Արամ Ա Կաթողիկոս. «Պետք է ինքնաքննության ենթարկվենք» - Mediamax.am

exclusive
27799 դիտում

Արամ Ա Կաթողիկոս. «Պետք է ինքնաքննության ենթարկվենք»

Արամ Ա Կաթողիկոսը
Արամ Ա Կաթողիկոսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքսին

 

- Վեհափառ Տեր, ինչպե՞ս ստացաք Արցախի դեմ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման մասին լուրը:

 

- Ապրիլի 2-ի առավոտյան իմացա, որ Արցախի որոշ ճակատներում իրավիճակը լարվել է: Անմիջապես զանգահարեցի Արցախի նախագահ Բակո Սահակյանին: Բնականաբար, պարոն նախագահը այս դժվար կացության ժամանակ ղեկավարում էր դիմադրությունը: Ես նախագահի մոտ նկատեցի հավատքի տոկունություն եւ թշնամու ներխուժումը դիմագրավելու ամուր վճռականություն: Մեկ օր անց հեռախոսազրույց ունեցա ՀՀ նախագահի հետ՝ հայտնելով պատրաստակամությունս օգնելու Արցախին մեր կարելիության սահմաններում: Հստակ կերպով ասացի, թե մենք Սփյուռքում պատրաստ ենք անել հնարավոր ամեն ինչ՝ օգտակար լինելու այս պահին:

 

Որոշեցի անձնապես այցելել Արցախ, ուր երբեք չէի եղել մինչեւ այս: Հակառակ այն իրողությանը, որ միշտ էլ Արցախի նախագահը հրավիրում էր եւ հիշեցնում, բայց առիթ չէր լինում այցելելու համար: Ժամանակը եկավ, եւ ես որոշեցի, որ պետք է գնամ Արցախ: Կապ հաստատեցի Գարեգին Վեհափառի հետ, եւ մենք միասին որոշեցինք գնալ եւ մեր եկեղեցու զորակցությունը հայտնել Արցախի ժողովրդին, բանակին եւ պետությանը:

 

- Նշեցիք, որ կամքի տոկունություն նկատեցիք Արցախի նախագահի մոտ: Իսկ ի՞նչ տեսաք արցախահայերի շրջանում:

 

- Ժողովրդի մոտ նկատեցի որոշ ապրումներ, երբեմն հակասական, տարբեր: Ժողովուրդը հուսահատ չէ, այն մնում է ամուր կանգնած իր հողին: Բայց այս կացության դիմաց, բնականաբար, ժողովրդի մոտ նկատեցի նաեւ մի տեսակ անորոշություն: Մարդիկ մտածում են՝ եթե թշնամին այս կերպով հարձակում գործեց, ապա վաղը կարող է նույնը կրկնել: Այս զգացումը կարող է ամենօրյա տագնապի վերածվել եւ ժողովուրդը մղել անորոշության: Մենք այս կացության մատնվեցինք: Ինչու՞ մեր բարեկամ Ռուսաստանը մեզ օգտակար չեղավ, ինչու՞ զինեց Ադրբեջանին եւ նույն ձեւով չզինեց մեզ: Այս խոսակցությունները կային ժողովրդի բոլոր շերտերի շրջանում: Վերջապես, մեր ժողովրդի մոտ տեսա բանակի հանդեպ խորը հարգանք:

Արամ Ա Կաթողիկոսը Արամ Ա Կաթողիկոսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բայց այս ամենից հետո, կարծում եմ, երբ ալիքները հանդարտվեն, մենք պետք է նստենք ազգովի, եւ հարցադրումներ կատարենք ինքներս մեզ համար: Կյանքում ուրիշին հարցեր տալը շատ դյուրին է, մեր անձին հարց տալը՝ շատ դժվար: Ուրիշի հանդեպ պահանջկոտ լինելը շատ դյուրին է, մեր անձի հանդեպ՝ շատ դժվար: Այս պարագայում ուրիշներին պետք է դնենք մեկ կողմ: Նախ մենք՝ Հայաստանը, Արցախը, հայությունը, սփյուռքը՝ որպես հավաքական ուժ, պետք է նստենք եւ մտածենք, թե ի՞նչ է պատահել, պատահակա՞ն էր դա արդյոք, ծրագրվա՞ծ էր, ինչո՞ւ պատահեց: Մի՞թե մենք տեղյակ չէինք, որ Ադրբեջանը նման բան է ծրագրում: Եթե տեղյակ չէինք, ինչո՞ւ տեղյակ չէինք: Նշանակում է՝ պակաս բան ենք արել: Եթե տեղյակ էինք, ինչո՞ւ համապատասխան կերպով չհամախմբվեցինք: Որտե՞ղ ենք թերացումներ ունեցել, որտե՞ղ ենք հաջողել: Նման հարցադրումները պետք է անենք անկեղծ, ինքնաքննական մոտեցմամբ: Եթե հիմա դա չանենք ու հարցին նայենք միայն զգացական մոտեցմամբ, մենք ապագայում ավելի լուրջ վտանգի առջեւ կարող ենք կանգնել: Հետեւաբար, այս հարցերի մասին անկեղծ պետք է խոսենք:

 

Իմ սպասումն է, որ թե՛ Հայաստանի եւ թե՛ Ղարաբաղի նախագահները ժողովրդի առջեւ հանդես կգան հույս ներշնչող ուղերձով՝ բացատրելով կատարվածը: Զգացական հայրենասիրությանը պետք է հաջորդի իրական, գիտակցական հայրենասիրությունը:

 

- Մոտ յոթ ամիս առաջ Լիբանանում կայացած մեր նախորդ զրույցի ժամանակ Դուք նշեցիք, որ մեծ սպասումներ ունեք Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից՝ զգացական հայրենասիրությունից գործնական փուլ անցնելու իմաստով: Այս չորսօրյա պատերազմն արթնության կոչ դարձա՞վ հայության համար՝ Արցախի եւ հզոր Հայաստան կառուցել շուրջ համախմբվելու հարցում:

 

- Հայաստանի կամ Արցախի հարցն ամբողջ հայության խնդիրն է: Սա սովորական կարգախոս չէ, ազգային իդեալին պատկանող զգացական արտահայտություն չէ, այլ ռազմավարական իմաստ է: Արցախը, Հայաստանը եւ Սփյուռքը սերտորեն կապված են միմյանց: Երբ խոսում ենք ազգային պահանջատիրության մասին, ես դրա հիմքը տեսնում եմ Հայաստանի հզորացումը:

Արամ Ա Կաթողիկոսը Արամ Ա Կաթողիկոսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանը մեր իրավունքների պաշտպանն է: Մենք այդպես էինք ասում դեռեւս Սովետական Հայաստանի պարագայում: Ազատ եւ անկախ Հայաստանը մեր ժողովրդի արդար դատի դրոշակակիրն է, պաշտպանն է, իրավատերն է միջազգային հարթակներում: Ուստի, Հայաստանն ինքը պետք է զորեղ լինի, եւ սա մեզ համար առաջնային է: Արցախը Հայաստանի պաշտպանության դուռն է, պարիսպն է: Հետևաբար` Արցախն էլ պետք է պահենք հզոր: Պետք է հասկանանք, որ բարբարոսների հետ գործ ունենք, ոչ պարզապես թշնամու, այլ ցեղասպանի հետ: Արցախի հզորացումը կենսական է: Սփյուռքում Հայ Դատը մեր ամենօրյա պայքարն է,  մեր ազգային գաղափարների ներուժն է, բայց մենք չենք կարող այն հետապնդել առանց հզոր Հայաստանի եւ հզոր Արցախի:

 

Եթե Ցեղասպանության հարյուրամյակի առիթով ընդունված Համահայկական հռչակագիրը չգործածվի իրական կյանքում, կդառնա թղթի կտոր: Արցախի հարցը համայն հայության խնդիրն է: Այս օրերի ամենագլխավոր հարցը հայկական բանակի հզորացումն է, եւ սա անելու համար չպետք է միայն դիմել սփյուռքին՝ դրամահավաք կազմակերպելու համար: Ո՛չ: Յուրաքանչյուր հայ այս ուղղությամբ անելիք ունի:

 

Փառք Աստծո, մեր ազգի մեջ մենք ունեւորներ ունենք, ովքեր միայն Սփյուռքի մեջ չեն: Այդ ունեւորները նախ եւ առաջ Հայաստանում են, եւ նրանք նախ եւ առաջ պետք է ներդրում կատարեն: Սովորական հանգանակություններով մենք չպետք է այս հարցերը քննարկենք:

Արամ Ա Կաթողիկոսը Արամ Ա Կաթողիկոսը

Լուսանկարը` Մեդիամաքս

- Ի՞նչ դասեր պետք է քաղեն ՀՀ իշխանություններն այս չորսօրյա պատերազմից: Հիմա շատերը մեր երկրում ակնկալում եւ պահանջում են կտրուկ եւ արմատական փոփոխություններ թե՛ երկրի սահմանների պաշտպանության, թե՛ ներքին կյանքի բարելավման ուղղությամբ:

 

- Այս պահից պետք է դասեր քաղենք, ինքնաքննության ենթարկենք մեզ, բայց պետք չէ այս լույսի ներքո հանցավորներ փնտրել: Եթե հանցավորներ կան, բոլորս էլ հանցավոր ենք: Ձախողումներն ու հաջողությունները բոլորինս են: Այո՛, այն ինչ կատարվեց Արցախում, մեզ պետք է ազգովի՝ պետությանը, եկեղեցուն, քաղաքական կուսակցություններին, մտավորականությանը, բոլորին մղի ինքնաքննության: Պետք է գեղեցիկ, երկար հայտարարություններից, կոչերից անցնենք անելիքներին: Եկեք համախմբվենք դրանց շուրջ եւ ձեռնամուխ լինենք Հայաստանի եւ Արցախի ինքնապաշտպանությանը: Այստեղ կամ այնտեղ գումար հավաքելով հարցերը չեն լուծվում: Հարցեր կան, որ պարզապես միայն դրամով չեն լուծվում: Ահավասիկ, Արցախը ցույց տվեց, որ Ադրբեջանի կատարելագործված զենքերի դիմաց մեր տղաներն իրենց արյունով հաղթեցին: Հետեւաբար, երբ խոսում ենք վերակազմակերպման, հզորացման մասին, միայն դրամին չպետք է նայենք:

Արամ Ա Կաթողիկոսը Արամ Ա Կաթողիկոսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Համախմբում է պետք մեր արժեքների, հավատքի եւ հայրենիքի շուրջ: Պետք է հասկանանք, թե Արցախի շուրջ այս տագնապը ի՞նչ է ասում մեզ: Պետք է նշանները ճիշտ կարդանք: Սա պատահական բան չէր, կատարվածը լավ ծրագրված էր: Տողատակերում բաներ կան, որ պիտի կարդանք: Մենք չենք կարող նույնը լինել, չենք կարող լինել այն, ինչ էինք երկու շաբաթ առաջ: Նույնը չպիտի լինենք:

 

- Դուք կարեւոր ուղերձով եկաք Արցախ: Ի՞նչ ուղերձ եք տանելու Արցախից:

 

- Իմ ուղերձի բառերը մի երգի մեջ է, որտեղ ասվում է. «Հայեր միացե՛ք, միացե՛ք հայեր, Արցախն է մեզ կանչում, օգնության հասեք»: Այսօր Սփյուռքը պետք է գիտակցի, թե ինչ կացության մեջ է Արցախը եւ որ այն սփյուռքի օժանդակության կարիքն ունի: Այս կարիքը միայն նյութական չէ: Պատերազմն այսօր միայն զենքով չի մղվում: Այն ունի իր քաղաքական, քարոզչական եւ դիվանագիտական ճակատները: Եվ այս երեք ոլորտներին հատուկ կարեւորություն պետք է տանք: Տղաները հերոսաբար կռվեցին, իմ սպասումն է, որ նույն մոտեցմամբ մեր դիվանագիտությունը պայքարի՝ ոչ կրավորական, այլ հարձակողական ոգով՝ համախմբվելով մեր ազգի խնդիրների շուրջ:

 

- Վեհափառ Տեր, կորստի ամենամեծ ցավն այս օրերին բաժին ընկավ այն ընտանիքներին, որոնք կորցրին որդի, հայր, եղբայր, ամուսին: Ի՞նչ կասեք այդ ընտանիքներին:

 

- Մենք՝ որպես պետություն, եկեղեցի, ժողովուրդ, պետք է մեր խոր գնահատանքը եւ երախտագիտությունը հայտնենք մեր հերոսների եւ նրանց ծնողների, ընտանիքների նկատմամբ: Հեշտ չէ զավակ կորցնել: Անչափ գնահատելի է այն նվիրումը, որ մարդիկ պատրաստ են իրենց զավակներին ճանապարհել Արցախը պաշտպանելու:

Արամ Ա Կաթողիկոսը Արամ Ա Կաթողիկոսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բայց պետք է զգույշ մնանք որոշ անձնական, քարոզչական նպատակներից, երբ մարդիկ մեկնում են առաջնագիծ, զինվորական հագուստ հագնում, զենք վերցնում ձեռքը, լուսանկարվում, տեղադրում այդ լուսանկարը համացանցում եւ իրենց «Արցախի հերոս» հռչակում: Այս երեւույթները ես նկատեցի որոշ շրջանակներում: Զգույշ պետք է լինել այս երեւույթներից: Բայց միեւնույն ժամանակ ցանկանում եմ նշել, որ մեր զինվորների եւ նրանց ընտանիքների նկատմամբ մենք հարգանքից ավելին պետք է ցուցաբերենք: Նախեւառաջ, պետք է օգտակար լինենք նրանց կարիքներին՝ թե նյութական, թե հոգեբանական: Պետք է զորավիգ կանգնենք նրանց:

 

Անտարբերությունը նրանց հանդեպ անթույլատրելի է: Այստեղ անելիք ունեն բոլորը՝ եկեղեցին, պետական ու համայնքային կառույցները:

 

Արամ Ա Կաթողիկոսի հետ զրուցել է Եկատերինա Պողոսյանը

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին