Աշոտ Հովանեսյան. Synergy-ի անունն արտացոլում է մեր էությունը - Mediamax.am

exclusive
64734 դիտում

Աշոտ Հովանեսյան. Synergy-ի անունն արտացոլում է մեր էությունը

Աշոտ Հովանեսյանը
Աշոտ Հովանեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Ծրագրային եւ խորհրդատվական գլոբալ ընկերություն Synergy International Systems-ն արդեն ավելի քան 20 տարի իր գործունեությունն է ծավալում Հայաստանում։

 

Մեր երկրում ՏՏ ոլորտը եւ Synergy-ն զուգահեռ քայլերով են զարգացել, կարելի ասել՝ ձեռք ձեռքի տված։ Ընկերությունը՝ իր գործունեությամբ եւ ծրագրերով նշանակալի ներդրում ունի Հայաստանում այս ոլորտի բիզնես ու կրթական միջավայրերի զարգացման մեջ։ 

 

Synergy-ն ստեղծում է հարմարեցված լուծումներ, որոնք բարելավում են տեղեկատվության կառավարումը, տվյալների օգտագործումը, որոշումների կայացումը, ծառայությունների մատուցումը եւ իրականացվող զարգացման ծրագրերի սոցիալական ազդեցությունը:

 

Մեդիամաքսի հետ հարցազրույցում Synergy International Systems ընկերության գլխավոր տնօրեն եւ հիմնադիր Աշոտ Հովանեսյանը վերհիշել է ընկերության ստեղծման եւ զարգացման պատմությունը, ինչպես նաեւ խոսել Հայաստանում ՏՏ ոլորտի առանձնահատկությունների եւ հեռանկարների մասին։ 

 

- 1997թ․ ԱՄՆ-ում հիմնադրվելուց ընդամենը երկու տարի անց՝ 1999 թ-ին, Synergy International Systems ընկերությունը բերեցիք Հայաստան։ Այն ժամանակ տեղեկատվական տեխնոլոգիաների առումով հայաստանյան միջավայրն ինչպիսի՞ն էր, ի՞նչ առանձնահատկություններ կային, եւ ինչպե՞ս ծնվեց Synergy-ի Հայաստան գալու միտքը։

 

- Ծնվել, մեծացել եմ Հայաստանում, հետո՝ տարիների ընթացքում, տարբեր երկրներում եմ աշխատել՝ Եվրոպա, Միացյալ Նահանգներ... Հասկացա, որ հայրենիքին մի բան վերադարձնելու ժամանակն է, որովհետեւ պարզապես վեր կենալ, գնալ եւ այլ երկրում որեւէ ոլորտ ծաղկեցնել, այնքան էլ լավ չէ։ Փորձեցի հասկանալ՝ հնարավո՞ր է Հայաստանում մասնաճյուղ ստեղծել, զարգացնել։

 

Շատ դժվար էր, որովհետեւ այդ ժամանակ Հայաստանում ամենալուրջ խնդիրներից մեկը հեռահաղորդակցությունն էր, շատ ցածր էին արագությունները, որակը։ Հայաստանից ԱՄՆ մեկ ֆայլ ուղարկելու համար ստիպված երկու-երեք գիշեր չէին քնում։

 

Եթե միայն որպես բիզնես մոտենայի իմ գաղափարին, պետք է նույն օրը փակեի այս գրասենյակն ու այլ երկրում փորձեի մասնաճյուղ ստեղծել։ Բայց, իհարկե, հավատում էի, որ այդ ամենը հաղթահարելի է, Հայաստանը պետք է փոխվի։ Ես հավատում էի Հայաստանին, Հայաստանի ներուժին, որովհետեւ գիտեի՝ ինչ որակով մարդիկ կան այստեղ։

 

Մի քանի հոգով միավորվեցինք, մի բնակարանի ննջարանում գրասենյակ սարքեցինք։ Այդ փոքր գրասենյակը շատ լավ աշխատեց, սկսեցինք մեծանալ, տեղափոխվեցինք կենտրոնում մի ուրիշ բնակարան։ Մի քանի տարածք փոխելուց հետո՝ 2005թ․, հասկացա, որ չի կարելի այդպես շարունակել: Ինքս սկսեցի մեր նոր գրասենյակի շենքի շինարարությունը։ 

դոսյե

- Եթե փորձենք ամփոփել վերջին երկու տասնամյակի ձեռքբերումները թե՛ Synergy-ի, թե՛ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար, ի՞նչ կարեւոր ձեռքբերումներ են եղել։

 

- Չեմ կարող ասել, որ Հայաստանում այս ոլորտում դանդաղ տրամաբանական զարգացում է եղել։ Զարգացումը եղել է թռիչքային։ Հիմնական ազդակը, ըստ իս, հեռահաղորդակցության շուկա մտած մրցակցությունն էր, ինչը որակական տարբերություն տվեց։ ՏՏ ոլորտում արագ, հուսալի ինտերնետը, հեռահաղորդակցումը շատ կարեւոր են, որովհետեւ աշխատանքներն արվում են դրսի շուկայի համար։ Հեռահաղորդակցության զարգացմանը հետեւեց ոլորտի ընկերությունների բուռն զարգացումը։ Այդ ամենից հետո Synergy-ում ավելի վստահորեն նոր ներդրումներ արեցինք եւ այսօր բավական մեծ ընկերություն ենք Հայաստանում։

Աշոտ Հովանեսյանը Աշոտ Հովանեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

- Ո՞րն է լավ բրենդ եւ ընկերություն ստեղծելու, կայացնելու Ձեր «բաղադրատոմսը»։     

 

- Synergy-ն շատ կարեւոր եւ ինձ համար շատ հարազատ անուն է։ Պատահական չէ, որ այդ անունն եմ ընտրել ընկերության համար։ Մենք հասկանում էինք, որ մեր թիմի, սկզբնական կորիզի մեջ իսկապես «synergy» կար, որ բոլոր անդամները միանալով՝ ավելի մեծ բան էին ստեղծում։ Եթե հինգ տարբեր մարդու իրար կողքի դնեք, դեռ չի նշանակում, որ թիմ կդառնա, բայց եթե նրանց մեջ կա համագործակցություն, գաղափարների ըմբռնում, միասնություն, ապա կստեղծվի «synergy»։ Դրա համար, կարծում եմ, անունը շատ ճիշտ ձեւով արտացոլում է ընկերության բնույթը։ 

 

- Այսօր Հայաստանում շատ կան ընկերություններ, որոնք ծառայություններ են մատուցում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Ձեր առանձնահատկությունը ո՞րն է։

 

- Մեր առանձնահատկությունն այն է, որ գործընթացը սկզբից մինչեւ վերջ Հայաստանում կարողանում ենք ծածկել մեր մասնաճյուղով։ Խնդրի միայն նեղ, մի մասը չենք լուծում՝ ի տարբերություն միջազգային այլ ընկերությունների, որոնք արտասահմանում են գործունեություն ծավալում եւ աշխատանքի միայն մի մասն են փոխանցում Հայաստանի մասնաճյուղին։

 

Մոտ 10 տարի առաջ ես հասկացա, որ պետք է Հայաստանի մասնաճյուղը վերակազմավորենք որպես ինքնաբավ ընկերություն։ Այսինքն՝ հավասարապես զարգացած լինեն բոլոր ուղղությունները եւ իրականացվի արդյունք ստեղծելու ամբողջ ցիկլը՝ մարկետինգ, նախագծերի սկզբնական ուսումնասիրություն, դիզայն, ծրագրավորում, նախագծի մենեջմենթ եւ այլն։ Դա նշանակում է, որ նախագիծը կարող է ծնվել Synergy-ի հայաստանյան մասնաճյուղում եւ ավարտվել այստեղ։ Կարծում եմ՝ շատ կարեւոր է Հայաստանի համար, որ չլինի միակողմանի զարգացած, օրինակ՝ միայն ծրագրավորում կատարող երկիր, այլ երկիր, որտեղ կան տարբեր բնագավառի լավ մասնագետներ, որոնք կարող ենք իրականացնել նախագիծն ամբողջությամբ։

Աշոտ Հովանեսյանը Աշոտ Հովանեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Synergy-ն աշխատել է ավելի քան 75 երկրում, եւ այդ համագործակցության արդյունքում տվյալ երկներըի տարբեր կառույցների ներկայացուցիչները եկել են Հայաստան, ծանոթացել մեր երկրին ու ՏՏ ոլորտի առանձնահատկություններին։ Այսօր շատ երկրներ արդեն ուղղակիորեն աշխատում են Synergy-ի հայաստանյան մասնաճյուղի հետ եւ Հայաստանը պատկերացնում են որպես տարածաշրջանում ՏՏ ոլորտի կենտրոն։

 

- Պարբերաբար հնչում են Հայաստանը տարածաշրջանի «Սիլիկոնյան հովիտ» դարձնելու գաղափարներ։ Ձեր պատկերացմամբ՝ ո՞րն է այն ճանապարհը, որով Հայաստանն իր հատուկ տեղը կգտնի աշխարհի ՏՏ քարտեզում։

 

- Հայաստանի համար մի փոքր դժվար է աշխարհի ՏՏ քարտեզի վրա հատուկ տեղ ունենալը՝ հաշվի առնելով մասշտաբները։ Քանակով մենք արդեն չենք կարող մրցակցել այն երկրների հետ, որոնք միլիոնավոր մասնագետներ ունեն։ Ուստի նախ պետք է մենք հասկանանք մեր տեղը։ Մենք պետք է կարողանանք շատ ավելի բարձր որակի արտադրանք տալ եւ չբավարարվել սովորական, շուկայում տարածված լուծումներով։

 

Synergy-ն այժմ շատ ակտիվ աշխատում է բարձր որակի ծառայություններ տալ արհեստական բանականության, վերլուծական ծրագրային ապահովման, մոնիտորինգի եւ գնահատման ուղղություններով, սրանք այն ծառայություններն են, որոնց դեպքում քանակն այնքան էլ կարեւոր չէ, եւ դրանցով փոքր երկրները կարող են իրենց տեղն ապահովել տեխնոլոգիական քարտեզի վրա։

 

- Արցախում եւ Գյումրիում մասնաճյուղեր եք բացել, ինչը վկայում է, որ միայն Երեւանում չեք կենտրոնանում եւ փորձում եք տարածվել նաեւ երկրի ներսում։

 

- Գիտե՞ք՝ Երեւանը դարձել է մեգաքաղաք, Հայաստանի բնակչության 1/3-րդը ապրում է Երեւանում, ինչը, կարծում եմ, ճիշտ չէ մեզ նման փոքր երկրի համար։

 

Այսօր երիտասարդները Երեւան են գալիս սովորելու համար, որովհետեւ որակյալ կրթությունն այստեղ է, հետո էլ հայրենի քաղաքում աշխատանք չգտնելով՝ մնում են Երեւանում։

 

Մեր գաղափարն այն է, որ երիտասարդը չկտրվի իր հայրենի ծննդավայրից միայն այն պատճառով, որ աշխատանք ունենա։ Մարդը, երեւի, ամենալավը կզգա ծննդավայրում, բայց որպեսզի չլքի ծննդավայրը, իր տեղում պետք է նրան հնարավորություններ տրվեն։ Դա էր մասնաճյուղեր բացելու մեր գաղափարի հիմքում։ Հնարավոր է, որ այլ շրջաններում եւս նման հնարավորություններ ստեղծենք, որովհետեւ մարզերում շատ տաղանդավոր երեխաներ կան։

Աշոտ Հովանեսյանը Աշոտ Հովանեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սկզբում մարզերում մասնագետները որակապես զիջում են, եւ դա պայմանավորված էր նրանով, որ հնարավորությունները, շփումը քիչ են։ Մեր փորձը ցույց տվեց, որ տարիների ընթացքում նրանք զարգանում են, եւ այսօր գրեթե տարբերություն չենք տեսնում Երեւանի կամ մարզերի մեր մասնաճյուղերի միջեւ։

 

Կարեւոր մշակույթը, որ Synergy-ին ձեւավորել է Արցախում եւ Գյումրիում, աշխատանքին անվերապահորեն նվիրվածությունն է եւ գիտակցումը, որ իրենք մեծ գործ են կատարում, եւ իրենց կատարած աշխատանքը շատ կարեւոր է։

 

- Synergy-ն մեծ ուշադրություն է հատկացնում տեխնոլոգիական ոլորտի կրթության զարգացմանը, պարբերաբար ամառային դպրոցներ եւ դասընթացներ եք կազմակերպում։ Ի՞նչ նշանակություն ունեն այդ նախաձեռնությունները։

 

- Մեր անվճար ամառային դպրոցները բավական հայտնի եւ պահանջված են, մրցույթն այնքան մեծ է լինում, որ մեծ դժվարությամբ ենք ընտրում մասնակիցներին։ Այդ դասընթացներից հետո լավագույններին աշխատանք ենք առաջարկում, իսկ նրանք, ովքեր աշխատանքի առաջարկ չեն ստանում, լավ գիտելիքներ են ձեռք բերում։

Աշոտ Հովանեսյանը Աշոտ Հովանեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցավոք, Հայաստանի բուհերը դեռ չեն տալիս այն բոլոր փորձառություններն ու հմտությունները, որոնք մեզ համար կարեւոր են։ Այս դասընթացները լրացնում են բուհերին։ Մենք նաեւ քննարկում ենք բուհերի հետ ծրագրերը միացնելու հնարավորությունը։ Մեր ուսումնական հաստատությունները պետք է հզոր գիտական հիմք ստեղծեն, որպեսզի դրանով հետագայում կարողանանք արհեստական բանականությունը, տվյալագիտությունը եւ մյուս ուղղությունները զարգացնել։

 

Պետք է գտնենք ճիշտ ճանապարհը, որ նաեւ մասնավոր բիզնեսն օգնի կրթությանը, որովհետեւ կրթությունն առանց մասնավոր բիզնեսի շատ հեռու չի կարող գնալ։ Այսօր մասնավոր բիզնեսում են կատարվում ՏՏ ոլորտի բավական մեծ, գիտական, ծրագրային ապահովումներ, եւ այն փորձը, որ ձեռք են բերում ՏՏ ոլորտի ընկերությունները, պետք է պարտադիր փոխանցվի ուսումնական հաստատություններին։

 

- Ի՞նչ ուղղությամբ եք տեսնում Synergy-ի ապագան եւ զարգացումը։

 

- Synergy-ն, կարծում եմ, իր տեղը գտել է համաշխարհային ՏՏ ոլորտի բիզնեսում։  Աշխատում ենք ավելի շատ ոչ թե մասնավոր, այլ հանրային հատվածում՝ կառավարությունների, մեծ կազմակերպությունների հետ, եւ կան ուղղություններ, որոնցում մենք այսօր արդեն առաջատար ենք։

Աշոտ Հովանեսյանը Աշոտ Հովանեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեր կազմակերպության նպատակն է լինել գերիշխող այնպիսի ուղղությունների մեջ, ինչպիսիք են, օրինակ, մեծ չափերի պետական ծախսերի մոնիտորինգը եւ գնահատումը, արդարադատության համակարգերի էլեկտրոնային կառավարումը: Այստեղ է, որ մենք առաջ ենք աշխարհի շատ-շատ ուրիշ ընկերություններից, եւ պետք է ամրապնդենք մեր տեղը։

 

Աշոտ Հովանեսյանի հետ զրուցել է  Մարի Թարյանը

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին