Դավիթ Սահակյան. «Արարատյան բակալավրիատը» նոր սերունդ է կերտելու - Mediamax.am

exclusive
43264 դիտում

Դավիթ Սահակյան. «Արարատյան բակալավրիատը» նոր սերունդ է կերտելու

Դավիթ Սահակյանը
Դավիթ Սահակյանը

Լուսանկարը` Այբ

Լուսանկարը`


Օրերս «Այբ» կրթական հիմնադրամի մշակած «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) կրթական ծրագիրը ճանաչվեց հավասարազոր միջազգային այնպիսի կրթական ծրագրերի, ինչպիսին են անգլիական Cambridge A Levels-ը եւ ամերիկյան Advanced Placement-ը։

 

Մեդիամաքսը զրուցել է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանի հետ՝ բացահայտելու, թե ինչ է այդ հավասարազորությունը տալիս Հայաստանին, ում համար է նախատեսված ծրագիրը, որ դպրոցները կարող են առաջարկել այն եւ որքանով մատչելի կլինի ծրագիրը հասարակության տարբեր խավերի համար։

 

- Կպատմե՞ք՝ ինչպես նախաձեռնեցիք ծրագիրը եւ ինչ նպատակով։

 

- Ամեն ինչ սկսվեց 10 տարի առաջ, երբ ստեղծվեց «Այբ» կրթական հիմնադրամը, որի առաքելությունն էր ձեւավորել նոր սերունդ` կրթված եւ առաքինի, ապագայի հստակ տեսլական ունեցող եւ այս երկրին տեր կանգնող։ Հասկացանք, որ այդ նպատակին կարելի է հասնել կրթության, մասնավորապես՝ հանրակրթության միջոցով, քանի որ հենց դպրոցում է ձեւավորվում անհատը։

 

Իհարկե, կարող էինք վերցնել միջազգայնորեն ընդունված կրթական համակարգերից որեւէ մեկը, օրինակ՝ Միջազգային բակալավրիատը (International Baccalaureate) կամ Advanced Placement-ը, միանալ դրանցից որեւէ մեկին եւ ունենալ ծրագիր, որն ամբողջ աշխարհում ճանաչված կլիներ, իսկ ծնողների համար՝ գրավիչ։

 

Բայց դա մեզ համար անթույլատրելի էր, քանի որ նմանատիպ ծրագիրը չէր ապահովելու ազգային դաստիարակություն, չէր լուծելու պետության՝ քաղաքացի ձեւավորելու պատվերը եւ շեշտադրում չէր կատարելու հայոց պատմության, լեզվի եւ ինքնության վրա։

 

Դրա համար գնացինք մի քիչ այլ, ավելի «խենթ» ճանապարհով. որոշեցինք ստեղծել հայալեզու կրթական բրենդ, որը եւ՛ հիմնված կլիներ ազգային արժեքների վրա, եւ՛ կլիներ միջազգայնորեն ճանաչելի։ Այս ծրագրով մեր այն երեխաները, որոնք ունեն ունակություն եւ ձգտում լավ կրթություն ստանալու, հնարավորություն կունենան նվաճելու լավագույն կրթական բարձունքներ՝ դա անելով ազգային եւ արժեհամակարգային դաշտում, իրենց հարազատ երկրում։ Սա է այն կարեւոր բանը, որ Արարատյան բակալավրիատը կրում է իր մեջ։

 

Նպատակ ունենալով «Արարատյան բակալավրիատ» կրթական հարթակը հասանելի դարձնել ողջ Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի երեխաներին՝ 2014 թվականին մեկնարկեցինք Կրթության գերազանցության ազգային ծրագիրը (ԿԳԱԾ), որի շրջանակում ԱԲ-ը լրամշակվեց ու վերջնականացվեց եւ սկսեցինք պատրաստել ուսուցիչների, ովքեր ունակ կլինեն դասավանդելու այդ ծրագրով։

 

- Ինչո՞վ է Արարատյան բակալավրիատի ծրագիրը տարբերվում ներկայիս հանրակրթական պետական ծրագրից։

 

- Տարբերություններից առաջինը այն է, որ Արարատյան բակալավրիատը գերազանցության ծրագիր է. այն բարձր կրթական չափանիշներ է դնում։ Լինելով բոլորի համար՝ հանրակրթական ծրագիրը պարտավոր է ապահովել բավարար մակարդակ, մինչդեռ Արարատյան բակալավրիատի դեպքում մենք բարձրացրել ենք նշաձողը՝ ծրագիրը դարձնելով ճանապարհ այն երեխաների համար, ովքեր իրենց առջեւ լուրջ կրթական նպատակներ են դնում։ Դա է պատճառը, որ ԱԲ-ի դպրոց դժվար է ընդունվել, այս ծրագրով դժվար է սովորել եւ դժվար է ավարտել։

 

Երկրորդ՝ ծրագիրը հատուկ ուշադրություն է դարձնում հմտությունների զարգացմանը, մասնավորապես՝ առարկայական, միջառարկայական եւ վերառարկայական, այդ թվում՝ խնդիրներ լուծելու հմտություններին, ստեղծարարությանը եւ այլն։

 

Սրանք հիմնական տարբերություններն են, բայց եթե ավելի խորը դիտենք, ապա կան մի շարք այլ տարբերություններ՝ կապված ուսումնառության ողջ գործընթացի, ընդունելության, դասընթացի կազմակերպման եւ ավարտական քննությունների անցկացման հետ։

 

Արարատյան բակալավրիատի աշակերտներն ընտրվում են ոչ միայն ըստ իրենց գիտելիքի, այլեւ ըստ արժեհամակարգի (քննություններին հաջորդում է պարտադիր հարցազրույցը), ԱԲ-ի ավարտական քննությունները ստուգում են ոչ թե պահի դրությամբ երեխայի գիտելիքը, այլ թե որքանով է երեխան այդ կրթական ծրագիրը յուրացրել: Այդ իսկ պատճառով քննությունները տեւում են ոչ թե 1-3 ժամ, այլ 8 ժամ՝ բաշխված 4 օրվա մեջ, եւ ներառում են ոչ միայն տեսական մաս, այլեւ փորձնական աշխատանքներ։

 

- Արարատյան բակալավրիատը նախ Հայաստանում ճանաչվել է որպես այլընտրանքային կրթական ծրագիր, ապա նաեւ՝ միջազգային առաջատար ծրագրերին հավասարազոր։ Արդյո՞ք այլընտրանքային ծրագիր ճանաչվելը նշանակում է, որ Հայաստանի ցանկացած դպրոց կարող է դառնալ Արարատյան բակալավրիատի դպրոց։

 

- 2015 թվականի դեկտեմբերի վերջին ՀՀ կրթության նախարարությունը ԱԲ-ը ճանաչեց որպես այլընտրանքային ծրագիր, որը կարող է ներդրվել Հայաստանի եւ Արցախի ավագ դպրոցներում: Նախատեսվում է յուրաքանչյուր մարզում ունենալ առնվազն մեկական ավագ դպրոց, որն ամբողջությամբ կգործի ԱԲ-ի ծրագրով, եւ արդեն հետագայում ԱԲ-ը մտցնել Հայաստանի եւ Արցախի այլ ավագ դպրոցներ՝ որպես հոսքային դասարան։

 

Մոտակա ամիսներին մենք կհայտարարենք ԱԲ-ի համակարգին միանալու պայմանները, որպեսզի այն դպրոցները, որոնք ուզում են անցնել այս ծրագրին, տեղեկանան, թե ինչպես կարող են դիմել, եւ ինչ է անհրաժեշտ ԱԲ-ի համակարգի դպրոց դառնալու համար։

 

Այդ գործընթացը բոլոր դպրոցների համար բաց է լինելու, բայց պետք է հասկանալ, որ միայն ցանկությունը քիչ է։ ԱԲ-ի չափանիշները շատ խիստ են, եւ մենք ընտրելու ենք դպրոցներ, որոնց հետ ճանապարհ կանցնենք եւ որոնք պատրաստ կլինեն փոփոխությունների՝ այդ չափանիշներին բավարարելու եւ նոր որակի դպրոց դառնալու համար։

 

- Իսկ ԱԲ-ի հավասարազորությունը Cambridge A Levels-ին եւ ամերիկյան Advanced Placement-ին ի՞նչ է տալիս հայ աշակերտին։

 

- Նախ նշեմ, որ հավասարազորության ծավալուն աշխատանքները իրականացրել է աշխարհում հավաստագրման եւ ճանաչման ամենահեղինակավոր կառույցներից մեկը՝ Մեծ Բրիտանիայի ճանաչման եւ համեմատության ազգային գործակալությունը (ՄԲ ՃՀԱԳ / UK NARIC)։

 

Այդ հավասարազորության շնորհիվ Հայաստանը հայտնվում է համաշխարհային կրթական հարթակում՝ որպես պետություն, որի կրթական որակն ընդունելի է: Երեխաների պարագայում դա նշանակում է, որ նրանք ստիպված չեն նորից հանձնելու միջազգային քննություններ՝ ապացուցելու իրենց գիտելիքն ու հմտությունները։ Այսինքն՝ այսուհետ նրանք հավասար պայմաններում մրցելու են Cambridge A Levels-ի եւ Advanced Placement-ի աշակերտների հետ՝ աշխարհի լավագույն հաստատություններում սովորելու համար։

Լուսանկարը` Այբ

Ծրագիրը նաեւ կրեդիտավորվող է, այսինքն՝ եթե երեխան ընդունվել է, ասենք, Տորոնտոյի համալսարան եւ դպրոցում անցել է կենսաբանության դասընթացն ու հանձնել համապատասխան քննությունները, ապա նա դրանցից կարող է ազատվել համալսարանում։

 

- Ո՞րն է Քեմբրիջի դերը «Արարատյան բակալավրիատ» ծրագրի կայացման գործում։

 

- «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը ստեղծվել էր «Այբ»-ում, եւ մենք ուզում էինք հասկանալ, թե որքանով է այն ընդունելի եւ որքանով է համապատասխանում միջազգային կրթական հանրության սպասելիքներին։ Անհրաժեշտ էր համաքննում, եւ այս նպատակով սկսեցինք համագործակցել Քեմբրիջի համալսարանի հետ, որպեսզի բացահայտենք մեր ուժեղ եւ թույլ կողմերը եւ զարգացման ուղղությունները, իսկ այսօր մեր հավաստագրերը կրում են Քեմբրիջի լոգոն, ինչը բացառիկ երեւույթ է համաշխարհային պրակտիկայում։ Դա բացառիկ է նրանով, որ Քեմբրիջը թույլ է տալիս օգտագործել իր անունը եւ լոգոն միայն այն դեպքում, երբ որեւէ դպրոց կամ համակարգ ամեն ինչ անում է այնպես, ինչպես Քեմբրիջն է թելադրում, իսկ մեր դեպքում Քեմբրիջը հանդես է գալիս որպես դիտորդ, բայց իրավունք է տվել մեր հավաստագրերի վրա օգտագործելու թե՛ իր անունը եւ թե՛ իր լոգոն՝ հաստատելով, որ այն քննությունները, որոնք անցկացվել են հայերենով եւ Հայաստանում, համազոր են անգլիական A Levels-ին։ Սա խոսում է Քեմբրիջի վստահության մասին:

 

- Ինչպե՞ս է կատարվում ծրագրի միջազգային ճանաչումը։

 

- Պետք է հասկանալ, որ միջազգային ճանաչումը ավտոմատ գործընթաց չէ։ Երբ ասում ենք միջազգային ճանաչում, դա չի նշանակում, որ միանգամից բոլորը մեր մասին իմացան կամ միանգամից բոլորը սկսեցին սպասել երեխաներին ԱԲ-ի դիպլոմով։ Դա գործընթաց է, որը որոշ դեպքերում պետք է անցնել պետության հետ եւ որոշ դեպքերում՝ հենց բուհի։ Բայց համաշխարհային կրթական ասպարեզում կան կարծիք թելադրող կազմակերպություններ, որոնց կարծիքը շատ որոշիչ է լինում, եւ եթե նրանք ճանաչում են, ապա մյուսների ճանաչումը դառնում է գրեթե ավտոմատ գործողություն։ Դա ժամանակի հարց է. երբեմն, միգուցե տարիներ պահանջվեն, բայց այս տարի արդեն Արարատյան բակալավրիատի հավաստագրերը որոշիչ են եղել քննությունները հանձնած աշակերտների համար, որոնց մի մասն ընդունվել է այնպիսի համալսարաններ, ինչպիսին են Ռոտերդամի Էրասմուս համալսարանը, Լյուվենի կաթոլիկ համալսարանը եւ այլն։

 

- Արդյո՞ք ծրագիրը չի պարունակում խելացի երեխաների «արտագաղթի» վտանգ։

 

- Երեխային երկրում պահելու մի քանի տարբերակ կա, օրինակ՝ Խորհրդային Միությունը փակել էր սահմանը։ Երկրորդ տարբերակն այն է, որ մենք այնքան վատ կրթություն տանք երեխային, որ վերջինս ոչ մի հնարավորություն չունենա դրսում հայտնվելու, իսկ դա ոչ մեկին պետք չէ եւ հազիվ թե նպաստի երկրի զարգացմանը։ Դա նշանակում է, որ ոչ թե պետք է վախենալ, որ երեխաները կհայտնվեն արտասահմանյան լավագույն համալսարաններում եւ աշխարհում աչքի կընկնեն, այլ փորձել այդ գործընթացը դարձնել կառավարելի՝ ի նպաստ Հայաստանի։

 

Երեխան պետք է կամավոր ընտրի իր երկիրը, իր ապրելու վայրը, իսկ դա գալիս է այն արժեքներից եւ դաստիարակությունից, որ նա ստացել է, եւ այն պատասխանատվությունից, որ նրա մոտ ձեւավորվել է հայրենիքի առջեւ։

 

Ընդհանրապես, մարդը բնակության վայրի մասին որոշում կայացնելիս հիմնվում է երեք գործոնի վրա՝ անվտանգության, առողջապահության եւ կրթության։ ԱԲ-ի ծրագրով մենք լավացնում ենք կրթության բաղադրիչը։ Այսօր մենք որակյալ կրթության այլընտրանք ենք առաջարկում բոլոր հայ ծնողներին՝ թե՛ Հայաստանում, թե՛ դրանից դուրս։ Մենք նրանց ասում ենք, որ նրանց երեխան կարող է սովորել Հայաստանում՝ իրեն հարազատ եւ ապահով միջավայրում, բայց ստանալ միջազգային որակի կրթություն, որը կլինի շատ ավելի էժան եւ մատչելի։ Եվ այսօր «Այբ» դպրոցի օրինակով մենք ունենք ընտանիքներ, որոնք տեղափոխվել են Հայաստան այնպիսի երկրներից, ինչպիսին են ԱՄՆ-ը, Կանադան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Ղազախստանը, Ռուսաստանը, Անգլիան եւ այլն։

 

Այս առումով, մեր խորին համոզմամբ, այն, ինչ մենք անում ենք, նպաստում է Հայաստանի նկատմամբ պատասխանատվություն զգացող մարդկանց թվի աճին։ Այո՛, նրանք կգնան, կսովորեն արտասահմանյան բուհերում, այո՛, նրանք կհայտնվեն աշխարհի լավագույն կենտրոններում, որտեղ աշխարհի ապագան է որոշվում․ դա ցանց է, բայց մենք նաեւ համոզված ենք, որ նրանք կօգտագործեն այդ ցանցը ի շահ իրենց երկրի։

 

Այսօր Կրթության գերազանցության ազգային ծրագրի շնորհիվ մենք ունենք տասից ավելի մասնագետներ, ովքեր վերադարձել են Հայաստան կամ հետ են կանգնել Հայաստանը թողնելու որոշումից, քանի որ այսօր ծրագրի միջոցով գտել են իրենց մասնագիտական իրագործման ուղին։

 

- Ո՞րն է «Այբ» դպրոցի դերը «Արարատյան բակալավրիատ» ծրագրում։

 

- «Այբ» դպրոցը այն «լաբորատորիան» է, որտեղ այս ամենը ստեղծվում եւ փորձարկվում է արդեն հինգ տարի։ Եթե չլիներ «Այբ» դպրոցը, դժվար թե լինեին Արարատյան բակալավրիատը եւ Կրթության գերազանցության ազգային ծրագիրը (ԿԳԱԾ)։

 

- Արդեն հայտնի՞ է, թե որն է լինելու հաջորդ դպրոցը, որտեղ Արարատյան բակալավրիատ ծրագիրը կներդրվի։

 

- Մենք ընտրելու ենք գործընկերների, ովքեր պատրաստական կլինեն մեզ հետ ԱԲ համակարգի անդամ դառնալու ճանապարհն անցնել։ Սա նշանակում է, որ դպրոցները պետք է այդ որոշումը ինքնուրույն կայացնեն, իսկ մենք կօգնենք նրանց, որ մոտակա տարիներին բացեն դռները Արարատյան բակալավրիատի իրենց առաջին աշակերտների առաջ։ Ժամանակի ընթացքում այդ դպրոցների թիվը կշատանա, եւ դրան զուգահեռ կաճի այդ կրթությունը ստացող երեխաների թիվը։

 

Մենք նախատեսում ենք, որ Արարատյան բակալավրիատի հաջորդ դպրոցի առաջին երեխաները դպրոց կգնան 2018 թվականի սեպտեմբերի 1-ին։ Դա նշանակում է, որ դպրոցների ընտրությունը պետք է կատարվի մինչեւ 2017 թվականի առաջին կեսը, որպեսզի հասցնենք նրանց հետ անցնել ողջ նախապատրաստական գործընթացը։

 

- Արարատյան բակալավրիատը հաճախ ասոցացվում է «Այբ» դպրոցի հետ, եւ հարց է առաջանում, թե որքանով մատչելի կլինի ուսումնառությունը ԱԲ-ի դպրոցներում։

 

- Նախ պետք է հասկանալ, որ «Այբ» ավագ դպրոցը սոցիալական ծրագիր է, եւ եթե պետական դպրոցների դեպքում պետությունն է վճարում կամ մենք՝ հարկատուներս, ապա «Այբ» ավագ դպրոցի դեպքում բարերարներն են վճարում այն ծնողների փոխարեն, որոնք ի վիճակի չեն վճարելու իրենց երեխաների կրթության համար։ Եվ այսօր երեխաների մոտ 60 տոկոսը սովորում է՝ ստանալով կրթաթոշակ։

ԱԲ սերտիֆիկատների առաջին տերերը ԱԲ սերտիֆիկատների առաջին տերերը

Լուսանկարը` Այբ

Իսկ ինչ վերաբերում է բոլոր այն դպրոցներին, որոնք գործելու են ԱԲ-ի ծրագրի շրջանակում, դրանք լինելու են պետական դպրոցներ, եւ ինչպես մնացած բոլոր պետական դպրոցները, լինելու են անվճար։

 

- Արդյո՞ք ԱԲ-ն կարող է կիրառվել սփյուռքի հայկական դպրոցներում ու դառնալ միջոց, որը կարող է օգնել լուծել սփյուռքի հայկական դպրոցների ոչ մրցունակ դառնալու խնդիրը:

 

- Մենք բազմիցս ասել ենք, որ «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը կիրառվելու է ոչ միայն Հայաստանում, այլեւ Հայաստանից դուրս։ Շատ հաճախ ծնողները ընտրության առաջ են կանգնում սփյուռքում՝ երեխային տանել հայկակա՞ն դպրոց՝ փորձելով լուծել հայապահպանության խնդիրը, թե՞ տեղի լավագույն դպրոց՝ ապագայի ավելի լայն հնարավորություններ ստեղծելով նրա համար։ Արարատյան բակալավրիատը վերացնում է այդ երկընտրանքը։ Այսինքն՝ Արարատյան բակալավրիատը հնարավորություն կընձեռի սփյուռքի հայ երեխաներին սովորելու հայալեզու ծրագրով, հայկական միջավայրում, բայց ստանալու միջազգային չափանիշներին համապատասխան որակյալ կրթություն։ Այնպես որ, այո՛, ըստ մեր ծրագրերի՝ Արարատյան բակալավրիատը մտնելու է սփյուռքի հայկական դպրոցներ։

 

Դավիթ Սահակյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին