Վասիլիս Մարագոս. Սյունիքն առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերել - Mediamax.am

exclusive
13906 դիտում

Վասիլիս Մարագոս. Սյունիքն առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերել

Վասիլիս Մարագոսը
Վասիլիս Մարագոսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Մեդիամաքս-ի հարցազրույցը Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ

 

- Պարո'ն դեսպան, 2023 թվականի հունվարի 18-ին Հայաստանի եւ Եվրամիության ներկայացուցիչները Երեւանում ազդարարեցին Resilient Syunik Team Europe («Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա») նախաձեռնության պաշտոնական մեկնարկը։ Եկեք խոսենք այս նախաձեռնության առանձնահատկությունների մասին, որը կյանքի է կոչվում ԵՄ կառույցների եւ անդամ երկրների կողմից։ Ինչո՞վ է այն տարբերվում այլ օգնության կամ զարգացման նախաձեռնություններից:

 

- Շնորհակալություն հարցի համար։ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնությունն, իսկապես, կարող է անսովոր թվալ, բայց մենք ապրում ենք անսովոր ժամանակներում եւ պետք է անհրաժեշտ մոտեցումներ որդեգրենք՝ արձագանքելու մեր առջեւ ծառացող մարտահրավերներին:

 

«Թիմ Եվրոպա» նախաձեռնությունը, որպես ԵՄ անդամ երկրների հետ համատեղ աշխատանքի եզակի եւ նորարարական միջոց, թափ է հավաքում: ՔՈՎԻԴ-19 համավարակի ժամանակ մենք հասկացանք, թե որքան ազդեցիկ կարող են լինել համատեղ գործողությունները, երբ անում ենք ամեն հնարավորը՝ միավորելու մեր ուժերը։  Արտաքին գործողությունների շրջանակներում ԵՄ-ն եւ նրա անդամ պետությունները մինչ այժմ գործարկել են շուրջ 170 «Թիմ Եվրոպա» նախաձեռնություն:

 

«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա»-ն, այլ նախաձեռնությունների հետ համեմատ, եզակի է, քանի որ, հավանաբար, միակն է, որը կենտրոնանում է մեկ մարզի վրա: Այս նախաձեռնությունը շատ կարեւոր է ե՛ւ բոլոր ներգրավված կողմերի  ե՛ւ տեղի շահառուների համար: Սյունիքը շատ կարեւոր մարզ է Հայաստանի հասարակության, տնտեսության եւ անվտանգության համար: Այն նաեւ շատ կարեւոր է փոխկապակցվածության ապահովման տեսանկյունից, թե՛ երկրի ներսում, թե՛  նրա սահմաններից դուրս, եւ մենք չպետք է մոռանանք, թե որքան մեծ էր 2020 թվականի պատերազմի, իսկ հետո նաեւ փախստականների  ներհոսքով պայմանավորված ճգնաժամի ազդեցությունը Սյունիքի վրա: Միեւնույն ժամանակ պետք է հստակեցնեմ, որ ներգրավվածությունը Սյունիքում տեղի չի ունենում Հայաստանի այլ մարզերում մեր աշխատանքի հաշվին: Մենք փաստացի աշխատում ենք երկրի ամբողջ  տարածքում, նշանակալի ներդրումներ ենք իրականացնում կրթության, գյուղատնտեսության, տնտեսության և այլ ոլորտներում Լոռիում, Տավուշում, Շիրակում, ինչպես նաև մյուս  մարզերում եւ, իհարկե, Երեւանում:

 

«Թիմ Եվրոպա» նախաձեռնությունը հանդես է գալիս որպես շրջանակ կամ «հովանոց», որի ներքո ԵՄ կառույցները, ինչպիսիք են Եվրոպական հանձնաժողովը եւ Եվրոպական ներդրումային բանկը, ԵՄ անդամ պետությունները, համախոհ գործընկեր երկրները  եւ զարգացման կազմակերպությունները, կարող են գտնել իրենց տեղը՝ մասնակցելով մարզի կայուն զարգացմանն ու սոցիալական եւ տնտեսական ներուժի բացահայտմանն ուղղված նշանակալի կամ երբեմն ավելի փոքր ծրագրերով։  Բոլոր մասնակիցները հպարտ են Սյունիքում մեր համատեղ մեկնարկած աշխատանքով։ Այս նախաձեռնության համար արդեն իսկ հատկացվել է Սյունիքի համայնքներում ներդրվող ավելի քան 110 մլն եվրո ֆինանսավորում։Սակայն սա ամենակարեւոր բաղադրիչը չէ։ Մեր ֆինանսավորումը խթանում է ստեղծարարությունը եւ հնարավորություններ է ստեղծում տեղում գտնվող մարդկանց համար, եւ սա շատ կարեւոր է:

 

Մի քանի ամիս առաջ այցելել եմ Սյունիք, հանդիպել եմ ծրագրեր իրականացնողներից շատերին եւ տեսել եմ բոլորի ներուժն ու ոգեւորությունը։ Ցանկանում եմ շեշտել, որ նման մարդակենտրոն նախաձեռնություններում «Թիմ Եվրոպա»-ն հենց տեղի մարդիկ են։ Նրանց ձգտումները, ստեղծարար ունակությունները, գաղափարները՝ սա է մեր սեփական «Թիմ Եվրոպա»-ն Սյունիքում: Եվ այս ուղերձը շատ լավ ընդունում եւ հասկանում են ե՛ւ Բրյուսելում, ե՛ւ Երեւանում։

 

- Կարո՞ղ ենք խոսել որոշ նախնական արդյունքների մասին: Ի՞նչ է արվել այս նախաձեռնության շրջանակներում մոտ մեկ տարվա ընթացքում։

 

- Նախեւառաջ, այս առաջին տարվա ընթացքում (որը լի էր մարտահրավերներով մարզի եւ ամբողջ երկրի համար) մենք հստակ սահմանել ենք մեր գործողություններն ու նպատակները։ Կան մի շարք թեմատիկ ոլորտներ, որոնց վրա մենք կենտրոնանում ենք: Առաջին հերթին շեշտը դրվում է տնտեսական զարգացման վրա, որն առանցքային է նաեւ դիմակայունության եւ անվտանգության տեսանկյունից: Սա ներառում է աջակցություն մասնավոր հատվածին, զբաղվածության ապահովմանը եւ սոցիալական ծառայություններին: Դիմակայունության եւ անվտանգության ապահովման համար արվող ներդրումների մյուս ոլորտն ընդգրկում է  տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացումը: Մենք գործակցում ենք տեղական իշխանությունների հետ, ինչը հաջողության պարտադիր պայման է:

 

Մեր ուշադրության կենտրոնում նաև մարդկային կապիտալն է: Օրինակ՝ աջակցում ենք Կապանում նոր Թումո կենտրոնի ստեղծմանը, աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։  Սյունիքում իրականացվող տարբեր ծրագրեր կենտրոնանում են նաեւ փախստականների ինտեգրման, այդ թվում՝ տարեցներին աջակցելու վրա: Այս ոլորտում քաղաքացիական հասարակության ներգրավումը նույնպես շատ կարեւոր է: Մարդկանց պետք է հնարավորություններ առաջարկվեն, նրանք պետք է իրենց վստահ զգան, որպեսզի կարողանան արժեք ստեղծել իրենց մարզի համար: Սյունիքում հանդիպել եմ զարմանալի մարդկանց, քաղաքացիական հասարակության եռանդուն ներկայացուցիչների, նվիրյալ պաշտոնյաների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, ովքեր ցանկանում են պատասխանատու կերպով տեղեկացնել իրենց համաքաղաքացիներին, կանանց, ովքեր տքնաջան աշխատում են տեղական արհեստագործական ավանդույթներն ու հմտությունները պահպանելու համար:

Վասիլիս Մարագոսը Վասիլիս Մարագոսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս պահին «Թիմ Եվրոպա» նախաձեռնությունը ներառում է 32 ծրագիր, բայց այն ընդլայնվում է, քանի որ անժամկետ, բաց գործընթաց է, եւ ավելի ու ավելի շատ դոնորներ ու գործընկերներից են ստանում ազդակներ առ այն, որ ցանկանում են միանալ նախաձեռնությանը:

 

Ինչ վերաբերում է կրթությանը եւ մարդկային կապիտալին, հավելեմ, որ 2023 թվականի հոկտեմբերին Բրյուսելում տեղի ունեցած «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) համաժողովին, որին ներկա է գտնվել նախագահ Խաչատուրյանը, պայմանագիր է  ստորագրվել երկու շատ կարեւոր ոչ ֆորմալ կրթության կենտրոնների ստեղծման մասին, որոնք կյանքի կկոչվեն  «Հայաստանի Մանուկներ» Հիմնադրամի - կողմից։ Ոչ ֆորմալ կրթությունը չի կարող փոխարինել ֆորմալ կրթությանը, սակայն այն շատ կարեւոր է, քանի որ էական հնարավորություններ է ընձեռում զարգացնելու մարդկանց, հատկապես երիտասարդների հմտություններն ու կարողությունները:

 

Ներկայում ակտիվորեն աշխատում ենք տեղերում՝ ֆերմերների հետ, նրանց մոտ բարձրորակ ապրանքներ արտադրելու եւ շուկաներ մուտք գործելու կարողություններն ամրապնդելու համար:

 

- Դուք արդեն նշեցիք, թե ինչու է որոշվել հատուկ շեշտ դնել Սյունիքի վրա, եւ նկատեցիք, որ դա չի նշանակում, որ մյուս մարզերը կարեւոր չեն։ Ի՞նչ եք կարծում, Սյունիքի հանդեպ այս հատուկ ուշադրությունը հավելյալ հույսեր կամ վստահություն կհաղորդի՞ այնտեղ ապրողներին։

 

- Սյունիքի վրա կենտրոնանալու պատճառներից մեկն այն է, որ Հայաստանի իշխանությունները դիմել էին մեզ այդ հարցով 2020 թվականի պատերազմից հետո։ Իսկ Սյունիքի տեղական իշխանություններից ստացել ենք շատ հստակ հայեցակարգ ու շատ հստակ տեսլական։ Սեփականատիրոջ դիրքերից հանդես գալը ցանկացած համագործակցության հիմքն է: Առանց դրա անհնար է որեւէ ծրագիր իրականացնել։ Եվ ես հույս ունեմ, որ մարդիկ եւս իրենց ավելի ապահով են զգում Հայաստանի այս հատվածում Եվրոպական միության եւ նրա գործընկերների ներկայության շնորհիվ։ Այն ուղերձը, որ այս մարզը լքված չէ, որ մենք այնտեղ ենք, իրենց կողքին, ուս՝ ուսի տված կանգնած ենք ժողովրդի հետ, շատ լավ են հասկացել Սյունիքում եւ դրա ականատեսն են դառնում առօրյա կյանքում:

 

Բայց որոշիչ նշանակություն ունեն տեղում գտնվող մարդկանց նախաձեռնություններն են ու ստեղծարար մոտեցումները: Սա մեր նախագծերի հաջողության հիմնական նախապայմանն է։ Եվ ուզում եմ վստահեցնել Սյունիքի մարդկանց, որ մենք այնտեղ ենք եւ շարունակելու ենք լինել այնտեղ։ Ավելի շատ ենք կենտրոնանալու քաղաքացիական հասարակության վրա, օգնելու ենք զարգացնել  եւ ամրապնդել նրանց կարողությունները: Անկախ նրանից, թե որքան մարդ Երեւանում, Բրյուսելում, Բեռլինում կամ Փարիզում ցանկանան օգնել, ի վերջո, տեղի մարդիկ ավելի լավ են պատկերացնում իրենց կարիքները, ուստի՝ ներգրավվում ու առաջնորդում են մեզ տարբեր գործընթացներում։

Արա Թադեւոսյանը զրուցում է Վասիլիս Մարագոսի հետ Արա Թադեւոսյանը զրուցում է Վասիլիս Մարագոսի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանի այլ մարզերում  մենք փորձարկում ենք ԵՄ գյուղական զարգացման LEADER մոտեցումը տեղական համայնքների հետ՝ մշակելով եւ իրականացնելով կոնկրետ ծրագրեր՝ հիմնված իրենց տեղական ռազմավարությունների վրա: Սա կարող ենք տարածել նաեւ Սյունիքում։ Տեղացի, ինչպես նաեւ միջազգային գործընկերները բերում են անգնահատելի փորձ, որը կարեւոր է տարբեր ոլորտներում հաջողության հասնելու համար:

 

Նաեւ հիշեցնեմ, որ 2023 թվականի փետրվարից գործարկվել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) աշխատանքները։ Առաքելությունը  դիտորդություն է իրականացնում Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում եւ ներկայացված է նաեւ Սյունիքում։ Սա եւս զորակցության  ուղերձ է։

 

- Կարծում եմ, որ սա նաեւ յուրօրինակ համադրություն է: Մի կողմից ունենք ԵՄ քաղաքացիական առաքելություն, որը նպաստում է անվտանգությանը, մյուս կողմից՝ «Թիմ Եվրոպա»-ի ներքո իրականացվող զարգացման ծրագրերը:

 

- Կարծում եմ, Դուք միանգամայն իրավացի եք։ Եվ, իհարկե, այս ամենը պետք է դիտարկել այն ջանքերի համատեքստում, որոնք մենք Հայաստանի իշխանությունների հետ համատեղ գործադրում ենք մեր գործընկերության օրակարգը զարգացնելու համար։ Անցյալ տարվա հոկտեմբերին Եվրոպական խորհուրդը Արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին եւ Եվրոպական հանձնաժողովին հանձնարարեց  ներկայացնել առաջարկներ՝ լավագույնս ամրապնդելու Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունները բոլոր հարթություններում: Ներկայում պատրաստում ենք այդ առաջարկները, բայց շեշտեմ, որ մենք արդեն աշխատում ենք տեղում՝ հիմնվելով խորացված ներգրավվածության այս նոր հարացույցի վրա։ Եվ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնությունն այն բաղադրիչներից է, որը շատ հստակ լուսաբանում է  այդ հարացույցի  տեղաշարժը:

 

Վասիլիս Մարագոսի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

 

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի  համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին