Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը կարծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է այս տարվա աշնանը ավարտեն ղարաբաղյան կարգավորման շուրջ «շրջանակային քննարկումները»:
Ամերիկացի պաշտոնաթող դիվանագետն այդ մասին գրել է «Ադրբեջանում Հեյդար Ալիեւի դարաշրջանի ավարտի մասին» իր հոդվածում, որը հրապարակվել է Brookings հետազոտական կենտրոնի կայքում:
Ռիչարդ Կոզլարիչը նշել է, որ Հեյդար Ալիեւի դարաշրջանն ավարտվեց 2014 թ. դեկտեմբերի 3-ին, երբ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւը մի հոդված հրապարակեց, որում կոշտ քննադատեց ԱՄՆ-ի քաղաքականությունը Ադրբեջանի հանդեպ:
Նախկին դեսպանը նշել է, որ Մեհտիեւի հոդվածը եւ քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշման ուժգնացումը համընկավ «Հայաստանի հետ ամենալուրջ ռազմական բախումների հետ՝ 1994-ին հրադադարի կնքելուց ի վեր»: Ռիչարդ Կոզլարիչը նշել է, որ դրան հետեւեց «Մինսկի գործընթացին ու ԱՄՆ-ին ուղղված հռետորական հարձակումների շարքը (Ադրբեջանի կողմից - Մեդիամաքս), քանի որ վերջիններս անկարող էին ապահովել հակամարտության լուծման Ադրբեջանին ձեռնտու տարբերակը»:
Ռիչարդ Կոզլարիչը կարգավորման գործընթացի ակտիվացման հետ կապված մի քանի առաջարկություն է արել:
Նախ, նրա կարծիքով, կողմերը պետք է լիազորություններով օժտված բանակցողներ նշանակեն, ովքեր բանակցություններ կվարեն Մինսկի գործընթացի շրջանակներում, սակայն առանց Մինսկի խմբի ուղիղ միջնորդության: Բացի այդ, նշել է Կոզլարիչն, Ադրբեջանում հարկավոր է վերականգնել «երկրորդ մակարդակի» դիվանագիտության հնարավորությունները (քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շփումները-Մեդիամաքս): Պաշտոնաթող դիվանագետը նշել է, որ դրա համար անհրաժեշտ պայման է ադրբեջանցի քաղբանտարկյալների ազատ արձակումը, ովքեր ազատազրկվել են հայերի հետ շփումների համար:
Ռիչարդ Կոզլարիչն առաջարկում է պնդել, որպեսզի կողմերը ավարտեն կարգավորման շուրջ ընթացող «շրջանակային քննարկումները» այս տարվա աշնանը:
«Անցել է այն ժամանակն, երբ կողմերը կարող էին Մինսկի խմբին մեղադրել հակամարտությունը կարգավորելու անկարողության համար, երբ իրենք խուսափում էին լուրջ ջանքեր գործադրելուց: 2014 թ-ին պատերազմի վերսկսման ռիսկը մեծացել է, եւ 2015 ո-ին մենք այլեւս ժամանակ չունենք ամեն ինչ շարունակել այնպես, ինչպես անցյալում էր», - նշել է նա:
Ռիչարդ Կոզլարիչն եզրակացրել է, որ քաղբանտարկյալների ազատումն ու Հայաստանի հետ լուրջ բանակցություններ սկսելը Ադրբեջանի համար «ԱՄՆ-ի հարգանքը նվաճելու» միակ ճանապարհն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: