Լավրով. Թուրքիան պատերազմի կոչ էր հնչեցրել - Mediamax.am

Հոկտեմբեր 23, 2025
6801 դիտում

Լավրով. Թուրքիան պատերազմի կոչ էր հնչեցրել


Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր Երեւանում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջերս տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ պաշտոնական Անկարայի հայտարարությունները «բացարձակապես անընդունելի են»:

Այս մասին Սերգեյ Լավրովն ասել է Երեւանում՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Մեդիամաքսի թղթակցի հարցին:     

 

«Թուրքական ղեկավարության շուրթերից հնչած հայտարարությունները բացարձակապես անընդունելի են այն պարզ պատճառով, որ դրանք ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչեր էին: Դրանք խնդրի ռազմական, ուժային լուծման կոչեր էին»,- ասել է Սերգեյ Լավրովը:

 

Ռուսաստանի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ նման հայտարարություններն արմատապես հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ միջազգային հանրության դիրքորոշումներին:

 

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին՝ Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի մեկնարկից հետո, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե Թուրքիան Ադրբեջանի կողքին էր հակամարտության ամենասկզբից եւ կշարունակի այդպես վարվել:

 

«Մի օր Ղարաբաղն անպայման կվերադառնա իր իրական տիրոջ մոտ, կրկին ադրբեջանական կդառնա»,- ասել էր Թուրքիայի նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին