Ռոբ Նիլսոն. Կյանքում ամեն ինչ մեր ընտրության արդյունքն է - Mediamax.am

exclusive
13938 դիտում

Ռոբ Նիլսոն. Կյանքում ամեն ինչ մեր ընտրության արդյունքն է

Ռոբ Նիլսոնը
Ռոբ Նիլսոնը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Ամերիկացի ռեժիսոր Ռոբ Նիլսոնը այս օրերին Երեւանում է`մասնակցում է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնին: 1979 թվականին Կաննի փառատոնի հեղինակավոր «Ոսկե տեսախցիկ» մրցանակին արժանացած Նիլսոնը համարվում է ամերիկյան անկախ կինոյի կենդանի դասականներից մեկը: Նա նաեւ թվային կինոնկարահանման Direct Action ոճի ստեղծողն է:

 

- Ձեր պապիկը` Ֆրիտյոֆ Հալմբոն վավերագրական ֆիլմերի հայտնի ռեժիսոր էր, նաեւ լուսանկարիչ: Արդյո՞ք ռեժիսորի մասնագիտությունը նրանից ստացված ժառանգությունն է:

 

-Միշտ հիացել եմ նրանով: Պապիկս հին սերնդի մարդ էր` կարեւորում էր ընտանեկան ավանդույթները: Երեխաների հետ զրուցում էր այնպես, կարծես նրանք հասուն մարդիկ լինեին: Փոքր էի, այն ժամանակ դեռ շատ բան չէի հասկանում, նույնիսկ չգիտեի մտածելն ինչ է, իսկ նա ինձ խորը հարցեր էր տալիս ու  հավատում, որ մի օր կգտնեմ դրանց պատասխանները, նաեւ կհասկանամ ու կկիրառեմ այն դասերը, խորհուրդները, որ տալիս էր ինձ: Շատ ուժեղ մարդ էր, խելացի ու իմաստուն, ինքն իր հստակ ձեւավորված կարծիքն ուներ, բայց երբեւէ դպրոց չէր հաճախել: Իսկ ես չէի սիրում կինոն, չէի ուզում շարունակել իր ուղին, ռեժիսոր դառնալու մասին խոսք անգամ չկար:

Ռոբ Նիլսոնը Ռոբ Նիլսոնը

Լուսանկարը` Մեդիամաքս

-Այսինքն` ռեժիսորի մասնագիտությունը ձեր գիտակցված ընտրությու՞նն էր:

 

-Ամեն ինչ այս կյանքում մեր գիտակցված, կամ էլ անգիտակից ընտրության արդյունքն է՝ ցանկացած բան, որ պատահում է մեզ հետ: Ֆիլմ նկարահանելն այնքան պատահաբար եղավ իմ կյանքում: Ընկերս Աֆրիկայում էր ապրում, մի օր զրուցում էինք, կինո նկարելու խենթ գաղափար ծնվեց: Ու արեցինք, իհարկե այնքան էլ լուրջ բան չստացվեց, բայց որոշ ժամանակ անց, 60-ականների վերջին, իսկապես լուրջ ֆիլմ նկարահանեցինք: Ու հենց այդ ժամանակ էլ կինոյի աշխարհի թակարդն ընկա:

 

-Որպես ռեժիսոր եւ դերասան ձեզ շատ լավ ճանաչում են: Բայց դուք նաեւ բանաստեղծ եք, կինոն բավարար չէ՞ր , որ սկսեցիք ինքնաարտահայտվել պոեզիայի միջոցով:

 

- Երբ առաջին անգամ կարդացի Քոնրադ Էյքոնի բանաստեղծությունը, մի այսպիսի տող կար` նա մոտեցավ անդունդին, ներքեւ նայեց ու հասկացավ, որ պատկերացում անգամ չուներ նրա մասին, թե խավարն իրականում որքան խորն է: Այս տողը դիպավ հոգուս: Քոնրադ Էյքոնն ու Թոմաս Էլիոթը միասին էին սովորել, միմյանց լավ ճանաչում էին: Նրանց միջեւ կարծես միշտ մրցակցություն կար, չնայած որոշ ժամանակ անց Էլիոթը հայտնի դարձավ, էլ ի՞նչ մրցակցություն, իսկ Քոնրադի մասին ոչ ոք չի էլ հիշում: Սիրում եմ Ուիթմանին, Մանդելշտամին, Մայակովսկուն:

Ռոբ Նիլսոնը Ռոբ Նիլսոնը

Լուսանկարը` Մեդիամաքս

-Իսկ ինձ թվում էր, թե դուք պիտի որ Բուկովսկի սիրեիք:

 

-Հետաքրքիր է, երբեք չեմ խորացել նրա արվեստի մեջ: Ոչ էլ Ալեն Գինսբերգ եմ կարդացել: Բայց Ջեք Կերուակի «Ճանապարհի վրա» ստեղծագործությունը ստիպեց ինձ ճանապարհորդել, երազել…

 

-Պոեզիան փոխե՞ց ձեր կյանքը:

 

-Իհարկե, մինչ այսօր էլ բանաստեղծություններ եմ գրում: Վերջին բանաստեղծություններիցս մեկը սկսեցի գրել Մոսկվայում, երբ այցելեցի Լենինի դամբարան, հետո Մեքսիկա մեկնեցի, ակումբ գնացի ու շարունակեցի գրել այն: Ամեն ինչն էլ ոգեշնչում է ինձ ու արդյունքում կարող է վերածվել բանաստեղծության:

 

Պոեզիան մարդու լավագույն ընկերն է, երբ տխուր կամ միայնակ ես, այն առեղծվածային կերպով միանգամից կողքիդ է հայտնվում: Մոտ մեկ տարի է ոչինչ չեմ գրել, ուշադիր ունկնդրում եմ, բայց դեռեւս ոչինչ չեմ լսում: Իսկ գուցե պատճառն այն է, որ միանգամից չորս ֆիլմի նկարահանման աշխատանքներով եմ զբաղված:

Ռոբ Նիլսոնը Ռոբ Նիլսոնը

Լուսանկարը` Մեդիամաքս

-Իսկ Ռոբ Նիլսոն բանաստեղծը չի խանդու՞մ Ռոբ Նիլսոն ռեժիսորին:

 

-Նրանք երկուսով խանդում են Ռոբ Նիլսոն նկարչին: Ի դեպ, վաղուց չեմ նկարել: Ստուդիա ունեմ, որտեղ էլ նկարում եմ ու վրձինները, կտավները ինձ վաղուց սպասում են: Երկար ժամանակ է նրանց չեմ դիպչել, փոխարենը նրանց ֆիլմում եմ նկարահանել:

 

Այսօր ինձ համար առաջնային է կինոյի եւ պոեզիայի աշխարհը: Չնայած նորից սկսել եմ շեփոր նվագել: Այն օգնում է ինձ ապրել: Երբեմն, շեփոր նվագելը իրականությունից փախչելու լավագույն միջոցն է: Նվագում եմ, որ հանգստանամ, ինքս ինձ հետ զրուցեմ: Հետո գիտե՞ք, կինոյի այն ոլորտը, որ ընտրել եմ, այդքան էլ շատ գումար չի բերում, դրա համար էլ, երբեմն, ստիպված եմ մի քանի բան միաժամանակ անել, որ գումար վաստակեմ ու ավարտին հասցնեմ հերթական ֆիլմը: Ամենից հետաքրքիրն այն է, որ միշտ գտնվում են մարդիկ, որ սկսում են քննադատել:

 

- Քննադատությունը միշտ վա՞տ է:

 

- Երեւի այս հարցում պապիկիս նման եմ, ձեւավորված կարծիք ունեմ, մասնավորապես, ամերիկյան կինոյի վերաբերյալ: Էականն այն է, թե ինչ է անում արվեստագետը եւ ինչպես է անում: Հինգ մարդ համաձայնում է քննադատության հետ, մյուս հինգը` բարկանում: Քննադատները միշտ պիտի հասկանան, որ նրանք արվեստագետից կախման մեջ են: Իհարկե, կան այնպիսի պայծառ ու խելացի քննադատներ, որ արվեստագետի վրա աղբ նետելու ու հիմար բաներ ասելու փոխարեն կարողանում են արժեքավոր կարծիք արտահայտել ու ստեղծել սեփականը:

Ռոբ Նիլսոնը Ռոբ Նիլսոնը

Լուսանկարը` Մեդիամաքս

-Այնուամենայնիվ, չկա՞ մեկը, ում կարծիքն իսկապես կարեւոր է ձեզ համար:

 

- Իհարկե կա` ռեժիսոր Ջոն Կասավետիսը, իմ ուսուցիչն ու ոգեշնչման աղբյուրը: Երբ հանդիպեցի նրան, այն ամենն ինչ ասում էր, ինձ համար բավարար չէր, ավելին էի ուզում լսել ու ամեն բառը մեխվում էր հիշողությանս մեջ: Չէ որ հենց նրա արվեստը փոխեց կյանքս: Ուրիշ մեկն էլ կա, ում կարծիքը շատ եմ կարեւորում` 4-ամյա թոռնուհիս է: Նա ամեն ինչ զգում է ու հասկանում է: Այնքան գեղեցիկ է հետեւել նրան, ինչպես է մեծանում: Նման զգացողություն երբեւէ չեմ ունեցել, որովհետեւ դստերս մանկության ընթացքում ֆիլմեր էի նկարահանում ու շատ բան բաց եմ թողել: Իսկ հիմա կարող եմ ինձ թույլ տալ զգալ այն ամենը, ինչ ժամանակին չեմ հասցրել:

 

Զրուցեց` Լենա Գեւորգյանը

Լուսանկարները`Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին