Նախագահները պայմանավորվել են շարունակել եռակողմ հանդիպումները - Mediamax.am

3081 դիտում

Նախագահները պայմանավորվել են շարունակել եռակողմ հանդիպումները


Իլհամ Ալիեւը, Վլադիմիր Պուտինը եւ Սերժ Սարգսյանը
Իլհամ Ալիեւը, Վլադիմիր Պուտինը եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւը եւ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են շարունակել եռակողմ կանոնավոր բանակցությունները՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով:

Այս մասին ասված է այսօր Սանկտ Պետերբուրգում երեք նախագահների հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ:

 

«Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության նախագահները վերահաստատեցին Վիեննայում ս.թ. մայիսի 16-ին կայացած հայ-ադրբեջանական գագաթաժողովի պայմանավորվածությունները՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը եւ խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Այդ նպատակով նրանք համաձայնեցին մասնավորապես մեծացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը: Նրանք գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ: Կայացավ կարգավորման առանցքային հարցերի շուրջ մտքերի հանգամանալից փոխանակում: Պետությունների ղեկավարները փաստեցին մի շարք հարցերի կապակցությամբ փոխըմբռնման հասնելու հանգամանքը, որոնց լուծումը հնարավորություն կընձեռի պայմաններ ստեղծել առաջընթաց արձանագրելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում»,- ասված է երեք նախագահների համատեղ հայտարարությունում:

 

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն ընդգծել են ԼՂ կարգավորման հարցով իրենց կանոնավոր շփումների կարեւոր նշանակությունը եւ պայմանավորվել շարունակել դրանք նման ձեւաչափով՝ ի հավելումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքների: Համանախագահները հրավիրված էին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ավարտին:

 

Հիշեցնենք, որ եռակողմ հանդիպմանը նախորդել էին Սարգսյան-Պուտին եւ Ալիեւ-Պուտին հանդիպումները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին