Պյոտր Սվիտալսկի. Ատելության քարոզը սպանում է ժողովրդավարությունը - Mediamax.am

exclusive
15488 դիտում

Պյոտր Սվիտալսկի. Ատելության քարոզը սպանում է ժողովրդավարությունը

Պյոտր Սվիտալսկին
Պյոտր Սվիտալսկին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Մեդիամաքսի բացառիկ հարցազրույցը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ

 

- Պարոն դեսպան, այս օրերին մամուլում շատ են հրապարակումները եւ փորձագիտական կարծիքները ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման հետ կապված:  Ոմանք նշում են, որ Եվրոպական խորհրդարանի գալիք ընտրությունները կարող են ինչ-որ կերպ ազդել վավերացման գործընթացի վրա: Ի՞նչ կարծիք ունեք այս հարցի շուրջ եւ ինչպե՞ս կգնահատեք համաձայնագրի վավերացման գործընթացը:

 

- Մեր տեսանկյունից համաձայնագրի վավերացման գործընթացը ընթանում է նորմալ կերպով: Մինչ այժմ ԵՄ անդամ-պետությունների գրեթե մեկ երրորդն արդեն վավերացրել է համաձայնագիրը, իսկ մյուս երկրներում վավերացման գործընթացը բավականին առաջ է գնացել: Այսպիսով, մենք կարծում ենք, որ վավերացումն ընթանում է նորմալ տեմպով: 

 

Կարող ենք խոսել այլ պետությունների հետ վավերացման գործընթացների մասին, որոնք Եվրոպական միության հետ կնքել են ավելի հավակնոտ համաձայնագրեր (Վրաստան, Մոլդովա): Սովորաբար բոլոր անդամ-պետությունների կողմից համաձայնագրի վավերացման համար պահանջվում է 2-2.5 տարի: Այն, ինչ մենք ունենք հիմա, բավականին նորմալ պատկեր է: 

 

Առավել կարեւոր է այն, որ չկան քաղաքական ազդակներ որեւէ անդամ-պետության կողմից, որոնք կարող են մատնանշել հնարավոր քաղաքական կամ այլ բարդությունների մասին: Այս տարի կայանալիք Եվրոպական խորհրդարանի ընտրությունները շատ կարեւոր իրադարձություն են, սակայն թույլ տվեք հիշեցնել, որ Եվրոպական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ, այն է 500 կողմ եւ միայն 50 դեմ ձայների հարաբերակցությամբ արդեն տվել է իր համաձայնությունը համաձայնագրին: Եվրոպական խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հետ կապված որեւէ պահանջներ չկան: Ուստի, մենք պետք է ձեռնամուխ լինենք համաձայնագրի կիրարկմանը, քանի որ դրա դրույթների 80 տոկոսն արդեն իսկ ուժի մեջ է մտել:

 

- Այո, ես էլ կարծում եմ, որ վավերացման մասին քննարկումները որոշ իմաստով արհեստական են, քանի որ դրույթների 80 տոկոսն արդեն ուժի մեջ է եւ մենք կարող են կենտրոնանալ իրականացման վրա: 

 

- Համաձայն եմ: ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների մեծ մասն արդեն իսկ ուժի մեջ է, եւ իմ մոտեցումն է կենտրոնանալ արդյունավետ կիրարկման վրա: 

 

- Կարծիքներ կան նաեւ համաձայնագրի Ճանապարհային քարտեզի հետ կապված: Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը, վկայակոչելով Բրյուսելում իր աղբյուրները, նշել էր, որ ԵՄ-ն գոհ չի եղել հայկական կողմի ներկայացրած Ճանապարհային քարտեզի նախագծից: Նման կարծիք էր հնչեցրել նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Ո՞րն է Ձեր մեկնաբանությունը առնչությամբ:   

 

- Հայաստանի կառավարությունը Եվրոպական միությանը ներկայացրել է Ճանապարհային քարտեզի նախագիծը, եւ այն ներկայում ուսումնասիրվում է Բրյուսելում: Մենք խոստացել ենք տրամադրել մեր մեկնաբանությունները մինչեւ հունվարի վերջ: Այս պահին կարող եմ նշել, որ Հայաստանի կառավարության կողմից նախապատրաստված փաստաթուղթը շատ տպավորիչ է: Այն ավելի քան 100 էջ է՝ բաղկացած 300 գործնական քայլերից, որոնք կառավարությունը նախատեսում է ձեռնարկել:

 

Միջգերատեսչական հանձնաժողովը աշխատում է եւ նախարարությունները լրջորեն մտածում են՝ ինչպես իրականացնել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի համապատասխան դրույթները:

Պյոտր Սվիտալսկին Պյոտր Սվիտալսկին

Լուսանկարը` Մեդիամաքս

ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանը մենք վերաբերում ենք որպես համագործակցային գործընթացի, ինչը նշանակում է, որ մենք պատրաստ ենք աշխատել հայկական կողմի հետ եւ ներկայացնել մեր մեկնաբանություններն ու առաջարկությունները, ինչպես նաեւ մեր աջակցությունը: Հիմա Հայաստանի կառավարության հետ քննարկում ենք ներքին աշխատանքային ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են կիրարկման վերահսկողության եւ այնպիսի կարիքների գնահատման համար, ինչպիսիք են տարբեր փորձաքննությունները, կարողությունները եւ մարդիկ: Մենք՝ որպես Եվրոպական միություն, պատրաստ ենք աջակցել: 

 

ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործումը շատ բարդ գործընթաց է լինելու: Եվրոպական միությունը հատկացրել է մի քանի միլիոն եվրո՝ աջակցելու Հայաստանի կառավարությանը համաձայնագրի իրագործման գործում: 2018թ. ապրիլի եւ մայիսի իրադարձություններից հետո մենք նոր կառավարությունից ստանում ենք շատ հանձնառու հայտարարություններ առ այն, որ նրանք լրջորեն են տրամադրված եւ կարծում են, որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստեղծում է լավ շրջանակ բարեփոխումների համար: Մենք կշարունակենք երկխոսել եւ կտեսնենք, թե ինչպես կարող ենք կատարելագործել ծրագրերը:  Փաստաթղթերը, հայտարարությունները եւ պլանները մի բան են, սակայն ավելի կարեւոր է իրագործումը: Ներկայում մենք Հայաստանի կառավարության հետ սերտ համագործակցում ենք արդյունք ունենալու համար, որը կլինի իրապես լավ եւ իրատեսական, բայց միաժամանակ հավակնոտ Ճանապարհային քարտեզը: Այն կընդունվի ավելի ուշ՝ հավանաբար գարնան սկզբին, բայց նույնիսկ հիմա մենք պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն տրամադրել:

 

- 2010-2014թթ. Հայաստանում գործում էր ԵՄ խորհրդատվական խումբը (EU Advisory Group): Կարո՞ղ է նմանատիպ նոր մարմին ձեւավորվել ինչ-որ փուլում՝ Ձեր կողմից նշված աջակցությունը ավելի համակարգված դարձնելու համար:

 

- Մենք կառավարության հետ քննարկում ենք որոշ կոնկրետ գաղափարներ՝ եվրոպական բարձրաստիճան փորձագետների կառույց հիմնելու հետ կապված: Նրանք կարող են տեղաբաշխվել առանցքային նախարարություններում՝ աջակցելու համաձայնագրի կիրարկման գործընթացին, դառնալ կապող օղակ նախարարությունների եւ Եվրոպական ինստիտուտների, Եվրոպական հանձնաժողովի մարմինների միջեւ: Կարծում եմ, մենք ճիշտ ուղղությամբ ենք ընթանում, եւ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել համաձայնագրի հետ կապված այսպիսի բարձրաստիճան խորհրդականների նշանակմանը:

 

- Ամռանը Բրյուսել կատարած այցից հետո Հայաստանի վարչապետը որոշ մեկնաբանություններ արեց՝ ԵՄ-ի կողմից հնարավոր աջակցության ծավալների հետ կապված, որից հետո կարծիքներ հնչեցին, որ ԵՄ ղեկավարներն այնքան էլ գոհ չէին դրանից: Ունե՞ք որեւէ մեկնաբանություն այս հարցի առնչությամբ:

 

- Եվրամիության ղեկավարները՝ նախագահ Տուսկը եւ նախագահ Յունկերը ընտրություններում հաղթանակից հետո Նիկոլ Փաշինյանին հղել էին շատ ջերմ շնորհավորական նամակներ: Եվրոպական Միության Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակը հանրայնորեն շատ դրական էր գնահատել ընտրությունները։ Կարծում եմ, որ սրանք շատ հստակ ազդակներ են, որոնք վկայում են, որ Եվրոպական միության ղեկավարությունը մեծ վստահություն ունի Հայաստանի ղեկավարության նկատմամբ եւ ցանկանում են աշխատել նոր կառավարության հետ՝ կյանքի կոչելու մեր օրակարգի հարցերը. Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, աջակցությունը զարգացմանը, եւ ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցության բոլոր մյուս հարցերը:

 

Կցանկանայի նշել, որ այս տարին բավականին հարուստ կլինի քաղաքական շփումների տեսանկյունից, ներառյալ Բրյուսելից Հայաստան բարձրաստիճան պատշտոնյաների այցերը:

 

- Ժողովրդավարությունը, խոսքի եւ մամուլի ազատությունը, այլ հիմնարար իրավունքները ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի առանցքն են: Կարծիք կա, որ Հայաստանում հիմա նկատվում է անհանդուրժողականության եւ ատելության քարոզի աճ, հատկապես սոցիալական ցանցերում, երբ շատ մարդիկ չեն ցանկանում ընդունել կարծիքներ, որոնք համահունչ չեն իրենց կարծիքների հետ: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք սա խնդիր է եւ արդյո՞ք կառավարությունը պետք է զբաղվի այդ հարցով:   

 

- Ատելության քարոզի աճը ինձ շատ է անհանգստացնում: Կհարցնեք՝ ինչո՞ւ: Ատելության խոսքը համընդհանուր չարիք է: Այն շատ վնասակար է քաղաքական մշակույթի համար: Այն սպանում է ժողովրդավարությունը: Այն երկրներում, որոնք իրենց պատմության նոր էջ են բացում՝ կապված քաղաքական մշակույթի եւ ժողովրդավարության ինստիտուտների կառուցման հետ, շատ կարեւոր է, որ ատելության քարոզի դրսեւորումները ուշադրության արժանանան, կառավարվեն, կանխվեն եւ դրանց դեմ պայքար տարվի։

Պյոտր Սվիտալսկին Պյոտր Սվիտալսկին

Լուսանկարը` Մեդիամաքս

Մենք խոսում ենք Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչի սպանությունից մեկ օր անց, ով Հայաստանի ընկերն էր եւ մի քանի անգամ եղել էր Հայաստանում: Նա ատելության զոհ դարձավ: Նրա մահը այն փաստի վկայությունն է, որ բռնության քարոզը կարող է հանգեցնել քաղաքական բռնության: Նրա մահը ապացուցում է, որ ատելության խոսքը պետք է լուծում ստանա ամենասկզբնական փուլում, քանի որ բանավոր ատելությունը հեշտորեն կարող է վերաճել ֆիզիկական բռնության:

 

Հայաստանում մենք կազմակերպել էինք հատուկ միջոցառում՝ զրուցելու ատելության քարոզի, մասնավորապես, սոցիալական մեդիաներում դրա առկայության մասին: Մենք ունեցել ենք շատ լավ սեմինար եւ վճռական ենք շարունակելու մեր քննարկումները:

 

Եվրոպական միությունը վարքագծի կանոններ է սահմանել խոշոր սոցիալական ցանցերի հետ՝ կապված ատելության խոսքի կանխարգելման հետ եւ ես հրավիրում եմ բոլոր մարդկանց կարդալ վարքագծի այս կանոնները, որոնք պարտավորեցնում են սոցիալական ցանցերի բոլոր հարթակներին աշխատել միասին՝ նպատակ ունենալով կանխարգելել ատելության տարածումը: Հայաստանի կառավարության առաջարկում եմ վերանայել գործող օրենսդրությունը՝ դիտարկելով դրա կատարելագործման հնարավորությունները: Որոշ եվրոպական երկրներ ունեն ատելության քարոզի դեմ մշակված նորմեր, եւ մենք հանձնառու ենք աջակցելու Հայաստանի կառավարությանն եւ այլ շահագրգիռ կողմերին, ինչպիսիք են քաղաքական գործիչները, քաղաքացիական հասարակությունը եւ լրագրողները՝ պայքարելու ատելության քարոզի դեմ:

 

Միեւնույն ժամանակ, Հայաստանը դեռեւս շատ հեռու է ատելության քարոզի ամենաանհանգստացնող դրսեւորումներից, որոնք առկա են այլ երկրներում: Նախընտրական բանավեճերն Հայաստանում շատ դիվանագիտական եւ քաղաքակիրթ բնույթ ունեին՝ համեմատած այլ երկրներում տեղի ունեցող բանավեճերին, որտեղ բացասական էմոցիաները քաղաքական դիսկուրսում դարձել են շատ տարածված: Հայաստանի պարագայում ես առաջարկում եմ գործել, քանի դեռ ուշ չէ:  

 

- Ինչպե՞ս եք վերաբերվում նախկին իշխանությունների որոշ ներկայացուցիչներին ներկայացված մեղադրանքներին, ներառյալ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով երկրորդ անգամ կալանավորվեց 2018թ. դեկտեմբերին: Մասնավորապես, երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը Քոչարյանին անվանեց «քաղաքական բանտարկյալ»: Ի՞նչ եք կարծում, արդյոք Հայաստանում կա քաղաքական հետապնդումների խնդիր:

 

- Ինչ վերաբերում է 2008 թվականի իրադարձություններին, թույլ տվեք հիշեցնել, որ Եվրոպական միությունը մշտապես եւ ոչ մեկ անգամ կոչ է արել հայաստանյան իշխանություններին անցկացնել իրադարձությունների հիմնավոր, համապարփակ, արժանահավատ հետաքննություն՝ բացահայտելու ողջ ճշմարտությունը: Ես կարծում եմ՝ սա շատ կարեւոր է թե՛ Հայաստանի, թե՛ Հայաստանի արդարադատության համակարգի, ինչպես նաեւ օրենքի գերակայության ողջ համակարգի համար: 

 

Մենք, իհարկե, տեղյակ ենք, որ հարուցվել են մի քանի գործեր եւ որոշ մարդկանց ներկայացվել են մեղադրանքներ: Եվրոպական միության համար կարեւոր է, որ այս բոլոր գործերը քննվեն անկախ դատական իշխանության ամենաբարձր ստանդարտներին համապատասխան, անկախ դատաքննության եւ, մասնավորապես, եվրոպական չափորոշիչներին համապատասխան:

 

Ինչպես գիտեք, որոշ գործեր փոխանցվել են Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Արդեն կան դատարանի կողմից կայացված որոշ վճիռներ, եւ մեզ համար կարեւոր է այն, որ եվրոպական արդարադատությունը եւ եվրոպական չափորոշիչները հաշվի են առնվում հայաստանյան դատարաններում գործերի քննության ժամանակ: Հաշվի առնելով գործերի հանրայնությունը՝ մենք գիտակցում ենք, որ Հայաստանի դատական համակարգի վրա ծանրացած բեռը բավականին մեծ է եւ այդ իսկ պատճառով մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է անել հնարավորն՝ այս բեռն ավելի չծանրացնելու համար: Ես համոզված եմ, որ նոր Հայաստանում հաշվի կառնվեն արդար դատաքննության ամենաբարձր եվրոպական չափորոշիչները եւ կհարգվի արդարադատության անկախությունը:

 

- Որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, ներառյալ վարչապետը, մի քանի անգամ ասել են, որ առկա դատական համակարգը արդյունավետ չէ կոռուպցիայի դեմ պայքարում, քանի որ բազմաթիվ դատավորներ կոռումպացված համակարգի փաստացի մաս էին կազմում: Նրանք առաջարկում են Հայաստանում անցումային արդարադատության կիրառում: Ի՞նչ կարծիք ունեք այս հարցի շուրջ:

 

- Հայաստանը պետք է վերականգնի ժողովրդի վստահությունը դատարանների եւ արդարադատության հանդեպ: Բազմաթիվ հետազոտությունների եւ հասարակական կարծիքի հարցումների համաձայն, որոնք անցկացվել են նաեւ ԵՄ միջոցներով մինչ ապրիլյան հեղափոխությունը, հայաստանյան դատարանները հասարակական վստահության դեֆիցիտ ունեին: Հայերի միայն 20 տոկոսն էին վստահում դատարաններին, եւ սա շատ լուրջ խնդիր է, որովհետեւ եթե մարդիկ չեն վստահում դատարաններին, ապա արդարադատությունը չի կարող գործել պատշաճ կերպով: Մեր կարծիքով, դատական համակարգի բարեփոխումները՝ ուղղված ժողովրդի վստահության վերականգնմանը, պետք է դառնան նոր կառավարության առաջնահերթություններից մեկը: 

Պյոտր Սվիտալսկին Պյոտր Սվիտալսկին

Լուսանկարը` Մեդիամաքս

Մի քանի ամիս առաջ եվրոպական փորձագետներին հրավիրեցին առաջարկություններ ներկայացնել Հայաստանի դատական համակարգի կատարելագործման հետ կապված, եւ նրանք ներկայացրել են իրենց գաղափարները: Ներկայում ամենակարեւոր խնդիրը դատական համակարգի անկախությունն է. ոչ միայն արտաքին անկախությունը գործադիր կամ օրենսդիր իշխանությունից, այլեւ ներքին անկախությունը: Դատական համակարգը ունի կառուցվածք. տարատեսակ դատարաններ, Դատական խորհուրդ եւ այլն:  Յուրաքանչյուր դատավոր պետք է իրեն իրապես անկախ զգա գործերի քննության ժամանակ: Այսպիսով, սա ոչ միայն արտաքին (ոչ մի հեռախոսազանգ վարչապետի կամ նախագահի գրասենյակներից եւ այլն), այլեւ ներքին անկախության հարց է։

 

Այնուհետեւ կա էթիկական կանոնակարգի խնդիրը: Հայաստանի դատական համակարգի ամենալուրջ մարտահրավերներից մեկը կոռուպցիայի մակարդակն էր: Մենք կարծում ենք, որ կոռուպցիայի խնդիրը պետք է ունենա համակարգային լուծում եւ կոնկրետ կարեւոր մեխանիզմներ պետք է ներդրվեն: Երրորդ ասպեկտը դատական համակարգի արդյունավետությունն է: Երբ դատարանները ծանրաբեռնված են, երբ չափազանց շատ գործեր կան քննության համար, ապա ամբողջ համակարգը չի կարող արդյունավետ եւ վստահելի համարվել: Այսպիսով, հարցերի ցանկը, որոնք անհրաժեշտ է լուծել, բավականին մեծ է եւ ԵՄ-ն հանձնառու է աջակցել Հայաստանի կառավարությանը: Նույնիսկ հիմա, երբ մարդիկ խոսում են անցումային արդարադատությունից, մեր առաջարկը հետեւյալն է. եթե Դուք ցանկանում եք դա անել (եւ դա պետք է լինի ինքնիշխան որոշում), ապա դիտարկեք անելիքները հետագա բարեփոխումների համատեքստում, մի դիտարկեք այն որպես առանձին խնդիր: Դիտարկեք ամենը լավ, վստահելի դատական համակարգի կառուցման տեսանկյունից:

 

Եվրոպական միությունը ամբողջ աշխարհում հանդիսանում է անցումային արդարադատության մեծագույն աջակիցներից մեկը, ներառյալ Եվրոպական հարեւանությունում եւ Բալկաններում: Առկա է մեծ գործիքակազմ եւ փորձառություն, որին հայկական կողմը կարող է ծանոթանալ: Հիմնական հարցը, որին պետք է պատասխանել հետեւյալն է. արդյո՞ք անցյալում Հայաստանը բախվել է անպատժելիության եւ դատական սխալմունքի դեպքերի հետ: Եթե այո, ապա ինչպիսիք են այդ գործերի հետեւանքները արդարադատության համակարգի ապագայի վրա: Կան տարբեր եղանակներ նման դեպքերի դիտարկման համար, սակայն հայկական կողմն ինքը պետք է որոշի, թե արդյո՞ք այս դեպքերը բավականաչափ լուրջ եւ պարբերական են, որպեսզի արդարացնեն անցումային արդարադատությունը եւ դրա տարրերը: Ես կարծում եմ, որ միջազգային գործընկերներն այս պարագայում պետք է լուռ լինեն:

 

- Վերջում եկեք խոսենք Լիդիան Արմենիայի հետ կապված իրավիճակի, եւ ավելի լայն իմաստով՝ արտաքին ներդրումների խնդրի մասին։ Լիդիանը 400 մլն արժողությամբ ծրագիր ունեցող օտարերկրյա ներդրող է, որը փաստացիորեն փակված է 8 ամիս ոչ այն պատճառով, որ կառավարությունն է այդպես որոշել, այլ այն պատճառով, որ շուրջ 20 կամ 30 այսպես կոչված  «ակտիվիստներ» արգելափակել են ճանապարհը, իսկ կառավարությունը միջոցներ չի ձեռնարկում: Ո՞րն է Ձեր կարծիքն այս առնչությամբ:

 

- Մենք կարծում ենք, որ Հայաստանը օտարերկրյա ներդրումների կարիք ունի: Մեր կարծիքով, վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը պետք է  տնտեսական հեղափոխություն իրականացվի, ցույց է տալիս, որ Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ: Սակայն, հավանաբար, այս տնտեսական հեղափոխությունը տեղի չի ունենա առանց օտարերկրյա կապիտալի ներգրավման, հատկապես, եթե Հայաստանը ցանկանում է կառուցել տնտեսության ժամանակակից մոդել՝ հիմնված տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ նոր տեխնոլոգիաների վրա: Օտարերկրյա կապիտալը, մասնավորապես, զարգացած երկրներից, նոր տեխնոլոգիաների եւ առաջընթացի աղբյուր է:

Արա Թադեւոսյանը զրուցում է Պյոտր Սվիտալսկիի հետ Արա Թադեւոսյանը զրուցում է Պյոտր Սվիտալսկիի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանը շատ սահմանափակ ներքին ռեսուրսներ ունեցող երկիր է: Հայաստանի ամենաթանկ ակտիվը մարդիկ են եւ ոչ հանքային ռեսուրսները կամ գյուղատնտնեսությունը: Ներքին շուկայում առկա է փոքրածավալ կապիտալ եւ ուրեմն, եթե դուք ցանկանում եք բեկումնային զարգացում արձանագրել տնտեսության մեջ, ապա պետք է մտածեք, թե ինչպես ձեր երկրի տնտեսությունն ավելի բաց դարձնեք արտաքին աշխարհի համար: Իհարկե, դա ենթադրում է որոշակի ռիսկեր: Եվրոպայում որոշ անցումային երկրներ ինչ-որ պահի հասկացան, որ տնտեսության ամբողջական հատվածներ վերահսկվում են օտարերկրյա կազմակերպությունների կողմից, նույնիսկ բանկային հատվածը։ Որոշ երկրներ որոշեցին հետ բերել իրավիճակը, ինչպես, օրինակ, Լեհաստանը:  Նմանատիպ իրավիճակ տեղի է ունեցել նաեւ այլ երկրներում, որտեղ օտարերկրյա ընկերություններ կան գրեթե ամենուրեք: Սա Հայաստանի համար մեծ հարց է եւ տնտեսական զարգացման մոդել, սակայն ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է ունենա տնտեսություն, որն ավելի բաց կլինի արտաքին աշխարհի համար:

 

Օտարերկրյա կապիտալն ինքն իրենով չի գալիս, մասնավորապես, Հայաստանի նման փոքր շուկա: Իհարկե, Հայաստանի պարագայում առավելություն կարող է հանդիսանալ հասանելիությունը Եվրասիական տնտեսական միությանը եւ հարեւանությունն այլ տարածաշրջաններին (աշխարհագրական առումով մոտ լինելը): Այնուամենայնիվ, Հայաստանին անհրաժեշտ է լավ մտածված, խելամիտ ռազմավարություն՝ արտաքին կապիտալի ներգրավման համար: Մշտապես լինելու են որոշակի հիմնարար պահանջներ, ինչպիսիք են կանխատեսելիությունը, թափանցիկ կանոնները, լավ արդարադատության համակարգը: Ներդրողները դեռ հետեւում են, թե Հայաստանն ուր կգնա: ԵՄ երկրներից իմ գործընկեր դիվանագետները նշում են, որ Հայաստանի նկատմամբ կա հետաքրքրություն: Մի քանի ամիս առաջ Հայաստանն հայտնվեց թերթերի առաջին էջերին եւ բիզնեսում ներգրավված մարդիկ կարդում են դրա մասին: Այն փաստը, որ The Economist պարբերականը Հայաստանն հռչակեց որպես «Տարվա երկիր», իհարկե, մեծացնում է հետարքրքությունը նաեւ բիզնես համայնքում: 

 

Նրանց անհրաժեշտ են համոզիչ ապացույցներ առ այն, որ եթե նրանք գան, նրանց չի սպառնա քաղաքականությունների եւ օրենսդրական արագ փոփոխությունների եւ այլ զարգացումների ապակառուցողական բնույթի վտանգը: Որոշ անկախ փորձագետների կողմից շուտով կկատարվի ներքին վերլուծություն՝ Լիդիանի Ամուլսարի նախագծի ազդեցության հետ կապված: Հայաստանի շահերից է բխում կարճ ժամանակահատվածում վստահության արժանի եզրակացություն ունենալը: Բոլոր ասպեկտները պետք է լինեն հավասարակշռված՝ շրջակա միջավայրի պաշտպանությունից մինչեւ չափորոշիչներ: Սա այն է, ինչ մենք քարոզում ենք. շրջակա միջավայրի խնամք, մարդկանց առողջության պահպանություն եւ, անշուշտ, Հայաստանում կան վայրեր, որոնք առանձնահատուկ զգայուն են: Շրջակա միջավայրի տեսանկյունից Ջերմուկի շրջանը ամենազգայուն շրջաններից մեկն է, եւ Հայաստանում գործող օտարերկրյա կազմակերպությունները պետք է այդ հանգամանքն հաշվի առնեն: Այս ամենը պետք է լինի հավասարակշռված եւ դա պետք է անել շատ թափանցիկ ու արդար կերպով, որպեսզի ոչ մի օտարերկրացի կանխամտածվածության առկայության մասին եզրահանգում չանի: Հուսանք, որ հարցը շուտով դրական լուծում կստանա:  

 

Դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին