Ֆլորենս Բաուեր. Հայաստանի ժողովրդագրական կայունության բանալին մարդիկ են - Mediamax.am

exclusive
5845 դիտում

Ֆլորենս Բաուեր. Հայաստանի ժողովրդագրական կայունության բանալին մարդիկ են

Լուսանկարը` ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակ

Լուսանկարը`


ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ֆլորենս Բաուերը առաջին պաշտոնական այցով Հայաստանում էր: Այստեղ նա հանդիպել է պետական պաշտոնյաների, ՄԱԲՀ ծրագրերի շահառուների եւ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

 

Այցի առանցքային իրադարձությունը Հայաստանի Ժողովրդագրական ռազմավարության ներկայացումն էր: Սա ՄԱԲՀ աջակցությամբ մշակված համապարփակ ծրագիր է, որի նպատակն է լուծել ժողովրդագրական խնդիրներն ու նպաստել կայուն զարգացմանը:

 

Մեդիամաքսի հետ բացառիկ զրույցում Ֆլորենս Բաուերն այցը բնութագրել է «անչափ ոգեշնչող եւ դրական»: Նա կիսվել է հանդիպումներից ստացած տպավորություններով, ներկայացրել ՀՀ կառավարության եւ ՄԱԲՀ համատեղ ջանքերը՝ մարդկային ներուժի զարգացման ուղղությամբ: Ֆլորենս Բաուերն ընդգծել է՝ այս ներդրումները կարեւոր նշանակություն ունեն երկրի ժողովրդագրական կայունության համար:

 

- Սա Ձեր առաջին այցն է Հայաստան՝ որպես ՄԱԲՀ-ի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն: Ի՞նչ տպավորություններ եք ստացել եւ ի՞նչ նկատել հանդիպումների ընթացքում:

 

- Այցն անչափ ոգեշնչող եւ դրական էր։ Այստեղ անցկացրած երեք օրվա ընթացքում հանդիպել եմ հասարակության տարբեր դերակատարների հետ։ Քննարկումներ են եղել պետական մարմինների, քաղաքացիական հասարակության, միջազգային եւ տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ՝ մեր ծրագրերի շահառուների:

 

Շատ դրական տպավորություններ եմ ստացել, առաջին հերթին՝ կառավարությունից:

Մեծ պատրաստակամություն եմ զգում պաշտոնյաներից, որոնք աշխատում են մեր օրակարգային թեմաների՝ գենդերային հավասարության, գենդերային հիմքով բռնության կանխարգելման ուղղությամբ: Տպավորիչ է նաեւ ժողովրդագրության ոլորտում տարվող աշխատանքը:

Լուսանկարը` ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակ

Այցս հենց այս շաբաթ անելու գլխավոր պատճառներից մեկը ժողովրդագրական ռազմավարության ներկայացմանը ներկա լինելն էր: Սա չափազանց հզոր ծրագիր է եւ կարծում եմ՝ այն օրինակելի կդառնա ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ դրա սահմաններից դուրս:

 

Հայաստանը, ինչպես եւ տարածաշրջանի մյուս երկրները, ժողովրդագրական փոփոխությունների փուլում են: Ծնելիության ցածր ցուցանիշները, երիտասարդների արտագաղթի վտանգն ու ծերացող բնակչությունը անհանգստություն են առաջացնում տարածաշրջանի շատ երկրներում: Կառավարությունները մտահոգված են՝ ինչպես դիմակայել ժողովրդագրական այս տեղաշարժերին:

 

Շատ դրական եմ համարում փաստը, որ ՄԱԲՀ աջակցությամբ Հայաստանի կառավարությունը կարողացավ մշակել ժողովրդագրական ռազմավարություն, որը հաշվի է առնում այս բոլոր միտումները:

 

Այն եզակի է, քանի որ կենտրոնական դերակատարում է տալիս մարդկային կապիտալին: Ռազմավարությունը ենթադրում է երիտասարդներին ուղղված ներդրումներ կատարել, որպեսզի նրանք կարողանան կառուցել իրենց ցանկալի կյանքը, ցանկության դեպքում ստեղծեն ընտանիք և զբաղվեն տնտեսական գործունեությամբ: Ռազմավարությունը նաև կարևորում է առողջ ծերացման ու կանանց հզորացման ուղղությամբ արվող ներդրումները:

Լուսանկարը` ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակ

Ես եղել եմ Գյումրիում, հանդիպել երիտասարդների հետ աշխատող կազմակերպության ներակայացուցիչների: Մեկ այլ կազմակերպություն էլ աջակցում էր հաշմանդամություն ունեցող անձանց: Զրուցել եմ հաշմանդամություն ունեցող կանանց հետ, որոնք հաճախում են կրթական կենտրոն, կարուձեւ, խոհարարություն սովորում:

 

Հանդիպել եմ նաեւ կանանց, որոնք աշխատում են գենդերային հիմքով բռնության կանխարգելման ուղղությամբ, աջակցում բռնության զոհերին:

 

Սա մարդկանց մեջ ներդրում կատարելու մի քանի օրինակ է միայն եւ շատ ուրախ եմ, որ կարող եմ տեսնել դրանք արդեն այսօր: Հենց այս ներդրումները, որպես մշակված քաղաքականություն, ժողովրդագրական ռազմավարության հիմքում են, ինչն ինձ հույս եւ լավատեսություն է ներշնչում:

Լուսանկարը` ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակ

- Հայաստանը կանգնած է զգալի ժողովրդագրական մարտահրավերների առաջ։ Ձեր կարծիքով՝ երկիրն այսօր ժողովրդագրական ճգնաժամի մե՞ջ է:

 

- Հայաստանը, ինչպես եւ տարածաշրջանի մյուս երկրները, մասնավորապես՝ Եվրոպայում, փոփոխությունների փուլում է. նվազում է ծնելիությունը, կա արտագաղթ, բնակչությունը ծերանում է: Հասկանալի է, որ սա անհանգստություն է առաջացնում: Միեւնույն ժամանակ, Հայաստանը կարող է եւ գործադրում է ջանքեր մարդակենտրոն լինելու համար։

 

Ի վերջո, չկա կախարդական թիվ: Ոչ ոք չի կարող սահմանել՝ որքան պետք է լինի այս կամ այն երկրի բնակչությունը: Խոսքը վերաբերում է մարդկանց բարեկեցությանն ու այնպիսի պայմաններ ստեղծելուն, որպեսզի նրանք կարողանան կառուցել իրենց նախընտրած կյանքն ու ներդրում ունենան հասարակության, երկրի զարգացման մեջ:

Լուսանկարը` ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակ

- Կարո՞ղ եք կիսվել ՄԱԲՀ աջակցությամբ մշակված ժողովրդագրական ռազմավարության մի քանի կետով: Որո՞նք են դրա հիմնական առաջնահերթությունները:

 

- Այս ռազմավարությունը մշակվել է վերջին երկու տարվա ընթացքում: Մենք միավորել ենք ոլորտի լավագույն փորձագետներին, դասեր քաղել նաեւ այլ երկրների փորձից: Արդյունքում ստացել ենք շատ հզոր, ապացուցահեն ռազմավարություն: Սա մեկ:

 

Երկրորդ կետը, որ ցանկանում եմ կրկին ընդգծել՝ ռազմավարությունը հիմնված է մարդկային կապիտալի համար կատարվող ներդրումների վրա. երիտասարդների, որովհետեւ ցանկանում ենք, որ նրանք որակյալ առողջապահություն, կրթություն, լավ աշխատանք ունենան:

Ռազմավարության մյուս ուղղությունը ներդրումներն են առողջ ծերացման մեջ, որպեսզի տարեց բնակչությունը կարողանա մասնակցել հասարակության զարգացմանն ու, ինչպես հաճախ է լինում, չդիտարկվի բեռ այդ նույն հասարակության համար:

Լուսանկարը` ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակ

Ներդրումների մյուս կարեւոր ուղղությունը կանայք են, մասնավորապես՝ ընտանիքների համար բարենպաստ քաղաքականության միջոցով: Խնդիրներից մեկն այն է, որ հաճախ կանայք ստիպված կանգնում են երկընտրանքի առջեւ՝ կառուցել կարիերա, թե՞՝ ընտանիք: Իսկ նրանք ցանկանում են ունենալ երկուսն էլ:

 

Ռազմավարության երրորդ կետը, որ կառանձնացնեմ, ընտրություն ունենալու հնարավորությունն է: Մարդկանց համար պետք է ստեղծել պայմաններ, որպեսզի նրանք կարողանան կատարել իրենց ցանկալի ընտրությունը. ունենալ այնքան երեխա, որքան ցանկանում են, երբ ցանկանում են, մարդու հետ, ում հետ ցանկանում են: Ահա, թե ինչու է սա հզոր ռազմավարություն:

 

- Կան կարծիքներ, որ ժողովրդագրական մարտահրավերներին հնարավոր է դիմակայել՝ պարզապես բարձրացնելով ծնելիության մակարդակը: Սա կարեւոր, բայց բավարա՞ր պայման է ու կարո՞ղ է կայուն լուծում լինել Հայաստանի համար:

 

- Երկրների անհանգստությունը ծնելիության մակարդակով հասկանալի է, բայց կարեւոր է հարցնել նաեւ՝ քանի՞ երեխա են ցանկանում ունենալ մարդիկ: Հայաստանում, երբ տալիս ենք այդ հարցը, միջին ցուցանիշը երեք երեխան է, այն դեպքում, երբ ծնելիության ներկա մակարդակը 1,7 է:

 

Պետք է կենտրոնանալ ընտանիքներին աջակցելու վրա, որպեսզի նրանք կարողանան ունենալ այնքան երեխա, որքան ցանկանում են: Այս նպատակով կարեւոր է ներդրումներ կատարել՝ ստեղծելով պայմաններ, որ երեխա ունենալն ավելի հեշտ լինի, երեխաների խնամքն՝ առավել հասանելի, լինի կրծքով կերակրման հնարավորություն տարբեր վայրերում, լինեն աշխատանքային ճկուն պայմաններ:

Լուսանկարը` ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակ

Կրկին, չկա կախարդական կամ կատարյալ թիվ որեւէ երկրի համար: Առաջնային պետք է լինեն մարդիկ, նրանց բարեկեցությունն ու ընտրություն կատարելու հնարավորությունը: Հենց այսպիսի երկրում մարդիկ կցանկանան երեխաներ ունենալ:

 

- Նշեցիք կանանց հզորացման կարեւորության մասին։ Ինչպե՞ս է այն կապված ժողովրդագրական կայունության հետ եւ ինչո՞ւ է կարեւոր կայուն զարգացման համար:

 

- Սա եւս մեկ հիմնարար գործոն է: Երբ կինը երեխա է ունենում, նրա ծանրաբեռնվածությունը մեծանում է, եւ շատ կարեւոր է աշխատել ընտանեկան հոգսերը հավասար բաշխելու ուղղությամբ: Ընդ որում, խոսքը միայն երեխայի խնամքի մասին չէ: Շատ ընտանիքներում կան մեծահասակներ, հաշմանդամություն ունեցող անձիք, այլ փոքր երեխաներ, որոնց մասին նույնպես պետք է հոգ տանել: Ամենից հաճախ այս ամենը կատարում է կինը: Այնպես որ, ընտանիքում պարտականությունների արդար բաշխումը չափազանց կարեւոր է:

Ինչպես նշեցի, բազմաթիվ կանայք ցանկանում են ունենալ եւ՛ կարիերա, եւ՛ ընտանիք ու քանի՞ կին է ամեն օր իրեն հարց տալիս՝ «Աստված իմ, ինչպե՞ս եմ համատեղելու»:  

 

Պետք է ստեղծենք պայմաններ, որպեսզի կինը չկանգնի այս սարսափելի երկընտրանքի առջեւ, մշակենք ընտանիքում պարտականությունների արդար բաժանման քաղաքականություն, որպեսզի կանայք կարողանան ունենա թե՛ ընտանիք, թե՛ կարիերա, եթե ցանկանան: Իհարկե, սա եւս ընտրության հարց է: Յուրաքանչյուր մարդ պետք է ընտրություն կատարելու հնարավորություն ունենա:

 

Բացի այդ, երբ ներդրում է կատարվում կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ, սա, իհարկե, լավ է կանանց համար, բայց զուգահեռ դրական է ազդում նաեւ հասարակության վրա: Լայն իրավունքներ ու հնարավորություններ ունեցող կանայք կլինեն ավելի կիրթ, կկարողանան մասնակցել տնտեսության ու երկրի զարգացմանը: Միեւնույն ժամանակ, նրանք մեծ ուշադրություն կդարձնեն սեփական երեխաների կրթությանը, ինչը եւս կարեւոր է: Այսպիսով կստեղծվի դրական առումով փակ շղթա:

Լուսանկարը` ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակ

Կարծում եմ՝ Հայաստանում կա բարենպաստ միջավայր, քանի որ շատ մարդիկ հանդես են գալիս կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնման տեսանկյունից:

 

- Բնակչության ծերացումը շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում մտահոգություն է առաջացնում: Այստեղ տեսնո՞ւմ եք վտանգ, եւ ինչպե՞ս կարող է երկիրը դիմակայել դրան:

 

- Իրականում շատ լավ է, որ մարդիկ երկար են ապրում: Սա կարող է հանգեցնել առաջընթացի՝ բազմաթիվ ոլորտներում, բայց կարեւոր է ապահովել առողջ ծերացում: Մարդիկ պետք է կարողանան ապրել առողջ, զբաղվել ինքնազարգացմամբ, լինել երջանիկ ու, միեւնույն ժամանակ, մասնակցել հասարակության զարգացմանը:

 

Նկատել եմ, որ Հայաստանում հետաքրքիր կապ կա սերունդների միջեւ: Իրականում, տարեցները շատ բան կարող են տալ երիտասարդներին եւ հակառակը:

 

- Կարո՞ղ եք բացատրել մարդկային կապիտալի դերը ժողովրդագրական փոփոխություններին դիմակայելու հարցում, եւ ինչպե՞ս Հայաստանը լավագույս ներդրում կատարի մարդկանց մեջ:

 

- Ես այցելել էի Գյումրի ու այստեղ մեր գործընկերներից մեկը կիսվեց մի պատմությամբ: Լսողական խնդիրներ ունեցող հղի կինն այցելել էր բժշկի եւ նրա համար դժվար էր շփվել մասնագետի հետ: Բժիշկը հասկացել էր՝ մինչեւ կնոջ հաջորդ հղիություն պետք է լսողական խնդիրներ ունեցող մարդկանց հետ հաղորդակցվելու հմտություններ սովորել: Սա շատ գեղեցիկ պատմություն է, քանի որ այժմ արդեն հաշմանդամություն ունեցող հղի կանանցից շատերը ցանկանում են այցելել հենց այդ բժշկին:

Լուսանկարը` ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակ

Ես զրուցեցի նաեւ երիտասարդների հետ, հարցրեցի նրանց երազանքների մասին, որոնք շատ հետաքրքիր էին: Նրանցից մեկը ցանկանում էր շեֆ-խոհարար դառնալ, մյուսը սիրում էր արշավներ, իսկ մեկ այլ աղջիկ էլ երազում էր ստեղծել կենտրոն, որտեղ մարդկանց կօգնեն գտնել իրենց տեղը կյանքում, ձեւավորել նպատակներ:

 

Կարծում եմ՝ պետք է ներդրումներ կատարել հասարակության այն հատվածներում, որոնք առավելագույնս դրական փոփոխություններ կբերեն: Խոսքը կանանց, երիտասարդների, տարեցների ու հասարակության մյուս անդամների մասին է, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց, փախստականների, ազգային փոքրամասնությունների: Հասարակության բոլոր այն շերտերի, որոնք կան Հայաստանում:

 

- Ձեր տեսանկյունից՝ ինչպե՞ս կարող են Հայաստանի նման երկրներն առավել կայուն լինել ժողովրդագրական փոփոխությունների նկատմամբ: ՄԱԲՀ հայաստանյան թիմի ջանքերի կամ Ձեր այցերի արդյունքում կա՞ն քաղված դասեր, որոնք կարող են առաջնորդել հետագա գործողությունները:  

 

- Ժողովրդագրական ցուցանիշները կանխատեսելու ու դրանց հետեւելու համար առաջին հերթին պետք է ունենալ հստակ տվյալներ: Այս առումով Հայաստանում կա անհրաժեշտ տեղեկատվությունն ու մեխանիզմը ժողովրդագրական փոփոխություններին հետեւելու համար:

 

Այնուհետեւ պետք է մշակվեն քաղաքականություններ, ռազմավարություններ՝ այդ փոփոխություններին արձագանքելու համար: Օրինակ՝ եթե ունեք տարեց բնակչություն, պետք է լինեն նաեւ տարատեսակ առողջապահական ծառայություններ, որոնք հիմնված են բնակչության պահանջների վրա: Պետք է գործեն առողջ ծերացման կենտրոններ եւ լինի ներառական հասարակություն:

Այս կետերից շատերը ես տեսնում եմ Հայաստանում, ինչպես նաեւ՝ նկատում գործելու պատրաստակամություն:

 

Կարծում եմ՝ ժողովրդագրական նոր ռազմվարությունն ամուր հիմք է ստեղծում այդ գործողությունների համար:

 

Յանա Շախրամանյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին