Սերժ Թանգյան. Կարծես SOAD-ը ստեղծվել էր հենց այդ օրվա համար - Mediamax.am

exclusive
82953 դիտում

Սերժ Թանգյան. Կարծես SOAD-ը ստեղծվել էր հենց այդ օրվա համար

Սերժ Թանգյանը
Սերժ Թանգյանը

Լուսանկարը` Roberto Finizio/Nurphoto/Getty images

Լուսանկարը`


2015 թվականի ապրիլի 23-ին Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ System of a Down (SOAD) խմբի պատմական համերգը: Հինգ տարի անց Մեդիամաքսը խնդրեց Սերժ Թանգյանին վերհիշել այն:

 

- Հինգ տարի առաջ SOAD-ը առաջին անգամ համերգ տվեց Հայաստանում, եւ դա Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նախորդող գիշերն էր: Ի՞նչ ապրումներ ունեիք համերգից առաջ եւ հետո: 

 

- Համերգին նախորդող երկու գիշերը չէի կարողանում նորմալ քնել, որովհետեւ ինձ խնդրել էին խոսել եւ ելույթով հանդես գալ Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Ես որոշեցի, որ իբրեւ արտիստ՝ կխոսեմ միայն մեր բեմից, որտեղ ինձ առավելապես հարմարավետ եմ զգում: 

2015 թվականի ապրիլի 23-ի համերգը 2015 թվականի ապրիլի 23-ի համերգը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Որքան համերգի օրը մոտենում էր, ես հանգստություն էի զգում, ինչը հազվադեպ է լինում նման մեծ միջոցառումներից առաջ: Ես զգում էի, որ մեր անցած ճանապարհն է մեզ բերել այդտեղ, եւ որ մենք ճիշտ ճանապարհի վրա էինք՝ յուրահատուկ հոգեւոր վերահաստատում էր: Համերգից հետո ես թեթեւության եւ հպարտության զգացում ունեի, որ առաջին անգամ ելույթ ունեցանք հայրենիքում նման բացառիկ առիթով:   

 

 

- Համերգի սկզբում Տարոն Մալաքյանը բեմից գոռաց. «Դիմում եմ մեզ սպանողներին. սա ռոք համերգ չէ, սա վրեժ է»: Իսկ ես կարծում եմ, որ այդ համերգը կատարսիս էր խմբի համար: 

 

- Իրոք: Ինձ թվում է՝ խմբի ճակատագիրն էր հանդես գալ այդ համերգով, եւ ես դա զգում էի իմ ոսկորներում: Կարծես խումբն ստեղծվել էր հենց այդ օրվա համար: Դա իսկապես աննկարագրելի զգացողություն էր: Միլիոնավոր մարդիկ աշխարհով մեկ դիտում էին համերգն առցանց հեռարձակմամբ՝ նպաստելով, որ Հայոց ցեղասպանությունը դառնա այդ շաբաթվա գլխավոր լրատվական թեման: Պետք է հիշեցնեմ, որ ամբողջ շրջագայությունը նվիրված էր Ցեղասպանության մասին իրազեկման բարձրացմանը: Մենք ցուցադրում էինք մեր պատրաստած տեսանյութը եւ խոսում այդ մասին շրջագայության ընթացքում այցելած բոլոր քաղաքներում:     

 

- Ոմանք պնդում են, որ համերգն օգնել է փոխել Ցեղասպանության ընկալումը երիտասարդ հայերի կողմից: Եթե նախկինում նրանք իրենց զոհ էին համարում, ապա համերգից հետո սկսեցին վերապրողներ ու հաղթողներ համարել: Կարծում եք՝ համերգն ունե՞ր այդ ուղերձը: 

 

- Հնարավոր է, որ համերգն ակամայից պարունակում էր նման ուղերձ, քանի որ ես ու SOAD-ի իմ թիմակիցները երբեւէ չենք զղջացել մեր քաղաքական տեսակետների եւ հատկապես Ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացման մեր դիրքորոշման համար: Բոլորիս համար դա անձնական հարց է: Ոմանք ասում են, որ համերգն արթնացրեց Հայաստանի երիտասարդությանը՝ զգալու, որ իրենց երազանքներն իրականացնելը հնարավոր է: Ինձ սրա մասին շատերն են ասել: Ես տեսա Հայաստանի ապագան այդ երիտասարդների ժպտացող աչքերում: Բայց այդ ժամանակ ոչ ոք չէր պատկերացնի, որ փոփոխությունն այդքան արագ ու գեղեցիկ տեղի կունենա, ինչպես եղավ 2018 թ. Թավշյա հեղափոխության ժամանակ:    

2015 թվականի ապրիլի 23-ի համերգը 2015 թվականի ապրիլի 23-ի համերգը

Լուսանկարը` Ֆոտոլուր

- Ցեղասպանության հարյուրամյակից անցել է հինգ տարի: Ձեր կարծիքով՝ հայերն այդ հինգ տարին օգտագործեցի՞ն աշխարհին ավելի լավ կրթելու Հայոց ցեղասպանության մասին:

 

- Հեղափոխության շնորհիվ  2015 թվականին հաջորդած հինգ տարիները դարձան հայ ազգի համար վերածննդի տարիներ: Մենք դարձանք ավելի ուժեղ երկիր, որն ավելի լավ դիվանագիտություն է վարում եւ աշխարհում ավելի լուրջ է ընկալվում:

2015 թվականի ապրիլի 23-ի համերգը 2015 թվականի ապրիլի 23-ի համերգը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Կարծում եմ՝ դա էր այն գործոններից մեկը, որը մղեց ԱՄՆ Կոնգրեսին 2019 թվականին պաշտոնապես ճանաչելու Ցեղասպանությունը: Իհարկե, դեռ մեծ աշխատանք կա անելու Ցեղասպանության ճանաչման տեսանկյունից, բայց հիմա մենք ավելի լավ հանգրվանում ենք: Վերջերս ելույթ ունեցա Նոր Զելանդիայի խորհրդարանում կազմակերպված միջոցառմանը՝ կոչ անելով ճանաչել Ցեղասպանությունը:    

 

- 2019 թ. հոկտեմբերին հայտարարվեց, որ 2020 թվականին SOAD-ը համերգով հանդես է գալու Երեւանում՝ եվրոպական շրջագայության շրջանակում: Դա ուժի մե՞ջ է, թե՞ բոլոր ծրագրերը չեղարկվել են կորոնավիրուսի պատճառով: 

 

- Չնայած դեռ հստակ չեղարկում չունենք, բայց շրջագայության եվրոպական գործընկերներից շատերը սկսել են չեղարկել համերգները, այնպես որ շատ հավանական է, որ Երեւանում նախատեսված համերգը եւս տեղափոխվի այլ ժամկետի համաճարակի եւ միջազգային սահմանափակումների պատճառով:

 

Սերժ Թանգյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին