Վինիֆրեդ Օլիֆ. «Վիքիմեդիա Հայաստանն» առանձնահատուկ է - Mediamax.am

exclusive
95898 դիտում

Վինիֆրեդ Օլիֆ. «Վիքիմեդիա Հայաստանն» առանձնահատուկ է

Վինիֆրեդ Օլիֆը
Վինիֆրեդ Օլիֆը

Լուսանկարը` Wikimedia Foundation

Լուսանկարը`


Ապրիլի 26-ից մայիսի 1-ը «Վիքիմեդիա Հայաստանը» հյուրընկալել էր Վիքիմեդիա հիմնադրամի ծրագրերի ավագ պատասխանատու Վինիֆրեդ Օլիֆին եւ հիմնադրամի համայնքային կազմակերպիչ Քրիս Շիլինգին, որոնք եկել էին ծանոթանալու «Վիքիմեդիա Հայաստանի»  կրթական նախաձեռնություններին: Այցի ընթացքում նրանք մասնակցել են «Վիքին սիրում է գիտություն» միջոցառմանը, այցելել են Չարենցավանի Վիքիակումբ եւ ներկա են գտնվել Դդմաշենում նոր Վիքիակումբի բացման արարողությանը: Ներկայացնում ենք Մեդիամաքսի բացառիկ հարցազրույցը Վիքիմեդիա հիմնադրամի ներկայացուցիչների հետ:

 

Վինիֆրեդ Օլիֆ - Սա մեր առաջին այցելությունն է Հայաստան: Հայկական Վիքիպեդիան եւ «Վիքիմեդիա Հայաստանը» առանձնանում են Վիքիմեդիա համաշխարհային շարժման մեջ: Մենք աշխատում ենք աշխարհի տարբեր անկյուններում գտնվող կազմակերպությունների հետ եւ տեսնում ենք, որ «Վիքիմեդիա Հայաստանը» որոշ գործեր գերազանց է իրականացնում: Մասնավորապես, նրանք հիանալի կերպով են մարդկանց ներգրավում Վիքի նախագծերում. Մարդիկ ոչ միայն հասկանում են, թե ինչպես է աշխատում Վիքիպեդիան եւ իրենց ներդրումն են ունենում, այլ նաեւ իրենց սրտում գիտակցում են գործի կարեւորությունը: Մեզ համար սա յուրահատուկ երեւույթ է: Մենք շատ հետաքրքրված ենք, թե ինչն է նպաստում այդքան արդյունավետ աշխատանքին. միգուցե մեզ հաջողվի դա միջազգային շարժման վերածել: Մեր կարծիքով, «Վիքիմեդիա Հայաստանը» իրականացնում է շատ ոգեւորող, հետաքրքիր եւ յուրահատուկ աշխատանք:

 

Մենք այստեղ ենք պարզելու, թե ինչպես է աշխատում Վիքիմեդիայի հայաստանյան մասնաճյուղը եւ ճանաչելու Հայաստանի Վիքիպեդիա համայնքի ներկայացուցիչներին: Մենք շատ հետաքրքիր փորձառություն ունեցանք՝ այցելելով Երեւանից դուրս գործող Վիքիակումբներ: Մենք նաեւ Երեւանից դուրս բնության գրկում մասնակցեցինք «Վիքին սիրում է գիտություն» միջոցառմանը: Հանդիպեցինք Վիքի համայնքի ներկայացուցիչներին, ինչպես նաեւ «Վիքիմեդիա Հայաստանի» գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին: Շատ հետաքրքիր ուսուցողական օրեր ենք անցկացրել Հայաստանում:

Քրիս Շիլինգը Քրիս Շիլինգը

Լուսանկարը` Wikimedia Foundation

Քրիս Շիլինգ - Այս այցի ընթացքում ինձ ապշեցրեց այն, որ մենք հանդիպեցինք տարբեր մարդկանց, ովքեր ներդրում ունեն Վիքի համաշխարհային շարժման մեջ ամենատարբեր եղանակներով` ուսանողներ Վիքիճամբարներում, որոնք սովորում են Վիքիպեդիայի մասին,  խմբագիր-համակարգողներ, որոնք սովորում են ինչպես ներգրավել մարդկանց եւ դասընթացներ անցկացնել ուսանողների համար, ինչպես նաեւ ուսուցիչներ ,որոնք համակարգում են ճամբարների աշխատանքը, նաեւ «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ի ներկայացուցիչներ: Նրանցից յուրաքանչյուրն հպարտության մեծ զգացումով է մոտենում իր դերին եւ շարժման մեջ ունեցած իր ներդրմանը: Նրանք բոլորը գիտակցում են, որ յուրաքանչյուրի դերն անչափ կարեւոր է: Մենք կցանկանայինք այսպիսի մոտեցում տեսնել աշխարհի մյուս անկյուններում եւս: Նաեւ նկատել ենք, որ «Վիքիմեդիա Հայաստանը» մեծ ջանքեր է ներդրում իր փորձը Վիքիմեդիա մյուս մասնաճյուղերին հասանելի դարձնելու համար, եւ մենք շատ ենք գնահատում նրանց աշխատանքը:

 

-Անցած տարի Հայաստանը հաջողությամբ անցկացվեց Wikimedia CEE 2016 հավաքը: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք Հայաստանը կարող է հավակնել ընդունել WikiMania-ն՝ Վիքի նախագծերով զբաղվողների ամենամեծ հավաքը:

 

Վինիֆրեդ Օլիֆ - Բոլորն այս մասին են հարցնում, բայց իմ պատասխանն այնքան էլ միանշանակ չի լինի: Վիքիմեդիա շարժման մեջ որոշումները չեն կայացվում մեկ մարդու միջոցով: Որոշումների կայացմանը մասնակցում են համայնքի շատ անդամներ: Սա ներառում է նաեւ այնպիսի մեծ միջոցառման կազմակերպումը, ինչպիսին WikiMania համաժողովն է: Մենք ունենք կամավորականներ, որոնք գնահատում են, թե որտեղ լավ կլինի անցկացնել ժողովը եւ բոլորս միասին որոշում ենք կայացնում: Ես միակը չեմ այս գործում: Մենք այդ հարցին առանձնահատուկ մոտեցում ենք ցուցաբերում:

 

-Ի՞նչ նոր բան եք  բացահայտել ձեզ համար այս այցի ընթացքում:

 

Վինիֆրեդ Օլիֆ - Միգուցե նոր բան չեմ բացահայտել, բայց այն ինչ գիտեի, ավելի խորն եմ հասկացել: Մասնավորապես, հասկացել եմ, որ «Վիքիմեդիա Հայաստանը» պատրաստ է համագործակցել այլ կազմակերպությունների հետ եւ ներդրում ունենալ քաղաքացիական հասարակություն կառուցելու եւ Հայաստանի ու Սփյուռքի համայնքներն ավելի լավը դարձնելու գործում: Ես հասկացել եմ, որ այդ կազմակերպությունները եւս շահագրգռված են դրանում: Ինձ շատ հետաքրքիր էր բացահայտել այն աշխատանքը, որ արվում է Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս:

 

- Ինչպիսի՞ն է ձեր կարծիքը «Վիքիմեդիա Հայաստանի» կրթական նախաձեռնությունների, մասնավորապես, Վիքիակումբների եւ Վիքիճամբարների մասին:

 

Վինիֆրեդ Օլիֆ - Մեզ շատ է հետաքրքրում, թե ինչպես է «Վիքիմեդիա Հայաստանն» աշխատում կրթական ծրագրերի հետ, քանի որ նրանք ունեն բազմաթիվ մոտեցումներ, որոնք իրար հետ աշխատում են որպես միասնական գաղափար: Աշակերտների եւ բոլոր այն մարդկանց համար, ովքեր ուզում են անմասն չմնալ շարժումից, «Վիքիմեդիա Հայաստանը» ստեղծել է բազմաթիվ հնարավորություններ: Նրանք կարող են իրենց ներդրումն ունենալ եւ շարունակել բարելավել իրենց խմբագրական հմտությունները եւ հարաբերություններ կառուցել այլ մարդկանց հետ: Շատ մարդիկ, որոնց մենք հանդիպեցինք Վիքիճամբարում, նաեւ Վիքիակումբների առաջնորդներ են, ինչպես նաեւ «Վիքին սիրում է գիտություն» հավաքի մասնակիցներից ոմանք ուսուցիչներ են, որոնք ներգրավված են Վիքիպեդիայի աշխատանքներում: Հիանալի է, որ դուք ունեք բազմաթիվ նախագծեր, որոնք, միասնաբար աշխատելով, ստեղծում են կրթական համակարգ:

 

 

Մենք պատրաստ ենք ավելին սովորել կրթական ծրագրերի մասին եւ աջակցել «Վիքիմեդիա Հայաստանին»: Մենք աշխատում ենք վիքիմեդիա մասնաճյուղերի հետ աշխարհի տարբեր անկյուններում, եւ մեզ համար շատ կարեւոր  է ունենալ հայերեն Վիքիպեդիան եւ հայկական գիտելիքները, որպես մեր համաշխարհային համակարգի մի մաս:

 

2016 թվականի սեպտեմբերին Մեդիամաքսը զրուցել էր Վիքիմեդիա Հիմնադրամի գործադիր տնօրեն Կատրին Մաերի հետ, նրա հարզազրույցը կարող եք կարդալ այստեղ:

 

Վինիֆրեդ Օլիֆի եւ Քրիս Շիլինգի հետ զրուցել է Մարիամ Մանոյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին