Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը լավ հիմք կլինի բանակցությունները շարունակելու համար:
Այս մասին Սերժ Սարգսյանն ասել է Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք ուրախ կլինենք, եթե այսօր կարողանանք առաջ շարժվել՝ ի կատար ածելու այն պայմանավորվածությունները, որոնց մենք հասել ենք. այսինքն՝ ստեղծել հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմը»,- ասել է Սերժ Սարգսյանը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
ՀՀ նախագահի խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտության հարցում Հայաստանի դիրքորոշումը հայտնի է բոլորին:
«Մենք ցանկանում ենք, որ այս հարցը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Եւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, այն ըմբռնման եւ ջանքերի համար, որոնք Դուք հատկացնում եք այս հարցին»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նա նշել է, որ, այնուամենայնիվ, մեկ կողմի ցանկությամբ նման հակամարտությունները չեն լուծվում:
Կրեմլի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինն անդրադարձել է հայ-ռուսական առեւտրատնտեսական համագործակցությանը, ինտեգրացիոն ձեւաչափերում՝ մասնավորապես ՀԱՊԿ-ի շրջանակում կողմերի փոխգործակցությանը:
«Պետք է նշել, որ ինտեգրացիոն գործընթացների շրջանակում մեր հարաբերություններն ակտիվորեն զարգանում են, քան դա լինում էր առաջ՝ երկկողմ հիմքի վրա, ինչը մեզ ուրախացնում է: Հնարավորություն եւ անհրաժեշտություն կա զրուցելու այն մասին, թե մենք ինչ ենք անելու հետո: Այժմ Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում, եւ աշնանը կայանալու է բարձր մակարդակի հանդիպում: Այնպես որ այս ուղղությամբ եւս կզրուցենք»,- ասել է ՌԴ նախագահը:
Մեդիամաքսը հիշեցնում է, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ՌԴ նախագահը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որին կհաջորդի եռակողմ հանդիպումը:
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 16-ին Վիեննայում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: