Երեւան: Մեդիամաքս: Հակամարտության շուրջ ձեւավորված զինված դիմակայության թուլացման կարեւոր նախապայմանը հրադադարը իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրով ամրապնդելու հրամայականն է:
Այս մասին ապրիլի 8-ին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդիոյին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ հանդիպման ժամանակ:
Ներկայացնելով շփման գծում տեղի ունեցած մարտական գործողություններն ու ձեւավորված իրավիճակինը՝ Սեյրան Օհանյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է ադրբեջանական կողմի բացահայտ ագրեսիայի հիմնական առանձնահատկությունների վրա, որոնց թվում էին հայկական կողմի զինծառայողների եւ քաղաքացիական անձանց դեմ ադրբեջանական զինուժի գործած ռազմական հանցագործությունները, զինված հակամարտության իրավունքի այլ դրույթների կոպիտ ոտնահարումները:
«Չնայած ճշգրիտ թիրախավորման եւ նոր բարենպաստ բնագծերի զբաղեցման միջոցով հակառակորդի սանձահարմանը ներգավվելու պատրաստականությանը, ՀՀ-ն դեռեւս շարունակում է ապավինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորմանը», - նշել է Սեյրան Օհանյանը:
















