Պատչ Ադամս. «Գեղեցիկ եւ սիրող մարդկանց երկիր է Հայաստանը» - Mediamax.am

exclusive
14138 դիտում

Պատչ Ադամս. «Գեղեցիկ եւ սիրող մարդկանց երկիր է Հայաստանը»

Պատչ Ադամսը
Պատչ Ադամսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Ծիծաղով զինված ու Սիրո հեղափոխության առաքելությամբ տասնօրյա այցով Հայաստանում էր բժիշկ, ծաղրածու, հիվանդանոցային ծաղրածուական արվեստի հիմնադիր Պատչ Ադամսը: Ծաղրածուների խմբի հետ նա այցելեց Երեւանի, Գյումրիի, Վանաձորի եւ Դիլիջանի մանկատներ ու մանկական հիվանդանոցներ, դասախոսություններ կարդաց Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում եւ Հայաստանի Ամերիկյան համալսարանում:

 

Մեդիամաքսին տված հարցազրույցում Պատչ Ադամսն ամփոփել է հայաստանյան շրջագայությունը, պատմել այստեղ իրականացրած առաքելության ու իր տպավորությունների մասին:

 

- Հայաստանի մասին առաջն անգամ իմացել եք նամականիշներից: Ինչպիսի՞ երկիր էիք պատկերացնում նամականիշների վրայի Հայաստանն ու ինչպիսի՞ն էր այն իրականում:

 

- Իսկապես, հավաքում էի նամականիշներ: Մենք զինվորական ընտանիքից էինք եւ շատ փող չունեինք, դրանց միջոցով էինք ծանոթանում ամբողջ աշխարհի հետ: Երկրի պատմությունը, արվեստը, բնությունն ու անունն այդ նամականիշների վրա են դրոշմված: Եթե դու քարտեզ ունես, կարողանում ես գտնել այդ երկիրը: Երբ նամականիշ էի հավաքում 9-10 տարեկան էի, այժմ 70 տարեկան եմ: Չես կարող համեմատել. դա նույնն է, որ լսես համբույրի մասին եւ համեմատես իսկական համբույրի հետ: Տարբեր բաներ են: Նամականիշներից սովորեցի, թե որտեղ է գտնվում Հայաստանը: Հետո արդեն Ցեղասպանության վերաբերյալ գրքեր ունեի, գիտեի, որ կան հայեր, կա Վիլիամ Սարոյան, որին դուք կոչում եք հայ, իսկ ես կոչում եմ ամերիկացի:

 

-Առաջին անգամ էիք մեր երկրում: Ի՞նչ տպավորություններ ունեք, ինչպիսի՞ մարդիկ են այստեղ ապրում:

 

- Գեղեցիկ ու սիրող մարդկանց երկիր է Հայաստանը: Ի տարբերություն շատ զբոսաշրջիկների՝ ես հարյուրավոր հայերի հետ եմ գրկախառնվել: Բոլորն ինձ ընդունեցին սիրով, տատիկները բարձրաձայն ծիծաղում էին իմ հետ: Մեր այցելած մանկատներում ես տեսա խնամող ու բարի սրտեր:

 

- Ինչպե՞ս եք ծանոթացել Ռուբեն Վարդանյանի հետ եւ ինչպե՞ս նրանից ստացաք Հայաստան գալու առաջարկը:

 

-13 տարի առաջ Ռուսաստանում ծանոթացա Մարիա անունով մի կնոջ հետ, ով մանկատներում երեխաների խնամքով էր զբաղվում: Երբ Մարիան սկսեց խնամել երեխաներին, շատ աղքատ էր: Նա այնքան ուժեղ էր, որ իր կազմակերպությունը կառուցեց ու ամեն տարի երեխաների պատրաստած իրերը վաճառում է աճուրդում, որպեսզի կազմակերպությունը կարողանա գոյատեւել: Նախորդ տարի նոյեմբերին հերթական աճուրդին մասնակցում էր նաեւ Ռուբեն Վարդանյանը: Նա ամաչկոտ մարդ չէ: Իր տեսակն ինձ շատ հոգեհարազատ է: Եկավ ինձ մոտ եւ ասաց. «Պատչ, պիտի գաս Հայաստան»: Ես գիտեի՝ ինքն ով է, ասացի. «Միանգամից 25 ծաղրածու տար»: Եղավ: Մեր կատարած 150 ճամփորդություններից միայն 10-ն է, որ վճարվել է մեկ անձի կողմից: Ռուբենի հետ հեշտ է, նա ուզում է կիսվել: Ես երբեք չեմ հանդիպել այդպիսի հարուստ մարդու, որն առանց նախապայամանների կիսվելու այդքան ցանկություն կունենար: Նրա աչքերից հասկացա, որ գալու ենք Հայաստան: Իր թիմը մեզ համար մեծ մայրիկ էր դարձել:

 

- Հայաստանյան մանկատներում եւ մանկական հիվանդանոցներում ապրող երեխաներն ամենից շատ ինչի՞ կարիք ունեն:

 

- Որոշ հաստատություններում ֆինանսավորումն ավելի լավ էր, քան մյուսներում: Բայց ֆինանսավորումը դեռ չի նշանակում լավ անձնակազմ: Տեղեր կային, որտեղ ես մայրական սեր ու հոգատարություն էի տեսնում, մի մասում դա ավելի պակաս էր: Ես ցանկանում եմ, որ անձնակազմում ավելի շատ կանայք կամ շատ սիրող տղամարդիկ ներառվեն:

 

Երեխաներին պետք է սերը դպրոցից սովորեցնել: Ամենավատը ոչ թե երեխային սպանող քաղցկեղն է, այլ որբանոցում ապրող այն ագրեսիվ տղաներն են, որոնց կյանքը սարսափելի է: Իրենք որբանոցում են, մայրական սիրուց զրկված անօթեւաններ են: Ամենաբարդ ու դժվար բանն է սա: Ինչպե՞ս նման կոպիտ ու կոշտ երեխային սիրող անձնավորություն դարձնես. դա շատ դժվար է կատարել որբանոցի միջավայրում: Այդպես բոլոր երկրներում է: Եթե քեզ սիրող ծնողներն են մեծացնում, դու էլ կսիրես, եթե անախորժ եւ բռնի ընտանիքում ես մեծացել, ապա այդպիսի մարդ էլ կդառնաս: Ինչ-որ մեկի կողմից խնամք չստանալը խոցում է բոլոր երեխաներին՝ լինի աղքատ, թե հարուստ:

 

Ամեն մի երեխայի սիրող ընտանիք է պետք: Եթե ինչ-որ երկրում երեխաները տուն չեն ունենում, ուրեմն այդ երկրում ինչ-որ բան այն չէ: Եվ այդպիսի տեղ, իրոք, դժվար է գտնել: Հույս ունեմ, որ երբ նրանք մեծանան, ուրիշ ուղղություն կվերցնեն: Մեզ բոլորիս տուն է պետք, որտեղ մեզ կսիրեն: Երբ իրենք դա չունեն, իրենց վարքագիծն անախորժ է դառնում:

 

Ես չեմ ցանկանում, որ տղամարդիկ ծեծեն կանանց: Ես համոզված եմ, որ կատարյալ ընտանիքների մեծ մասը կանանց ուսերի վրա է: Դա կանանց հրաշքն է. եթե անգամ հայրը վատ անձնավորություն է, միեւնույնն է, կանայք կարողանում է ընտանիքը դարձնել սիրով լի տուն:

 

- Հայաստանում Ձեր առաքելությունն ավարտվա՞ծ է, թե՞ շարունակության սպասենք:

 

- Այս այցը տարբերվում էր մեր շատ ճանապարհորդություններից, քանի որ սա նվեր էր: Սովորաբար ծաղրածուներն են վճարում իրենց ծախսերը: Ես կզարմանամ, եթե Ռուբենը մեզ նորից չգտնի ու չբերի: Նա սիրող մարդ է, իր հոգու խորքում ուզում է Սիրո հեղափոխություն անել: Վստահ եմ, որ նա կմտածի՝ բերե՞մ նորից: Գիտեմ, որ նրան դուր է եկել գաղափարը, որ Հայաստանը դառնա առաջին երկիրը, որտեղ կսովորեցնեն սիրել: Վստահ եմ՝ նրա ուղեղում այդ միտքը զնգզնգում է: Համոզված եմ, որ Հայաստանից լուրեր կստանանք, որ մեր այցից գոհ են:

 

Կյանքն առեղծված է, չգիտես ինչ կլինի: Եթե 1971թ.-ին, երբ սկսում էի հիվանդանոց կառուցել, մտածեի, որ ծաղրածուական շարժում եմ հիմնելու, չէի հավատա: Եթե ինձ ասեին, որ թեկուզ մեկ այսպիսի շրջագայություն եմ ունենալու, ես կասեի՝ ոչ, պետք է հիվանդանոցը կառուցեմ եւ ավարտին հասցնեմ: Արդեն 45-րդ տարին եմ դա անում, ոչինչ չստացվեց իմ պատկերացրածի նման: Իմ աշխատանքը դեռ մնում է այդ հիվանդանոցը կառուցելը:  

 

-Ի՞նչ եք տանում Ձեզ հետ Հայաստանից:

 

- Փոքրիկ զգեստ թոռնուհուս համար, 5 գիրք եւ շատ հիշողություններ: Այցի ընթացքում լուսանկարիչներ եւ օպերատորներ ունեինք: Հերթական շրջագայության ժամանակ ցույց կտամ Հայաստանում հիվանդների, երեխաների հետ մեր կատարած աշխատանքը, ինչպես այստեղ էի ցուցադրում այլ երկրներում մեր շրջագայությունների մասին ֆիլմերը: Տարբեր պատմություններ եմ տանում ինձ հետ:

 

Ամեն ամիս աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդկանց 400-600 նամակ եմ գրում, մյուս ամիս այդ նամակներում կլինեն պատմություններ նաեւ այս շրջագայությունից: Երկրներն իրարից տարանջատված չեն, ինչպես գորգի մեջ տարանջատված չեն թելերը:

 

Պատչ Ադամսի հետ զրուցել է Մարի Թարյանը

Լուսանկարը՝ Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին