Թեւան Պողոսյան. Քեսաբում հայկական կողմից զոհեր չեն եղել - Mediamax.am

exclusive
14807 դիտում

Թեւան Պողոսյան. Քեսաբում հայկական կողմից զոհեր չեն եղել

ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը
ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը

Լուսանկարը` PanArmenian Photo

Լուսանկարը`


Մարտի 27-28-ին Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների խումբը  մասնավոր նախաձեռնությամբ այցելել է Սիրիա` հանդիպելու Լաթաքիայում ապաստան գտած հայերին, որոնք ավելի վաղ տարհանվել էին իրենց բնակության մշտական վայրից՝ Քեսաբից: Պատգամավորական խումբը տեղում ծանոթացել է ստեղծված իրավիճակին, Սիրիայի իշխանությունների հետ մտքեր փոխանակել սիրիական ճգնաժամի և դրա արդյունքում ողբերգական իրավիճակում հայտնված սիրիահայերի ապագայի վերաբերյալ:

 

ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը, ով օրերս է վերադարձել Սիրիայից, Մեդիամաքս-ին պատմել է այցի մանրամասների, քեսաբահայության ներկայիս իրավիճակի եւ նրանց ակնկալիքների մասին:

 

 - Պարոն Պողոսյան, Դուք եւ Ձեր գործընկերները օրերս եք վերադարձել Սիրիայից, որտեղ գտնվում էիք փաստահավաք առաքելությամբ: Խնդրում եմ ներկայացնել, թե ի՞նչ արձանագրեցիք տեղում:

 

- Սիրիա ենք մեկնել պատգամավորների մասնավոր նախաձեռնությամբ: Սիրիա հասնելու ամենաարագ տարբերակը Բեյրութով Դամասկոս մեկնելն էր: Դամասկոս հասանք ուշ երեկոյան եւ հաջորդ օրն առավոտյան մեքենաներով ուղեւորվեցինք Լաթաքիա: Այնտեղ մեզ դիմավորեցին տեղական իշխանությունները: Հայկական եկեղեցու բակում հանդիպեցինք տեղահանված հայ ընտանիքների հետ, փորձեցինք զրուցել հավաքվածների հետ, լսել նրանց պատմությունները:

 

Քեսաբցի հայերը մեզ պատմեցին, որ միշտ էլ զգացել են հարձակման վտանգը, փորձել են ինքնակազմակերպվել, տեղեկատվության ակտիվ փոխանակում է եղել հայերի միջեւ: Մարտի 21-ի երեկոյան արդեն նկատել են, որ թուրքական սահմանապահները լքել են իրենց դիրքերը, ինչը բավական տարօրինակ է թվացել հայերի համար: Նրանք հասկացել են, որ ինչ-որ բան է  նախապատրաստվում: Հաշվի առնելով վտանգը` առաջին հերթին տարհանել են կանանց եւ երեխաներին` նրանց տեղափոխելով Լաթաքիա: Մարդիկ ուղղակի հեռացել են` ամբողջ ունեցվածքը թողնելով իրենց տներում: Իհարկե, Լաթաքիայի հայ համայնքը պատրաստված դիմավորել է քեսաբահայերին, շատերը ապաստան են գտել հարազատների տանը, բայց մարդիկ թողել էին իրենց փաստաթղթերը, արժեքավոր իրերը, գումարը Քեսաբում: 

 

Տղամարդիկ մնացել էին Քեսաբում` պաշտպանելու իրենց տները: Քեսաբահայերը պատմում էին, որ հարձակումները սկսվել են Թուրքիայի տարածքից: Թուրքիան զինյալ խմբավորումներին տրամադրել էր ոչ միայն տարածք, այլեւ այնպիսի զինատեսակներ, որոնք, ըստ հայերի, ընդդիմադիրները երբեւէ չեն ունեցել: Թուրքական կողմից պայթեցվել էին սիրիական սահմանային հենակետները, որից հետո տարբեր ուղղություններով սկսվել էր հարձակումը:

 

Հայերից ոմանք մարտի մեջ են մտել զինյալ խմբերի հետ` փորձելով ինքնապաշտպանություն կազմակերպել: Բարեբախտաբար, հայկական կողմից զոհեր չեն եղել: Տղամարդիկ գիշերը պայքարել են, իսկ հաջորդ օրն առավոտյան սիրիական բանակը հասել է օգնության եւ փորձել դիմադրություն ցույց տալ զինյալ խմբավորումներին: Փաստացի հենց բանակն է ստիպել հայերին տեղափոխվել Լաթաքիա` խոստանալով, որ ամեն ինչ կանի Քեսաբը ետ վերցնելու համար: Քեսաբահայերը պնդում են, որ ամեն դեպքում վերադառնալու են իրենց տները եւ վերականգնելու են դրանք:

 

Կային լուրեր, որ Քեսաբում, այնուամենայնիվ, մնացել են շուրջ 30 տարեց հայեր, որոնք տարհանման խնդիրներ են ունեցել: Մեզ հայտնեցին, որ լուրեր են շրջանառվում նաեւ երկու հայ կանանց բռնաբարության մասին: Սա կասկած չի առաջացնում: Մենք շատ լավ գիտենք թուրքերի ձեռագիրը: Ասում էին նաեւ, որ 20 հայերի ձերբակալել են եւ արդեն տեղափոխել թուրքական կողմ:  

 

- Քանի՞ հայ ընտանիք է այսօր գտնվում Լաթաքիայում:

 

-  Մեզ տեղեկացրին, որ Քեսաբում եւ շրջակա տասը գյուղերում բնակվել է շուրջ 550 հայ ընտանիք, ինչը կազմում է շուրջ 2500 հոգի: Այնտեղ եղել է նաեւ ալեւիների փոքր խումբ, նրանք նույնպես տեղահանվել են:

 

- Ինչպե՞ս էր իրադրությունն այս պահին Լաթաքիայում եւ որքանո՞վ է այն ապահով հայերի` թեկուզ ժամանակավոր բնակության համար: 

 

- Այսօրվա դրությամբ սիրիական բանակը պահում է Լաթաքիան: Լաթաքիան Ասադի հայրական բնակավայրն է: Ակնհայտ է, որ ընդդիմադիրների համար քաղաքը գրավելը նույնքան խորհուրդ ունի, որքան Ասադի համար այն պահելը:

 

Լաթաքիայում իրադրությունն ավելի հանգիստ էր, քան, օրինակ, մայրաքաղաք Դամասկոսում: Պատերազմի շունչը Լաթաքիայում ավելի քիչ էր զգացվում: Բայց դա, իհարկե, խաբուսիկ է: Քեսաբի գրավումը ընդդիմադիրների համար կարեւոր նշանակություն ուներ, քանի որ դրանով նրանք ելք ստացան դեպի ծով եւ հիմա կարող են անարգել ծովային կապ պահպանել Թուրքիայի հետ` այնտեղից ստանալով թե ռազմական, թե այլ տեսակի օգնություն: Ռազմավարական այդ խնդիրը նրանք լուծեցին:

 

- Ինչի՞ կարիք են այսօր ամենից շատ ունեն քեսաբահայերը:

 

- Երբ հարցնում էինք նրանց, թե ինչի կարիք ունեք, միաձայն ասում էին` միջոցի: Եթե լինեն ֆինանսական միջոցներ, ամեն ինչ կարող են ձեռք բերել` հագուստ, սնունդ: Կացության հարցը լուծել է եկեղեցին եւ քեսաբահայերի հարազատները: Այնուամենայնիվ, մշտական կացության հարցը լուծելու համար եւս բախվում ենք ֆինանսական խնդրին:

 

Մարդիկ նաեւ բարի խոսքի կարիք ունեն: Նրանք մեծ անորոշության մեջ են ապրում` հավատալով, սպասելով, որ սիրիական բանակը ամեն պահ կարող է ազատագրել  Քեսաբը: Եվ ոչ ոք չգիտի, թե այդ սպասումն ինչքան կտեւի: Մեծ է անորոշության զգացումը: Կան մարդիկ, ովքեր արդեն տեղափոխվել են Լիբանան` իրենց բարեկամների մետ:

 

- Իսկ Հայաստան տեղափոխվել ցանկացողներ կա՞ն` հաշվի առնելով, որ Հայաստանում եւ Արցախում մի շարք կազմակերպություններ եւ անհատներ հայտարարել են քեսաբահայերին ընդունելու պատրաստակամության մասին:

 

- Ինձ հետ զրուցած հայերից եւ ոչ ոք նման ցանկություն չի հայտնել: Միգուցե երեխաներին ուղարկեն Հայաստան, որպեսզի դասապրոցեսից ետ չմնան: Տվյալ պահին քեսաբահայերի ցանկությունն է մնալ այնտեղ եւ սպասել Քեսաբ վերադարձին: Մեկ ամիս հետո, եթե հանկարծ Քեսաբն ազատագրված չլինի, միգուցե նրանց դիրքորոշումը փոխվի: Քեսաբահայերի համար նախընտրելի է վերադառնալ եւ ավիրված տունը վերականգնել, քան մնալ անորոշ սպասման մեջ:

 

- Հայաստանում եւ Սփյուռքում մեծ թվով մարդիկ պատրաստակամություն են հայտնում օգնություն տրամադրել քեսաբահայերին: Ակտիվ խմբեր են ստեղծվել Facebook-ում: Ինչպե՞ս կարելի է օգնել մեր հայրենակիցներին:

 

- Մեր վերադարձից անմիջապես հետո հանդիպել ենք ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Բարձրացրել ենք մի քանի խնդիրներ: Այս հարցով մոտ օրերս ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կկազմակերպվի փակ քննարկում: Կա մի քանի գաղափար` ֆինանսական միջոցների հավաքագրման հետ կապված: Սակայն դրանք դեռ մտքեր են, որոնք պետք է քննարկվեն:

 

Մենք պետք է սովորենք արձագանքել ցանկացած երկրում ցանկացած հայի ցավին: Մենք, որպես պետություն, պետք է կարողանանք ձեւավորել արձագանքման կառույցներ` նմանատիպ իրավիճակներին ճիշտ եւ ժամանակին արձագանքելու համար:

 

- Ինչպես նշեցիք, պատգամավորական խմբի կողմից մշակվել են առանձին առաջարկություններ: Կներկայացնե՞ք դրանք:

 

- Հիմա փորձում ենք ամփոփել այդ առաջարկները: Մենք խնդրել ենք քեսաբահայերին գրի առնել իրենց անձնական պատմությունները: Քեսաբի պարագայում գործ ունենք մարդու իրավունքների կոպտագույն խախտումների հետ: Կարծում եմ, Հայաստանը պետք է այս գործով հատուկ թղթապանակ պատրաստի եւ քեսաբահայերի իրավունքների խախտման հայցով դիմի միջազգային դատական ատյաններ: 

 

Առաջարկ կա, որը վերաբերում է քեսաբահայերի ունեցվածքի հաշվառմանը, որպեսզի հետագայում բարձրացվի սիրիահայերի ունեցվածքի փոխհատուցման հարցը: 

 

Առաջարկներից է նաեւ միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում պահել քեսաբահայերի խնդիրը: Բնականաբար, պետք է իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ մշակել` այդ գործում ներգրավելով համահայկական բոլոր կառույցներին: 

 

Այս պահին չէի ցանկանա չակերտները բացել բոլոր առաջարկների մասով: Պետք է հասկանանք, թե հայրենադարձության ինչ ծրագրեր կարող ենք իրականացնել, թեեւ քեսաբահայերն ասում են, որ «մենք իրավունք չունենք կորցնել Քեսաբը, Մուսա լեռը արդեն կորցրել ենք, սա կորցնելու իրավունք չունենք»

 

Իմ պատկերացմամբ, Քեսաբի իրադարձություններից հետո անհրաժեշտ է նաեւ մեր ազգային անվտանգության դոկտրինում որոշ փոփոխություններ մտցնել: Այսօրվա դրությամբ, դոկտրինով մեր պաշտպանական տարածք են համարվում ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն: Փաստորեն, այն, ինչ տեղի է ունենում այդ տարածքներից դուրս, մեզ համար այնքան էլ սպառնալիք չէ:  Չնայած դոկտրինում կա կետ, թե սփյուռաքահայության մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգը եւս սպառնալիք է մեզ համար, բայց փաստացի դոկտրինում չկա մեխանիզմ, թե այդ սպառնալիքի դեպքում մենք՝ որպես պետություն, ինչ քայլեր պետք է նախաձեռնենք: Պետք է այդ փոփոխություններն անել, որպեսզի պետությունը ձեւավորի իր հստակ մեխանիզմները նման իրավիճակների համար:

 

- Պարոն Պողոսյան, հաղորդվում է, որ Քեսաբում եւ ընդհանրապես Սիրիայում ակտիվ ռազմական գործողություններին մասնակցում է ոչ միայն Թուրքիան, այլեւ  Ադրբեջանը: Ի՞նչ է հայտնի այս մասով:

 

- Սիրիական իշխանությունները մեզ տեղեկացրին, որ ներկա պահին շուրջ 83 երկրներից վարձկաններ են գործում ընդդիմադիր զինյալ խմբավորումների կազմում: Նրանց թվում կան բազմաթիվ ադրբեջանցիներ: Մենք մեր մտահոգությունն այս հարցով եւս բարձրացրինք սիրիական ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ:

 

- Պատգամավորական խումբը հանդիպում ունեցավ նաեւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Կարո՞ղ եք ներկայացնել այդ  հանդիպման մանրամասները:

 

- Իշխանությունները մեզ հավաստիացրին, որ ամեն ինչ անելու են Քեսաբը վերադարձնելու համար: Ասացին, որ հայերը Սիրիայի լիիրավ քաղաքացիներ են, եւ իշխանության համար որեւէ տարբերություն չի եղել` Քեսաբը կամ այլ վայրերը պաշտպանելիս:

 

Կարծում եմ, Քեսաբի դեպքերի մեծագույն դասը, որ պետք է քաղենք, հետեւյալն է. մենք պետք է գիտակցենք, որ աշխարհում ապրող յուրաքանչյուր հայի պաշտպանության համար մեր պետությունն ունի իր գործառույթը եւ պարտավորությունը: Ցանկացած այլ երկրում, որտեղ հայեր են բնակվում, կարող է նման խնդիր ծագել: Մենք պետք է հասկանանք, թե որպես պետություն ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել` մեր հայրենակիցներին պաշտպանելու համար: Շատ կարեւոր է նաեւ հայության միասնականությունն այս հարցերի շուրջ:   

 

Թեւան Պողոսյանի հետ զրուցել է Եկատերինա Պողոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին