Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ:
Ներկայացնելով Արցախում ռազմական գործողությունների մեկնարկը՝ ՀՀ նախագահը նշել է, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում ադրբեջանական կողմը նախապես մշակված սցենարով դիմել է աննախադեպ սադրանքի Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ իրականացնելով լայնածավալ մարտական գործողություններ, կիրառելով սպառազինությունների ողջ համալիրը, այդ թվում՝ զրահատեխնիկա, ծանր հրետանի եւ օդուժ:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ գործողությունների առաջին իսկ ժամերից հակառակորդի թիրախ են դարձել նաեւ քաղաքացիական անձինք:
«Նման մասշտաբի գործողություններ չի գրանցվել 1994 թվականի զինադադարի հաստատումից ի վեր: Հարձակողական սադրիչ գործողություններն ադրբեջանական կողմից վերսկսվել են հաջորդ օրն առավոտյան եւ շարունակվում են մինչեւ այս պահը: Ադրբեջանը շարունակում է թիրախավորել խաղաղ բնակչությանը` օգտագործելով հրթիռահրետանային կայանքներ եւ հրանոթներ: Այսպես կոչված «միակողմանի զինադադարի» հայտարարումից հետո Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի ուղղությամբ աշխատել է Ադրբեջանի հրետանին:
Հայաստանի Հանրապետությունը` որպես 1994 թվականի Զինադադարի համաձայնագրի կողմ, շարունակելու է լիարժեքորեն կատարել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման իր պարտավորությունները: Ավելին, ես հրահանգել եմ արտաքին գործերի նախարարությանը՝ աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ:
Եթե, իրոք, ռազմական գործողությունները շարունակվեն եւ ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախություն»,- հայտարարել է ՀՀ նախագահը:
Երկրի ղեկավարի խոսքով՝ մարտական գործողությունների հետագա սաստկացումը կարող է հանգեցնել անկանխատեսելի եւ անդառնալի հետեւանքների՝ ընդհուպ մինչեւ լայնածավալ պատերազմի:
Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ
«Սա, բնականաբար, կազդի ոչ միայն հարավկովկասյան, այլեւ եվրոպական տարածաշրջանի անվտանգության ու կայունության վրա: Ակնհայտ է, որ թե ռազմական գործողությունների դադարեցումը եւ առհասարակ, հիմնախնդրի խաղաղ կարգավորումը բխում են նաեւ եվրոպական երկրների շահերից: ԵԱՀԿ-ին՝ որպես Եվրոպայի անվտանգության ապահովման երաշխավորման գործում առանցքային դերակատարություն ունեցող կառույցի, այս հարցում առանձնակի դեր է վերապահված:
Ցավոք, հայկական կողմի բազմաթիվ կոչերն առ այն, որ Ադրբեջանը վաղ թե ուշ գերի է դառնալու հայատյացության իր իսկ հռետորաբանությանն ու նոր զինված արկածախնդրություն է սանձարձակելու, եւ պետք է հնարավոր միջոցներով զսպել ագրեսորին, չտվեցին ցանկալի արդյունք: Երբ Ադրբեջանը հպարտանում էր մեծաքանակ սպառազինությունների ձեռքբերումներով, միջազգային հանրությունը լուռ էր կամ գրեթե լուռ էր: Երբ ամենաբարձր մակարդակով հայտարարվում էր ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու մասին, միջազգային հանրությունը գրեթե լուռ էր: Երբ Ադրբեջանը վարկաբեկում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը եւ հրաժարվում վստահության ամրապնդման մեխանիզմներ ստեղծել, միջազգային հանրությունը կրկին լուռ էր, ու այսօր էլ լուռ է, երբ Ադրբեջանը կիրառում է ծանր հրետանի ու գնդակոծում խաղաղ բնակչությանը: Իսկ երբ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հակազդում է իրեն անգամներ գերազանցող Ադրբեջանի բանակին, նրան կոչ են անում «ցուցաբերել զսպվածություն»»,- հայտարարել է նախագահը:
«Ադրբեջանի լկտի պահվածքի վերջին դրսեւորումներից մեկն էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն էր, որում ասվում էր, թե իբր մարդասիրական քաղաքականությունից ելնելով` Ադրբեջանը միակողմանիորեն դադարեցնում է պատասխան գործողությունները «թշնամու նկատմամբ» եւ սկսում կյանքի կոչել ազատագրված տարածքների պաշպանության ամրապնդման ծրագիրը: Ես ձեզ հավատացնում եմ, որ որեւէ տարածք ադրբեջանցիները չեն ազատագրել, այս պահին ողջ շփման գծի երկայնքով ընդամենը մի փոքրիկ հատված հարավում եւ մի փոքրիկ հատված հյուսիսում, որ հույս ունեմ՝ մինչեւ մեր շփումն ավարտենք, այլեւս այդ հատվածը հյուսիսում չի լինի, ընդամենը 200-300 մետր տարածք են գրավել ադրբեջանցիները՝ տալով ամեն մետրի համար մեկից ավելի զոհ: Պարզ է չէ՞, որ սրանով Ադրբեջանը կրկին մոլորեցնում է միջազգային հանրությանը եւ փորձում ստեղծել նախադրյալներ իր կողմից սանձազերծված ռազմական գործողությունները եւ դրանց հետագա շարունակությունը քողարկելու համար», -ասել է ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ որպես ԵԱՀԿ անդամ երկիր՝ Հայաստանն անհրաժեշտ է համարում կոչ անել ԵԱՀԿ բոլոր անդամ երկրներին՝ լինել սկզբունքային իրենց դիրքորոշումներում:
















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: