Վերա Կոբալիա. «30 տարեկանում նախարար լինելը թե դժվար է, թե հաճելի» - Mediamax.am

31127 դիտում

Վերա Կոբալիա. «30 տարեկանում նախարար լինելը թե դժվար է, թե հաճելի»

Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիա
Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիա

Լուսանկարը`


Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիայի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը` նոյեմբերի 7-8-ը Հայաստան կատարած այցի արդյունքներով

- Տիկին Կոբալիա, սա Ձեր առաջին այցն է Հայաստան, թույլ տվեք շնորհավորել Ձեզ այդ առթիվ: Ո՞րն էր հայաստանցի գործընկերների հետ քննարկումների հիմնական օրակարգը:

 

- Շնորհակալ եմ: Իսկապես, սա իմ առաջին այցն էր Հայաստան, եւ այն շատ հետաքրքրական եւ ճանաչողական էր: Կարծում եմ, սա հերթական քայլն էր մեր երկկողմ հարաբերությունների համատեքստում: Չնայած ես նախկինում էլ հանդիպումներ եմ ունեցել հայաստանցի իմ գործընկերների հետ: Օրինակ` ՀՀ տրանսպորտի նախարարի հետ մենք վերջին անգամ հանդիպել էինք մայիսին Լայպցիգում կայացած Միջազգային տրանսպորտային ֆորումի շրջանակներում:

 

Չափազանց կարեւոր էր հանդիպել Երեւանում եւ քննարկել մեր երկրների միջեւ առկա նախագծերը: Հայաստանն ու Վրաստանը մտերիմ երկրներ են, որոնք ունեն բազմաթիվ ընդհանուր նախագծեր, մասնավորապես, տրանսպորտի եւ տնտեսության այլ հատվածներում: Առաջին հերթին մենք քննարկել ենք ՀՀ վարչապետի առաջիկա այցը Թբիլիսի, որտեղ նոյեմբերի 18-19-ին տեղի կունենա երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստը: Թբիլիսիում նախատեսված է նաեւ երկու երկրների վարչապետների հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն առկա տնտեսական նախագծերը եւ նոր ուղղությունները:

 

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը մենք քննարկել ենք նաեւ տուրիզմի ոլորտը: Դուք գիտեք, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ տարվա տարբեր եղանակներին, հատկապես ամռանը մեկնում են Սեւ ծով: Ես առաջարկեցի միավորել մեր երկրների ջանքերն ու համատեղ գովազդել մեր տարածաշրջանը Արեւմուտքի շուկաներում: Խոսքս Արեւմտյան Եվրոպային ընդհանուր տուրիստական փաթեթներ առաջարկելու մասին է, որտեղ ընդգրկված կլինեն Վրաստանն ու Հայաստանը:

 

- Ինչպիսի՞ն էր հայաստանյան կողմի արձագանքը այս առաջարկին:

 

- Հայաստանյան կողմը հետաքրքրություն ցուցաբերեց, եւ վարչապետը հանձնարարեց այս ուղղությամբ աշխատանքը սկսել: Կարծում եմ, հաջորդ քայլը կլինի երկու պետությունների տուրիստական գործակալությունների միջեւ մանրամասների քննարկումը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել ենք մեր տարածաշրջանում օտարերկրյա ներդրումների ավելի արդյունավետ ներգրավման խնդիրը: Պետք է օբյեկտիվ լինենք, երբ խոսքը գնում է Վրաստանի եւ Հայաստանի մասին, դրանք բնակչություն թվաքանակով, չափերով եւ շուկայի ծավալով փոքր պետություններ են, իսկ օտարերկրյա ընկերությունների շահերը հաճախ պայմանավորված են հենց սպառողների քանակով: Այդ պատճառով էլ, եթե որոշ ուղղություններում մենք միավորենք մեր ջանքերը, աշխատանքը կլինի շատ ավելի արդյունավետ:

 

- Ո՞ր ոլորտներում են երկկողմ տնտեսական փոխհարաբերությունները գտնվում պատշաճ մակարդակի վրա, եւ ո՞ր ոլորտները լրացուցիչ ակտիվացման կարիք ունեն:

- Մենք շատ լավ հարաբերություններ ունենք պետական կառույցների մակարդակով: Մեր նախագահների եւ վարչապետների միջեւ հարաբերություններն այնքան ամուր են, որքան դա հնարավոր է: Կարծում եմ, Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունները ցուցանիշ են, թե ինչպիսին պետք է լինեն հարաբերությունները երկու հարեւան պետությունների միջեւ: Միաժամանակ, կարծում եմ, որ Վրաստանի եւ Հայաստանի բիզնես-հատվածներն ունեն մեծ հնարավորություններ, որոնք ամբողջությամբ չեն օգտագործվում: Մենք ունենք երկու պետություններում գործող հայ-վրացական ընկերությունների շատ լավ օրինակներ: Որպես օրինակ կարող եմ բերել Վրաստանում հայ-վրացական ներդրումների հիման վրա գործող եւ սնկերի արտադրությամբ զբաղվող մի ընկերություն: Եթե մեկ տարի առաջ Վրաստանն ամբողջությամբ ներմուծում էր սունկը, ապա այսօր այդ ընկերության շնորհիվ մենք կարողանում ենք ամբողջ ծավալով ապահովել մեր շուկան եւ արտահանել սունկն այլ պետություններ: Սա հայ-վրացական համատեղ բիզնեսի արդյունավետության դրական օրինակ է:

 

- Դուք ասում էիք, որ Վրաստանը հետաքրքիր առաջարկ ունի հայաստանցի ներդրողների համար, որի շրջանակներում Վրաստանը Սեւ ծովի մերձափնյա շրջաններում առաջարկում է անվճար տարածքներ հյուրանոցների կառուցման համար եւ 15 տարով ազատում է հարկերից:

 

- Այս առաջարկը բաց է բոլորի համար: Եթե դուք ամռանը գնաք Քոբուլեթի, ապա կտեսնեք, որ հայաստանցի շատ զբոսաշրջիկներ գալիս են այնտեղ հանգստանալու: Կարծում եմ, հայաստանյան շինարարական եւ տուրիստական ընկերությունները պետք է շահագրգռված լինեն ներդրումներ կատարել հենց Քոբուլեթիում: Երբ զբոսաշրջիկը տեսնի, որ ներդրումը կատարվել է իր երկրի կողմից, այդ հյուրանոցում մնալու իր հետաքրքրությունը ավելի մեծ կլինի:

 

- Հայաստանյան կողմին պաշտոնապես ներկայացվե՞լ է այս առաջարկը:

 

- Այո, այս առաջարկը պաշտոնապես ներկայացվել է հայաստանյան կողմին: Այսօր (նոյեմբերի 8-ին) տեղի է ունեցել ներդումային ֆորում, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել գործարար համայնքի շրջանակներում: Մեր առաջարկն իսկապես շատ հետաքրքրական է, բայց այն “հավերժ” չէ, քանի որ Սեւ ծովի ափամերձ տարածքները սահմանափակ են: Նախագիծը բաշխվել է մի քանի փուլերի: Առաջին փուլը հենց ափամերձ գոտիներն են, մնացածը` ավելի հեռավոր տարածքներ:

- Վերջերս Հայաստանում շատ են խոսում դեպի Վրաստան հայաստանյան կապիտալի արտահոսքի մասին: Ի՞նչ եք կասեք այդ մասին:

 

- Մոտ կես տարի առաջ Ղազախստանում ձեր գործընկերներից մեկը ինձ տվեց նույն հարցը: Եվ երբ նայեցինք թվերը, տեսանք, որ խոսքը շատ մեծ ծավալի մասին չէ: Կարծում եմ, տվյալ դեպքում ասեկոսեներն ավելի շատ են, քան փաստերը:

- Եվ վերջին հարցը, որն ինձ խնդրել է Ձեզ ուղղել մեծ հավակնություններ ունեցող իմ երիտասարդ կին գործընկերներից մեկը: Ի՞նչ է նշանակում նախարար լինել 29 տարեկանում:

 

- Դե, այս տարի արդեն դարձել եմ 30 տարեկան (ժպտալով): Ինչպե՞ս է նախարար լինելը: Երեւի թե նույն կերպ, ինչպես 40, 50 կամ 70 տարեկանում: Դա մեծ հնարավորություն է մասնակցելու քո երկրի զարգացմանը: Իմ տարիքի առավելությունն այն է, որ ես բավականաչափ էներգիա ունեմ աշխատելու նաեւ արտաաշխատանքային, ուշ ժամերին եւ հանգստյան օրերին: Իմ գործընկերները կհաստատեն, որ մենք աշխատում ենք շաբաթական 7 օրը, քանի որ ուզում ենք որքան հնարավոր է շուտ զարգացնել մեր երկրի տնտեսությունը: Այնպես որ դա թե դժվար է, թե հաճելի:

Վերա Կոբալիայի հետ զրուցել է Մեդիամաքսի թղթակից Արամ Արարատյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին