Ֆրանսիացի փորձագետ. 10 տարի հետո հայ տղաների համար բարդ կլինի հարսնացու գտնելը - Mediamax.am

6609 դիտում

Ֆրանսիացի փորձագետ. 10 տարի հետո հայ տղաների համար բարդ կլինի հարսնացու գտնելը

Դոկտոր Քրիստոֆ Գիլմոտոն
Դոկտոր Քրիստոֆ Գիլմոտոն

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Դոկտոր Քրիստոֆ Գիլմոտոյի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին

 

Դոկտոր Քրիստոֆ Գիլմոտոն հղիության՝ սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների հիմնախնդրի ասպարեզում համաշխարհային կշիռ ունեցող փորձագետներից մեկն է: Նա Փարիզի Բնակչության եւ զարգացման կենտրոնում գործող Զարգացման հետազոտական ինստիտուտի (Institut de recherche pour le development) ավագ գիտաշխատող եւ ժողովրդագիր է:

 

Հղիության՝ սեռով պայմանավորված արհեստական ընդհատումներին նվիրված նրա հետազոտական աշխատանքը սկսվել է Հնդկաստանից, Չինաստանից եւ Վիետնամից՝ այնուհետեւ ընդգրկելով նաեւ Արեւելյան Եվրոպան:

 

Նրա աշխատանքը, մասնավորապես, ազդեցություն է ունեցել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի թիվ 1829 բանաձեւի վրա, որն անդրադառնում է հղիության՝ սեռով պայմանավորված արհեստական ընդհատումներին Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում եւ Ալբանիայում:

 

Ներկայումս Քրիստոֆ Գիլմոտոն հղիության՝ սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների վերաբերյալ խորքային հետազոտություն է իրականացնում Հայաստանում: Այս հետազոտության եւ Հայաստանում սելեկտիվ աբորտների խնդրի հետ կապված իրավիճակի մասին ֆրանսիացի փորձագետը պատմել է Մեդիամաքս-ի թղթակցին:

- Պարոն Գիլմոտո, Դուք Հայաստանում եք գտնվում հղիության՝ սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների վերաբերյալ խորքային հետազոտություն իրականացնելու նպատակով: Պատմեք մի փոքր այդ հետազոտության մասին , ի՞նչ փուլում է այն գտնվում:

 

- Սա իմ առաջին այցելությունն է Հայաստան եւ ընդամենը մեկ շաբաթ է, ինչ գտնվում եմ այստեղ: Ըստ այդմ, Հայաստանի հետ կապված փորձս սահմանափակ է: Ես դեռ գտնվում եմ իմ առաքելության մեկնարկային փուլում: Առաջիկա երկու ամիսների ընթացքում նախատեսում եմ իրականացնել լիարժեք, խորքային հետազոտություն Հայաստանում հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատումների մասին: Այս նպատակով օգտագործելու եմ իմ կողմից հավաքագրած տվյալները ՝ թե՛ քանակական, թե՛ որակական:

 

Հայաստանին առնչվող իմ փորձը ներկա պահին սահմանափակվում է նրանով, ինչ ես գիտեմ այլ երկրներում նորածինների սեռերի անհամամասնության մասին: Ինձ համար կարեւոր է պարզել, թե ինչով է Հայաստանը տարբերվում այն երկրներից, որտեղ եւս առկա է այս խնդիրը:

 

Լուսանկարը՝ Մեդիամաքս
/>

- ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության եւ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից անցկացված հետազոտության տվյալների համաձայն, Հայաստանում վերջին 5 տարում 100 նորածին աղջկա դիմաց ծնվում է 114 -115 տղա: Արդյո՞ք սա լուրջ շեղում է նորածինների սեռերի համամասնության տեսանկյունից: Կան կարծիքներ, թե Հայաստանում սելեկտիվ աբորտների խնդիրը չափազանցված է:

 

- ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն ընդամենը երկու օր առաջ է տրամադրել ինձ մանրամասն տվյալներ նորածինների վերաբերյալ: Ուստի, դեռեւս վաղաժամ կլինի ճշգրիտ հիմնավորումներ անել: Բայց, ելնելով մեր ձեռքի տակ եղած տվյալներից, կարող ենք ասել, որ Հայաստանում վերջին մի քանի տարվա ընթացքում 100 աղջկա դիմաց ծնվում է 116 տղա: Սա տղաների թվի շատ լուրջ աճ է, քանի որ ընդունված նորմալ հարաբերակցությունը 100 աղջկա դիմաց 105 տղան է: Այս իմաստով, սա լուրջ շեղում է:

 

- Այս թեմայով Դուք հետազոտություններ եք իրականացրել Հնդկաստանում, Չինաստանում ,Վիետնամում եւ Բալկաններում: Հարցազրույցներից մեկում Դուք նշել էիք, որ եթե անգամ սեռերի համամասնությունը վերականգնվի, այնուամենայնիվ, վերոնշյալ երկրների տղամարդիկ դեռեւս մի քանի տասնամյակ դժվարությունների են հանդիպելու հարսնացու ընտրելիս՝ իրենց հասակակից կանանց թվի պակասի պատճառով: Արդյոք այս իրավիճակը կարո՞ղ է սպառնալ Հայաստանին մոտ ապագայում:

 

- Հայաստանում տղաների թիվը սկսեց աճել 1990-ի կեսերից՝ մոտ 15-17 տարի առաջ: Այսինքն, այդ տարիներին ծնված երեխաների շարքում, ովքեր ներկայումս 15-17 տարեկան են, նկատվում է տղաների գերակշռում: Այս պահին այդ տարբերությունը գուցե շատ խնդիրներ չի առաջացնում, բայց, օրինակ, 10 տարի հետո, երբ բնակչության այդ տարիքային խմբի տղաները հասնեն ամուսնական տարիքին, տարբերությունն իրեն զգացնել կտա: Այդ տղաների համար, ովքեր հիմա 15-17 տարեկան են, ամուսնանալը, կողակից գտնելը բարդ խնդիր կդառնա, եւ նրանք, հավանաբար, ստիպված կլինեն կամ ամուսնանալ ավելի ուշ տարիքում, կամ էլ հեռանալ երկրից:

 

Ստացվում է, որ եթե այդ տղաներից յուրաքանչյուրը ցանկանա ընտանիք կազմել հենց հայուհու հետ, նրա համար դժվար կլինի հարսնացու գտնել՝ հասակակից հայ աղջիկների թվի նվազման պատճառով: Դեռ պարզ չէ, թե ինչպես հայ հասարակությունը կհարմարվի այս իրավիճակին, բայց մի բան ակնհայտ է՝ տղաների թիվը գերակշռում է:

 

Լուսանկարը՝ Մեդիամաքս
/>

- Իսկ ուրիշ ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել սեռերի համամասնության նման շեղումը մեր երկրում:

 

- Ամուսնությունն ընտանիքի ձեւավորվման կարեւորագույն տարրերից է: Աղջիկ երեխաների նկատմամբ տղա նորածինների թվի գերազանցումը հետագայում կազդի բնակչության վերարտադրողականության վրա: Այն անկում կգրանցի: Խնդրի լուծումը պայմանավորված կլինի նրանով, թե ինչպես հայ հասարակությունը կհարմարվի ստեղծված դրությանը: 

 

- Պարոն Գիլմոտո, ԵԽԽՎ-ն 2011թ. հոկտեմբերին ընդունեց «Նախածննդաբերական փուլում պտղի սեռի ընտրության մասին» բանաձեւ, որտեղ արձանագրում է սեռերի համամասնության շեղումներ Հայաստանում եւ մեր տարածաշրջանի երկրներում: Այս բանաձեւը մշակվել է նաեւ Ձեր կողմից անցկացված հետազոտությունների հիման վրա: Ինչո՞վ է տարբերվում իրավիճակը մեր հարեւան երկրներում:

 

- Վիճակագրությունից դատելով՝ իրավիճակը տարածաշրջանի երկրներում քիչ թե շատ նման է, բայց դա չի նշանակում, որ իրավիճակը միանգամայն նույնն է: Հստակ կարող եմ պնդել, որ Հայաստանը, այս խնդրից տուժած այլ երկրների, մասնավորապես՝ Ալբանիայի համեմատ, զբաղեցնում է առաջատար դիրք հասարակության իրազեկվածության, անցկացված հետազոտությունների տեսանկյունից: Կան երկրներ, որոնք այս խնդրում որդեգրել են այսպես կոչված “ջայլամի քաղաքականություն” եւ չեն ուզում անգամ լսել խնդրի գոյության մասին: Կան երկրներ, որոնք պնդում են, թե իրենց մոտ նորածինների սեռերի համամասնության խնդիր գոյություն չունի, կամ էլ ասում են՝ “դա մեր երկրի ներքին գործն է”:

 

Հայաստանում իրավիճակն այլ է: Կան հստակ վիճակագրական տվյալներ, խնդրի շուրջ իրականացվել է համապատասխան հետազոտություն, որը, ի դեպ, առաջինն է ողջ Արեւելյան Եվրոպայում: Բացի այդ, ձեր երկրի քաղաքացիական հասարակությունն արդեն սկսել է քննարկումներ ծավալել այս թեմայի շուրջ, ինչը շատ կարեւոր է իրավիճակից ելքեր գտնելու համար:

 

Լուսանկարը՝ Մեդիամաքս
/>

- ԵԽԽՎ նույն բանաձեւը առաջարկում է արգելել նախածննդաբերական փուլում ծնողներին հայտնել ապագա երեխայի սեռ: Արդյո՞ք այս տարբերակը կարող է արդյունավետ լինել սելեկտիվ աբորտների դեմ պայքարում, եւ որքանո՞վ այս մեխանիզմը կգործի Հայաստանում:

 

- Այլ երկրներում փորձ է արվում արգելել նախածննդաբերական փուլում պտղի սեռի որոշումը, բայց միշտ չէ, որ սա կարող է արդյունավետ լինել, քանի որ այն մի փոքր դժվար է կյանքի կոչել: Ես գտնում եմ, որ այս խնդիրն առաջացել է հասարակության ներսում, եւ դրա լուծումը հենց հասարակության ներսում էլ պետք է գտնվի:

 

Այլ երկրների փորձը, ինչ խոսք, կարող է պիտանի լինել, բայց պետք է նկատի ունենալ, որ ոչ մի երկրում այդ նույն փորձը շրջադարձային փոփոխություններ չի ապահովել: Ուստի, այս իմաստով հրաշքներ սպասել պետք չէ: Կարծում եմ, պետք է, նախ եւ առաջ, ավելի լավ ուսումնասիրել երիտասարդ ամուսնական զույգերի վիճակը, նրանց կարծիքները, ինչպես նաեւ բուժաշխատողների տեսակետները:

 

- Հայաստանն արդեն ստեղծել է իրավիճակի վերաբերյալ տեղեկատվական բազա: Ո՞րը պետք է լինի մեր երկրի հաջորդ քայլը այս խնդրի լուծման ճանապարհին:

 

- Կարծում եմ, պետք է շարունակել եւ ընդլայնել հասարակության ներսում արդեն իսկ ծավալվող քննարկումներն այս հարցի շուրջ՝ միեւնույն ժամանակ այդ քննարկումներում ընդգրկելով այն պետական մարմինները, գերատեսչությունները, որոնք զբաղվում են հանրային առողջության, առողջապահության, գենդերային հարցերով:

 

Քրիստոֆ Գիլմոտոյի հետ զրուցել է Եկատերինա Պողոսյանը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին