Տեր Վահրամ. Արտառոց բան պետք չէ փնտրել, հիմքը շատ գործնական է - Mediamax.am

exclusive
4246 դիտում

Տեր Վահրամ. Արտառոց բան պետք չէ փնտրել, հիմքը շատ գործնական է

Տեր Վահրամ քահանա Մելիքյանը
Տեր Վահրամ քահանա Մելիքյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը`


Հունվարի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է Հայաստանի Հանրապետության եւ Հայ Առաքելական եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով:

 

Խումբը ղեկավարում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, կազմում ընդգրկված են բոլոր նախարարությունները՝ փոխնախարարների մակարդակով, ոստիկանության, անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, պետեկամուտների կոմիտեի, նաեւ Մայր Աթոռի ներկայացուցիչներ:

 

Հեղափոխությունից հետո տարբեր առիթների ու միջադեպերի բերումով լրագրողներն ու հասարակությունը փորձում էին պարզել նոր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցուն առնչվող հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ ներեկեղեցական խնդիրների:

 

Հանրային այս մտահոգություններից քանիսը իր գործունեությամբ կփարատի աշխատանքային խումբը՝ ժամանակը ցույց կտա: Այս փուլում՝ դրա ստեղծման անհրաժեշտության ու նպատակների մասին Մեդիամաքսը զրուցել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ:

 

- Տեր Վահրամ, ե՞րբ եւ ինչո՞ւ է առաջացել եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող աշխատանքային խումբ ստեղծելու անհրաժեշտություն։

 

- Եկեղեցի-պետություն հարաբերություններին առնչվող հարցերը մշտապես քննարկման առարկա են դարձել անկախության շրջանի բոլոր իշխանությունների հետ։ Հայոց եկեղեցու դերը եւ առաքելությունը ազգի կյանքում մշտապես կարեւորվել եւ բարձր է գնահատվել հայրենի պետության կողմից, ինչն իր ամրագրումն է գտել երկրի Սահմանադրության ու օրենսդրության մեջ:

 

Եկեղեցին իբրեւ ազգային հոգեւոր հաստատություն՝ հսկայական գործունեություն է ծավալում հայրենիքում ու դրանից դուրս մեր ժողովրդի կյանքի ամենատարբեր բնագավառներում, ինչը ենթադրում է որոշակի հարաբերություններ աշխարհիկ իշխանությունների հետ, երբեմն՝ նաեւ խնդիրներ։ Ուստի դրանց կանոնակարգումը, կարգավորումը պետք է գտնվի եկեղեցի-պետություն գործակցության ճանապարհով, որպեսզի մեր ժողովրդի բարօրությանը ծառայող առաքելությունը լինի է՛լ առավել արդյունավետ:

 

Նախորդ տարի Հայաստանում տեղ գտած քաղաքական իրադարձություններից հետո նոր իշխանությունների հետ նույնպես բնականորեն ստեղծվեցին ու զարգանում են ջերմ հարաբերություններ։ Ի վերջո, ե՛ւ հայոց եկեղեցու, ե՛ւ հայրենի կառավարության կոչումը ծառայելն է մեր բարեպաշտ ժողովրդին: Դրա իրագործման ճանապարհը գործակցությունն է: Մենք ողջունում ենք նոր իշխանությունների այս հանձնառությունը։

 

- Ո՞ւմն է եղել աշխատանքային խումբ ստեղծելու նախաձեռնությունը։

 

- Առկա խնդիրներին եւ եկեղեցու առջեւ ծառացող մարտահրավերներին համալիր լուծումներ եւ կարգավորումներ ապահովելու ձգտումով՝ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումների արդյունքում փոխադարձ համաձայնությամբ նպատակահարմար նկատվեց որդեգրել աշխատանքային խմբի ձեւավորման ճանապարհը: Մայր Աթոռը լիահույս է, որ այս ձեւաչափով գտնվելու են հանրությանը ու հոգեւորականությանը հուզող բոլոր խնդիրների պատասխանները։

 

- Ի՞նչ խնդիր է լուծելու աշխատանքային խումբը։

 

- Այն անդրադառնալու է ամենատարբեր ոլորտներին, որտեղ եկեղեցին իր սպասավորությունն է բերում մեր ժողովրդին: Եկեղեցին հսկայական աշխարհասփյուռ հաստատություն է իր եկեղեցական կառույցներով, թեմերով, համայնքներով, կրթական, սոցիալական, առողջապահական, խնամատարական հաստատություններով, սփյուռքը Հայաստանի հետ կամրջող ձեռնարկներով, այլազան ծրագրերով: Այն բարեգործական գործունեությամբ զբաղվող նաեւ խոշոր հարկատու կառույց է` աշխարհիկ եզրաբանությամբ ասված: Այս իմաստով աշխատանքային խումբը լուծումներ է առաջադրելու այդ գործունեության մեջ անհրաժեշտ պատշաճ պայմանների ապահովման համար` Հայ Առաքելական Եկեղեցու դերին եւ կարգավիճակին համարժեք:

 

Այստեղ որեւէ արտառոց բան պետք չէ փնտրել, սա եկեղեցի-պետություն հարաբերությունների եւ համագործակցության բնականոն ընթացք է: Հասկանալի է, որ տարբեր ուժեր ջանալու են ենթադրություններ կատարել եւ շահարկել նաեւ այս հանգամանքը, սակայն մտադրությունների իրական հիմքը շատ գործնական է` շահը մեր ժողովրդի, հայրենիքի եւ սփյուռքի:

 

-Ի՞նչ լիազորություններ է ունենալու այս խումբը (խորհրդատվական, որոշումներ կայացնելու, նախաձեռնություններով հանդես գալու)։

 

- Այս մասին պատկան կառույցները, վստահ եմ, հստակեցումներ կանեն: Ըստ իս, այն լուծումներ է առաջադրելու տարբեր հարցերի առնչությամբ, որոնցով պայմանավորված կլինի դրանց հետագա կարգավորումը:

 

-Նախկինում ինչպե՞ս են կարգավորվել այն հարցերը, որոնցով զբաղվելու է նորաստեղծ աշխատանքային խումբը։

 

- Տարբեր ժամանակներում տարբեր ճանապարհներ են որդեգրվել. եղել են առանձին հանդիպումներ, քննարկումներ, ըստ անհրաժեշտության ձեւավորվել են նաեւ խմբեր: Տրվել են պարագայական լուծումներ: Պետք է նկատել, որ սա բնական գործընթաց է։

 

- Ի՞նչ ժամկետներում է գործելու աշխատանքային խումբը։

 

-  Ժամկետների մասին, կարծում եմ, դեռ վաղ է խոսելը եւ ենթադրություններ կատարելը: Պետք է խումբը աշխատի։ Համոզումն ունեմ, որ դա կարվի սիրով եւ պատասխանատվությամբ: Վստահ եմ նաեւ, որ աշխատանքին զուգընթաց ու ըստ բովանդակության՝ հանրությանը կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն` տարատեսակ հուզումներից խուսափելու համար։

 

Տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ զրուցել է Լուսինե Ղարիբյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին