Թեա Ցուլուկիանի. ԵՏՄ-ն չի խանգարում հայ-վրացական կապերին - Mediamax.am

exclusive
13155 դիտում

Թեա Ցուլուկիանի. ԵՏՄ-ն չի խանգարում հայ-վրացական կապերին

Թեա Ցուլուկիանիn
Թեա Ցուլուկիանիn

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը`


Հունիսի 24-25-ին նախատեսված հայաստանյան այցի նախօրեին Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին պատասխանել է Մեդիամաքսի հարցերին:

 

- Տիկին Ցուլուկիանի, ո՞րն է Ձեր երեւանյան այցի հիմնական նպատակը:

 

- Հայաստանի եւ Վրաստանի արդարադատության նախարարությունների միջեւ գործընկերային հարաբերությունները երկար պատմություն ունեն: 2013թ. ես Հայաստան այցելեցի իմ հայ պաշտոնակցի հրավերով, իսկ այս տարվա գարնանը տեղի ունեցավ պատասխան այցը, որի շրջանակում Փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց: Հենց այդ ժամանակ իմ պաշտոնակից Հովհաննես Մանուկյանը հանդես եկավ Երեւանում հայ-վրացական իրավաբանական համաժողովի անցկացման նախաձեռնությամբ: Այդպիսով, այցի հիմնական նպատակն այդ համաժողովի անցկացումն է, որը կօժանդակի մեր նախարարությունների համագործակցության խորացմանը:

 

- Վրաստանում իրականացված ո՞ր բարեփոխումները կարող են օգտակար լինել Հայաստանի համար:

 

- Այդ հուշագիրը, որը ես հիշատակեցի, սահմանում է բարեփոխումների այն ուղղությունները, որոնց շուրջ կողմերը պայմանավորվել են համագործակցել: Մենք վստահ ենք, որ լավ ներուժ ունենք՝ համագործակցությունը զարգացնելու համար հետեւյալ ուղղություններով՝ էլեկտրոնային կառավարության հարցեր, բաց կառավարության գործընկերություն (OGP), անչափահասների հարցերով արդարադատություն, արդարադատության տներ, պետական ծառայությունների մատուցում, հատկապես՝ գյուղական համայնքներում, պետական միասնական մատյաններ, դատական որոշումների կատարման հարցեր, տեղեկատվության ստացման ազատություն, նոտարական հիմնարկներ, դատավարության եւ քրեական իրավունքի բարեփոխում եւ այլն:

 

Այս հարցերի մեծ մասին մենք անդրադարձել ենք Հովհաննես Մանուկյանի վրաստանյան այցի ընթացքում: Իմ պաշտոնակիցը եւ Հայաստանի արդարադատության նախարարության պատվիրակությունը շրջել են Վրաստանի արդարադատության տներով եւ հասարակական կենտրոններով:

 

- Գիտենք, որ Դուք անձամբ մասնակցում եք Ջավախքում քաղաքացիության ու անձ հաստատող փաստաթղթերի հետ կապված հարցերի լուծմանը: Ինչպե՞ս է զարգանում գործընթացը, քանի՞ հոգի է արդեն ստացել Վրաստանի քաղաքացիություն, եւ քանի՞սն են մերժվել:

 

- 2014թ. սեպտեմբերի 1-ից Վրաստանում ուժի մեջ մտավ «Արտասահմանցիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքը: Սա այն թեման է, որին ես անձամբ բավականին ժամանակ ու ջանքեր եմ նվիրել: Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանի ու Սամվել Պետրոսյանի հետ միասին, որոնք ներկայացնում են Նինոծմինդան  ու Ախալքալաքը, մենք աշխատանքային խումբ ենք ստեղծել, որպեսզի հնարավորինս կարճ ժամանակահատվածում լուծենք մեր ազգային փոքրամասնությունների խնդիրները: Ստեղծվել է մեծամասնական պատգամավորների ու կառավարության ներկայացուցչի համագործակցության հիանալի նախադեպ:

 

Այսօր իրավիճակը հետեւյալն է. օրենքի՝ ուժի մեջ մտնելու օրվանից մինչ այժմ Սամցխե-Ջավախքում գրանցված 46 հոգի ստացել է Վրաստանի քաղաքացիություն: Սամցխե-Ջավախքի տարածքում բնակվող 2877 հոգի ստացել է Վրաստանում կացության իրավունք, 38 հոգի՝ մերժվել է: Ցանկալի կլիներ, եթե նշված անձինք նույնպես շուտով դառնային Վրաստանի քաղաքացի, սակայն ես հասկանում եմ, որ տվյալ փուլում այլ երկրի քաղաքացիությունը նրանց անհրաժեշտ է տնտեսական նկատառումներից ելնելով:

 

Մենք շարունակում ենք ակտիվորեն աշխատել: Մեր ծառայությունները լիարժեք  մոբիլիզացված են այնտեղ, եւ իմ աշխատակիցները, որոնք ազգությամբ հայ են եւ կատարելապես տիրապետում են վրացերենի, մեծապես օգնում են տեղի բնակչության հետ արդյունավետ շփումներ իրականացնելու հարցում: Բացի այդ, ինձ համար առաջնահերթություն է օժանդակել հայ երիտասարդությանը, այդ թվում՝ Վրաստանի գյուղերում, ուսումնասիրել վրացերենը արդարադատության նախարարության եզակի ենթակառուցվածքի օգնությամբ: Ես ցանկանում եմ, որ նրանք հաջողակ լինեն, Վրաստանում կարիերա սկսելու հնարավորություն ունենան, ինչի համար անհրաժեշտ է տիրապետել վրացերենի:

 

- Վրաստանը ձգտում է ինտեգրվել Եվրամիությանը, իսկ Հայաստանը ԵՏՄ անդամ է: Դա չի՞ ազդի երկկողմ հարաբերությունների վրա:

 

- Վրաստանի ժողովուրդն արդեն ընտրել է Եվրամիության ուղղությունը, ինչը որեւէ կերպ չի բացառում մեր երկրների միջեւ համագործակցությունը եւ չի ջնջում մեր ժողովուրդների ու պետությունների դարավոր բարեկամությունը:

 

Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին եւ Վրաստանի՝ Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումը պետք չէ դիտարկել որպես խնդիր: Հակառակը, մենք դա ընկալում ենք որպես փոխադարձ հարստացման հնարավորություն ու երկու պետությունների համար նոր, այդ թվում՝ տնտեսական հնարավորությունների ստեղծման առիթ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին