«Գրադ»-ից արկակոծվել է Մարտակերտը, ՊԲ-ն պատասխան հարվածներ է հասցրել - Mediamax.am

Փետրվար 19, 2026
12486 դիտում

«Գրադ»-ից արկակոծվել է Մարտակերտը, ՊԲ-ն պատասխան հարվածներ է հասցրել


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 25-ին եւ լույս 26-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածության լուրջ խախտումներ է արել:

Հակառակորդը օգտագործել է իր զինանոցում առկա գրեթե բոլոր տիպի հրետանային միջոցները եւ զրահատեխնիկան, մասնավորապես` 60 (26 արկ), 82 (75 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՌՊԳ-7 (7 արկ), ՀՀՆ-9 (2 արկ)  ու  ՀԱՆ-17 տիպի նռնականետ (3 արկ), ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (200 կրակոց), TR-107 տիպի ռեակտիվ հրթիռային կայանք եւ տանկ:

 

Բացի մարտական հենակետերից, հակառակորդը ՄՄ-21 (Գրադ) կայանքից արկակոծման է ենթարկել Մարտակերտ բնակավայրը (14 արկ):

 

Հրետանային կրակ է վարվել նաեւ Մատաղիսի ուղղությամբ (8 արկ):

 

Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտման արդյունքում` մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Տիգրան Մխիթարի Պողոսյանը (ծնվ. 1992թ.) եւ Արամ Նիկոլայի Առուշանյանը (ծնվ. 1972թ.):

 

ԼՂՀ Պաշտպանության բանակը դիմել է կանխարգելիչ քայլերի եւ թիրախային հարվածներ հասցրել հակառակորդի առաջնային դիրքերին ու կրակային հենակետերին` պատճառելով կենդանի ուժի եւ զինտեխնիկայի նշանակալի կորուստներ:




Մեր ընտրանին