շփման գծից հեռացնելու մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկին: Չէ՞ որ դա կօգնի պահպանել տասնյակ հայերի եւ ադրբեջանցիների կյանքեր: 

- Ցավոք, պետք է արձանագրեմ, որ այսօր մենք ունենք իրականություն, որի  համաձայն Ադրբեջանի տարածքների 20%-ն օկուպացված է Հայաստանի զինված ուժերի կողմից, եւ որպես հետեւանք` շփման գիծ, որտեղ երկու կողմերում զենքը ձեռքերին կանգնած են զինվորականներ: Տվյալ հակամարտությունը սառեցված չէ եւ ցանկացած ժամի, ցանկացած րոպե կա ունի զենքի կիրառման իրական վտանգ: Դա հաստատում է նաեւ 9 տարեկան ադրբեջանցի տղայի սպանության փաստը, որը հեռու է այն տարիքից, երբ նրան կարելի էր զինվորականի տեղ դնել: Ինչպե՞ս կարելի է կրակել երեխաների վրա. դա սրբապղծություն է: Նման տիպի վտանգի վերացման համար եւ հանուն մարդկային կյանքի պահպանության հենց Հայաստանը պետք է դուրս հանի իր զորքերն Ադրբեջանի օկուպացված տարածքներից, դրանով իսկ վերացնելով ուժի հնարավոր կիրառման բուն պատճառը: Դուրս հանելով իր զորքերն օկուպացված տարածքներից, Հայաստանն ինքը կարող է վերացնել այն պատճառները, որոնք հիմք են ստեղծում իրավիճակի հնարավոր թեժացման համար, այսինքն` վերացնել ուժի կիրառման սպառնալիքը: Միայն այդ դեպքում տարածաշրջանում հնարավոր կլինի հասնել կայուն, երկարաժամկետ խաղաղության: 

Հարցազրույցի հարցերը Մեդիամաքսը ուղարկել էր նախքան Սոչիի հանդիպումը: Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Էլխան Պոլուխովին, նրա տեղակալ Էլման Աբդուլաեւին եւ Լոս-Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Էլին Սուլեյմանովին` այս հարցազրույցի կազմակերպմանը աջակցելու համար:

 

Մեր ընտրանին