Հաննա Աթիկ. «Կպաշտպանենք հայերի տները Լիբանանում» - Mediamax.am

9904 դիտում

Հաննա Աթիկ. «Կպաշտպանենք հայերի տները Լիբանանում»

Հաննա Աթիկը
Հաննա Աթիկը

Լուսանկարը`


Հաննա Աթիկը լիբանանցի քրիստոնյա քաղաքական գործիչ է, քաղաքացիական պատերազմի մասնակից: 1980 թվականին ստեղծված «Lebanese Forces» կուսակցության հիմնադիրներից մեկն է: Ներկայումս «Lebanese Forces-Corrective Movement»-ի հիմնադիրն է:

 

Հոկտեմբերի 19-ին Բեյրութում ավտոմեքենայի պայթյունից զոհվեց 8 մարդ, այդ թվում` Լիբանանի ներքին անվտանգության ուժերի գեներալ Վիսամ ալ Հասանը: Լիբանանի նախկին վարչապետ եւ “Մարտի 14” ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Սաադ Հարիրին, խոսելով ահաբեկչության մասին, հայտարարեց, որ «կասկած անգամ չունի, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադն է պատասխանատու ահաբեկչության համար»:

 

- Հոկտեմբերի 19-ի ահաբեկչության թիրախը Լիբանանի ներքին անվտանգության ուժերի գեներալ Վիսամ ալ Հասանն էր: Ի՞նչ դեր էր խաղում նա Լիբանանի քաղաքական կյանքում:

- Գեներալ Վիսամ ալ Հասանը շատ ջանք է թափել Լիբանանի համար, մասնակցել է բազմաթիվ գաղտնի գործողությունների, այդ թվում՝ իսրայելական որոշ ցանցերի «ապամոնտաժմանը» Լիբանանում, Միշել Սեմահայի ձերբակալությանը, իսլամական ահաբեկչական խմբավորումների, հատկապես՝ Fath Al Islam-ի դեմ պայքարին: Հայտնի են ալ Հասանի գործողությունները տարբեր ոչ օրինական ոլորտների դեմ` փողերի լվացում, պատանդներ ու այս կարգի այլ հանցագործություններ:

 

Բազմաթիվ ենթադրություններ կարող են արվել, թե ովքեր են կանգնած գեներալի սպանության ետեւում: Հիշենք նաեւ, որ Լիբանանի ներքին անվտանգության ուժերը անցյալում եւս մի քանի անգամ նման ահաբեկչությունների թիրախ են դարձել: Այս անգամ եւս մենք կորցրեցինք Լիբանանի անվտանգության ուժերի շատ կարեւոր ներկայացուցչի: Ողջ Լիբանանը սգում է այս կորուստը:

 

-Համաձա՞յն եք այն տեսակետին, որ արդեն այսօր մենք ականատեսն ենք սիրիական կոնֆլիկտի տեղափոխմանը Լիբանան:

 

- Սիրիան չափազանց կարեւոր ռազմավարական նշանակություն ունի Մերձավոր Արեւելքում հետեւյալ պատճառներով.

 

1. «Համասի» միջոցով կարեւոր դեր է խաղում Պաղեստին-Իսրայել կոնֆլիկտում;

 

2. «Հեզբոլլահի» միջոցով կարեւոր դեր է խաղում Լիբանան-Իսրայել կոնֆլիկտում;

 

3. Աշխարհագրորեն եւ անվտանգության առումներով կարեւոր դեր է խաղում իրանա-արաբա-իսրայելական կոնֆլիկտում:

Ցանկացած դրական կամ բացասական զարգացում Սիրիայի միջազգային հարաբերություններում ուղիղ ազդեցություն կունենա Լիբանանի վրա: Մինչ օրս Լիբանանի կառավարության, զորքերի եւ մտավորականության ջանքերն ուղղված են եղել տարբեր տարածաշրջանային ուժերի` սիրիական կոնֆլիկտը Լիբանան բերելու փորձերի տապալմանը: Բարեբախտաբար, այդ փորձերը մինչ օրս անհաջող են եղել, եւ պետք է որ այդպիսին էլ մնան:

- Ի՞նչպիսին է Լիբանանի քրիստոնյա, մասնավորապես՝ հայ համայնքի տեսակետը ներկայիս իրադրության մասին:

 

- Հայերն ամենանվիրված քրիստոնյաներն են: Լիբանանահայերը եւս բացառություն չեն:

Ինչպես լիբանանցիների մեծամասնությունը, ես էլ համարում եմ, որ հայ համայնքը Լիբանանի քրիստոնյա համայնքի լիիրավ մասն է: Դժբախտաբար, լիբանանցիներն այսօր բաժանված են երկու գլխավոր քաղաքական խմբավորումների` «Մարտի 8-ի» եւ «Մարտի 14»-ի միջեւ, եւ դա, իհարկե, վերաբերում է նաեւ լիբանանահայերին: Ինչպես միշտ, մենք այսօր էլ կոչ ենք անում բոլոր քրիստոնյաներին միավորվել հստակ քաղաքական առաքելության շուրջ, ինչը կապահովի նրանց շարունակականությունը եւ կայունությունը` մեր կրոնական քրիստոնյա առաջնորդների ղեկավարությամբ:

- Ինչպես Լիբանանում, այնպես էլ Սիրիայում հայկական շատ մեծ համայնք է գործում: Սիրիական ճգնաժամի պատճառով բազմաթիվ հայեր արդեն լքել են Սիրիան: Հնարավո՞ր եք համարում նման սցենարի կրկնությունը Լիբանանի դեպքում:

 

- Լիբանանահայերի ճակատագիրը անմիջականորեն կապված է Լիբանանի քրիստոնյա համայնքի ճակատագրի, հետեւաբար՝ նաեւ Լիբանանի կառավարության կայունության հետ: Չնայած անցյալում անկայուն բազմաթիվ իրավիճակների, հայկական ներկայությունը Լիբանանում երկար տարիների պատմություն ունի: Լիբանանի հայ համայնքը մեր ազգային կերպարի բաղկացուցիչ մասն է, մեզ հարկավոր է այդ ներկայությունը, եւ կձեռնարկվեն բոլոր ջանքերն այդ ներկայությունը պահելու համար:

 

Մենք կպաշտպանենք հայերի տներն այնպես, ինչպես բոլոր լիբանանցիների տները, եթե դրա կարիքը զգացվի: Հուսանք, որ բանը դրան չի հասնի:

 

Եթե դեպքերն ընթանան վատթարագույն սցենարով, ապա այո, Լիբանանի քրիստոնյաներին մեծ վտանգ կսպառնա: Ինչպես մի անգամ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդ էր ասել, Լիբանանի քրիստոնյաների կայունությունը կուժեղացնի Մերձավոր Արեւելքի բոլոր քրիստոնյաներին: Եթե հարկ լինի, մենք չենք տատանվի ու կանենք այն, ինչ բազմիցս արել ենք անցյալում:

 

Լիբանանը փյունիկ է, այն վերակենդանանում է իր մոխրից, ու էական չէ, թե նրան ինչքան են ավերում, մենք միշտ վերակենդանանալու ենք: Շատ օկուպացիաների միջով ենք անցել, բայց կռվել ենք, ու մեր գոյության իրավունքը պաշտպանենք:

 

- Ինչպե՞ս պետք է լուծվի սիրիական հակամարտությունը, եւ արդյո՞ք կարծում եք, որ Սիրիան «Արաբական գարնան» վերջին թիրախն է:

 

- Պետք է հասկանալ, որ սիրիական կառավարությունը աջակցություն է ստանում միջազգային մեծ դերակատարների կողմից, ինչը օգնում է շարունակել նրա գոյությունը. նույնը վերաբերում է նաեւ հեղափոխականներին եւ «Սիրիական ազատ բանակին»:

 

Այսպիսով, ըստ իս, կոնֆլիկտը երկարաժամկետ է լինելու եւ կարող է տանել կամ Սիրիայի մասնատմանը, կամ էլ անվերջանալի ներքին կռիվների: Մի բան էլ. ասում ենք  «Արաբական գարուն», բայց արդյո՞ք դա կարելի է «գարուն» անվանել: Դա ավելի շուտ աշնան կամ նույնիսկ ձմռան է նման: Դժբախտաբար, Մերձավոր Արեւելքում տեսնում ենք ծայրահեղական ուժերի աշխուժացում արաբական հեղափոխություններին զուգահեռ, եւ դրա արդյունքում վտանգվում են տարածաշրջանում բնակվող փոքրամասնությունները: 

 

Հաննա Աթիկի հետ հատուկ Մեդիամաքս-ի համար զրուցել է Նարինե Դանեղյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին