Զուրաբ Դավիթաշվիլի. Չեմ բացառում, որ Հայաստանը Վրաստանից շուտ անդամակցի ԵՄ-ին - Mediamax.am

exclusive
724 դիտում

Զուրաբ Դավիթաշվիլի. Չեմ բացառում, որ Հայաստանը Վրաստանից շուտ անդամակցի ԵՄ-ին

Զուրաբ Դավիթաշվիլին
Զուրաբ Դավիթաշվիլին

Լուսանկարը`


Մեդիամաքսի հարցազրույցը Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր Զուրաբ Դավիթաշվիլիի հետ:

 

(Հարցազրույցը ձայնագրվել է Թբիլիսիում 2024 թվականի նոյեմբերի 27-ին՝ նախքան Վրաստանում զանգվածային բողոքի ակցիաների մեկնարկը):

 

-Որքանո՞վ էր անսպասելի Ձեզ համար Վրաստանի արտաքին քաղաքական վերակողմնորոշումը։ Եվ ի՞նչ հետեւանքներ կարող է դա ունենալ Հարավային Կովկասի համար։

 

-Իր ողջ պատմության ընթացքում Արեւմուտքը կողմնորոշիչ է եղել Վրաստանի համար։ Մենք մեզ եվրոպական ժողովուրդ ենք համարում։ Նույնիսկ Վրաստանի մենշեւիկյան կառավարությունը 1918-1921 թթ. հավատարիմ էր արեւմտամետ կողմնորոշմանը։ Վրաստանի այն ժամանակվա նախագահ Ժորդանիան ասել էր. «Ես գերադասում եմ արեւմտյան իմպերիալիստներին արեւելյան ֆանատիկոսներին»:

 

Շեւարդնաձեն արեւմտյան կողմնորոշում ուներ։ Այո, Աբխազիայի պատերազմում պարտվելուց հետո նա ստիպված եղավ թեքվել դեպի Ռուսաստան, սակայն մի քանի տարի անց նա բացահայտ ասում էր, որ մեր նպատակը ՆԱՏՕ-ն է եւ Եվրամիությունը։ Էլ չեմ խոսում Սաակաշվիլիի մասին, որը գերարեւմտամետ էր։

 

2012 թվականի ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակից հետո նրանց կարգախոսը նույնն էր՝ եվրոպական ինտեգրում։ Չնայած ես «Վրացական երազանքի» կողմնակիցը չէի, բայց տեսնում էի, որ նրանք հավատարիմ էին արեւմտամետ դիրքորոշմանը։

 

Իրավիճակը փոխվեց ռուս-ուկրաինական պատերազմից հետո, եւ այն, որ Վրաստանը փոխել է իր կողմնորոշումն, այսօր արձանագրված փաստ է։

 

Ադրբեջանում ավտոկրատական ռեժիմ է, եւ, իհարկե, Ալիեւը գիտի, որ նման պետությունը եվրոպական հեռանկար չունի։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ես մեծ հետաքրքրությամբ եմ հետեւում տեղի ունեցող փոփոխություններին։ Իմ կարծիքով, Հայաստանն այսօր արդեն եվրոպամետ, ոչ թե ռուսամետ պետություն է։ Չեմ բացառում, որ Հայաստանը Վրաստանից շուտ կդառնա Եվրամիության անդամ, քանի որ մենք չգիտենք, թե երբ կունենանք կառավարություն, որը կվերադառնա արեւմտամետ կողմնորոշմանը։

 

- Կարո՞ղ են արտաքին քաղաքական տարբեր առաջնահերթությունները բացասաբար անդրադառնալ Հայաստանի եւ Վրաստանի երկկողմ հարաբերությունների վրա:

 

- Հայաստանը չի կարող զարգանալ առանց Վրաստանի, ինչպես Վրաստանը՝ առանց Հայաստանի։ Հովհաննես Թումանյանն ասել էր, որ Վրաստանի պատմության մեջ Հայաստանի դերը չգնահատող վրացին իր ժողովրդի թշնամին է, ինչպես եւ այն հայը, ով չի գնահատում Վրաստանի դերը Հայաստանի պատմության մեջ։

 

Շատերը ցանկանում են, որ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ լարված հարաբերություններ լինեն։ Սակայն քաղաքականությունը մի բան է, իսկ մարդկանց հարաբերությունները՝ բոլորովին այլ բան։ Վրացիների եւ ադրբեջանցիների խառն ամուսնությունները հազվադեպ երեւույթ են, բայց դրանք շատ են վրացիների եւ հայերի միջեւ: Ես Կախեթիից եմ, եւ այնտեղ դժվար է գտնել ընտանիք, որը հայ ազգականներ չունի։ Տատիկիս քույրն ամուսնացած էր հայի հետ, հորս զարմիկները հայ էին։

Զուրաբ Դավիթաշվիլին Զուրաբ Դավիթաշվիլին

 

Կարծում եմ, որ երկկողմ կապերը կզարգանան, նույնիսկ եթե Վրաստանի եւ Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումները տարբեր լինեն։ Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, եթե երկու երկրներն էլ եվրոպական ուղով գնային։

 

-Թուրքիան Վրաստանի համար կարեւոր գործընկեր է։ Հայաստանում կարելի է կարծիքներ լսել, որ դա կարող է սպառնալ վրացական ինքնությանը։

 

- Վրաստանը երբեք թուրքամետ չի դառնա։ Դա բացառվում է։ Այո, Թուրքիան Վրաստանի հիմնական տնտեսական գործընկերներից մեկն է, այո, այստեղ թուրքական հեռուստասերիալները մեծ տարածում ունեն, բայց վրացական ինքնության հնարավոր կորստի մասին խոսք լինել չի կարող։ Ցավոք, ներկայիս կառավարությունը կարծում է, որ վրացական ինքնությանը սպառնում է  եվրոպական ինտեգրումը։

 

Զուրաբ Դավիթաշվիլիի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին