Դավիթ Տոնոյան. «Պետք է սեղմ ժամկետում գնալ նոր ընտրությունների» - Mediamax.am

exclusive
5311 դիտում

Դավիթ Տոնոյան. «Պետք է սեղմ ժամկետում գնալ նոր ընտրությունների»

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին

 

- Պարոն Տոնոյան, սեպտեմբերի 19-ին հրահրված նոր պատերազմի արդյունքում Արցախը հայաթափվեց, սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանի ախորժակը դրանով չի բավարարվելու: Ակնհայտ է նաեւ, որ Հայաստանի իշխանությունները չեն դիտարկում Բաքվի նկրտումները ուժով զսպելու տարբերակը եւ առաջնորդվում են «խաղաղության օրակարգով»: Ո՞րն է ՀՀ Զինված ուժերի անելիքը այս պայմաններում:

 

- Վերջին երեք տարիներն ի ցույց դրեցին այն դառն իրականությունը, որ այսօր մենք ունակ չենք ՀՀ շահերը պաշտպանելու համար դիմակայել թուրք-ադրբեջանական տանդեմին: Առաջին հերթին՝ ունակ չենք լիարժեք ռազմական դիմադրություն ապահովել: Խորքային պատճառներից մեկն այն է, որ 26 տարիների ընթացքում, 1994 թվականից ի վեր, ՀՀ Զինված ուժերը պաշտպանական կեցվածք որդեգրելու արդյունքում ենթարկվեցին առերեւույթ լճացման, ինչը ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում էր չեզոքացնել դաշնակից եւ գործընկեր երկրների հետ ռազմական համագործակցության միջոցով (կրթական ծրագրեր, վարժանքներ, զորավարժություններ) եւ, ի վերջո, ՀՀ-ում ռազմական ներկայությամբ:

 

Այսօրվա պայմաններում Զինված ուժերը, չունենալով նախկին՝ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման «շարժառիթավորումը», չունենալով վստահելի ռազմական համագործակցություն այնպիսի ռազմական ուժի հետ, որը հնարավորություններ կընձեռի նոր անվտանգային միջավայր ձեւավորելու եւ նոր` ժամանակակից կարողություններ ստեղծելու համար, կարճ ժամանակահատվածում կարող են վերածվել «գաղթակայանը» պաշտպանող պահակախմբի:

 

Իսկ այսպես կոչված «խաղաղության օրակարգը» զուտ «ցանկության» հռչակում է: Հանրությանն անհայտ է այն խաղաղության պայմանագրի բովանդակությունը, որը ՀՀ վարչապետը պատրաստ է ստորագրել մինչեւ տարվա վերջ:

 

- Ի՞նչ եք առաջարկում անել ստեղծված իրավիճակում:

 

- Հայաստանի Զինված ուժերը բարոյահոգեբանական շոկային իրավիճակից հանելու եւ մարտունակության նոր մակարդակի վրա դուրս բերելու համար պետք է առնվազն 5 տարի, իսկ ԱԺ ընտրություններ Հայաստանում կլինեն միայն 2.5 տարի հետո:

 

Արդյո՞ք կառավարությունում առկա է ռիսկերի գնահատում առաջիկա 5 կամ 10 տարվա համար, թե «խաղաղության պայմանագրի» ստորագրումից կամ առավել եւս չստորագրելուց հետո ինչպիսին է լինելու մեր արտաքին եւ պաշտպանական քաղաքականությունը: Գրեթե համոզված եմ, որ այդպիսի միջգերատեսչական վերլուծություն կամ գնահատական իրավիճակին տրված չէ:

 

Մասնավորապես, խիստ կասկածում եմ, որ ԶՈՒ Գլխավոր շտաբը կառավարությունից ստացել է ԶՈՒ կիրառման խնդիրները եւ նպատակները` նոր «հետ-Արցախյան» պայմաններում:

 

Արդյո՞ք պաշտպանական բարեփոխումների տեմպը բավարար է: Ինչպես տեսնում եմ, հայ-ադրբեջանական մոտ 1 000 կիլոմետրանոց սահմանի երկայնքով մարտական հերթապահությունը մեծամասամբ շարունակում են իրականացնել ժամկետային զինծառայողները:

 

Համոզված եմ, որ հրատապ է միջազգային ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության «տասնապատկումը»:

 

Հակառակ դեպքում ՀՀ Զինված ուժերը Սահմանադրությամբ իրենց վրա դրված պարտականությունները, մասնավորապես` տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության ապահովումը ունակ չեն լինելու իրագործել:

 

Զինված ուժերի զարգացումն ապահովելու նպատակով հրատապ խնդիր է ՀՀ անվտանգության ապահովման համար ռազմաքաղաքական դաշինքային հարաբերությունների կամ ոչ բլոկային` չեզոքության կարգավիճակի ընտրությունը, որը նույնպես պետք է ամրագրվի միջազգային եղանակով:

 

ՀՀ իշխանությունները պարտավոր են նաեւ աշխարհաքաղաքական տեսանկյունից հաշվի առնել Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի՝ Հարավային Կովկասում «մնայուն շահերը» եւ հավաքական Արեւմուտքի «մնայուն հավակնությունները»:

 

Եթե այսօրվա իշխանություններն ունակ չեն այդպիսի հրատապ որոշում կայացնել եւ գնում են հայ ժողովրդի դիմակայունության պաշարի մնացորդները սպառելու ճանապարհով, ապա պետք է սեղմ ժամկետում գնալ նոր ընտրությունների՝ ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տալով ընտրել այն ուժերին, որոնց կվստահեն ՀՀ անվտանգության ապահովման, դաշնակիցներին ընտրելու կամ ոչ բլոկային չեզոքության կարգավիճակի ընտրության հարցը:

 

- Դուք փաստացի իշխանություններին առաջարկում եք ընտրություն կատարել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ: Բայց 2020 թվականի ամբողջ ընթացքը եւ վերջին երեք տարիները ցույց են տալիս, որ Մոսկվան եւ Անկարան Կովկասում հանդես են գալիս եթե չասենք միասնական դիրքերից, ապա գոնե կարողանում են գտնել փոխգործակցության գործուն մեխանիզմներ: Ինչո՞ւ եք կարծում, որ նման  պայմաններում Ռուսաստանը ցանկանալու է, որ Հայաստանն իր օգտին «ընտրություն կատարի»: Առնվազն մինչեւ 2022թ. հոկտեմբեր հայկական կողմը ակնհայտ հակառուսական քայլեր չէր ձեռնարկում, բայց դա չխանգարեց Մոսկվային փաստացի չօգնել Հայաստանին՝ նախապատվությունը տալով Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ իր կապերին, որոնք հատուկ կարեւորություն ստացան Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո:

 

- ՀՀ ազգային շահերի հետապնդման տեսանկյունից Ռուսաստանի եւ Թուրքիայի տարածաշրջանային շահերի համադրելիությունը նույնական չէ: Կտրականապես համաձայն չեմ, որ վերոհիշյալ երկու տերությունները Կովկասում հանդես են գալիս միասնական փոխգործակցելի դիրքերից: Շահերի բախումը ակներեւ է Միջերկրականից մինչեւ Սեւ ծով եւ սրացումներ դեռ կլինեն՝ Մերձավոր Արեւելքից մինչեւ Կենտրոնական Ասիա:

 

Արցախի աններելի հայաթափումից հետո հարց է ծագում, թե ինչո՞ւ ՀՀ եւ Արցախի իշխանությունները չօգտվեցին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Արցախում հաստատված ՌԴ ռազմական ներկայությունից՝ մեր շահերի հետապնդման նպատակով:

 

Խնդիրը հենց այն է, որ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում ՀՀ քաղաքացիների մոտ ձեւավորվել է կայուն համոզմունք, որ մեր բոլոր  խնդիրները կապված են վարչապետի ասած «վեկտորի փոփոխության» կամ այն չփոփոխելու հետ:

 

Ռուսերեն լավ արտահայտություն կա. «устроили канитель»: Այդ «канитель»-ի մեջ անվտանգային հիմնախնդիրներին քաղաքական ուժերը, վերլուծաբանները եւ բլոգերներն անդրադառնում են «խորը վերլուծություններով» եւ «կանխատեսումներով»` ավելի շփոթեցնելով ժողովրդին ու դաշնակիցներին եւ գործընկեր երկրներին միամիտի տեղ դնելով: Այնինչ, օրինակ, անառարկելի են տարբերությունները ԵԱՏՄ կամ ԵՄ չափանիշներով ՀՀ տնտեսությունը զարգացնելու, ՀԱՊԿ կամ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ստանդարտներով Զինված ուժերը զարգացնելու մեջ:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին