Կյել Նորդստրյոմ. Ներկայի մատրիցան եւ ուրբանիզացված ապագան - Mediamax.am

18659 դիտում

Կյել Նորդստրյոմ. Ներկայի մատրիցան եւ ուրբանիզացված ապագան

Կյել Նորդստրյոմը
Կյել Նորդստրյոմը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Հայտնի շվեդ տնտեսագետ, գրող եւ հրապարակախոս, «Բիզնես ֆանկ ոճում. Տաղանդը պարեցնում է կապիտալը» գրքի համահեղինակ Կյել Նորդստրյոմը սեպտեմբերի 7-ին Երեւանում «Business In FAANG Style» թեմայով դասախոսություն է վարել:

 

Դասախոսության կազմակերպիչը skill.am-ն էր, գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

 

Մեդիամաքսը գրի է առել դասախոսությանը հնչած առավել ուշագրավ մտքերը՝ լրջագույն փոփոխությունների, մասսայական ուրբանիզացման, դեգլոբալիզացայի եւ մարդկության ապագայի մասին:

 

Մոնոպոլիաներն ու լրջագույն փոփոխությունների շեմը

 

Մենք ապրում ենք FAANG (Facebook, Amazon, Apple, Netflix եւ Google) ընկերությունների աշխարհում, այսինքն՝ այն ընկերությունների, որոնք գերիշխում են: Իրենց չափսերի եւ առանձնահատկությունների շնորհիվ, դրանք փաստացի մոնոպոլիաներ են, ներխուժում են ամենուր եւ մրցակցությունից դուրս են: Բայց դա ժամանակավոր է, մի քանի տարի անց մենք լրջագույն փոփոխությունների ականատես կլինենք:

 

Երբ ծնվեց Facebook-ը, բոլորը հիացած էին: Կարծում էին, որ դա կմիավորի բոլորին, մարդիկ ավելի մոտ կլինեն իրար, կշփվեն, հակամարտությունները կավարտվեն: Բայց կա մի հիմնաքարային հարց. մենք՝ բանական էակներս, որքան շատ բան ենք իմանում միմյանց մասին, այնքան քիչ ենք իրար դուր գալիս: Այդ դեպքում հարց է ծագում՝ 5 տարի անց մենք թույլ կտա՞նք այդ տեխնոլոգիաներին հետագայում էլ զարգանալ այս ձեւով: Ո՛չ: Միայն այդ տեխնոլոգիաների հայտնվելուց հետո է գալիս գիտակցությունը, թե ինչ են անում դրանք: Հիմա այդ ոլորտի օրենսդրությունը գնալով խստացվում է: Եվ բոլոր տեխնոլոգիաները՝ Facebook-ը, Google-ը, Amazon-ը եւ այլն, կենթարկվեն խիստ օրենսդրությանը:

Կյել Նորդստրյոմը Կյել Նորդստրյոմը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեր աշխարհում գործում են ժամանակավոր մոնոպոլիաներ: Դրանք հայտնվում են ինչ-որ ժամանակ, միակն են լինում, որ կոնկրետ առանձնահատուկ ծառայություններ են մատուցում, բայց որոշ ժամանակ անց շուկան այնքան է տրանսֆորմացվում, որ այդ տեխնոլոգիաները սկսում են ընդօրինակել եւ տարածել, դրանք դադարում են մոնոպոլիաներ լինել: Դա այն է, ինչ սպասվում է ցանկացած նորարարությանը:

 

Թվային աշխարհում ժամանակավոր մոնոպոլիաների կյանքի տեւողությունն ավելի ու ավելի է կրճատվում: Այսինքն՝ գիտելիքը շատ արագ է տարածվում, այն ինչը ձեր էքսկլյուզիվն էր, քիչ ժամանակ անց անում են բոլորը:

 

Ճիշտ է, FAANG ընկերություններն այսօր հսկաներ են, բայց դա ժամանակավոր է, եւ նրանց վերջը կգա: Հիմա, գուցե, նրանք էլ չեն հավատում դրան, բայց նրանց հետ կլինի նույնը, ինչ եղավ, օրինակ՝ Nokia-ի կամ Volvo-ի հետ:

 

Ապագայի կանխատեսումը

 

Երբ ինձ հրավիրում են սեմինարների, հաճախ խնդրում են խոսել ապագայի մասին: Ո՛չ ոք, ո՛չ ես, ո՛չ դուք չենք կարող կանխատեսել ապագան: Ինչո՞ւ, որովհետեւ ապագայի վերաբերյալ հստակ վերլուծություն չունենք, մենք միայն կարող ենք միացնել կետերը, կառուցել հիպոթեզեր, բայց ոչ ավելին: Կա նաեւ լավ նորություն. մենք կարող ենք ուրվագծել մեծամասշտաբ թրենդերը եւ բավական հստակ նկարագրել դրանք՝ ելնելով այսօրվա իրավիճակից ու պատկերից: Մենք գիտեք՝ ինչ է կատարվում այսօր եւ գիտենք բավական հստակ, ելնելով դրանից՝ կարող ենք պրոյեկտել ապագան:

 

Ուզում եմ ձեզ զգուշացնել՝ ամեն անգամ, երբ ձեզ թույլ եք տալիս արտահայտվել հաջորդ շաբաթվա, տարվա մասին, մի մոռացեք, որ դա շատ տարօրինակ, ծիծաղելի, գուցե, նաեւ անիմաստ է հնչում:

 

3000 անգամ ավելի հզոր տեխնոլոգիաները

 

Ես գործընկերներ ունեմ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (MIT), եւ նրանք փորձել են հասկանալ, թե որն է տարբերությունն անցյալի ու ապագայի միջեւ:

Կյել Նորդստրյոմը Կյել Նորդստրյոմը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տարբերությունն արագության մեջ է. փոփոխությունների տեմպերը 10 անգամ ավելի արագ են՝ էլեկտրական լամպի, հեռախոսի, մեքենայի եւ այլ տեխնոլոգիաների ստեղծման ժամանակաշրջանի համեմատ: Նայեք այսօրվա աշխարհին, մենք ավելի արագ ենք աշխատում, այնպես չէ՞: Մյուս կարեւոր հարցն այն է, որ տեխնոլոգիաները, որոնցով այսօր աշխատում ենք, 300 անգամ ավելի հզոր եւ ազդեցիկ են, քան նախկինները: Եթե մենք 300-ը բազմապատկենք 10-ով՝ կստանանք 3000, այսինքն՝ ուժերը, որոնք երազում են ազդել գլոբալ տնտեսության վրա մոտ 3000 անգամ ավելի հզոր են, ազդեցիկ են, քան նախորդ գյուտերը:

 

Այնպես, որ մեր կյանքում ամեն բան հարվածի տակ է, նրանք փորձում են տրանսֆորմացնել ամեն ինչ, որ կապված է մարդկանց կյանքի հետ, եւ ձեզ չպետք է զարմացնի այն փաստը, որ որոշ մարդկանց մոտ դա անհարմարություն ու շփոթություն է առաջացնում:

 

Մարդը, կապիկն ու երեւակայությունը

 

Հետազոտելով կապիկներին՝ մենք շատ բան ենք հասկանում մեր մասին, որովհետեւ նրանք գենետիկորեն շատ նման են մեզ: Հիմա հարց՝ այդ դեպքում ինչո՞ւ մենք՝ մարդիկս, այսքան հաջողակ ենք, կարողացել ենք բնակություն հաստատել ողջ մոլորակում, իսկ շիմպանզեները գործականում վերանում են: Ո՞րն է մարդու եւ շիմպանզեների տարբերությունը: Վերջին գիտական հետազոտություններն այդ հաջողության բանալին համարում են հարմարվողականությունը. մենք նրանցից լավ ենք հարմարվում շրջակա միջավայրին:

 

Իսկ ինչո՞ւ է դա այդպես, եթե ե՛ւ մենք ունենք ուղեղ, ե՛ւ նրանք: Մեր ուղեղում ունենք մի բան, որը չունեն նրանք, դա երեւակայությունն է, ագրեսիվ երեւակայությունը: Մենք կարող ենք մտածել բաների մասին, որոնք գոյություն չունեն, երազել, հնարել պատմություններ, իսկ նրանք՝ ոչ: Մենք կարող ենք կիսվել մեր ֆանտազիաներով: Ես հիմա կկիսեմ ձեզ հետ իմ ֆանտազիաներից մեկը. այնտեղ՝ վերեւում, կա մեկը, որ կառավարում է բոլորիս, նա արարիչն է: Դա տիպիկ ֆանտազիա է, նրան ոչ ոք չի տեսել, բայց ի՞նչ է տեղի ունենում, երբ կիսվում ենք այդ ֆանտազիայով: Մարդիկ սկսում են հավատալ դրան, եւ տեղի է ունենում հրաշքը, մարդիկ, ովքեր չեն ճանաչում միմյանց, միավորվում են այդ ընդհանուր գաղափարի շուրջ: Նրանք մի նավի մեջ են, քանի որ հավատում են նույն գաղափարին, իսկ շիմպանզեներն այդպես չեն կարող, նրանք չեն կարող կիսվել մտքերով այն մակարդակում, ինչ մարդիկ, այդ պատճառով էլ չեն կարող մեծ խմբեր ձեւավորել: Օրինակ՝ Հայաստան երկիրը կամ Siemens ընկերությունը. դրանք ֆանտազիա են, որով կարելի է կիսվել ուրիշների հետ եւ հավատալ դրանց գոյությանը, միավորվել դրա շուրջ:

Կյել Նորդստրյոմը Կյել Նորդստրյոմը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինչո՞ւ եմ ես պատմում այս ամենը, որովհետեւ այսօրվա տեխնոլոգիաները, ինչպես ասացի, 3000 անգամ ավելի հզոր են, եւ այն լեգենդները, որոնց մենք հավատում ենք, որոնցով սնվել ենք, սկսում են կործանվել հենց մեր աչքերի առաջ, դադարում են գոյություն ունենալ, երկիրը փախնում է մեր ոտքերի տակից: Հին պատմությունները մահանում են, ծնվում են նորերը, դրանք գլոբալ վերափոխում են մեր կյանքը, եւ մենք չգիտենք՝ ինչպես դառնալ դրանց մասնիկը:

 

Դեգլոբալիզացիան, մատրիցան եւ ուլտրաուբանիզացիան

 

Ամբողջ աշխարհն այսօր մեծ շինարարական հրապարակ է: Առաջիկա 40 տարում ավելի շատ կառուցապատում կլինի, քան վերջին 4000-ում: Սա բոլորովին այլ աշխարհ է, եւ բոլորովին նոր բաժին է մարդկության պատմության մեջ: Հնարավոր է, որ մենք գտնվում ենք դեգլոբալիզացիայի պրոցեսի սկզբում: Այս ամբողջ ընթացքում աշխարհի սահմանները բացվում էին: Բայց հիմա այլ գործընթացներ են ընթանում, միջազգային ընկերությունները վաճառում են իրենց միջազգային ակտիվները եւ վերադառնում են տուն՝ իրենց հարազատ շրջաններ: Միջազգային ներդրումները պակասում են, փոխարենը մեծ վաճառք է ընթանում:

 

Մենք նոր, բազմամյա թրենդի ականատեսն ենք, երբ մեծ, միջազգային ընկերությունների փոխարեն աճում են տեղական ընկերությունները:

 

Տարբեր մարդիկ այսօրվա տեխնոլոգիաները տարբեր կերպ են ընդունում, ոմանք՝ մեծ ուրախությամբ, ոմանք՝ թշնամաբար: Ես կարծում եմ, որ նրանցից ոչ մեկը ճիշտ չեն, ճշմարտությունը մեջտեղում է:

Կյել Նորդստրյոմը Կյել Նորդստրյոմը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ես որոշակի մատրիցա եմ տեսնում, որը շրջապատում է աշխարհը: Ի՞նչ տեսք ունի այդ մատրիցան: Պատկերը ստանալու համար առաջինը կապիտալիզմի մասին է պետք խոսել: Աշխարհն ամբողջովին կապիտալիզմի մեջ է: Բոլոր տեղերում շուկայական տնտեսություն է: Կապիտալիզմը մեքենա է, բարդ մեխանիզմ, որը կարող է միայն մի բան անել՝ տեսակավորել: Այն ամեն ինչ բաժանում է երկու տեսակի՝ արդյունավետ եւ անարդյունավետ:

 

Մյուս իրավիճակը, որ պետք է արձանագրել, այն է, որ մենք գտնվում ենք մարդկային պատմության ամենաարագ ուրբանիզացիայի շեմին: Սա աննախադեպ բան է: Ի՞նչ է տեղի ունենում: Այսօր մոլորակի վրա կան 200 երկրներ, որոնք կվերածվեն 600 քաղաքների: Այդ քաղաքներում աշխարհի բնակչության 80-90%-ը կկենտրոնանա: Այսինքն՝ տնտեսական ակտիվության 80-90%-ը կլինի այդ 600 քաղաքներում, եւ այդ տրանսֆորմացիան կպահանջի ընդամենը 30 տարի: Սա էլ գլխավոր պատճառն է, թե ինչու հաջորդ 40 տարում ավելի շատ կառուցապատում կլինի, քան նախորդ 4000-ում:  Մարդիկ կապրեն միայն քաղաքներում, ինչի համար ենթակառուցվածքներ են հարկավոր: Սա մասսայական ուրբանիզացիան է, որն այսօր էլ տեսանելի է, պարզապես հարկավոր է գիշերը տիեզերքից լուսանկարել մոլորակը, եւ մենք կտեսնենք, որտեղ են վառվում լույսերը. դրանք մեծ քաղաքներում են, որտեղ էլ կյանքը եռում է:

 

Որքան ընդլայնված եւ հզոր են տեխնոլոգիաները, այնքան արագ են ուրբանիզացիայի տեմպերը, եւ այնքան իրար մոտ ենք մենք ուզում ապրել: Սա պարադոքս է, բայց իրականությունն այսպիսին է: Քաղաքները երկրներից ուժեղ կլինեն, եւ դա չի կարող չազդել քաղաքականության եւ տնտեսության վրա:

 

Մատրիցայի մյուս կողմը թվայնացումն է: Այն, ինչ հնարավոր է թվայնացնել, թվայնացվում է, կրկնօրինակվում եւ տարածվում բոլորովին անվճար` դառնալով հանրության սեփականությունը: Ինտերնետը հսկա պատճենահանող մեքենա է, եւ ոչինչ որեւէ կերպ պաշտպանել հնարավոր չէ, կապ չունի՝ գիտելիք է, տեխնոլոգիա, թե մեկ այլ բան: Սա ազդում է բոլոր ոլորտների վրա, ձեր գաղտնիքներն այլեւս ձերը չեն եւ դուք չեք կարող կառչել ձեր մրցակցային առավելությունից:

 

Արհեստական բանականությունը

 

Արհեստական բանականությունն ինձ առհասարակ չի անհանգստացնում: Ես դա վտանգ չեմ համարում: Գոյություն ունի կոնկրետ, առանձնահատուկ արհեստական բանականություն:

Կյել Նորդստրյոմը Կյել Նորդստրյոմը

Լուսանկարը` Մեդիամաքս

Համակարգիչը սովորում է կոնկրետ բաներ եւ գործում է ըստ կոնկրետ իրավիճակների: Մինչդեռ մարդկային բանականությունը բոլորովին այլ կերպ է աշխատում: Ի՞նչն է մարդկանց մոտ ավելի լավ ստացվում, ի տարբերություն ռոբոտի: Սխալվելը: Մենք ավելի լավ ենք սխալներ գործում, քան ցանկացած համակարգիչ, ցանկացած ռոբոտ: Մենք կատարյալ չենք եւ դրա գեղեցկությունն այն բանում է, որ սխալներն անհրաժեշտ են: Գիտությունը, ըստ էության, սխալների բազմապատկումն է: Առանց սխալներ գործելու ոչինչ հնարավոր չէ ստեղծել, իսկ մարդիկ դա շատ լավ են անում: Այո՛, ռոբոտները, մեքենաները, արհեստական բանականությունն իրենց բաժինը կունենան մեր կյանքում, այո՛, նրանք ավելի կատարյալ կլինեն կոնկրետ առաջադրանքներում, բայց մի շարք մակարդակներում մարդու բանականությունը գերազանցում է արհեստականին: Մեքենաները չեն կարողանում զվարճանալ, կատակել: Ինչո՞ւ, որովհետեւ մեր կյանքի ամենածիծաղելի բաները հիմնվում են սխալների վրա:

 

Արհեստական բանականությունն, այսպես ասած, ծառայություն է, բայց այն չի կարող խլել մեզանից կյանքը: Այն շատ աշխատատեղեր կվերցնի մարդուց, բայց փոխարենը կստեղծի ավելի շատերը:

 

Գրի առավ Մարի Թարյանը

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին