Ելենա Վարտանովա. Լրագրությունը միշտ էլ իր ժողովրդի «արդյունքն է» - Mediamax.am

exclusive
8160 դիտում

Ելենա Վարտանովա. Լրագրությունը միշտ էլ իր ժողովրդի «արդյունքն է»

Ելենա Վարտանովան
Ելենա Վարտանովան

Լուսանկարը` Իզվեստիա/Արտյոմ Կորոտաեւ

Լուսանկարը`


«Ի՞նչ խնդիրների են բախվում այսօր զանգվածային լրատվական միջոցները»: Ելենա Վարտանովան  այս հարցին գերադասում է պատասխանել հակիրճ`«դիսերտացիայի թեմա է»: Եվ նույն պահին էլ «խնդիր» բառը փոխարինում է «մարտահրավեր»-ով:

 

Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանը վերջին բոլոր հարցազրույցներում է կրկնում նույն միտքը․ «Լրագրողը պետք է ուսումնասիրի լսարանի փոփոխությունները եւ պահանջները` նոր մարտահրավերներին ադապտացվելու համար, բայց եւ չկորցնի լրագրողական դեմքը»։

 

Ելենա Վարտանովան այս շաբաթ այցելել էր Երեւան։ Մեդիամաքսը բացառիկ հնարավորություն ուներ նրա հետ քննարկելու ժամանակակից լրագրության արդիական հարցերը։

 

Լրագրության մասին

 

Լրագրություն սովորող ուսանողները տարբերվում են մյուսներից։ Նրանք շատ ավելի բաց են, ավելի շփվող, ավելի արագ։ Նրանք տալիս են «արագ» եւ ոչ միշտ՝ խորը հարցեր։ Թեեւ միշտ են բարձրաձայնում սուր հարցեր։

 

Լրագրությունը շատերի կողմից մինչեւ այսօր ընկալվում է որպես ստեղծագործական մասնագիտություն, եւ սա մասնագիտություն է, որը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջեւ։ Լրագրողից բոլորը պահանջում են, որ նա գրի այնպես, ինչպես իրենք են ուզում։

 

Իսկ լրագրողն ունի իր կանոնները, իր չափորոշիչները, էթիկան եւ նա պետք է գրի իր մասնագիտությանը համապատասխան։ Լրագրությունն, իհարկե, հարուստ մասնագիտություն չէ՝ աշխատավարձերը բարձր չեն, թեեւ պատասխանատվությունը շատ մեծ է։

 

Կյանքը լրագրողների հետ

 

Հեշտ չէ։ Լրագրողը վառ արտահայտված, ուժեղ ինքնություն ունի։ Լրագրողի մասնագիտական ինքնությունը հաճախ կենցաղային ու ընտանեկան ինքնության հետ պայքարի մեջ է, որովհետեւ կին լրագրողները ստիպված են «խմբագրական անհրաժեշտությունից» ելնելով՝ տանից «պոկվել», մեկնել,  ժամանակն անցկացնել ընտանիքից, ամուսնուց եւ երեխաներից հեռու։

 

Սա այն մասնագիտություններից է, որն ունի «ճնշման» բարձր աստիճան, եւ մարդիկ, տուն վերադառնալով, շատ հաճախ իրենց օտար են զգում, որովհետեւ լրագրողը գրում է այս աշխարհի անարդարության մասին եւ շատ հաճախ մտերիմների համար ուղղակի ժամանակ ու ուժ չի մնում։

 

Մյուս կողմից, լրագրողի կյանքն այնքան հետաքրքիր է, որ նրանց երեխաները շատ հաճախ հրապուրվում են այդ մասնագիտությամբ։ Արդյունքում, շատ լրագրողների ընտանիքներում ձեւավորվում են մասնագիտական դինաստիաներ։

 

Հաճախ լրագրողներին թվում է, որ նրանք  ինչ-որ բան չեն տալիս իրենց երեխաներին։ Իսկ իրականում, լրագրող-ծնողները հաճախ չեն հասկանում, թե որքան շատ բան են տալիս հենց իրենց օրինակով եւ աշխատանքով։

 

Լրագրությունը դեռ չորրորդ իշխանությունն է

 

Այն շարունակում է մնալ չորրորդ իշխանություն, բայց չէ՞ որ մարդիկ միշտ քննադատաբար են մոտենում իշխանությանը։

 

Լսարանը հաճախ է քննադատում լրագրողներին, բայց շարունակում է ուժեղ կախում ունենալ նրանցից, եւ օրվա օրակարգը, որը ձեւավորվում է նրանց գլխում, շարունակում է ստեղծվել լրագրողների կողմից։

 

Սոցիալական ցանցերը փոխում են լրագրության դեմքը, բայց ոչ բնույթը

 

Դրանք փոխում են դեմքը, բայց ոչ բնույթն ու լրագրության բնությունը։ Թեեւ որոշ բլոգերների պահվածքը նման է լրագրողականի, բայց ամենեւին էլ այդպիսին չէ։

 

Սոցիալական ցանցերի շնորհիվ լրագրողը հավասարվում է ոչ պրոֆեսիոնալներին՝ ինֆորմացիոն հոսքի մեջ նա մրցակցում է շատ այլ աղբյուրների հետ։

 

Լրագրողը կորցրել է ինֆորմացիայի մենաշնորհը։ Այսօր ցանկացած բրենդ կամ PR-մասնագետ կարող է լրագրողից խլել նրա լսարանը։

 

Լրագրողը պետք է լինի արագ, կարճ, հստակ եւ տեսողական պարզությամբ։

 

Կարծում եմ՝ լրագրողները սա հասկացել են եւ իրենց նյութերը համապատասխանեցնում են սոցիալական ցանցերին, որոնողական համակարգերին։

 

Եվ նրանք, իհարկե, այսօր պետք է շատ ավելի արագ աշխատեն։

 

Նոր միտումներ լրագրության ֆակուլտետներում

 

Վերջին տարիներին Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետում շատ մեծ ուշադրություն է դարձվում տեխնոլոգիաների ուսուցմանը։

 

Մենք ուժեղացնում ենք գործնական պարապմունքները՝ պահպանելով հիմնարար առարկաների հիմքը եւ ձգտելով տալ բարձրորակ կրթություն։

 

Մենք պետք է ուսանողների ուշադրությունն ավելի շատ կենտրոնացնենք նախագծերի, կոլեկտիվ աշխատանքի ուղղությամբ, ինչ-որ բան սեփական ձեռքերով պատրաստելուն։ Լուսանկարներ, նկարներ, առցանց տեքստեր՝ այս ամենի ստեղծումը նախկինում լրագրողին բնորոշ չէր։

 

Մենք ձգտում ենք ուսանողներին տալ նաեւ տնտեսագիտական պատկերացումներ, որպեսզի նրանք կարողանան սեփական արտադրանքի առաջխաղացմամբ զբաղվեն։

 

Երեք պարտադիր գիրք

 

Գի դը Մոպասանի «Սիրելի բարեկամ»-ում Ժորժ Դյուրան դարձավ այնպիսին, ինչպիսին որ կա՝ աշխատելով ֆրանսիական բուլվարային մամուլում։ Սա գիրք է, որը բնութագրում է «դեղին» մամուլի կանոնները, որոնք արդիական են մինչեւ այսօր։

 

Խորհուրդ կտամ կարդալ Մարշալ Մաքլյուենի «Մեդիան հասկանալով» գիրքը։ 

 

Կանադացի հայտնի տեսաբանը եւ լրագրության սոցիոլոգը ընդգծել է տեխնոլոգիայի հատուկ դերը ԶԼՄ-ների զարգացման գործում:

 

Մաքլյուենը կարծում էր, որ մեդիա տեխնոլոգիաները զարգացնում են մեր քաղաքակրթությունը: Այս գիրքը պատմում է  ժամանակակից հասարակությունում ԶԼՄ-ների ունեցած դերի մասին։

Ելենա Վարտանովան եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ելենա Վարտանովան եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

«Լրագրությունը եւ հասարակությունը» գիրքը 2013-ին գրել է բրիտանացի Դենի Բոյլը՝ հատուկ Ռուսաստանի եւ նախկին Խորհրդային Միության երկրների համար։

 

Այն պատմում է լրագրության տարբեր դերերի եւ գործառույթների մասին: Բոյլը շատ գրագետ, խելամիտ եւ համակարգված կերպով ցույց է տվել, որ լրագրությունը պետք է համապատասխանի իր երկրին, իր հասարակությունը, իր մշակույթին:

 

Չնայած մասնագիտության բազմակողմանիությանը, ստանդարտների համընդհանուրությանը եւ արդյունավետությանը՝ լրագրությունը միշտ էլ իր ժողովրդի «արդյունքն է»: Եվ հենց այդ պատճառով էլ ես իսկապես գնահատում եմ այս գիրքը:

 

Լրագրության ներկա խնդիրները

 

Սա ուղղակի հարց չէ, սա դոկտորական դիսերտացիայի թեմա է։ 

 

Մարտահրավերներից մեկը ոչ պրոֆեսիոնալների մուտքն է լրագրություն, կոմերցիայի չափազանց մեծ ճնշումը լրագրողների վրա, որոնք պետք է վաճառեն եւ ստեղծեն վաճառվող արտադրանք։

 

Լրագրությունը եւս մեկ լուրջ խնդիր ունի՝ նախկինում գրեթե բոլորը լրագրությունը նույն կերպ էին ընկալում: Նախկինում կար զանգվածային լսարան, իսկ այսօր հասարակության զարգացմանը զուգընթաց լրագրությունը պետք է փոխվի, հարմարվի  իր թիրախային լսարանի շահերին, եւ, հետեւաբար, լրագրությունը երբեմն սկսում է անպետք թվալ։

 

Հետեւաբար, լրագրողը պետք է լինի շատ կրթված եւ շատ նուրբ հոգեբան, որպեսզի հասկանա, թե ինչ տեսակի բովանդակություն է ուզում տեսնել իր լսարանը։

 

Այդ պատճառով էլ լրագրությունը թվային տեխնոլոգիաների նոր պայմաններում պետք է վերածնվի եւ դառնա «մարդկային»։

 

Այն պետք է շարունակի պատմել պատմություններ մարդկանց մասին, միայն թե հասկանալով, թե ում է այն ուղղվում եւ ինչ ձեւաչափով։

 

Աշխատանքի ընդունելու նոր կանոնները

 

Երիտասարդին, որն եկել է աշխատանքի ընդունվելու, խմբագիրը հարցնում է․

 

«Որտե՞ղ ես սովորել ու աշխատել, ի՞նչ փորձ ունես»։ Հետո ասում է․«Վատ չէ, իսկ սոցիալական ցանցերում հաշիվներ ունե՞ս։ Քանի՞ հետեւորդ ունես։ 500։ Դե շարունակիր փնտրել, դու մեզ չես համապատասխանում»։

 

Թող որ նա դիպլոմ ունենա, թող փորձ ունենա, այսօր երիտասարդ լրագրողներին աշխատանքի են ընդունում այն լսարանով, որն այդ հեղինակը կարող է բերել իր հետ։ Սա է նոր իրականությունը։

 

Մենք մի ուսանողուհի ունեինք, որը 700 000 հետեւորդ ուներ։ Նա ինչ-որ էջ էր վարում նորաձեւության մասին։

 

Նրա հետեւից գործատուների մի մեծ հերթ էր կանգնած, որովհետեւ բոլորն ուզում էին, որ նա աշխատեր իրենց հետ եւ իր հետեւորդներին էլ իր հետ տաներ։

 

Ելենա Վարտանովայի հետ զրուցել է Լուսին Մկրտչյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին