Վենդի Քոփ. Ոգեւորված ենք Teach For Armenia-ի արդյունքներով - Mediamax.am

exclusive
17750 դիտում

Վենդի Քոփ. Ոգեւորված ենք Teach For Armenia-ի արդյունքներով

Վենդի Քոփը
Վենդի Քոփը

Լուսանկարը` Thrive Global

Լուսանկարը`


Մեդիամաքսի բացառիկ հարցազրույցը Teach For All կազմակերպության գործադիր տնօրեն եւ համահիմնադիր Վենդի Քոփի հետ: 

Վենդի Քոփը վերջերս այցելել էր Հայաստան՝ մասնակցելու «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի (Teach For Armenia) «Ես դառնում եմ դեսպան» միջոցառմանը:

- Teach For Armenia-ն 2018թ-ին տվեց շրջանավարտների երկրորդ սերունդը, որոնք դարձան կրթության հավասարության դեսպաններ: Ամփոփելով այս տարիների աշխատանքը՝ ինչպե՞ս եք գնահատում Teach For Armenia-ի առաքելությունը:

 

- Teach For All-ը պարբերաբար ընդլայնվող եւ այս պահին 48 երկրներում գործող անկախ կազմակերպությունների ցանց է, որի միասնական նպատակն է զարգացնել համընդհանուր առաջնորդությունը, որպեսզի բոլոր երեխաներն ապահովվեն իրենց ներուժն իրացնելու հնարավորություններով:

 

Այս կազմակերպությունները, նրանց աշխատակիցները, ուսուցիչները եւ շրջանավարտներն, առանց սահմանների, սովորում են միմյանցից, որովհետեւ, ինչպես համոզվել ենք, բոլոր մարտահրավերների արմատները նույնն են ամենուր, ինչը նշանակում է, որ կրթության մեջ լուծումները ավելի քան համանման են:  

 

Այս ցանցն աշխատում է տեղական առաջնորդությունը զարգացնելու վրա՝ ընդլայնելու երեխաների համար հնարավորությունները: Մենք տեսանք, որ տեղական առաջնորդները կարող են ավելի արագ առաջ գնալ, եթե տեղյակ են ուրիշների փորձին: Շատ ուրախ ենք՝ տեսնելով Teach For Armenia-ի ազդեցությունը, որը ձեռք է բերվել կազմակերպության ստեղծման այս վաղ փուլում:

 

 

Նախեւառաջ, մեր առաքելությունն է Հայաստանի առավել խոստումնալից ապագա առաջնորդների էներգիան ուղղորդել դեպի ամենախոցելի երեխաների հետ աշխատանքը եւ տեսնել ուսումնառության ընթացքում ու դրանից հետո այդ երեխաների վրա թողնված ազդեցությունը:  

 

Նրանք իսկապես պարտավորվում են երկարաժամկետ աշխատել, որպեսզի բարելավեն եւ ընդլայնեն հնարավորությունները երեխաների համար:

 

- Teach For All ցանցում ի՞նչ դիրք ունի Teach For Armenia-ն՝ ակադեմիական կրթության, ուսուցիչների ներգրավվածության եւ երկրում սփռվածության առումով: 

 

- Teach For All-ի ուժեղ կողմերից են մշակութային բազմազանությունն ու ցանցի տարբեր անդամների նորարարությունները: 

 

Teach For Armenia-ն շատ լավ աշխատանք է կատարում ինչպես ուսուցման կազմակերպման, այնպես էլ աշակերտներին ներգրավելու, համայնքներում մարդկանց հետ համագործակցության եւ հասարակության զարգացման համար ավելի լայն գործընկերության հարցերում ուսուցիչներին աջակցության առումով:

 

Կարծում եմ՝ մեր ցանցի շատ անդամներն ու մեր գլոբալ կազմակերպությունը շատ բան են սովորել նախնական ծառայության եւ մշտական աջակցության մոտեցման շնորհիվ: 

 

- Եթե համեմատենք ցանցի առաքելությունները տարբեր երկրներում, որո՞նք են Teach For Armenia-ի առանձնահատկությունները:

 

- Teach For Armenia-ն հավատում եւ հասկանում է, որ երեխաների ծննդյան հանգամանքները կանխատեսում են նրանց կրթական արդյունքները: Սա շատ բարդ խնդիր է, եւ մենք պետք է լուծենք այն՝ իր ողջ բարդություններով հանդերձ: Դա նշանակում է, որ մեզ հարկավոր են բոլոր երեխաների համար տեսլական ունեցող մարդիկ, ովքեր կաշխատեն կրթության համակարգի, քաղաքականության եւ տարբեր ոլորտների բոլոր մակարդակներում: 

 

Այս նպատակը եւ այս համոզմունքներն են համախմբում բոլորին Teach For All ցանցում: Բնականաբար, Teach For Armenia-ն հարմարեցված է հայաստանյան համատեքստին եւ իր ճանապարհորդության դեռ վաղ փուլում է: 

 

Վենդի Քոփը Teach For Armenia-ի գրասենյակում Վենդի Քոփը Teach For Armenia-ի գրասենյակում

Լուսանկարը` Teach For Armenia

 

Օրինակ, աշակերտների համար իրենց տեսլականը ձեւավորելիս նրանք աշխատում են համայնքներում՝ քննարկումներ անելով աշակերտների, նրանց ծնողների եւ կրթության այլ կազմակերպիչների հետ:

 

Այն, ինչ մենք ցանկանում ենք մեր երեխաների համար, գրավիչ է՝ հույսի համայնք, որն աշխատում է տեսլականի ուղղությամբ, ինչը իսկապես հզոր է:

 

- Կրթականից զատ՝ Teach For Armenia-ի մասնակիցները նաեւ համայնքային ծրագրեր են իրականացնում, որոնք ակտիվացնում եւ բարելավում են հասարակության կյանքը: Ի՞նչ նշանակություն ունեն այս նախաձեռնությունները:

 

- Երեխաների մի ամբողջ զանգված բախվում է բազմաթիվ լրացուցիչ մարտահրավերների. դրանք կարող են լինել տնտեսական՝ աղքատության մեջ մեծանալու, պատշաճ սննդի, առողջապահության կամ վաղ կրթության հնարավորության բացակայության խնդիրներ:

 

Համայնքային ծրագրերի նպատակն է ուսուցիչներին ներգրավել համայնքի անդամների հետ աշխատանքին`այդ խնդրի տարբեր կողմերը լուծելու համար: 

 

Օրինակ, մասնակիցներից մեկը նախաձեռնել էր հիմնել ընկերություն, եւ այժմ նրանք հրաշալի պանիր եւ մեղր են արտադրում: Նա սկսել էր աշխատել ընտանիքիների հետ՝ նրանց ասելով, որ դա կարող է լավ բիզնես դառնալ:

 

 

Սա կարող է աջակցել շրջանների տնտեսական զարգացմանը, եւ մեծ փազլի մի կտորն է: Կարծում եմ, որ սա օգնում է մասնակիցներին՝ ինտեգրվել հասարակություններում, ավելի լավ հասկանալ նրանց, զարգացնել ամուր հարաբերություններ եւ վստահություն:  

- Teach For Armenia-ի դեսպանների շարքերն ընդլայնվում են՝ նոր մասնակիցների ներգրավմամբ: Ո՞րն է ձեր ուղերձը նրանց:

 

- Ես շատ ոգեւորված եմ հանուն Հայաստանի երեխաների, ընտանիքների, համայնքների գործելու նրանց ունեցած ներուժով: Ես գիտեմ, որ այն նորարարությունները, որ նրանք գտնում են այստեղ, Teach For All ցանցի միջոցով կօգնեն ամբողջ աշխարհին տեղեկացնել ջանքերի մասին: 

 

Նրանց առաջնորդությունը շատ կարեւոր է: Եթե մենք կարողանանք բավականաչափ զարգացնել առաջնորդությունը, ապա կարող ենք ցանկացած խնդիր լուծել: Միեւնույն ժամանակ, մեզ անհրաժեշտ է բազմաթիվ այլ մարդկանց առաջնորդությունը: Այսպիսով, նրանք կարող են աջակցել եւ ոգեշնչել իրենց աշակերտների, նրանց ծնողների, այլ դպրոցների եւ ուսուցիչների, իրենց համայնքներում այլ մարդկանց առաջնորդությանը: Սա կզարգացնի համընդհանուր լիդերություն եւ կապահովի մեզ հասնել այնտեղ, ուր ձգտում ենք: Հնարավոր է՝ մենք ավելի արագ կկարողանանք առաջ շարժվել, եթե բաց լինենք սովորել մեր սեփական համայնքից դուրս, միմյանցից՝ Հայաստանի ներսում եւ երկրի սահմաններից այն կողմ:

 

Teach For All-ում մի քանի տարի առաջ կանգ առանք՝ ինքներս մեզ հարցնելով՝ ինչի՞ վրա ենք աշխատում, որին միասին պետք է հասնենք 25 տարի անց: Մենք ձեւավորում ենք աշխարհի բոլոր անկյունների համայնքների տեսլականը, որ բոլոր երեխաները ստանան կրթություն եւ աջակցության հնարավորություն, որպեսզի իրենց եւ մեզ համար ավելի լավ ապագա ստեղծեն:

 

Ես իսկապես հավատում եմ, որ այսպիսի համայնքներ կլինեն Հայաստանում: Կարծում եմ՝ այդ համայնքները ոգեշնչում են համաշխարհային շարժմանը՝ այն հասցնելով ամենուր:  

 

Վենդի Քոփի հետ զրուցել է Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին