Henderson ընկերության հիմնադիր Ռուբեն Հարությունյանը, ով հաջողակ բիզնեսմեն է Ռուսաստանում, միացել է Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամին (FAST) ու հայազգի 18 գործարարների հետ հայտարարել, որ «բիզնես հրեշտակ» կդառնա գիտատեխնիկական հիմքով հայաստանյան սկսնակ ընկերությունների համար:
Ռուբեն Հարությունյանի հիմնած Henderson մոդայի տունը ներկայանում է Henderson տղամարդկանց դասական ոճի հագուստի, կոշիկի եւ աքսեսուարների ու «casual» ոճի HAYAS հավաքածուներով: Ամեն տարի Henderson-ի սրահներ գնումների է այցելում 12 մլն մարդ:
Մեդիամաքսը Ռուբեն Հարությունյանի հետ զրուցել է FAST-ի «Հրեշտակների ցանցի» ստեղծման ու հեռանկարների, Henderson-ի հաջողության գաղտնիքի եւ բիզնեսում առավելությունների հասնելու մասին:
- Ինչպե՞ս ծնվեց «Հրեշտակների ցանցի» գաղափարը: Գիտեմ, որ մասնագիտությամբ տիեզերական սարքավորումների ճարտարագետ եք, դա որեւէ ազդեցություն ունեցե՞լ է գիտությանն աջակցելու որոշման վրա:
-Մարդու կյանքում կատարված ամեն բան, լավ, թե վատ, անշուշտ, որոշակի ազդեցություն է թողնում եւ ձեւավորում մոտեցումները կյանքի հանդեպ: Ես հինգ տարի սովորել եմ Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտում եւ երազանք ունեի տիեզերական սարքավորումների ճարտարագիտությամբ զբաղվել, բայց այդ տարիների քաղաքական եւ տնտեսական իրավիճակը թույլ չտվեցին մեր երազանքներն իրականացնենք: Այնուամենայնիվ, մեր ներուժն իրացրեցինք այլ ոլորտներում:
Ես կարծում եմ, որ ամեն ինչ պետք է անել ճիշտ ժամանակին, որովհետեւ ինչպիսին էլ լինեն մեր ցանկություններն ու սպասելիքները, համապատասխան միջավայրը պետք է պատրաստ լինի: Երբ մարդը ցանկանում է ընդլայնել իր այգին եւ նոր ծառեր տնկել, նա դա անում է ոչ թե այն ժամանակ, երբ ուզում է, այլ երբ բնությունը պատրաստ է դրան:
Հարմար պահ ասելով՝ նկատի ունեմ, նախ եւ առաջ, այն, թե ինչ է այժմ տեղի ունենում գլոբալ աշխարհում. տնտեսությունն է փոխվում, աշխարհում ստեղծվող արժեքները ոչ թե ծնվում են առկա ակտիվների, այլ գաղափարների շնորհիվ, որոնք միս ու արյուն են ստանում տաղանդավոր մարդկանց կողմից եւ ավելի բարձր են գնահատվում, քան ապրանքները, որ հետո ստեղծվում են:
Այժմ Հայաստանում բացառիկ իրավիճակ է. համախմբվել են մի քանի գործարարներ եւ ստեղծել Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), որի շրջանակներում մի քանի «բիզնես հրեշտակներ», քննարկելով հիմնադրամի զարգացման մեջ իրենց հնարավոր մասնակցության տարբերակները, հասկացան, որ մաքսիմալ օգուտ կարելի է բերել՝ ստեղծելով նոր հարթակ, որը զարգացման խթան կտա երիտասարդ ձեռներեցներին եւ նորարարներին:
Լուսանկարը` FAST
Հրեշտակներից յուրաքանչյուրը տարբեր ոլորտներում բիզնեսի հաջող զարգացման փորձ ունի Հայաստանում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Ոմանք ընկերություններ հիմնելու եւ զարգացնելու փորձ ունեն, մյուսները պրոֆեսիոնալ վենչուրային ներդրողներ են, երրորդները առաջադար պաշտոններ են զբաղեցնում միջազգային գլոբալ խորհրդատվական ընկերություններում:
- «Հրեշտակների ցանցը» ինչ-որ տարբերա՞կ էր գիտության հետ կապված եւ այդպես էլ կյանքի չկոչված ձեր երազանքներին թեւեր տալու, գուցե՞ ցանկացաք, որ դրա փոխարեն այլ մարդիկ հասնեն գիտության մեջ ունեցած իրենց երազանքներին:
- Դա ավելի շուտ պատասխանատվություն է երկրի ապագայի հանդեպ: Եթե մեր երկիրը լինի հաջողակ, երջանիկ, մարդիկ կվերադառնան եւ կյանքն այլ կլինի: Ցանկանում եմ քաղաքում ավելի շատ լուսավոր դեմքեր տեսնել եւ Երեւանին վերադարձնել այն մթնոլորտը, որ կար 70-ականներին եւ որում մենք մեծացել ու ապրել ենք: Երիտասարդները չեն հասկանա, բայց բոլորովին այլ միջավայր էր, որտեղ մարդկանց մեջ իրենց ապագայի հանդեպ հստակ վստահություն կար:
Հասկանալի է, որ ոչ բոլոր մարդիկ կլինեն ակտիվ, բայց գոնե այն մարդկանց համար, ովքեր փորձում են ինչ-որ ելքեր գտնել, մենք կարող ենք լինել բիզնես հրեշտակներ, որոնք կբռնեն նրանց ձեռքից եւ ցույց կտան ճանապարհը: Մենք չենք կարող նրանց փոխարեն աշխատել եւ այդ ամենը կյանքի կոչել, բայց, հավատացեք, ցանկացած բիզնեսմենի կյանքում մենթորները շատ կարեւոր դեր ունեն:
Երբ ասում են, որ կյանքում ամեն ինչի ինքնուրույն են հասել, դրանում ինչ-որ իլյուզիա եմ տեսնում, քանի որ այդտեղ կա նաեւ մենթորների դերը, որոնք գուցե եղել են դպրոցում, ինստիտուտում, կյանքում:
Լուսանկարը` Մեդիամաքս
Մշտապես Հայաստանում չապրելով՝ մեզ մոտ միշտ ցանկություն է առաջանում՝ գոնե այցերի ընթացքում կիսվել գիտելիքներով եւ հմտություններով, օգնել երիտասարդներին լինել հաջողակ՝ առանց երկրից հեռանալու: Հայաստանի սահմաններից դուրս կյանքը ցավ է, դա բոլորովին այլ իրավիճակ է: Մեզ մշտապես հետապնդում է վերադառնալու ցանկությունը, բայց մենք չենք կարող, քանի որ մեր գործունեությունն արդեն արտերկրում է: Այժմ կա իրական հնարավորություն, Հայաստանում ապրելով, գործունեություն ծավալել ողջ աշխարհում, եւ ինչո՞ւ չօգտագործել այդ հնարավորությունն ու այնպես անել, որ Հայաստանը զարգանա, իսկ հայ երիտասարդ ձեռներեցները հաջողակ դառնան:
- Այդ համատեքստում ինչպիսի՞ անելիքներ եք տեսնում Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) եւ «Հրեշտակների ցանցի» համար:
- Մենք շեշտադրումը ոչ թե քանակի, այլ որակի վրա ենք անում: Մենք Չինաստան եւ Հնդկաստան չենք եւ քանակով չենք հաղթի: Մեր էներգիան եւ ռեսուրսները պետք է ուղղենք ամենահաջողակ նախագծերին: Ինչպիսի՞ն կլինեն դրանք, դժվար է ասել, բայց պետք է համապատասխանեն ոչ թե այսօրվա, այլ վաղվա տնտեսության պահանջներին:
Մեր բոլոր 18 «հրեշտակները» պահպանում են կապը իրենց հայրենիքի հետ, հաճախ այցելում են Հայաստան տարբեր գաղափարներով, բայց չունենալով դրանք համակարգված իրականացնելու հնարավորություններ եւ ենթակառուցվածքներ, շատ դժվար է կատարել ներդրումներ եւ արդյունքում դրանք կլինեն կորսված ռեսուրսներ ու հիասթափություններ:
Հույս ունենք եւ, նույնիսկ, վստահ ենք, որ հետաքրքիր գաղափարների հոսք կլինի եւ գլխավորն այն է, որ մենք այդ մարդկանց իրենց երազանքներն իրականացնելու հարթակ եւ հնարավորություն տվել ենք: Թե ով կհաղթահարի մարաթոնը, չգիտենք:
Մարաթոնում հաղթում է մեկը, պատվանդանի վրա կանգնում են երեքը, այդպիսին է կյանքը: Մենք աշխատանքները կգնահատենք ոչ թե այն ծառերի քանակով, որոնք տնկել ենք եւ կարող են պտուղներ տալ, այլ այն պտուղներով, որոնցով կկարողանանք մեծ հաջողություններ ապահովել թե՛ Հայաստանի, թե՛ այդ երիտասարդ մարդկանց համար:
- Կարծում եմ՝ այն մարդկանց, որոնց օգնելու եք, հետաքրքրիր կլինի իմանալ Ձեր հաջողության գաղտնիքը: Ինչպե՞ս դարձաք հայտնի եւ հաջողակ գործարար:
- Բազմաթիվ գործոններ են դեր խաղացել: Այն, ինչ մենք ստիպված էինք անել 1990-ականների սկզբին եւ ճանապարհը, որն անցանք, համապատասխանում էին ժամանակի միջավայրին եւ պայմաններին: Մենք շատ սովորեցինք մեր արտասահմանցի ընկերներից եւ գործընկերներից, ձգտում էինք մեր բիզնեսում նորարարական լուծումները ներդնել ավելի շուտ, քան Ռուսաստանի մեր մրցակիցները: Ձգտում էինք արտասահմանյան ընկերությունների հետ նույն մակարդակի վրա լինել, որպեսզի կարողանայինք մրցակցել նրանց հետ: Անխախտելի բիզնես ճշմարտություն է՝ ուզում ես լինել մեծ ընկերություն, մտածիր եւ գործիր մեծ ընկերության նման եւ կդառնաս այն:
Լուսանկարը` Մեդիամաքս
Շուկան մեծ պրոֆեսիոնալիզմ է պահանջում: Միայն գեղեցիկ ապրանք ստեղծելը բավարար չէ: Այն պետք է ստեղծել եւ գնորդին հասցնել ժամանակին: Պետք է ճիշտ ձեւավորել եւ զարգացնել թիմը, ընկերությունն ու բիզնեսն ընդլայնել խնամքով՝ կանոնավոր բարելավելով կառուցվածքը եւ գնորդի հետ արդյունավետ հաղորդակցություն հաստատելով:
Դա, իսկապես, ծանր, ամենօրյա աշխատանք է: Իմ կարծիքով, հաջողակ ընկերության համար գլխավոր գիծն ինչ-որ բանում յուրօրինակությունն է եւ մրցակիցներից ավելի արագ սովորելու ունակութունը: Ժամանակակից աշխարհում ամեն ինչ շատ արագ է փոխվում: Ոչ մի բիզնես-մոդել երկար չի աշխատում, մրցակիցները գալիս-հասնում են ձեզ, սպառողները փոխում են իրենց նախասիրությունները, նորաձեւությունը փոփոխական է:
Երբեք չես կարող թուլանալ, այսօր մեր բիզնեսն աշխատում է վեց ժամային գոտիներում՝ Կալինինգրադից մինչեւ Իրկուտսկ, իսկ աշնանը, երբ Վլադիվոստոկում բացվի նոր սրահը, ժամային գոտիները կդառնան 8-ը: Հասկանում ես, որ այն ինչ արել ես, միայն հիմքն է ամենի, ինչ դեռ պետք է անես: Հավերժական մրցավազք է:
-Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ բիզնեսում պարտադիր չէ եւ, նույնիսկ, ցանկալի չէ գումարը դարձնել ուղեցույց: Ի՞նչ տեղ ունի բիզնեսմենի կյանքում փողը:
-Մենք երբեք բիզնես չենք կառուցել գումար աշխատելու համար, այդ մասին չենք մտածել: Բնականաբար, առանց շահութի չի կարող աշխատել ոչ մի կոմերցիոն ընկերություն, բանկերը կդադարեն ֆինանսավորել այդ բիզնեսը, ընկերությունը բավարար միջոցներ չի ունենա նոր մշակումների եւ բիզնեսը զարգացնելու համար:
Գումարը պետք է անհրաժեշտ կարիքները բավարարելու համար եւ որոշակի ազատություն է տալիս՝ երկրի եւ աշխարհի կյանքի զարգացմանը մասնակցելու համար: Վաստակված գումարները ընկերության հաջող ռազմավարության արդյունքն են, ինչը նշանակում է, որ ընկերությունը շուկա է դուրս բերում պահանջված արտադրանք:
Տարբեր ոլորտներում շատ հաջողությունների հասած մարդիկ են այսօր «Հրեշտակների ցանցի» գաղափարի շուրջ հավաքված եւ եթե նրանց բոլորի միակ նպատակը գումար վաստակելը լիներ, հավատացեք, այստեղ չէին լինի: Մենք ցանկանում ենք օգնել՝ Հայաստանում առաջադեմ ընկերություններ ստեղծել:
-Ո՞րն է Ձեր խորհուրդը երիտասարդ եւ սկսնակ ձեռներեցներին:
- Հայերի բախտը բերել է, քանի որ ապրում ենք Արեւելքի եւ Արեւմուտքի հատման կետում եւ երկու կողմերի հետ հեշտությամբ լեզու ենք գտնում: Սա մեզ մեծ առավելություն է տալիս: Մի անգամ շփվում էի մեր չինացի ընկերների հետ ու ինձ շատ դուր եկավ նրանց առակներից մեկը, որում ասվում է.
«Ե՞րբ է ծառ տնկելու լավագույն ժամանակը, ճիշտ պատասխանն է` 20 տարի առաջ, որովհետեւ 20 տարի առաջ տնկված ծառի վրա այսօր արդեն կլինի մաքսիմալ քանակությամբ բերք: Երկրորդ հարցը` իսկ եթե 20 տարի առաջ ծառ չես տնկել, այդ դեպքում ե՞րբ է այն տնկելու լավագույն ժամանակը, պատասխանը` հենց հիմա, որովհետեւ `20 տարուց այն արդեն բերք կտա»:
Լուսանկարը` Մեդիամաքս
Կարող եմ խորհուրդ տալ ակտիվ լինել, հավատալ սեփական գաղափարներին ու երազանքներին, գնալ մինչեւ վերջ: Կարեւոր է հասկանալ, որ հաջողակ մարդիկ, ում իրենք կհանդիպեն կյանքում, եւս բախվել են բազմաթիվ խնդիրների եւ սխալվել են:
Մեր ընկերությունը մի քանի անգամ եղել է սնանկության եզրին, որովհետեւ մենք ռիսկի ենք գնացել եւ ոչ միշտ ենք ճիշտ որոշումներ կայացրել՝ հաշվի չառնելով տնտեսության կտրուկ վատթարացող վիճակը:
Բայց մեզ փրկում էր այն, որ առաջին հերթին չէինք ուզում պարտվել, նորից ոտքի էինք կանգնում, նորից պայմանավորվում էինք բանկերի ու գործընկերների հետ ու բացատրում էինք, որ մենք արդեն սովորել ենք, տեսնում ենք մեր սխալները եւ առաջարկում էինք երկրորդ անգամ փորձել:
Երիտասարդ տարիներին մեզ սովորեցնում էին, որ հիմարը սովորում է սեփական, խելացին՝ ուրիշի սխալների վրա: Իմ կյանքի փորձն այլ բան է ասում՝ հանճարները սովորում ուրիշների սխալների վրա, խելացիները՝ սեփական սխալների, իսկ հիմարները կրկնում են իրենց եւ ուրիշների սխալները՝ դրանցից հետեւություններ չանելով:
Պետք է սովորել սխալների վրա, պետք է սխալվել` հասկանալու համար, որ դա ավարտը չէ եւ շարունակել նոր ուղիներ փնտրել: Սխալվելը սարսափելի բան չէ, սովորեք ձեր սխաներից:
Ռուբեն Հարությունյանի հետ զրուցել է Մարի Թարյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: