Տիգրան Սարգսյան. «ՏաԹեւեր»-ը մասնավոր-պետական գործակցության արդյունք էր - Mediamax.am

Հոկտեմբեր 16, 2025
exclusive
274 դիտում

Տիգրան Սարգսյան. «ՏաԹեւեր»-ը մասնավոր-պետական գործակցության արդյունք էր

Լուսանկարը`


15 տարի առաջ, 2010 թվականի հոկտեմբերի 16-ին, «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակում բացվեց «ՏաԹեւեր» ճոպանուղին: 

 

2023 թվականի դեկտեմբերին Մեդիամաքսի հետ հարցազրույցում խոսելով «Տաթեւի վերածնունդ» ծրագրի մասին սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, մասնավորապես, ասել էր.

 

«Այն ուղղված է Սյունիքի վերածննդին, Հայաստանի բնակիչների եւ օտարերկրյա զբոսաշրջիկների համար ձգողական կետ դառնալուն։ Արդյունքը 2010 թվականից ի վեր դեպի տարածաշրջան տարեկան զբոսաշրջային հոսքի 17 անգամյա աճն է, տնտեսության, սոցիալական ու մշակութային կյանքի աշխուժացումը։ Միեւնույն ժամանակ, հնագույն վանքը, որը միջնադարում նաեւ տարածաշրջանի ամենամեծ համալսարան էր եղել, հոգեւորության եւ լուսավորության խորհրդանիշ է: Ռուբենի կարծիքով, հենց այստեղ է սկսվելու Հայաստանի եւ հայոց աշխարհի հոգեւոր վերածնունդը»։

 

«ՏաԹեւեր» ճոպանուղու 15-ամյա հոբելյանի առիթով Մեդիամաքսը զրուցել է Հայաստանի նախկին վարչապետ, Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանի հետ:

 

- Պարոն Սարգսյան, Տաթեւի ճոպանուղին փաստացի Հայաստանում մասնավոր-պետական համագործակցության առաջին մեծածավալ օրինակն էր:

 

- Տաթեւի ճոպանուղու կառուցումը Հայաստանի Հանրապետության համար ուներ շատ էական նշանակություն: Ծրագիրը ենթադրում էր խոշորածավալ ներդրումներ, ուստի այն ՀՀ նախագահի, կառավարության, Ռուբեն Վարդանյանի եւ նրա գործընկերների բազմաթիվ հանդիպումների եւ քննարկումների առարկան էր։ 

 

Արդյունքում պետություն-մասնավոր համագործակցության հայեցակարգի ներքո կառավարությունը մեծածավալ ֆինանսական միջոցներ հատկացրեց ենթակառուցվածքների նախապատրաստման համար։ 

 

- Կարո՞ղ ենք ասել, որ Տաթեւի ճոպանուղին «ճանապարհ հարթեց» նաեւ այլ հավակնոտ նախաձեռնությունների, մասնավորապես, UWC Dilijan քոլեջի համար:

 

- Այո, այդ ծրագիրը եւս կյանքի կոչվեց պետության հետ սերտ համագործակցությամբ: Կառավարությունը, մասնավորապես, հանդես էր եկել ծրագրին հարկային արտոնություններ շնորհելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ:

 

Պետք է հիշեցնեմ, որ դեռ Անդրանիկ Մարգարյանի վարչապետության ժամանակ Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ ձեւավորվել էր Ազգային մրցունակության խորհուրդը: Այն կոչված էր մասնավոր-պետական համագործակցությունը համակարգող մարմինը դառնալ: Խորհուրդը գլխավորում էր վարչապետը, անդամներն էին կառավարության անդամները, Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը, Անդրե Անդոնյանը, Ավետիք Չալաբյանը, Գոռ Նահապետյանը եւ այլոք:

 

Այդ ձեւաչափում քննարկում էինք Հայաստանի զարգացման հետ կապված տարբեր գաղափարներ եւ նախաձեռնություններ, որոնցից մեկը Դիլիջանում միջազգային դպրոցի հիմնադրումն էր։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին