Եղիշե Կիրակոսյան. Իրավական ոլորտում արժեքային հեղափոխություն է պետք - Mediamax.am

exclusive
3629 դիտում

Եղիշե Կիրակոսյան. Իրավական ոլորտում արժեքային հեղափոխություն է պետք

Եղիշե Կիրակոսյանը
Եղիշե Կիրակոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Եղիշե Կիրակոսյանը 2018 թվականի հոկտեմբերի 25-ին նշանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, իսկ նոյեմբերի 7-ին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ։

 

- Բավականին երկար ժամանակ աշխատել եք վարչապետ  Տիգրան Սարգսյանի հետ, եւ հիմա վարչապետ Նիկոլ Փաշինյանի  խորհրդականն եք։ Ո՞ւմ հետ է ավելի հեշտ աշխատել։

 

- Հեշտ չէ միանգամից պատասխանել։ Կարող եմ այսպես ձեւակերպել՝ եւ՛ նախկին վարչապետի հետ երկար ժամանակ աշխատելը եւ ներկայումս այս կառավարությունում աշխատանքն ինձ ավելի փորձառու է դարձնում։

 

- Եվ ի՞նչ փորձառություն է այն տալիս միջազգային իրավունքի մասնագետին։

 

- Իմ աշխատանքային գործունեության առաջնային տեղերից մեկը հենց կառավարությունն է՝ այն օգնում է մասնագիտական առումով դրսեւորվել։ Առաջին հայացքից  կարող է թվալ, որ պետական համակարգում աշխատանքը հեշտ է, սակայն այն բավականին բարդ եւ պատասխանատու ոլորտ է։

 

Բացի գիտելիքներից, պետք է նաեւ հմտություններ ու փորձ ունենաս, որոնք տարիների ընթացքում են ձեւավորվում։

 

- ՄԻԵԴ-ում ձեր նշանակումը անձամբ Ձեզ համար ինչո՞ւ էր կարեւոր։

 

- Եթե ասեմ, որ ՄԻԵԴ-ում հայտնվելու մասին երբեւէ չեմ մտածել, անկեղծ չեմ լինի։ Հաշվի առնելով միջազգային իրավունքի իմ մասնագիտացումը, վստահ էի, որ իմ կրթությունը, հմտություններն ու փորձը կօգնի  դրական փոփոխություններ իրականացնել այս ոլորտում։

 

- ՄԻԵԴ-ում դուք ներկայացնում եք Հայաստանի Հանրապետության շահերը։ Ի՞նչ է ենթադրում այս գործառույթը։

 

- Սա երկուստեք աշխատանք է։ Մեկ կառավարությունն ես ներկայացնում ՄԻԵԴ-ում, մեկ՝ ՄԻԵԴ-ը քո երկրում։ Եվրոպայի Խորհրդի մեր գործընկերները շատ են սիրում ասել․ «Մի մոռացեք, որ դուք ոչ միայն ձեր կառավարության ներկայացուցիչն եք այստեղ, այլեւ կոնվենցիայի ներկայացուցիչն եք Ձեր երկրում»։

 

Այս աշխատանքի առաջին մասը պահանջում է, որ քո կառավարության շահերը ներկայացնես դատական պրոցեսների ընթացքում, երբ ընթանում է Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված գանգատի քննություն։

 

Երկրորդ մասն արդեն վերաբերում է ՄԻԵԴ վճիռների կամ որոշումների կատարմանը։ Երբ կայացվում է վճիռ կամ որոշում, որով հաստատվում է խախտումը, կամ միակողմանի հայտարարությունը, որն արել է կառավարության լիազոր ներկայացուցիչը։ Աշխատելով պետական մարմինների հետ, նա համակարգում է դրանց կատարման ընթացքը։

Եղիշե Կիրակոսյանը Եղիշե Կիրակոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

ՄԻԵԴ-ում գտնվելու իմաստը ոչ միայն դատական պրոցեսների ընթացքում պայքարելն է, կառավարության շահերը ներկայացնելը, դիմումատուների հետ հակառակ դատական կարգավիճակներում հայտնվելը: Ավելի կարեւոր է տեսնել մեծ պատկերը. առանցքային է, որ ի վերջո ամբողջ պրոցեսը նպաստի, որ մեր իրավական համակարգում ներդրվեն Եվրոպական կոնվենցիայով նախատեսված եւ ՄԻԵԴ  կողմից ամրագրված չափանիշները։

 

- Ինչ՞ու են Հայաստանից այդքան շատ դիմումներ հայտնվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

 

- Իրականում ՄԻԵԴ կողմից դիմումներ քննելը եւ խախտումներ արձանագրելը  կարելի է բնորոշել որպես «ախտորոշիչ» գործընթաց, որում դրսեւորում են մեր իրավական եւ դատական համակարգերի խնդիրները։ Դրանք ուսումնասիրելով պարզ է դառնում, որ կան որոշակի խնդիրներ, որոնք անընդհատ կրկնվում են։

 

- Օրինակ, ո՞ր խնդիրները։

 

- Բավականին ցավոտ խնդիրների մի ամբողջ խումբ է։

 

Կալանքի հետ կապված հարցերը, կոնվենցիայի հինգերորդ հոդվածի խախտումները։ Կալանքի կիրառման խնդիրներից մեկը դրա կիրառման պատճառաբանումն է, երբ երկարաձգվում է կալանքի ժամկետը դատարանի կողմից առանց լրացուցիչ խորանալու, թե արդյո՞ք անհրաժեշտ է երկարաձգել, թե ոչ, կամ չափից ավելի երկարատեւ կալանքը։ Այս խախտումը մի շարք վճիռներում նույնությամբ կրկնվում է բազմաթիվ անգամներ։

 

Ցավոք, մենք ունենք երրորդ հոդվածի խախտումերի մեծ քանակ՝ վատ վերաբերմունք, խոշտանգումներ։

 

Ամենաշատ հանդիպող խախտումներից է արդար դատաքննությունը։ Այն ներառում է արդարացի դատաքննության բոլոր բաղադրիչները՝ կողմերի իրավահավասարությունը, մրցակցության սկզբունքը, պատճառաբանված դատավճիռ/վճիռը, դատավարության ողջամիտ ժամկետը եւ այլն։

 

Ոլորտային ցավոտ խնդիրներից է բանակում՝ խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտում արձանագրող վճիռները։

 

Նմանատիպ գործերով ունենք կայացված վճիռներ, մի խումբ գործեր, որոնք հիմա գտնվում են կատարման ընթացքում եւ մենք շատ սերտ աշխատում ենք պաշտպանության նախարարության հետ՝ փորձելով հասկանալ, թե հիմնական խնդիրները որտեղից են գալիս։

 

- Համեմատության որեւէ սանդղակ կա՞, թե Հայաստանն արդարադատության այս խնդիրներով որ երկրին է հավասար, կամ, գոնե մոտ։

 

- Եվրոպայի խորհրդում կան երկրներ, որոնք շատ ավելի շատ վճիռներ ունեն, շատ ավելի շատ խնդիրներ ունեն, քան Հայաստանը, բայց սա ոչինչ չի նշանակում։

 

Օրինակ`Ռուսաստանը, Թուրքիան, որտեղ խախտումների տեսակները, լրջությունը էականորեն տարբերվում է, թեեւ ՄԻԵԴ-ի կայացրած վճիռների կատարմամբ՝ բավականին առաջատար դիրքերում են։

 

Մեր արդարադատության խնդիրներն իրականում չի կարող վերացնել մեկ հոգի եւ մեկ օրում։ Այն պետք է համաձայնեցված եւ հետեւողական աշխատանքի արդյունք լինի, ներառի եւ օրենսդրական, եւ մտածելակերպի փոփոխություն, հասարակության մեջ որոշակի արժեքային հարց պետք է լուծի։ Անհրաժեշտ է նաեւ կանխարգելման միջոցներ ներդնել։

 

- Հեղափոխությունից հետո, տարբեր հարթակներից հնչում է, որ բարեփոխվում է արդարադատության ոլորտը։ Բարեփոխումներին ուղղված քայլերին զուգահեռ, արդյո՞ք նվազել են ՄԻԵԴ ներկայացվող բողոքները, թե ակտիվացել են այն մարդիկ, որոնք կարծում են, որ ՄԻԵԴ-ն է իրենց հարցերի լուծումը։

 

- Հիմա պատկերը ճշգրիտ չի կարող լինել։ ՄԻԵԴ-ի աշխատանքը շատ ծանրաբեռնված է, դատարանը շատ արագ չի կոմունիկացնում ստացված գանգատները, քանի որ, երբ գանգատը ներկայացվում է ՄԻԵԴ, բավական երկար ժամանակ է անցնում մինչ այն կհասնի եւ կներկայացվի կառավարությանը։

 

Եվրոպական դատարան ներկայացնելու գործընթացն ինքնին երկարատեւ է, քանի որ պետք է «սպառել» պետական միջոցները, նոր գնալ ՄԻԵԴ։

Եղիշե Կիրակոսյանը Եղիշե Կիրակոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ներկայումս դատարանը փոքր ինչ ավելի պարզեցված համակարգ է ներդրել, ավելի արագացրել է գործընթացը, բայց հիմա մենք տեղեկացվում ենք 1-5 տարի առաջ  ներկայացված գանգատների մասին։ Երեք տարի հետո արդեն պարզ կլինի, թե 2018-ին կամ 2019-ին ինչ տեսակի գանգատներ են ներկայացվել ՄԻԵԴ։

 

- Կա՞ արդյոք վիճակագրություն, թե մինչեւ այսօր քանի որոշում է կայացվել Հայաստանի դեմ, եւ առհասարակ, որ դեպքերում են կայացվում նման որոշումներ։

 

- Կայացվել է 113 վճիռ, որոնց ճնշող մեծամասնությամբ հաստավել է Կոնվենցիայի խախտում: ՄԻԵԴ-ը կայացրել է նաեւ 73 որոշում, որոնք վերաբերում են տվյալ գանգատի ընդունելության կամ գործը ցուցակից հանելուն, օրինակ, հիմք ընդունելով կառավարության միակողմանի հայտարարությունը։ Եվրոպական դատարանում ներկայացված գանգատը մինչեւ կառավարություն հասնելը անցնում է մի քանի փուլ՝ գանգատը պետք է համապատասխանի պաշտոնական ձեւաչափի պահանջներին, հետո պետք է որոշվի, արդյո՞ք այդ գանգատն ընդունելի է, թե ոչ։ Եթե որոշվում է, որ ընդունելի է, նշանակում է, փաստարկները բավականին լուրջ են եւ հիմնավոր։ Եվ եթե գանգատն այդ բոլոր փուլերը անցնում է, ուրեմն շատ ավելի հավանական է, որ խախտումը կհաստատվի։

 

Երբ կայացվում է խախտում արձանագրող վճիռ, կառավարությունը պարտավորվում է վճարել արդարացի փոխհատուցում, որը ներառում է եւ նյութական, եւ ոչ նյութական վնասի համար փոխհատուցում։

 

- Ի՞նչ գումարների մասին է խոսքը։

 

- Դրանք շատ տարբեր են եւ կախված են հոդվածի տեսակից, խախտման լրջությունից, համակցությունից։ Դատարանը նաեւ պարտավորեցնում է հատուցել քաղաքացու իրավաբանի ծախսերը, խախտման հետեւանքով կրած բարոյական վնասը։

 

Օրինակ, ոչ նյութական վնասի փոխհատուցումը կարող է տատանվել մի քանի հազար եվրոյից մինչեւ 50 հազար եվրո։

 

- Ո՞ր դեպքերում է ՄԻԵԴ-ը կայացնում արագ որոշումներ։ Օրինակ, ինչպե՞ս կայացվեց գործարար Սամվել Մայրապետյանին առնչվող որոշումը։

 

- ՄԻԵԴ-ի 39-րդ կանոնի համաձայն, քաղաքացիները դատարան կարող են դիմել, երբ առկա է անդառնալի վնասի անմիջական վտանգ: Օրինակ, երբ անձի կյանքի եւ առողջությանը սպառնացող լուրջ վտանգ կա, դատարանը կայացնում է միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում եւ պարտավորեցնում պետությանը ձեռնարկել համապատասխան միջոցներ, կամ ձեռնպահ մնալ որոշակի քայլերից։

 

Մայրապետյանի գործը հենց նմանատիպ գործ էր։ Հիմնվելով դիմումատուի առողջական վիճակի վրա, դատարանը կայացրեց որոշում՝ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ։ Այսինքն` որոշակի պարտավորություն դրեց պետության վրա, որպեսզի պետությունն ապահովվի միջոցներ, որոնք այդ պահին անհրաժեշտ են նրա առողջության եւ կյանքի համար։

 

Դատարանը նման որոշումներ հազվադեպ է կայացնում։ Մեր պատմության մեջ սա 6-րդ դեպքն էր։

 

-  «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործի վերաբերյալ ի՞նչ եք կարծում, եւ ի՞նչ քայլեր եք նախատեսել։ (2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՄԻԵԴ։Ներկայացրած բողոքում նշվել էր, որ դիմողի նկատմամբ հետապնդումներն ու նրա դատապարտումը պայմանավորված է եղել իր ընդդիմադիր քաղաքական կեցվածքով եւ գործունեությամբ-խմբ)։

 

- Այս հարցը վարչապետի հետ էլ ենք քննարկում։ Փորձում ենք այնպիսի մոտեցում եւ կառուցակարգ մտածել, կիրառել, որ խուսափենք շահերի բախումից։ Որովհետեւ ես որպես վարչապետի խորհրդական եւ վարչապետին հաշվետու կառավարության լիազոր ներկայացուցիչ՝ ներկայացնում եմ կառավարության շահերը այն գործում, որտեղ դիմորդը հենց վարչապետն է, եւ այստեղ  պոտենցիալ շահերի բախման իրավիճակ է։

 

Փորձում ենք մտածել այլ կառուցակարգ, միգուցե այլ իրավաբան ներգրավվենք կոնկրետ այս դրվագով։

 

Դատարանը մեզ գործի մասին կոմունիկացրել է հունվար ամսին եւ ժամանակ է տվել հաշտության համար մինչեւ ապրիլի 16-ը: Նման դեպքում, եթե կողմերը հաշտության համաձայնության չեն գալիս, սկսվում է երկրորդ փուլը՝ բուն դատական պրոցեսը։ Հիմա մենք հաշտության համաձայնության ժամկետի մեջ ենք։

 

- Ի՞նչ բարեփոխումների անհրաժեշտություն ունենք արդարադատության համակարգում, որ ՄԻԵԴ չհասնենք։

 

- Երբ խոսում ենք արդարադատության մասին, պետք է հաշվի առնենք, որ այն սկսվում է քրեական գործեր հարուցելուց/հայց հարուցելուց եւ չի ավարտվում վերջնական դատավճռի/վճռի հրապարակմամբ, ալ ներառում է նաեւ վճռի կատարման կարեւոր փուլը։

 

ՄԻԵԴ-ում  Հայաստանի դեմ կայացված դատավճիռների առանձնահատկությունները պետք է ուսումնասիրել ու հասկանալ, ինչո՞ւ է այս կամ այն հոդվածի խախտումն անընդհատ կրկնվում։ Դա մեր ամենակարեւոր խնդիրներից է։

 

Համակարգում քրոնիկ կրկնվող խնդիրները պետք է ուսումնասիրել՝ գնալով պատճառի հետեւից։ Մենք սիրում ենք խոսել օրենսդրական բարեփոխումների մասին եւ դա, իհարկե, կարեւոր է, բայց բավարար չէ: Օրենսդրությունը կիրառում են մարդիկ, եւ այդ մարդիկ պետք է իրենց մտածելակերպը փոխեն։ Իրավական համակարգում՝քննիչների, դատավորների, իրավաբանների գլխում արժեքային հեղափոխություն է պետք։ Սա ամենակարեւոր քայլն է։

 

Եղիշե Կիրակոսյանի հետ զրուցել է Լուսին Մկրտչյանը

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին