Կարին Մարկիդես. ՀԱՀ-ն այս երկիրը ծաղկեցնելու ճիշտ ուղու վրա է - Mediamax.am

exclusive
17049 դիտում

Կարին Մարկիդես. ՀԱՀ-ն այս երկիրը ծաղկեցնելու ճիշտ ուղու վրա է

Կարին Մարկիդեսը
Կարին Մարկիդեսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Արդեն 30 տարի է, ինչ Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) որակյալ կրթություն է տրամադրում Հայաստանում։ Իր 30-ամյակի շրջանակներում համալսարանը մեկնարկել է «Կառուցիր ավելի լավ ապագա ՀԱՀ-ի հետ» արշավը, որը նպատակ ունի $‌15 միլիոն հավաքել նոր գիտական-ճարտարագիտական մասնաշենք կառուցելու եւ կահավորելու համար:

 

Հայաստանի ամերիկյան համալսարանի 30 տարիների ընթացքում ստեղծած արժեքների, ինչպես նաեւ ապագա տեսլականի եւ արշավի նպատակների մասին Մեդիամաքսը զրուցել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ, դոկտոր Կարին Մարկիդեսի հետ:

 

- Մեր հարցազրույցը կուզեմ սկսել անձնական պատմությունով՝ ինչո՞ւ որոշեցիք միանալ ՀԱՀ-ի մեծ ընտանիքին եւ ղեկավարել համալսարանը։

 

- Ես վերլուծական քիմիայի պրոֆեսոր եմ եւ իմ կարիերան կառուցել եմ այդ ոլորտում։ Նաեւ աշխատել եմ Եվրոպայի եւ Ամերիկայի տարբեր համալսարաններում, եւ այդ ընթացքում հասկացել եմ, որ համալսարանները կարող են եւ պետք է ավելի շատ ներգրավված լինեն հասարակական կյանքում։ Այդպիսով, ես ավելի ու ավելի հետաքրքրված էի, թե ինչպես կարող եմ մասնակից դառնալ այդ ամենին: Ես Շվեդիայում շուրջ 10 տարի Չալմերսի տեխնոլոգիական համալսարանի նախագահն եմ եղել, ինչն, իհարկե, ինձ ավելի շատ դրդեց  այս քայլին, քանի որ մենք բավական արդյունավետ համագործակցել էինք նախկինում: Մտածում էի, որ գուցե կարողանամ գտնել եւ տեղափոխվել աշխարհի մեկ ուրիշ անկյուն, որտեղ կարող եմ աշխատել: Հետո գտա այս հնարավորությունը։ Ես շատ ուրախ եմ, որ ընտրվել եմ այս պաշտոնում։ Եվ այս ամենը համալսարանների էության մասին է: Ո՞րն է համալսարանի դերը հասարակության մեջ: Սա այն է, ինչի վրա ես այժմ աշխատում եմ:

 

- Ի՞նչ գիտեիք Հայաստանի մասին մինչ ընտրվելը։

 

- Քիչ բան գիտեի Հայաստանի մասին։ Ես սկանդինավյան Եվրոպայից եմ, ամուսինս՝ Հունաստանից, եւ մենք շատ ընդհանրություններ ունենք։ Նրա մայրը հայերի հետ է մեծացել։ Նա ինձ շատ հաճելի պատմություններ է պատմել, որոնք այժմ էլ հիշում եմ: Ես շատ լավ ծանոթ եմ Եվրոպայի արեւելյան հատվածի հարուստ պատմությանը, հատուկ իրավիճակին, արեւմտյան արժեքներին, ինչը շատ հետաքրքիր է:

 

- Համալսարանը մեկնարկել է «Կառուցիր ավելի լավ ապագա ՀԱՀ-ի հետ» արշավը: Խնդրում եմ, պատմեք այդ արշավի եւ դրա նպատակի մասին։

 

- Արշավը նպատակ ունի կառուցել ավելի լավ ապագա եւ կենտրոնանալ լաբորատորիաների ու գիտահետազոտական հանդիպումների վայրերի ստեղծման վրա, որոնք լավագույնս համապատասխանում են համալսարանի կառուցվածքին:

 

Արշավի գաղափարը հասունացել է վերջին մի քանի տարիների ընթացքում: Մտածում էի, թե ինչ պետք է անել հաջորդ փուլում: Իսկապես, կարծում եմ՝ շատ կարեւոր է, որ համալսարանները կարողանան ինտեգրվել ինչպես հասարակությանը, այնպես էլ միջավայրին: Մենք ունենք փոքր, բայց բավական լայն հնարավորություններով համալսարան, որը պատրաստում է մասնագետներ  տարբեր ոլորտներում՝ առողջապահությունից մինչեւ բիզնես, գիտությունից եւ ճարտարագիտությունից մինչեւ սոցիալական գիտություններ: Եթե մի փոքր ուշադիր նայեք, կարող եք տեսնել, որ հիմքը շատ տեսական է, եւ դա ունի իր պատճառը: ՀԱՀ-ը երիտասարդ համալսարան է, մենք չունեինք լաբորատորիաներ կառուցելու միջոցներ, ինչպես նաեւ շրջապատող միջավայրում ավելի շատ ներգրավվելու հնարավորություն:

 

Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ ՀԱՀ-ում ունենք շատ յուրահատուկ մի բաղկացուցիչ մաս՝ բաց կրթությունը, որն ընդգրկում է ՀՀ մարզերը։ Եվրոպական գաղափարախոսության տեսանկյունից՝ երկրի տարբեր շրջանների հետ համալսարանի կապի առկայությունը երազանքի պես մի բան է: Երկար տարիների ընթացքում մենք նաեւ որոշակի վստահություն ենք ձեւավորել մեր հանդեպ։ Վստահություն ձեռք բերելը ժամանակ եւ ջանքեր է պահանջում: Պետք է աշխատել երկարաժամկետ եւ նպատակաուղղված, ինչն արվել է այստեղ: Այսպիսով, մենք կարող ենք համալսարանի առաջարկած ոչ ակադեմիական գործունեությունը կապել ակադեմիական գործունեության հետ:

 

Դա անելու համար պետք է կրիտիկական զանգված ստեղծենք։ Համալսարանն ունի շատ տարբեր մասնագիտություններ եւ բազմաթիվ ծրագրեր, որոնք ընդգրկում են ավելի քան 2500 ուսանող, բայց այստեղ յուրաքանչյուր դասախոս, քիչ թե շատ, մեկուսացած է: Թեեւ նրանք գերազանց մասնագետներ են իրենց ոլորտներում, բայց չունեն իրենց շուրջ համախմբված մարդիկ: Որպեսզի կարողանանք ներքին կապ ստեղծել մասնագիտությունների եւ արտաքին կապ՝ տարածաշրջանների ու այնտեղ առկա մարտահրավերների հետ, պետք է որոշակի կրիտիկական զանգված հավաքենք յուրաքանչյուր պրոֆեսորի, յուրաքանչյուր ուժի շուրջ: Նաեւ պետք է կառուցենք մի վայր, որտեղ կարող ենք հանդիպել եւ գործնական որոշումներ կայացնել: Սա կարեւոր է իրականացնել:

Կարին Մարկիդեսը Կարին Մարկիդեսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մենք պետք է ընդլայնենք համալսարանը՝ գիտական-ճարտարագիտական մասնաշենքի կառուցմամբ: Պետք է կամուրջ ստեղծենք ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի եւ մարզերի միջեւ, ինչպես մենք ենք դրանց անվանում, իրականության լաբորատորիաների միջոցով։ Այս լաբորատորիաներում ե՛ւ պետականը, ե՛ւ մասնավորն աշխատում են համալսարանի հետ միասին՝ կոնկրետ մարզում առկա մարտահրավերների շուրջ: Այսպիսով, միավորելով ներքին եւ արտաքին ներուժը՝ կարող ենք, իրականում, նոր հարթություն սահմանել համալսարանում, ինչը բոլորին հնարավորություն կտա աշխատել տվյալ ոլորտում, մյուսների հետ միասին: Սա շատ լավ միջոց է, որպեսզի փոքր համալսարանը մեծ գործեր անի, ինտեգրվի, փոխակերպի հասարակությունը եւ վստահություն կառուցի: Եթե մենք դա անենք, ապա կարծում ենք, որ ռեսուրսներն ինքնըստինքյան կգտնվեն։ Աշխարհով մեկ կան հայեր, եւ, իհարկե, բոլորն էլ ցանկանում են, որ իրենց հայրենիքը լինի բարեկեցիկ եւ կայուն: Իսկ երբ փոքր ազգ ենք, պետք է խելամիտ գործենք, որ կարողանանք այդ ներդրումն ունենալ։

 

Այս տարի մենք դարձանք 30 տարեկան, եւ դա պատեհ առիթ է հաջորդ քայլն անելու համար։ Մենք հաստատուն սկիզբ ենք ունեցել որպես համալսարան, որը շարունակաբար աճել եւ շատ լավ կրթություն է տրամադրել։ Կրթությունը հիանալի է, կարեւոր, բայց միայն դա բավարար չէ: Մենք պետք է ավելացնենք հետազոտություններն ու մարզերի ներգրավվածության աստիճանը՝ մեր առաքելությանը եւ երկրի կարիքներին համապատասխանելու համար: Այսպիսով, մեզ համար շատ կարեւոր է նոր մասնաշենքի կառուցումը, որտեղ կարող ենք ունենալ գիտական եւ ճարտարագիտական լաբորատորիաներ, ինչպես նաեւ հանդիպումների անցկացման սրահներ, որոնք կմեկտեղեն հանրային դեմքերին` քննարկումների եւ համագործակցության նպատակով:

 

Նոր հնարավորությունների, նորարարությունների եւ լուծումների ներդրմամբ՝ այստեղ կարող է ստեղծվել մի մեծ խաչմերուկ: Ես կողմ չեմ մեկ համալսարանի տարբեր մասնագիտացումների եւ գիտական ուղղությունների՝ իրարից տարանջատմանը: Շատ կարեւոր է գտնել փոխազդող ուղիներ: Անշուշտ, մասնաշենքերի իրար մոտ լինելը բավարար պայման չէ։ Այն չի կարող ինտեգրել մարդկանց: Մեզ համար նաեւ հսկայական պատասխանատվություն է գտնել գործիքներ եւ խթաններ, որոնք ուսանողներին եւ դասախոսներին հնարավորություն կընձեռեն դուրս գալ իրենց ծրագրերի շրջանակից եւ ոլորտներից ու աշխատել միասին, ինչպես նաեւ միասին գնալ ու աշխատել մարզերում։

 

- Ի՞նչ փուլում է այս պահին նվիրատվությունը։

 

- Դրամահավաքների դեպքում, սովորաբար, պետք է որոշ ներդրումների տեսքով ապահովել անհրաժեշտ գումարի մոտ կեսը։ Մենք դա ունենք, ու նաեւ կա մեծ հետաքրքրություն եւ հանձնառություն աշխարհի տարբեր անկյուններից ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածից: Մենք վստահ ենք, որ երբ շարժվենք այս ուղղությամբ, կկարողանանք այն դարձնել ակտիվ եւ շոշափելի:

 

- Ինչո՞ւ է կարեւոր գիտության եւ ճարտարագիտության ուժեղացումը Հայաստանում։ Ո՞րն է այս համալսարանի դերն այս ոլորտների զարգացման գործում։

 

- Ամբողջ աշխարհում գիտելիքը՝ որպես այդպիսին, եւ գիտելիքի դերը տարբեր ոլորտներում վտանգված են: Մենք պետք է, իսկապես, համոզվենք, որ բուհերում, եւ ոչ միայն ՀԱՀ-ում, մեր դասախոսներին հնարավորություն ենք տալիս ցույց տալ գիտելիքի արժեքը։ Մենք, իրականում, այլ բուհերի հետ եւս աշխատում ենք։ Իսկապես ցանկանում ենք, որ համալսարանները՝ որպես շահագրգիռ կողմ, ունենան որոշակի ընդհանուր դեր հասարակության մեջ, իհարկե, միեւնույն ժամանակ մենք նաեւ մրցակցում ենք, քանի որ դա բոլորիս ավելի լավն է դարձնում:

 

Ինքս, լինելով քիմիկոս, շատ եմ տխրում՝ տեսնելով քիմիայի եւ մոլեկուլային գիտության նկատմամբ ցածր հետաքրքրությունը Հայաստանում, քանի որ չես կարող հաջողության հասնել որեւէ բնագավառում՝ լինի դա առողջապահության, տրանսպորտի, էներգետիկայի կամ որեւէ այլ, առանց հասկանալու եւ հետաքրքրված լինելու մոլեկուլային գիտությամբ։ Անշուշտ, մաթեմատիկան եւ ֆիզիկան այսօր ավելի ուժեղ են, բայց դրանք պետք է շատ ավելի ընդլայնել: Մենք, ինչպես Հայաստանի բուհերից շատերը, նույնպես մեծ ուշադրություն ենք դարձնում արհեստական բանականությանը։ Դա բնական է աշխարհի զարգացման այս փուլում, եւ, զուգակցելով արհեստական բանականությունը այլ ոլորտների հետ, այն էլ ավելի կզարգանա:  

 

Իրականում գիտությունը չպետք է առանձին գործի, այն պետք է միավորվի այլ ուղղությունների, ոլորտների եւ մարտահրավերների հետ, որպեսզի այս ոլորտները եւս բարգավաճեն, ստեղծվեն աշխատատեղեր: Այնպես որ, գիտության եւ մաթեմատիկայի դիրքերի ամրապնդումը շատ կարեւոր է:

Կարին Մարկիդեսը Կարին Մարկիդեսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այժմ ճարտարագիտությունը՝ որպես այդպիսին, պետք է կամուրջ ստեղծի գիտության, մաթեմատիկայի եւ մարդկության միջեւ։ Հենց դա է եղել ճարտարագիտության նպատակը սկզբից, երբ այն ի հայտ եկավ մոտ 200 տարի առաջ: Հիմա ժամանակն է, որ մենք վերամիավորենք ճարտարագիտությունը՝ կառուցելու մարդկանց եւ բնության համար բարենպաստ ապագա: Դա, իհարկե, համընկնում է կայունության եւ կլիմայի պահպանման նպատակների հետ, որոնք առկա են ամբողջ աշխարհում:

 

Վաղ թե ուշ, բոլորս պետք է համակերպվենք այդ փաստի հետ, եթե ցանկանում ենք պահպանել մարդկությունը: Խելամիտ է, որ մենք հիմա փորձում ենք կապել բնական մղումը, որ ունենք մեր երկրում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում եւ այլն, գիտությունների եւ մարդկության հետ: Եվ դա այն է, ինչ իրականում այս նոր կառույցը կկարողանա անել: Այն ամենը, ինչ տեսնում ենք մեր շուրջը, շատ բարդ է: Մենք պետք է միավորենք նաեւ գիտության եւ ճարտարագիտության առաջնագիծը՝ հաղթական լուծումներ գտնելու համար:

 

- Համալսարանի նախագահ ընտրվելուց հետո Դուք ասել էիք, որ «Հայաստանի դիրքը կարող է առավելություն լինել, եթե հարեւան երկրների պայծառ ուղեղները Հայաստանն ընկալեն որպես մի վայր, որտեղ միմյանց են կապվում մշակույթներն ու մտքերը»: Կարծում եմ՝ հիանալի գաղափար է, ըստ Ձեզ՝ ի՞նչ է անհրաժեշտ այն կյանքի կոչելու համար:

 

- Ես, իսկապես, հավատում եմ դրան: Դա է պատճառներից մեկը, թե ինչու եմ կարծում, որ բուհերը պետք է իրենց դերն ունենան հասարակության մեջ: Որովհետեւ դա չի առնչվում եւ չպետք է առնչվի որեւէ քաղաքական կամ կրոնական շահերի: Բուհն ունի իր դիրքորոշումը սեփական իրավունքների վերաբերյալ՝ ստանալ հիմնարար գիտելիքներ, տարածել այն հանրության շրջանում, կիրառել այդ գիտելիքը հանուն նրանց, ինչպես նաեւ նպաստել ամբողջ աշխարհում կյանքի որակի բարելավմանը:

 

Մենք պետք է պայքարենք եւ փորձենք տարանջատել բուհերը քաղաքականությունից եւ կրոնից։ Գիտեմ՝ դժվար է, բայց մենք պետք է կարողանանք գտնել դա անելու ուղիները, քանի որ որպես համալսարան, մենք աշխատում ենք տաղանդավոր մարդկանց, գաղափարների եւ արժեքների հետ: Մենք պետք է ուղիներ եւ թեմաներ գտնենք կապվելու բոլորի հետ՝ գյուղական համայնքներից մինչեւ մեր հարեւան երկրներ, ուր չենք կարող հեշտությամբ հասնել, հանդիպել եւ զրուցել: Այս կերպ մենք կարող ենք նաեւ խաղաղություն բերել աշխարհի այս հատվածին:

 

Մի շարք առումներով մեր մոտեցումները համընկնում են։ Աշխատելով երիտասարդ սերնդի հետ՝ մենք կարող ենք օգնել նրանց ձերբազատվել սահմանափակումներից, հաղթահարել դժվարությունները եւ խոչընդոտները, եւ օժտել նրանց արժեքները տեսնելու ունակությամբ: Այնպես որ, հույս ունեմ, որ մեր հնարավորություններով եւ գործիքներով կարող ենք հասնել դրան: Սեւանա լճի հաքաթոնի օրինակով մենք տեսանք, որ երբ երիտասարդները միավորվում են մի խնդրի լուծման շուրջ եւ օգտագործում են իրենց սիրելի աշխատանքային գործիքները, կարող են ամբողջ գիշեր նստել եւ միասին աշխատել մեկ ընդհանուր խնդրի շուրջ։ Նրանք չեն մտածում այլ մարդկանց մաշկի գույնի, կրոնի կամ քաղաքական հայացքների մասին, փոխարենը մտածում են ուրիշների հետ ունեցած իրենց փորձառության եւ առաքելության մասին: Ահա այս կերպ կարող ենք իրականում սկսել վստահություն կառուցել՝ ի հեճուկս տարբեր արգելքների:

 

Սեւծովյան տարածաշրջանի երկրների հետ մենք ունենք միջազգային համագործակցության հաջողված փորձ, նաեւ նպատակ ունենք ներգրավել մեր տարածաշրջանի հարավային երկրները, այնպես որ պետք է ուղիներ գտնենք, որոնք կարող են օգնել բարձրագույն կրթություն ստացող երիտասարդներին իսկապես գնահատել առկա մարտահրավերների կարեւորությունը, հաղթահարել դրանք եւ անել ավելին: Կան բազմաթիվ ոլորտներ, բայց, օրինակ, վերցենք ջուրը, դա այն եզակի տարրերից է, որ բոլորս հետաքրքրված ենք եւ ցանկանում ենք, որ այն հասանելի լինի ամենուր, եւ այդ պատճառով շատ կարեւոր է այն մաքուր պահելը:

 

- Ի՞նչ կասեք միջազգային ուսանողների կարողությունների ընդլայնման մասին:

 

- Մեզ համար միջազգային կապը շատ կարեւոր է, եւ այն բավական ամուր է։ Մինչ այժմ մենք հնարավորություն չունեինք այլ երկրներից մեծ թվով ուսանողներ ընդունել, քանի որ նրանց ապրելու համար մեր միջոցները սահմանափակ էին։ Բայց հիմա ունենք Ուսանողական կացարան, եւ հնարավոր է հետագայում ունենանք եւս մեկը: Այսպիսով, մենք նպատակ ունենք այստեղ կացարան տրամադրել ոչ միայն Հայաստանի տարբեր շրջաններից, այլեւ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ուսանողներին՝ այդ թվում՝ Միացյալ Նահանգներից, Եվրոպայից եւ այլն: Շատ կարեւոր է հայ ուսանողներին տալ այսպիսի բազմազանության հնարավորություն։

 

- Ի՞նչ տեսլական ունեք ՀԱՀ-ի համար:

 

- ՀԱՀ-ն արդեն իսկ ձեւավորել է որոշակի արժեքային համակարգին հետեւելու ավանդույթ: Սրանք արժեքներ են, որոնք կենսական նշանակություն ունեն երկրի բարգավաճման գործում։ Իսկ ՀԱՀ-ի հաջողության գրավականն այն է, որ իր ստեղծման օրվանից համալսարանի հիմնադիրներն ամուր կապ են ստեղծել այնպիսի հեղինակավոր կառույցի հետ, ինչպիսին է Կալիֆոռնիայի համալսարանական համակարգը: Սա մեզ օգնել է հավատարիմ մնալ որոշակի արժեքների՝ դառնալով ուժեղ հայ-ամերիկյան համալսարան: Մենք ունենք այնպիսի լավ հենք, որի վրա կարող ենք իրականում շարունակել ավելացնել հետազոտություն անելու եւ մարզերի հետ կապեր ստեղծելու մշակույթը, ինչպես նաեւ լինել իսկապես թիմային խաղացող, որը կարող է ազդեցություն ունենալ եւ այս երկիրը դարձնել բարգավաճող։

Կարին Մարկիդեսը Կարին Մարկիդեսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տեսլականը շատ պարզ է։ Մենք կայուն ենք պահում համակարգը՝ հստակ նպատակ ունենալով տեսնել մեր քայլերի ճիշտ ընթացքը: Մենք կարեւորում ենք մյուս համալսարանների եւ այլ գործընկերների հետ վստահության ձեւավորումը, քանի որ երբեք չենք կարող միայնակ հաջողել, բայց միեւնույն ժամանակ պետք է լինել առաջինը, ով հաջողության է հասնում: Եվ եթե դուք իսկապես հավակնություն ունեք փոփոխություն բերել այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, պետք է մտածեք ոչ թե ձեր սեփական բրենդինգի մասին, այլ բովանդակության եւ համագործակցելու ձեւերի մասին: Մենք ստանձնել ենք վստահություն ձեւավորելու եւ ամբողջ բուհական համակարգին, բարձրագույն կրթությանն աջակցելու պատասխանատվությունը։ Այլ բուհերից եւս սովորելու բան ունենք, բայց սովորեցնելու ավելի շատ հնարավորություններ ենք ընձեռում, հատկապես՝ արժեքներ։ Պատերազմից հետո, բախվելով իրականությանը, մեզ համար առաջնահերթություն է դարձել գալիք սերնդի՝ ապագայի հանդեպ վստահության ձեւավորումը: Մենք կհաջողենք։ Մենք, միանշանակ, այս երկիրը ծաղկեցնելու ճիշտ ճանապարհի վրա ենք։ Իհարկե, կախված ենք մեր շուրջը տեղի ունեցող իրադարձություններից, բայց եթե կարողանանք շարունակել, եւ եթե մեզ թույլ տան շարունակել, ապա հաջորդ սերունդն ականատես կլինի մեր երկրի ընձեռած ավելի լավ հնարավորություններին:

 

Կարին Մարկիդեսի հետ զրուցել է Մարի Թարյանը

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին