Գաբրիել Գեւին. Աշխարհը ոչինչ չարեց, երբ Ղարաբաղի բնակչությունը ստիպված լքեց իր տունը - Mediamax.am

exclusive
969 դիտում

Գաբրիել Գեւին. Աշխարհը ոչինչ չարեց, երբ Ղարաբաղի բնակչությունը ստիպված լքեց իր տունը

Գաբրիել Գեւին
Գաբրիել Գեւին

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը`


Բրիտանական Hurst Publishers հրատարակչությունը լույս է ընծայել լրագրող Գաբրիել Գեւինի «Մեր հայրերի մոխիրը. Լեռնային Ղարաբաղի անկումը՝ ներսից» գիրքը (“Ashes of Our Fathers: Inside the Fall of Nagorno-Karabakh”).

 

Գաբրիել Գեւինը լրագրող եւ գրող է Օքսֆորդից։ Նա գրել է նախկին Խորհրդային Միության երկրների եւ Թուրքիայի արտաքին քաղաքականության մասին Politico-ի, ինչպես նաեւ Time-ի, Foreign Policy-ի եւ The Spectator-ի համար։

 

Մեդիամաքսը բացառիկ զրույց է ունեցել Գաբրիել Գեւինի հետ:

 

- Երբ լուսաբանում էիք, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում, մտածո՞ւմ էիք, որ մի օր հնարավոր է գիրք դառնա։

 

- Ոչ, բացարձակապես ոչ: Երբ առաջին անգամ ժամանեցի 2022 թվականի մարտին, շատ քիչ պատկերացում ունեի Հայաստանի մասին։ Գաղափար չունեի հակամարտության մասին: Դրա մասին կարդացել էի միայն 2020-ի պատերազմի մասին լուրերի վերնագրերում: Ու շատ արագ տարվեցի կոնֆլիկտով։

 

Հիշում եմ՝ սարերով իջնում էի Գորիս. այս տեսարանը նկարագրում եմ գրքում: Ստիպված էի վարորդ վարձել, որովհետեւ «մարշրուտկան» լիքն էր։ Այդ մարդը պատմում էր ինձ իր կյանքի մասին ու հարցրեց՝ «Ինչո՞ւ եք այստեղ»: Ասացի՝ «Լրագրող եմ, եկել եմ լուսաբանելու վերջին լարվածությունը Լեռնային Ղարաբաղում»: Նա այնքան ուրախ ու երջանիկ էր, որ հանդիպել է մեկին, որը լուսաբանելու է պատմության այդ կողմը, որովհետեւ զգում էր, որ տարածաշրջանում եւս մի հակամարտությունից խուսափելու միակ հույսը միջազգային ուշադրությունն է: Նա ձեռքը տարավ մեքենայի պահոցիկին ու հանեց զինվորական գրքույկը։ Ցույց տվեց այն կնիքը, որը ստացել էր 18 տարեկանում, երբ առաջին անգամ բանակ էր գնացել։ Ցույց տվեց նաեւ կնիքը, որը ստացել էր 2020-ի պատերազմին կամավորագրվելիս։ Եվ դատարկ տեղերը՝ ապագա կնիքների համար: Ասես ակնարկեց ապագա հակամարտության հեռանկարին: Նա հանեց հեռախոսը ու սկսեց թերթել այն մարդկանց լուսանկարները, որոնց հետ կռվել էր եւ որոնք զոհվել էին: Հիշում եմ, որ մտածեցի՝ «Ես սրա մասին ոչինչ չգիտեմ»:

 

Ես ծանոթ չեմ մեկին, որը որեւէ բան գիտի այս հակամարտության մասին: Եվրոպայի եզրին դաժան, անողոք կոնֆլիկտ է մոլեգնում, եւ ոչ ոք առանձնապես հետաքրքրված չէ: Կարծում եմ՝ հատկապես ադրբեջանցիներն էին միշտ հիասթափված, որ 90-ականներին էլ հակամարտության միջազգային ուշադրություն չէր հատկացվում:

 

Կարծում եմ, որ կարգավորման չհասնելը որոշ չափով պայմանավորված է բավարար ուշադրության բացակայությամբ: Ցավոք, ես դառնորեն հիասթափվեցի 2023 թվականի սեպտեմբերին, երբ, չնայած նախազգուշացումներին ու հասարակության ուշադրությանը, աշխարհը ոչինչ չարեց, երբ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը ստիպված լքեց իր տունը: Ինձ համար դա շատ դառը փորձ էր։ Ամեն օր մտածում եմ դրա մասին:

 

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են լրագրողներն անում այն, ինչ անում են, ինչու են քաղաքական գործիչները անում այն, ինչ անում են։

 

- Հրատարակչի կայքում տեղադրված տեքստում ասվում է, որ Դուք աշխատում էիք առաջնագծի երկու կողմերից: Ուրեմն Ադրբեջանում էլ էիք աշխատում։

 

- Այո, ինձ բախտ վիճակվեց մի քանի անգամ մեկնել Ադրբեջան եւ այնտեղ մի քանի շաբաթ անցկացնել: Ես կարողացա այցելել 2020-ի պատերազմի ժամանակ գրավված տարածքը։ Երբ 2023-ի սեպտեմբերին տեղի ունեցավ զանգվածային փախուստը, ես մոտ երկու շաբաթ ապրեցի Գորիսում՝ Կոռնիձորի սահմանին, հանդիպեցի փախստականներին, տեսա մարդկանց, որոնց հետ շփվել էի շրջափակման ողջ ընթացքում։ Նրանք ինձ պատմում էին, թե ինչ են ուտում էին նախաճաշին, ճաշին եւ ընթրիքին (երբեմն՝ ոչինչ): Տեսա, թե ինչպես են նրանք անցնում սահմանը, տեսա վերամիավորվող ընտանիքների վիշտն ու ուրախությունը, վախը ապագայի նկատմամբ, իրական ժամանակում ոչնչացվող պատմական ու ուրույն հասարակությունը:

 

Հետո՝ մոտ երկու շաբաթ անց, Թբիլիսիից մեկնեցի Բաքու։ Օդանավակայանի անցակետի տղան պատրաստում էր կնիքը, որ ինձ ներս թողնի, հետո անձնագրումս հայկական կնիքներ տեսավ ու սեղմեց սեղանի վրայի կոճակը։ Ոչ ոք չէր գալիս, նա ուժգին խփում էր ապակուն, հետո եկավ նրա ղեկավարը եւ կանգնեց մեջքի հետեւում: Նա ցույց էր տալիս իմ հայկական կնիքները։ Շեֆը նայեց ինձ ու հարցրեց. «Ինչո՞ւ էիք գնացել Հայաստան», ասացի՝ «Աշխատանքի բերումով»: Ու մտածեցի, որ սա բավականին վախեցնող է, որովհետեւ ես շաբաթներ շարունակ շատ կոպիտ ու ճշգրիտ բառերով լուսաբանել եմ այն, ինչ անում էր Ադրբեջանը շրջափակման ու զանգվածային արտագաղթի ժամանակ: Բայց նրանք նայեցին միմյանց, կնիքը խփեցին անձնագրումս ու բաց թողեցին:

 

- Ասացիք, որ իրականացված էթնիկ զտումից հետո եղել եք Լեռնային Ղարաբաղում։ Կարծում եմ՝ Դուք այն սակավաթիվ օտարերկրյա լրագրողներից եք, որոնց թույլ են տվել այցելել այնտեղ: Ի՞նչ տեսաք:

 

- Տեսանելի են Ադրբեջանի կառավարության ահռելի ջանքերը ու ներդրած գումարները՝ ինչ-որ բաներ փոխելու, ինչ-որ բաներ կառուցելու, առաջընթաց ցույց տալու համար: Բայց միեւնույն ժամանակ շատ հազվադեպ կարելի է տեսնել կամ հանդիպել սովորական ադրբեջանցու, որն օգտվում է այդ առաջընթացից: Ես խոսել եմ մարդկանց հետ, որոնք վերադարձել են այն տարածքներ, որոնք Ադրբեջանն անվանում է ազատագրված։ Հանդիպել եմ մարդկանց, որոնք մանրամասն հիշում են այն վայրը, որտեղ իրենց գյուղն էր 90-ականներին: Որոշ դեպքերում նրանց նոր տներ են տվել, բայց ես հայտնաբերել եմ, որ շատ առումներով դա «պոտյոմկինյան» տնտեսություն է, քանի որ մարդիկ տուն են ստանում, բայց հաճախ պարզ չէ, թե ինչպես ու որտեղ են աշխատելու։

 

Իմ վերջին այցելության ժամանակ հանդիպեցի մի ընտանիքի, որին տուն էին հատկացրել Լաչինում: Տղամարդն ասաց՝ «Մեզ ոչ ոք չի օգնում, ես չեմ կարող այստեղ աշխատել»: Սրանք այն մարդիկ են, որոնց համար էր այս ամենը, ինչպես ասում է ադրբեջանական իշխանությունը: Բայց նրանք ինձ ասում են, որ բավարար ուտելիք չունեն: Ինչպե՞ս է դա արտացոլում ադրբեջանական պետության առաջնահերթությունները։

 

- Համոզված եմ՝ գիտեք, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում հասարակությունը չափազանց զգայուն է այն ամենի նկատմամբ, որ գրվում է հակամարտության մասին՝ լինի հոդված, գիրք կամ վավերագրական ֆիլմ: Պատրա՞ստ եք Ձեր գրքի ոչ միարժեք ընդունելությանը:

 

- Կարծում եմ, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի դեպքում օտարազգի լինելը իսկապես օգտակար էր, քանի որ հայերի եւ ադրբեջանցիների համար գրեթե անհնար է լուսաբանել միմյանց, նույնիսկ պարզապես միմյանց հետ գործ ունենալ ու լսել միմյանց պատմությունները: Ես միշտ փորձել եմ խաղալ կամուրջի դեր ստանձնել, որը կարող է միաժամանակ տեսնել երկու շատ տարբեր, շատ հակասական աշխարհներ: Եվ ես իրոք փորձել եմ հարցին մոտենալ խոնարհության զգացումով:

 

Գրքում խոսում եմ այն մասին, որ եթե այս հարցի մասին գրենք, եթե լուսաբանում լինի, գուցե արդյունքը բռնություն եւ ողբերգություն չլինի: Այն գիտակցությունը, որ այդպես չեղավ, ցնցեց ինձ մինչեւ հոգուս խորքը ու ստիպեց հարցնել ինքս ինձ, թե ինչով եմ զբաղված եւ ինչու:

Լուսանկարը` Hurst Publishers

Կարծում եմ, որ մյուս պահն այն է, որ իմ ընդհանուր դիրքորոշումը (եւ բրիտանական մեդիա մշակույթը) այն է, որ ես քամահրանքով եմ մոտենում բոլոր քաղաքական գործիչներին, որոշումներ կայացնողներին, մարդկանց, որոնք կանգնում եւ ասում են՝ այսպես պետք է լինի։ Իմ մեկնարկային կետը այդ մարդկանց հնարավորինս լրջորեն հարցաքննելն է նրանց դրդապատճառների, գործողությունների եւ գործողությունների հետեւանքների վերաբերյալ:

 

Եթե համակրում եմ, ապա այն մարդկանց, որոնք տուժում են այդ որոշումներից: Սովորական մարդկանց: Ադրբեջանցուն, որը իննսունականներին ապրել էր գյուղում ու մշակել իր հողը, հետո ստիպված իրերը հավաքել ու փախել, կամ տղային, որը մահացել է 2020 թվականին իշխանության սխալ կառավարման եւ անկարողության պատճառով: Այն մարդկանց, որոնք մի քանի ժամում ստիպված էին հավաքել ողջ ունեցվածքը, նրանց, ովքեր 2023թ. սեպտեմբերյան զանգվածային փախուստի ժամանակ վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով որդիներ, եղբայրներ, ամուսիններ են կորցրել եւ հետո ստիպված փախել են Հայաստան իրենց զոհվածների միայն նկարներով՝ ոչ մարմիններով։

 

Հենց այս պատմություններն են մղում այս գիրքը: Ոչ ոքի չի հետաքրքրում իմ կարծիքը, թե որն է ճիշտ կամ սխալ: Կարծում եմ՝ դա միանգամայն ճիշտ է: Ես երբեք չեմ ակնկալի, որ ադրբեջանցիները կամ հայերը իմ գրքում կամ ինձ մոտ փնտրեն հակամարտության լուծումը կամ արդարության հարցի պատասխանը: Ես ընդամենը փորձել եմ ներկայացնել փաստերը, իսկ մարդիկ կարող են ինքնուրույն որոշել:

 

Ներածությունում գրել եմ, որ ընթերցողներս պետք է որոշեն՝ արդյո՞ք ակն ընդ ական մոտեցումը արդարություն է, թե պարզապես հանգեցնում է կոլեկտիվ կուրության: Փորձել եմ նաեւ խուսափել այն բանից, ինչը հաճախ քննադատության առարկա է դառնում հայերի ու ադրբեջանցիների շրջանում, երբ արեւմտյան թղթակիցները գրում են՝ «մի կողմից ղարաբաղցիներն ասում են, որ ուտելու բան չունեն, մյուս կողմից կա Աղդամի ճանապարհը», եւ չեն օգնում ընթերցողներին հասկանալ, թե ինչու է այդպես:

 

Ես բազմիցս հարցազրույց եմ վերցրել Բրյուսելում Ադրբեջանի դեսպանից։ Ես խոսում էի Ղարաբաղի շրջափակման մասին, իսկ նա հակադարձում էր՝ «իսկ Նախիջեւանի՞ շրջափակումը»։ Բազմաթիվ լրագրողներ պարզապես կհայտնեն այդ երկու փաստերը եւ կգրեն, որ երկու կողմերն էլ ասում են, որ իրենց տարածքը շրջափակված է։ Բայց լրագրողական պարտքի թերացում է Ստեփանակերտում սովամահ եղող մարդկանց մասին ռեպորտաժ անել եւ չգրել, որ Նախիջեւանում նման խնդիր չկա: Նախիջեւանում 30 տարի այդպես չի եղել. այն օդային եւ ավտոմոբիլային հաղորդակցություն ունի Իրանի եւ Թուրքիայի հետ։

 

Կարծում եմ, պատճառներից մեկը, որ այս տարածաշրջանը վերջին տարիներին այդքան վատ է լուսաբանվել լրագրողների կողմից, այն է, որ խնդիրն այնքան բարդ է, որ մարդիկ իրոք վախենում են դրանով զբաղվել: Ես հաճախ տեսնում էի, որ տարածաշրջանի մասին ցանկացած նոր հոդվածին անմիջական արձագանքը բուռն զայրույթ էր:

 

Ես տեսել եմ լրագրողների, որոնք լուսաբանում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամենափոքր խնդիրները, ու նրանց վրա թափվում էր բողոքների ու քննադատության տարափը։ Ինչ-որ առումով դա հասկանալի է, քանի որ ամեն ինչ մեծ նշանակություն ունի հակամարտության մեջ ներգրավված մարդկանց համար:

 

Միեւնույն ժամանակ (դատողություն չեմ անում, ուղղակի անկողմնակալ ասում եմ) լրագրողներն ու լրատվական միջոցները իրոք վախենում են լուսաբանել կոնֆլիկտը: Վստահ եմ, որ արեւմտյան լրատվամիջոցներում կան խմբագիրներ, որոնք ասում են.

 

«Եկեք չխոսենք այդ մասին: Եկեք դրա մասին չգրենք։ Մղձավանջ կլինի: Եթե գրենք, մեզ վրա կհարձակվեն»։

 

Դրանից բացի, մենք այնքան էլ լավ չենք հասկանում հարցը, որպեսզի կարողանանք գրել: Երբ գիրք ես գրում, միշտ մտածում ես լսարանի մասին, որին ուղղում ես այն: Գուցե ոչ մեկ, այլ երկու լսարանի մասին, որոնց հետ ցանկանում ես կապ հաստատել քո գրքով. տարածաշրջանի մարդիկ կամ միջազգային հանրությունը, որն այնքան անգործուն էր, որը ոչինչ չարեց մարդկանց օգնելու համար:

 

Ես միշտ ասում եմ, որ իմ ռեպորտաժների թիրախային լսարանը մայրս է: Դա այն բաներից է, որն ինձ դրդեց լուսաբանել տարածաշրջանը: Հիշում եմ, որ Գորիսում էի ու հաղորդում էի ինչ-որ ընդհարման մասին, կամ գուցե 2022-ի երկօրյա պատերազմն էր։ Հաղորդագրություն էի ուղարկում մայրիկիս ու պատմում տեղի ունեցողը։ Իսկ նա թե՝ «Անգլիական նորություններում դրա մասին ոչինչ չկա»: Դա այն բաներից էր, որն ինձ դրդեց մնալ ու աշխատել տարածաշրջանում: Ես չէի զգում, որ հասարակ մարդիկ՝ խելացի եւ հետաքրքրված, ունեն իրենց աչքի առջեւ տեղեկատվություն, որպեսզի կարողանան հասկանալ, թե ինչ է կատարվում։ Իսկ ես կարծում եմ, որ կարեւոր է հասկանալ:

 

Հիշում եմ՝ երբ պատկերացնում էի գիրքը, Բաքվի հյուրանոցային համարում էի: Նստած էի մարդկանց պատմությունների, վկայությունների, տեղում արված գրառումների եւ ամեն օր կատարվածի մասին փաստերի հետ, եւ մտածում էի, որ ոչ մի խմբագիր ինձ երբեք չի հանձնարարել սրա մասին պատմություն գրել:

 

Politico-ն հրաշալի էր, թույլ տվեց ինձ մոտիկից լուսաբանել հակամարտությունը, բայց մեկ տարի շարունակ չէի կարող այնտեղ պատմություններ գրել հակամարտությունից տուժած մարդկանց մասին: Դրանք չեն կարող լրատվական հոդվածի ձեւաչափով լինել: Այդ պատճառով զգացի, որ գիրքը միակ տարբերակն է, որ այդ նյութը, այդ պատմությունները լույս աշխարհ գան:

 

Ես մի քիչ պարտավորված էի զգում պատմության համար գրի առնել ամեն ինչ ճիշտ այնպես, ինչպես տեսել եմ: Իմ պատմությունը մի քիչ նման է Երկրորդ համաշխարհային պատերազմը տեսահսկման խցիկի միջոցով դիտելուն: Դու գիտես, որ կարող ես պատմել միայն այն մասին, ինչ տեսնում սեփական աչքով: Գիտես, որ դա ամբողջական պատկերը չէ: Բայց ես փորձել եմ թույլ տալ ընթերցողին պատկերացնել, որ վերջին երեք տարիները անցկացրել է լուսաբանելով հայ-ադրբեջանական հակամարտությունը, տեսել է այն իմ աչքերով եւ այն մարդկանց աչքերով, որոնց հանդիպել եմ:

 

Կարծում եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ երբեք այսքան մեծ հետաքրքրություն չի եղել: Ուկրաինայում Ռուսաստանի ցեղասպանական պատերազմը ուշադրություն է հրավիրել նախկին Խորհրդային Միության այլ վայրերում տեղի ունեցող իրադարձություններին: Պաշտոնյաներն ու քաղաքականություն մշակողները, որոնք ցանկանում են հասկանալ, թե ինչ է կատարվում աշխարհի այս հատվածում, պետք է նայեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ հասկանալու համար, թե ինչպես է փոխվում իշխանության դինամիկան, ինչպես է փոխվում Ռուսաստանի դերը, ինչպես է ընթանում պայքարը հանուն ժողովրդավարության եւ ազատության։ Այդ պատճառով կարծում եմ, որ գիրքը պետք է հետաքրքրի բոլորին: Երեւի, ամենաքիչը կհետաքրքրի հայերին ու ադրբեջանցիներին, քանի որ նրանք գիտեն սեփական պատմությունը: Հետո մտածում եմ՝ բայց նրանք հաճախ չգիտեն միմյանց պատմությունները։

 

Ըստ էության՝ գիրքը գրել եմ նաեւ ինքս ինձ համար, քանի որ դա իմ տեսած որոշ բաները իմաստավորելու ձեւ էր, կատարելու իմ պարտքը. ներկայացնել հակամարտության ամենամեծ, ամբողջական պատկերը, որը միշտ չէ, որ հնարավոր է, երբ գրում ես 300 բառից բաղկացած լրատվական հոդված:

 

- Այնուամենայնիվ, կցանկանա՞ք, որ գիրքը հայերեն եւ ադրբեջաներեն թարգմանվի:

 

- Դա հրաշալի կլիներ: Վստահ չեմ, թե ինչ ծրագրեր ունի հրատարակիչն այս պահին: Գիտեմ, որ խոսվում է հնարավոր թարգմանության մասին։ Որոշումն իրենք են կայացնելու: Բայց կարծում եմ, որ իսկապես կարեւոր է, որ այս բաները քննարկվեն այն լեզուներով, որոնցով մարդիկ խոսում են:

 

Ես շատ ավելի շատ հայերի ու ադրբեջանցիների եմ ճանաչում, որոնք անգլերեն չեն խոսում, քան խոսացողների, եւ կարծում եմ, որ դա մարդկանց համար հիանալի հնարավորություն կլիներ: Բայց կրկնեմ. ես երբեք չեմ ցանկացել, որ այս գիրքը «վերջնական խոսք» լինի հակամարտության վերաբերյալ: Իրականում կցանկանայի, որ ավելի շատ հայեր եւ ադրբեջանցիներ գրեն եւ ավելի շատ բովանդակություն ստեղծեն:

 

2020-ի պատերազմից հետո շատ քիչ գրքեր ենք տեսել, հատկապես միջազգային լսարանի համար, այդպես չէ՞: Թավշյա հեղափոխության կամ 1990-ականների ադրբեջանական փորձի եւ Ղարաբաղից նրանց բռնի գաղթի մասին այդքան նյութ չկա: Հիասթափեցնողն այն է, որ հատկապես Ադրբեջանում փաստերը վարկաբեկվում են, քանի որ դրանց ծագումը բնական չէ. կառավարությունն է հավաքում Աղդամի լուսանկարների գիրքը կամ որեւէ այլ բան, եւ մենք չենք լսում իրական, անկեղծ պատմություններ անմիջականորեն ներգրավված մարդկանցից, որոնք ներկայացնում են փաստերի վերաբերյալ իրենց տեսակետները: Այս հակամարտությունից տուժած մարդիկ հայերն ու ադրբեջանցիներն են, եւ նրանք շարունակում են տառապել: Խոսքը ադրբեջանցի քաղբանտարկյալների մասին է, դպրոցներում ու զորանոցներում ապրող հայ փախստականների մասին է: Շատ ափսոս, որ մենք հազվադեպ ենք լսում դրա մասին բնական ձեւով: Պատումը միշտ օրակարգ է հետապնդում:

 

Վերջերս տեսա մի բան, որն ինձ ստիպում է արտասվել ամեն անգամ, երբ դիտում եմ թրեյլերը, եւ որը բախտ ունեցա տեսնելու Երեւանի «Ոսկե ծիրան» փառատոնում. «Իմ անուշ երկիր» վավերագրական ֆիլմը։ Դա կոնֆլիկտի վերաբերյալ մեկ մարդու տեսակետի հրաշալի պատկերում է, ինչպես եւ իմ գիրքը փորձել է ներկայացնել մարդկանց ընկալումները հակամարտության վերաբերյալ: Կցանկանայի ավելի շատ նման բաներ տեսնել:

 

Չեմ կարծում, որ այս պահին հնարավոր է ադրբեջանական «Իմ անուշ երկիր» ֆիլմ լինի, քանի որ դրա համար անհրաժեշտ է քննադատել պետությանը, ինչն այս պահին հնարավոր չէ։ Բայց կցանկանայի տեսնել ավելի շատ հայկական եւ ադրբեջանական պատմություններ, վկայություններ եւ ընկալումներ այն մասին, թե ինչ է արել այս պատերազմը իրենց երկրների, հասարակությունների, ընտանիքների հետ:

 

Գաբրիել Գեւինի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

 

Անգլերենից թարգմանել է Մարիա Սադոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին