Դավիթ Փախչանյան. «Երբ եկա, ինձ ասացին՝ ապացուցիր, որ հնարավոր է» - Mediamax.am

exclusive
13826 դիտում

Դավիթ Փախչանյան. «Երբ եկա, ինձ ասացին՝ ապացուցիր, որ հնարավոր է»

Դավիթ Փախչանյանը
Դավիթ Փախչանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Մարտի 14-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում ստորագրեց Դավիթ Փախչանյանին պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

 

Այդ պաշտոնում Դավիթ Փախչանյանը նշանակվել էր 2018 թվականի հունիսի 11-ին: Մինչ այդ, 2016 թվականի հունիսի 2-ին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Դավիթ Փախչանյանը նշանակվել էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ - պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ։

 

Դավիթ Փախչանյանը «Այբ» եւ «Արար» հիմնադրամների հիմնադիրներից է:

 

- Թեթեւությո՞ւն եք զգում, պարոն Փախչանյան։

 

- Շատ։ Անչափ։

 

- Լուրը հայտնվելուն պես՝ ենթադրություններից բացի, նաեւ «դավադրության տեսություններ» են հրապարակվել՝ հրաժարականի դիմում ներկայացնելու պատճառների մասին։

 

- Ծառայությունից դուրս եմ եկել իմ դիմումի համաձայն, որը համաձայնեցված էր վարչապետի եւ պաշտպանության նախարարի հետ:

 

Ես պաշտոնը ստանձնեցի 2016-ի մայիսին՝ Ապրիլյան պատերազմից հետո։ Բոլորս բանակին որեւէ կերպ օգտակար լինելու պարտքի զգացում ունեինք։ Երբ Սերժ Սարգսյանից առաջարկը ստացա, շատ դժվար էր մերժելը, բայց ես նաեւ հասկանում էի, որ պետական կառավարման համակարգում իմ երկար գտնվելն արդյունավետ չի կարող լինել։ Պատճառն այն է, որ նույնիսկ բիզնեսում իմ դերակատարությունն ես տեսնում եմ ոչ թե որպես մենեջեր, այլ որեւէ ստարտափ կամ նախաձեռնություն մտահղացող, հիմնադրող, բայց եւ այն փոխանցող։

 

Առաջարկին համաձայնելիս՝ ասացի, որ պաշտոնը կստանձնեմ երկու տարով, եւ իմ գլխավոր խնդիրը «սայլը տեղից պոկելն» ու ուղղություն տալն է լինելու։ Երբ դա հաջողեի, պետք է այն փոխանցեի այն մարդկանց, որոնք պետական կառավարման համակարգում պատրաստ են մնալ երկար տարիներ եւ կատարել  նմանատիպ աշխատանք։

Դավիթ Փախչանյանը Դավիթ Փախչանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ եկա, ինձ ասացին՝ ապացուցիր, որ հնարավոր է։ Թերահավատությունը շատ մեծ էր, որովհետեւ կար կարծրատիպ՝ եթե հայկական է, ուրեմն լավը չէ։ Միջոցներ չկային, բայց պետք էր ապացուցել։ Ես գնացի ապացուցելու լուծումներ գտնելու ճանապարհով, եւ այն, ինչ արվեց, հիմնականում ոչ պետական միջոցներով էր։ Հետո, երբ առաջին ապացույցները ներկայացվեցին, 2017-ի աշնանը կառավարությունը որոշեց գիտահետազոտական աշխատանքների բյուջեն ավելացնել՝ մեր գումարը 1,5 միլիարդ դրամից դարձավ 2,4 միլիարդ՝ այն միտումով, որ ամեն տարի որոշակի ավելացում պետք է լինի։ Երկու տարին լրացավ 2018թ. մայիսին։ Քաղաքական իրադարձությունների արդյունքում, երբ զրուցեցինք նախարար Դավիթ Տոնոյանի հետ, որը տեղյակ էր իմ պայմանավորվածության մասին, որովհետեւ այն ժամանակ ՊՆ առաջին փոխնախարարն էր, հասկացանք, որ անցումային շրջանում իմ դուրս գալն այնքան էլ ճիշտ չէ։ Պայմանավորվեցինք, որ ես որոշ ժամանակ էլ կմնամ։

 

Այս ընթացքում վարչապետի հետ քննարկումների ժամանակ ծագեց այն գաղափարը, որ ռազմարդյունաբերության զարգացման համար ավելի նպատակահարմար է, որ ոլորտը պաշտպանության նախարարությունից դուրս գա։ Կառավարության վերջին նիստի ժամանակ սա հաստատվեց, եւ առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում օրենսդրական փոփոխությունը տեղի կունենա։

 

Այսպիսով, պաշտպանության նախարարությունում իմ ստանձնած ուղղությունն ավարտվեց։ Գործն այս մասով արված է, փոխանցված է, չեմ կարող ասել, որ 100 տոկոսով, բայց շատ բան է արվել՝ գործը սկսել ենք, հավատ ներշնչել, որ Հայաստանում կարող ենք ստանալ այնպիսի ռազմական տեխնիկայի նմուշներ կամ համակարգեր, որոնք առաջնագծում կարող են իրավիճակ փոխել։

 

Որոշման պատճառների հիմքում կար նաեւ անձնական հարց։ Ընտանիքս՝ կինս եւ դուստրս 2.5 տարի է Մոսկվայում են բնակվում։ Այս ընթացքում, իհարկե, հանդիպել ենք, բայց կարող եք պատկերացնել այդ հանդիպումների քանակն ու տեւողությունը։

 

- Եվ ի՞նչ եք անելու արդեն հաջորդ շաբաթ, մեկնելո՞ւ եք Մոսկվա։

 

- Մոսկվա մեկնելու եմ։ Բայց ժամանակիս 40 տոկոսն անցկացնելու եմ Հայաստանում, որովհետեւ կան որոշ նախագծեր, որոնցով զբաղվում էի մինչեւ պաշտպանության նախարարություն գալը, եւ հիմա պլանավորում եմ մեծացնել դրանց ծավալները։

Դավիթ Փախչանյանը Դավիթ Փախչանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դրանց մի մասը վերաբերում է պաշտպանության ոլորտին՝ անվտանգության նախագծերին, որոնք մենք իրականացնում էինք «Արար» հիմնադրամի շրջանակներում։ Այն պաշտպանության նախարարությանն աջակցում էր մինչեւ իմ՝ նախարարությունում հայտնվելը, որտեղ գալուն պես սառեցրեցի իմ  մասնակցությունը եւ դուրս եկա հոգաբարձությունից, հիմա կվերականգնեմ։ Այնտեղ ունենք խոշոր ծրագրեր:

 

Նաեւ հասարակական եւ բիզնես այլ նախագծեր կան: Բիզնես նախագծերը լինելու են քաղաքացիական ոլորտում, ոչ թե պաշտպանական։

 

-Ասում եք, որ համաձայնել եք, որովհետեւ 2016-ին դժվար էր Սերժ Սարգսյանին մերժելը։ Ինչու՞։

 

- 2016-ին ինձ համար հասկանալի էր, որ Հայաստանում ռազմական տեխնիկա ստեղծելու հարցում մենք թերանում ենք։ Թվում էր՝ հարցը կարող էր լուծվել՝ զենք-զինամթերք գնելով, ռազմական տեխնիկա նորոգելով, բայց ակնհայտ էր, որ Ադրբեջանն այս տարիների ընթացքում այլ պետություններից նորագույն զինատեսակներ եւ տեխնոլոգիական կարողություններ է ձեռք բերել, եւ մենք հետ ենք մնում։ Ես տեսնում էի, որ նման կարողություն ունեմ, կարող եմ դրանով զբաղվել: Բայց, եթե որեւէ մեկն ինձ ասեր, որ կա մեկ այլ մարդ, որը նույնպես կարող է, եւ պետք է նրան օգնել, դա շատ ավելի հարմար կլիներ ինձ։

 

Այդ ընթացքում՝ ամբողջ մեկ ամիս նախագահը զբաղված էր տարբեր մարդկանց առաջարկներ անելով, իսկ ես՝ շարունակ իմ որոշումը հետաձգելով։ Բայց ստացվեց այնպես, որ ես չկարողացա ինձ վրա դրված խնդիրը «բարդել» մեկ ուրիշի վրա։ Հատկապես, երբ հասկացա, որ չես կարող խուսափել դրանից, որովհետեւ մարդիկ քեզ հետ հույս են կապում։ Խոսքը միայն նախագահի մասին չէ, այլ այդ ոլորտի հանրության մասին։

Դավիթ Փախչանյանը Դավիթ Փախչանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ սկսեցի, ինձ համար մեծ աջակցություն էր տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների՝ բանակին օգնելու մեծ ցանկությունը։ Ապրիլյան պատերազմից հետո նրանք մեզ մոտ էին գալիս տարբեր գաղափարներով։ Փորձում էինք եւ միայն ընթացքում հասկանում, թե ինչն է իրատեսական։ Այստեղ փորձարկումները ռիսկային են, որոշ նախագծեր իրականացնում էինք ոչ պետական ֆինանսավորմամբ եւ, եթե հաջողվում էին, հետո արդեն դրանք ստանում էին պետական ֆինանսավորում։ Մթնոլորտը «ստարտափային» էր, ինչն ինձ համար հասկանալի գործ էր։ Ես անչափ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնեցին մեզ այս ընթացքում:

 

- Պաշտոնը ստանձնելուց օրեր անց Դուք հայտարարել էիք, որ պետք է հասնել զգալի արդյունքի՝ զարգացնելով ոլորտը։ Ի՞նչ արդյունքների եք հասել։

 

- Շատ գաղտնիքներ չեմ կարող բացահայտել, բայց փորձեմ որոշ բաներ ասել։ Մի քանի ուղղություն առանձնացնեմ։

 

Առաջինը՝ նորարարությունների ուղղությունն է, որտեղ իրական արդյունքներ ենք գրանցել որոշ համակարգերում։ Դրանց շարքում ռադիոլոկացիոն  ռադիոէլեկտրոնային պայքարի, կապի, օպտիկակա-էլեկտրոնային համակարգերն են, անօդաչու սարքեր՝ շատ լայն սպեկտորով։

 

Կան տեսակներ, որտեղ արդեն հասել ենք սպառազինությունների սերիական արտադրության։

 

Կան ոլորտներ, որտեղ ճանապարհի 75 տոկոսն է անցած։ Իրականացվել են նորարարական տարբեր նախագծեր, որոնց շնորհիվ մեր բանակը ունենալու է Հայաստանում արտադրված սպառազինություն, որը կարող է իրական փոփոխություններ բերել։

 

Արտադրությունում ներդրումների ուղղությամբ դեռ սկզբնական քայլերն են կատարվում, կան առաջին ներդրողները: Բայց կան նաեւ շատ հետաքրքրված կողմեր, որոնք ծավալուն ներդրումներ կիրականացնեն, երբ սկսվի լայն սերիական արտադրությունը։

 

Զբաղվել ենք մեր ռազմարդյունաբերությունը ներկայացնելու խնդրով։ Երկու ցուցահանդես ենք անցկացրել, առաջինը՝ 2016-ի աշնանն էր, երկրորդը՝ 2018-ի գարնանը: Մասնակցել ենք միջազգային ցուցահանդեսների: 

Դավիթ Փախչանյանը Դավիթ Փախչանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամենակարեւոր քայլերից մեկը Գլխավոր շտաբի հետ համատեղ աշխատանքի երկարատեւ պլանավորումն է եւ հետագա հիմնական քայլերի նախագծումը։ Կարեւոր էր ռազմավարության ստեղծումն ու ռազմավարական երկու փաստաթղթերի՝ «Ռազմարդյունաբերական եւ ռազմատեխնիկական  քաղաքականության ռազմավարության» եւ «Ռազմարդյունաբերության զարգացման ծրագրի» ընդունումը 2018-ի հունվարին։ Թեեւ այն հիմա վերանայման կարիք ունի, սակայն հիմնական ռազմավարությունը կետերով ամրագրված է։

 

Այդ կետերից մեկն է տեխնոլոգիական վաշտի ստեղծումը, որտեղ ծառայում են շատ տաղանդավոր զորակոչիկներ, որոնք արդեն իսկ գրանցել են առաջին հաջողությունները:

 

Ռազմատեխնիկական համագործակցության տեսակետից, որի պարտականությունը ստանձնել եմ 2017-ի գարնանից՝ ՌԴ-ի հետ 200 մլն դոլարի վարկի շրջանակում մատակարարումներ ենք ապահովել, հետո՝ նաեւ 100 մլն դոլարի վարկի շրջանակում պայմանագրեր ենք կնքել։ Այս մասով բոլորի համար պետք է հստակ լինի, որ այսօր մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ նորմալ եւ գործնական են։ Զբաղվել եմ նաեւ այլ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցության հաստատմամբ:

 

- Ռազմավարական այդ ծրագրերի շեշտադրումնե՞րն են փոխվել։ Եվ առհասարակ, 2011-ի դեկտեմբերին նախագահ Սերժ Սարգսյանը հաստատել էր «Ռազմաարդյունաբերության համակարգի բարեփոխումների և զարգացման հայեցակարգը»՝ 21 կետից բաղկացած, այդ ծրագիրը պահպանվե՞լ է։

 

- Հայեցակարգի հետեւանքով օրենք էր ընդունվել եւ ստեղծվել էր այս կոմիտեն։ Ես եկա ու դարձա կոմիտեի առաջին նախագահը։ Կոմիտեն կար, բայց նշանակումներ չկային։ Կար տրված ուղղություն, որը պետք էր ճշգրտել։

 

Այդ աշխատանքն արդեն արված է, քաղաքականությունը մշակված է, ծրագիրը՝ ընդունված, սակայն դրանք քարացած փաստաթղթեր չեն եւ զարգացման միտում ունեն։ Իրավիճակը փոխվելու պարագայում այդ փաստաթղթերում պետք է փոփոխություններ անել։ Նույն օրենքն արդեն ենթակա է փոփոխության, եւ երբ դա արվի, ծրագիրն էլ կփոխվի։

 

Քանի որ վարչապետը հստակ նախանշել է, որ ռազմարդյունաբերությունը կարեւորագույն ուղղություններից է, այստեղ նաեւ ռեսուրսային փոփոխություններ կարող են լինել ։

 

- Վերջին երեք տարում հայկական բանակի սպառազինության գնումների ո՞ր տոկոսն են կազմել ներքին գնումները։

 

- Այն զգալի է, եւ կարող է ավելի զգալի դառնալ մոտ ապագայում։ Հստակ թիվը չեմ կարող ասել, քանի որ հրապարակման ենթակա չէ։

 

- Իսկ արտաքին աշխարհին մեր ռազմական արտադրանքը հետաքրքրո՞ւմ է։

 

- Արտահանման զարգացումը մեր ռազմավարության կարեւոր կետերից է։ Չես կարող զարգանալ, եթե չես աշխատում դրսի շուկաների հետ՝ մի օր ներքին ողջ պահանջարկը կբավարարես եւ այլեւս զարգանալու եւ սպառելու տեղ չես ունենա։ Չափազանց ծանր շուկաներ են, եւ մեկ լուրջ պայմանագիր կնքելու համար սովորաբար 3-4 տարի է պետք։ Մենք գործընթացն արդեն սկսել ենք, եւ որքան

շատ բան ենք ցուցադրում, այնքան հետաքրքրությունն է մեծանում։

Դավիթ Փախչանյանը Դավիթ Փախչանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս ընթացքում մասնակցել ենք Ռուսաստանում «Армия» երեք ցուցահանդեսի, իսկ մի քանի շաբաթ առաջ մեր տաղավարով մասնակցեցինք Աբու Դաբիում տեղի ունեցած IDEX-2019 ցուցահանդեսին, որը խոշորագույններից է աշխարհում: Ներկայացանք լուրջ պատվիրակությամբ՝ պաշպանության նախարարի գլխավորությամբ: Բացման արարողության ժամանակ մեր պատվո պահակախմբի ելույթը ֆուրոր առաջացրեց, ինչը նպաստեց նաեւ մեր ցուցանմուշների հանդեպ հետաքրքրության աճին։

 

- Նախնական ինչ-որ արդյունքներ գրանցե՞լ եք։

 

- Սա բարձրաձայնման ենթակա չէ։ Նախապայմանագրային շատ լուրջ քննարկումների փուլում ենք։

 

- Եվ մեր արտադրանքի ի՞նչ տեսակներով են հատկապես հետաքրքրվում։

 

- Անօդաչուներով եւ դրանց վրա կիրառվող տարբեր տեխնոլոգիաներով, ռադիոլոկացիոն համակարգերով, օպտիկա-էլեկտրոնային սարքավորումներով, լազերային տեխնիկայով։

 

- Իսկ ռազմարդյունաբերությունը կարո՞ղ է մի օր դառնալ շահութաբեր ոլորտ։

 

- Իհարկե։ Ներքին շուկայում մեր խնդիրն այն է, որ գները կարգավորվում են պետականորեն, եւ այստեղ կան սահմանափակումներ, թե ընկերությունն ինչ շահույթ կարող է ստանալ։ Սակայն պետությունն էլ պատրաստ է գումարներ ծախսել եւ, ընկերություններին գումար տրամադրելով, նոր նմուշներ ստեղծել։ Մի կողմից չես կարող քո արտադրանքը շատ թանկ վաճառել պետությանը, մյուս կողմից՝ պետությունն ամեն ինչ անում է, որ դու նոր բան ստեղծես։

 

Արտաքին շուկայում բարձր տեխնոլոգիական արտադրանքի արժեքը շատ բարձր է։ Անօդաչուների մասով կարող եմ օրինակ բերել՝ տեղական եւ արտասահմանյան նմուշների գնի տարբերությունը անգամներով է տարբերվում։ Մենք կարողանում ենք այդ լուծումները ստանալ, որովհետեւ ունենք լուրջ ներուժ, եւ այն ստեղծող մասնագետները պատրաստ են հայաստանյան աշխատավարձով անել մի բան, ինչը դրսում արվում է անգամներով ավելի բարձր աշխատավարձով, եւ սուղ միջոցներով ստեղծել այնպիսի արդյունք, որն ունի մեծ արժեք շուկայում։

 

- Ռազմարդյունաբերության զարգացման մեր հաղթաթուղթը ո՞րն է։

 

- Երբ փաստացի գտնվում ես պատերազմական վիճակում, շատ լավ հասկանում ես, թե քեզ ինչ է պետք պատերազմելու համար։ Բանակներ կան, որ տարիներով թանկ ռազմատեխնիկա են գնում, հստակ իմանալով, որ մոտակա 50 տարիներին այն չեն կիրառելու։ Մենք կոնկրետ արդյունք ենք ուզում ստանալ ու գրանցել։ Մեր բանակը շատ պահանջկոտ է։ Չես կարող ինչ-որ բան բերել ու տալ բանակին եւ ասել՝ տես, մի բան ենք սարքել, անպայման վերցրեք, կիրառեք։ Եթե իրենց պետք չէ, իրենք դա ոչ կվերցնեն, ոչ կկիրառեն։ Այստեղ գլխավոր խնդիրը արդյունավետությունն է։

 

- Եվ, այնուամենայնիվ, այս երեք տարիների ընթացքում Ձեզ հաջողվե՞ց կոտրել կարծրատիպը, որ հայկական արտադրանքը լավը չէ։

 

- Հարյուր տոկոսով դեռ չի հաջողվել եւ հարյուր տոկոսանոց արդյունք երբեք չենք կարող ունենալ։ Բայց գրանցած արդյունքները լավն են։ Կան կոնկրետ դեպքեր, երբ ապացուցվել է հայկականի որակը։ Հիմա Գլխավոր շտաբում սովորական են դարձել «սա մերոնք կարող են անել», կամ «եթե սա մերոնք անեն, ավելի լավ կլինի» արտահայտությունները։

 

- Հանգի՞ստ խղճով եք հեռանում։ Եվ գիտե՞ք արդեն, թե ձեզ ով է փոխարինելու։

 

- Ութ ամիս է՝ փոխանցման փուլն է։ Ավետիք Քերոբյանը, որը հանդիսանում է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը, արդեն իսկ ստանձնել է աշխատանքը։ Շատ պատրաստված է, ճանապարհ անցած։ 1990-ականներին ռազմարդյունաբերությունում է աշխատել, ՏՏ ոլորտում հաջողություններ է գրանցել։ Նախարար Հակոբ Արշակյանը ոլորտը նույնպես շատ լավ է պատկերացնում։ Այս ընթացքում իր հետ բավականին աշխատել եմ եւ լավ առումով տպավորված եմ։ Պաշտպանության նախարարը եւ Գլխավոր շտաբի պետը գիտակցում են գործի կարեւորությունը։ Ինչպես արդեն ասացի, վարչապետը բազմիցս հայտնել է իր քաղաքական դիրքորոշումը ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ: Այս մասով ես լիահույս եմ, որ ոլորտը կզարգանա, բայց նաեւ գիտեմ, որ դա համատեղ եւ լուրջ աշխատանք է պահանջում։

 

Դավիթ Փախչանյանի հետ զրուցել է Լուսին Մկրտչյանը

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին