Ավագ Գահվեջյան. «Մարզելու» ենք հայ գիտնականներին - Mediamax.am

exclusive
7129 դիտում

Ավագ Գահվեջյան. «Մարզելու» ենք հայ գիտնականներին

Ավագ Գահվեջյանը
Ավագ Գահվեջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Կենսաքիմիկոս Ավագ Գահվեջյանը ծնվել է Լիբանանում, դեռ մեկ տարեկանն էլ չբոլորած՝ ընտանիքի հետ տեղափոխվել Կանադա։ Մանկուց հետաքրքրվում էր գիտությամբ եւ տեխնոլոգիայով ու երազում տիեզերագնաց դառնալ։ Մասնագիտական ուղու ընտրության առաջ կանգնելով՝ երկմտում է համակարգչային գիտության եւ կենսատեխնոլոգիաների միջեւ, բայց որոշում ընտրել այնպիսի ուղի, որն ավելի հեռանկարային է ու նոր։

 

«Այդպես որոշեցի ընտրել կենսաքիմիան եւ մնացի այս ոլորտում։ Բակալավրիատն ու ասպիրանտուրան սովորեցի Մոնրեալում՝ ՄաքԳիլի համալսարանում»,- ասում է Ավագ Գահվեջյանը, ով այժմ բնակվում է ԱՄՆ-ում՝ Բոստոնում։

 

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հրավերով՝ Ավագ Գահվեջյանը Երեւանում հայ գիտնականների համար գիտական հետազոտությունների արդյունքների առեւտրայնացման գործընթացի վերաբերյալ դասախոսություն է կարդացել՝  ներկայացնելով այդ ճանապարհի հիմնական փուլերը՝ հետազոտությունից մինչեւ նորարարություն։ Ավագ Գահվեջյանը Հայաստանում մի քանի անգամ է եղել, բայց սա առաջին այցն էր որպես գիտնական, ով նպատակ ունի աջակցել Հայաստանում կենսաքիմիայի զարգացմանը։

 

Մեդիամաքսին տված հարցազրույցում գիտնականը պատմել է Հայաստանի գիտության հետ հաստատված կապերի, գիտությունը զարգացնելու ուղիների եւ նորարարությունների կարեւորության մասին։

 

- Ե՞րբ եւ ինչպե՞ս ծագեցին Հայաստանի գիտությանն աջակցելու մտքերը։ 

 

- Սկզբում, երբ սկսում էի գիտական գործունեությունս, Հայաստանի վերաբերյալ չէի մտածում, պարզապես ֆուտուրիստական մտքեր ունեի։ Ուզում էի աշխատել այնպիսի բաների վրա, որոնք որեւէ մեկը չէր արել։ Այդ պատճառով էր, որ սկսեցի զբաղվել ստարթափերով եւ այնպիսի գիտական թեմաներով, որոնք մեծ ընկերությունների ու համալսարանների ուշադրությունը չէին գրավում։ Այդ ընթացքում էլ սկսեցի մտածել, որ, անպայման, պետք է մի հնարավորություն գտնենք, որպեսզի Հայաստանն էլ մասնակցի եւ հետ չմնա: Դա անելու միջոց չէի գտել, մինչեւ FAST-ին ծանոթանալս։ Հիմա արդեն առաջին քայլերն եմ անում։  

 

- Դուք նաեւ ձեռնարկատիրական գործունությամբ եք զբաղվում, եւ հայ գիտնականներին ներկայացրել եք գիտության արդյունքն առեւտրայնացնելու հնարավորությունները։ Ինչպե՞ս եք օգնելու հայ գիտնականներին վաճառել գիտական արդյունքները։ 

 

- Flagship Pioneering-ը, որտեղ աշխատում եմ կենսաբանական ուղղվածություն ունեցող 20-ից ավելի հաջողակ գիտական եւ տեխնոլոգիական հաստատությունների հիմնադրմանը եւ կայացմանը մասնակցած Նուբար Աֆեյանի հետ, ընդհանուր նպատակ ունի գիտությունը վերածել մեծ արժեքով եւ ազդեցությամբ կոմերցիոն արտադրանքի։ Ամենակարեւորը բանն այն է, որ պետք է շատ հեռուն մտածել եւ անգամ անցնել վերջին նորույթներից այն կողմ։ Այնուհետեւ հասկանալ, թե ինչպես կարելի է կյանքի կոչել այդ գաղափարներն ու օգտագործել։

Ավագ Գահվեջյանը Ավագ Գահվեջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գիտահեն կազմակերպությունների ստեղծման եւ զարգացման բազմաֆունկցիոնալ հարթակի՝ FAST-ի Հեռանկարային լուծումների կենտրոնի (ASCENT) նախաձեռնությամբ՝ 2019թ․հունիսից օգոստոսին հայ երիտասարդները 12-շաբաթյա ծրագրով թրեյնինգներ կանցնեն Flagship Pioneering-ի ընկերություններում, կմշակեն նոր գաղափարներ եւ վենչուրային հիպոթեզներ ու կմասնակցեն գիտահեն ընկերությունների ստեղծմանը։

 

Փորձում ենք նրանց սովորեցնել մտածել ոչ թե միայն այսօրվա, այլեւ ապագայի մասին եւ ապագայի լուծումներ գտնել այսօրվա խնդիրներում։ Մենք որոշակի համակարգ ունենք մշակած, որով «մարզելու» ենք նրանց, օգնելու ենք գեներացնել գաղափարներ, փոխանցելու ենք մեր այդ հմտությունները, որոնցով հետագայում նրանք կկարողանան հեռանկարային լուծումներ առաջարկող ընկերություններ հիմնել։ Կարծում եմ՝ սա է տեխնոլոգիան եւ գիտությունը առեւտրայնացնելու լավագույն ուղին, որովհետեւ լուծումներն ինքնաբերաբար արժեքավոր են լինում։

 

Այս քայլերը պետք է փորձենք շարունակական անել, քանի որ գիտության զարգացումը եւ դրա առեւտրայնացումը մեկ օրվա կամ շաբաթների հարցեր չեն։

 

- Գիտությունը սահմաններ չի ճանաչում եւ գիտական արդյունքը կարելի է հասցնել աշխարհի ցանկացած կետ։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է անեն հայ գիտնականները, որպեսզի կարողանան դուրս գալ միջազգային շուկաներ։

 

- Սկզբի համար հարկավոր է հարաբերություններ եւ կապեր ստեղծել, նախ եւ առաջ՝ սփյուռքի հայ գիտնականների հետ։ Սփյուռքահայերը տարածված են աշխարհով մեկ, նրանց մի մասը շատ լավ դիրքեր է զբաղեցնում տարբեր համալսարաններում եւ ընկերություններում։ Նրանց հետ կապերը կարող են շատ օգտակար լինել։

Ավագ Գահվեջյանը Ավագ Գահվեջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այնուհետեւ պետք է համագործակցություններ ստեղծել եւ մտածել ոչ թե միայն Հայաստանի, այլ համաշխարհային խնդիրների մասին, որովհետեւ Հայաստանը փոքր շուկա է։ Անշուշտ, կարեւոր է այստեղի խնդիրների լուծումները գտնել, բայց եթե հայ գիտնականներն ուզում են համաշխարհային մակարդակում մրցակցային լինել, պետք է մտածեն համաշխարհային խնդիրներին լուծումներ առաջարկելու շուրջ։ 

 

- Ինչպե՞ս եք պատկերացնում հասարակության, գիտության եւ բիզնեսի մերձեցումը։

 

- Դժվար գործ է։ Պարզ տեխնոլոգիաները, որոնք ամենօրյա կյանքում օգտագործվում են, ավելի հեշտ է ներկայացնել ու բացատրել հասարակությանը, քան քիմիական, ֆիզիկական լուծումները եւ խնդիրները։ Մեր պարտականությունն է, որպես գիտնական, ձեռնարկատեր, բացատրել բոլորին այն ամենը, ինչով զբաղվում ենք։ Հասարակության համար շատ կարեւոր է հասկանալը, որ հետազոտությունը, զարգացումը, նորարարությունը մեր ապագան են։ Առանց դրանց արդիական խնդիրներին նոր լուծումներ չեն գտնվի։

 

- Այս այցի ընթացքում դուք շփվեցիք հայ գիտնականների հետ եւ, հավանաբար, տեսաք նրանց պոտենցիալը։ Ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնում Հայաստանի գիտության համար։ 

 

- Ես կիսում եմ այն կարծիքը, որ հաջողության հասնելու ամենակարճ ուղին նորարարությունն է։ Կարծում եմ, որ տաղանդ կա, եւ ես տպավորված եմ հայ երիտասարդ գիտնականներով, ովքեր աշխատում են հետաքրքիր թեմաների վրա, քաջատեղյակ են համաշխարհային գիտական զարգացումներից եւ խնդիրներից։

Ավագ Գահվեջյանը Ավագ Գահվեջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Խնդիրն այն է, որ այստեղ մեծ ֆինանսական եւ նյութատեխնիկական հնարավորություններ չունեն, եւ դա պետք է փոխվի, բարելավվի։ Եռանդն ու տաղանդը կան, ինչը ոգեւորիչ է։

 

- Հայաստանում գիտնականները պարբերաբար բարձրաձայնում են, որ պետությունը պետք է ավելի մեծ հոգածություն դրսեւորի գիտության հանդեպ։ Պետությունն էլ հակադարձում է, որ ֆինանսավորում է գիտությունն իր հնարավորությունների սահմաններում։ Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է գիտության ոլորտի բարելավումն ապահովել պետություն-մասնավոր հատված-հիմնադրամներ համագործակցության շնորհիվ։

 

- Դա հնարավոր է, եւ այդ առումով շատ կարեւոր են հանրային եւ մասնավոր ոլորտների համագործակցությունները։ Պետք է էկոհամակարգ ստեղծել, չենք կարող գիտությունը զարգացնել փոքրիկ նախաձեռնություններով։ Անհրաժեշտ է, որ բոլոր ճյուղերը միավորվեն ու զարգացնեն այդ էկոհամակարգը, որը հետագայում ինքն իրեն կլուծի ծագող խնդիրները։ Այստեղ անելիք ունեն թե՛ կառավարությունը, թե՛ տեղի եւ սփյուռքի  գիտնականները, թե՛ ձեռներեցները։ Նրանք պետք է համախմբվեն եւ նվագախմբի պես համահունչ գործեն։

 

- Զարգացած գիտություն ունենալու համար կարեւոր են բոլոր օղակները եւ դրանց սկզբում կրթությունն է։ Որո՞նք պետք է լինեն կրթական համակարգում առաջնային անելիքները։

 

- Իսկապես կրթությունը շատ կարեւոր է, եւ դրա մեջ ներդրումներ անելու համար հեռանկարային մտածելակերպ է հարկավոր։ Մյուս կողմից՝ պետք է քաջալերել լավ կրթություն ստացած երիտասարդներին՝ զբաղվել գիտությամբ։

Ավագ Գահվեջյանը Ավագ Գահվեջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պետք է նրանց սովորեցնենք, որ լավ կրթություն ստանալը միայն գիտելիքի համար չէ եւ այդ կրթությունը հետագայում կարող է մեծ ազդեցություն ունենալ մարդկանց կյանքի վրա։ Այստեղ արդեն երկրորդ հարցն է բացվում՝ պետք է խթանել կիրառական գիտությունը, որպեսզի այն օգտակար լուծումներ առաջարկի, եւ մարդիկ իրենց առօրյայում զգան գիտության տված բարիքները։ Համալսարանները պետք է հավասարապես զարգացեն ե՛ւ հիմնարար, ե՛ւ կիրառական գիտությունը։

 

Շատ կարեւոր է, որ հասարակությունը ճիշտ գնահատի գիտության դերը եւ կարեւորի այն դեռ դպրոցական մակարդակից։

 

Ավագ Գահվեջյանի հետ զրուցել է Մարի Թարյանը

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին