Մեդիամաքսի բացառիկ հարցազրույցը RVVZ եւ IDeA հիմնադրամների համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդի հետ
- IDeA եւ RVVZ բարեգործական հիմնադրամները Armenity հայկական ազգային տաղավարի հովանավորների թվում էին, որն արժանացավ «Ոսկե առյուծի»՝ Վենետիկ բիենալեի գլխավոր մրցանակին: Ինչպե՞ս ընդունվեց այդ նախագծին աջակցելու մասին որոշումը:
- Մեր գործունեության առանցքային ուղղություններից է հայկական մշակութային ժառանգության պահպանումը: Մենք հավատում ենք, որ մշակույթը, կրթությունն ու սոցիալական ձեռներեցության զարգացումը այն տարրերն են, որոնք կօգնեն Հայաստանին անցում կատարել գոյատեւման մոդելից դեպի բարգավաճում:
Բացի այդ, 2015-ը հատուկ է հայերի համար՝ կապված Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, եւ միջազգային հանրության ու լրատվամիջոցների ուշադրությունը սեւեռված է Հայաստանի վրա: Մենք կարծեցինք, որ դա լավ առիթ է՝ Հայաստանը ներկայացնելու ժամանակակից մշակութային համատեքստում եւ որոշեցինք դառնալ Armenity տաղավարի հովանավորներից մեկը: Մեզ համար դա նաեւ լավ հնարավորություն էր՝ արվեստի ոլորտի պրոֆեսիոնալներին, համադրողներին ու նկարիչներին ներկայացնելու մեր նոր՝ Dilijan Art Initiative մշակութային նախաձեռնությունը եւ այդպիսով նրանց ուշադրությունը գրավել Հայաստանի հանդեպ:
Լուսանկարը` Ալեքսանդր Գուսով/RVVZ
- Բիենալե-2015-ի կարգախոսն էր «Ողջ աշխարհի ապագան»: Հայկական տաղավարն ինչպե՞ս ինտեգրվեց այդ ապագայի տեսլականին:
- Նախ եւ առաջ հարկ է նշել, որ Սուրբ Ղազար կղզին աշխարհում հայկական մշակույթի խոշորագույն կենտրոններից է: XVIII դարից սկսած այստեղ է տեղակայված Մխիթարյան միաբանությունը: Հենց նրա տարածքում էլ բացվեց հայկական տաղավարը: Վենետիկը բազմազգ է, սակայն ամեն «ոչ բնիկ» ազգ չէ, որ կարող է իրեն թույլ տալ մի ամբողջ կղզի զբաղեցնել իր ցուցադրության համար: Մյուս երկրների տաղավարները սահմանափակվում են մեկ շենքով: Այդ փաստը լրացուցիչ ուշադրություն էր գրավում:
Սուրբ Ղազարի, ինչպես նաեւ Երուսաղեմի հայկական թաղամասի նշանակությունը ազգի համար ժամանակի ընթացքում փոխվել է. ինչ-որ բաներ մոռացվել են, ու այժմ ժամանակն է հիշեցնելու այդ ամենը ինքներս մեզ ու ամբողջ աշխարհին:
Հայկական տաղավարի մյուս առանձնահատկությունը հնի ու նորի ներդաշնակ համատեղությունն է: Ժամանակակից արվեստի ցուցադրությունը, ըստ իս, շատ համահունչ էր դիտվում մշակութային ժառանգության համատեքստում: Թեեւ մենք շատ էինք ցանկանում հաղթել, այնուամենայնիվ, չեմ կարող ասել, որ հաղթանակը սպասելի էր: Պետք է արժանին մատուցել տաղավարի համակարգող Ադելինա Կուբերյան ֆոն Ֆուրստենբերգին եւ նրա թիմին. նրանք հիանալի կատարեցին իրենց աշխատանքը: Նրանց հաջողվեց ոչ միայն շատ հետաքրքիր նկարիչների հավաքել, այլեւ ներգրավել այնպիսի հեղինակավոր դոնորների, ինչպիսին է, օրինակ, Լարի Գագոսյանը, որը, չնայած իր հայկական ծագմանը, երբեւիցե չէր մասնակցել հայկական նախագծերին:
Լուսանկարը` Ալեքսանդր Գուսով/RVVZ
- Մի փոքր ավելի մանրամասն պատմեք Dilijan Art Initiative նախագծի մասին:
- Ինչպես արդեն նշեցի, Վենետիկում Dilijan Art Initiative նախագծի ներկայացման հիմնական նպատակը Հայաստանի ու մասնավորապես` Դիլիջանի հանդեպ ուշադրությունը գրավելն էր: Այս նախաձեռնության նպատակն է օգնել Դիլիջանին դառնալ մշակութային ու կրթական կենտրոն, օժանդակել գլոբալ փոխըմբռնմանը` օգտագործելով գեղարվեստական տարբեր միջոցներ, հետազոտություններ ու բանավեճեր աշխարհի առաջադեմ մարդկանց, կարծիքի առաջնորդների շրջանում: Այդ նախագծի արմատները գնում են դեպի հայկական մշակույթ, որը գովերգում է բնության ու գրավոր խոսքի ներդաշնակությունը:
Դրա հիմնական տարրը գրադարանն է իր նոր ընկալմամբ: Այն սերունդների կողմից կուտակած դարավոր գիտելիքների կենտրոնացումն է: Մենք արդեն ունենք որոշակի հիմք՝ UWC Dilijan քոլեջի տեսքով, որը միջմշակութային երկխոսության հարթակ է: Նախագծի մեկնարկը նախատեսված է 2017թ., սակայն որոշակի միջոցառումներ, հնարավոր է, ավելի շուտ անցկացնենք:
Նախագծի արտ-համակարգողը Վադիմ Գրիգորյանն է`Pernod Ricard-ի կրեատիվ տնօրենը: Մեր կարծիքով՝ Dilijan Art Initiative-ը մեծ նշանակություն է ունենալու ժամանակակից արվեստում Հայաստանի ու հայերի դերի նոր ընկալման համար: Սա հայացք է դեպի անցյալը՝ առանց զոհաբերական տարրի, փորձ է՝ նայելու դեպի ապագան՝ հեռանկարների նոր ընկալմամբ, պատմելու սեփական պատմությունը այնպես, որ այն հետաքրքրի ուրիշներին:
-2015թ. սեպտեմբերի 5-ից մինչեւ նոյեմբերի 1-ը կանցկացվի Ստամբուլի 14-րդ բիենալեն, եւ IDeA-ն ու RVVZ-ն կրկին կաջակցեն հայ մասնակիցներին: Պատմեք, խնդրեմ, ի՞նչ է տեղի ունենալու Ստամբուլում եւ ի՞նչ նշանակություն է դա ունենալու Ցեղասպանության 100-րդ տարելիցի տեսանկյունից:
-Ստամբուլի բիենալեն տարբերվում է Վենետիկից, որը համաշխարհային արվեստի ամենահին եւ խոշոր ֆորումն է: Վենետիկում մասնակից պետություններն իրենց ներկայացնում են իրենց մշակույթի միջոցով: Ստամբուլի բիենալեն զգալիորեն ուշ է ստեղծվել եւ այլ հայեցակարգ ունի, այստեղ գլխավորը ազգային տաղավարների համադրողները չեն, այլեւ նկարիչներն ու նրանց աշխատանքները, որոնք միավորված են մեկ ընդհանուր թեմայի ներքո:
Լուսանկարը` Ալեքսանդր Գուսով/RVVZ
2015թ. թեման է «SALTWATER: A Theory of Thought Forms»: Բոսֆորի ալիքները խորհրդանշական կերպով «ռիթմավորվում» են մարդկային պատմության ալիքների, ընթացքի եւ հորձանուտների հետ: Բիենալեի կուրատոր Կարոլին Խրիստով-Բակարջիեւի խոսքով, որը մեզ հետ միասին Վենետիկում ներկայացրեց Dilijan Art initiative-ը, չափազանց կարեւոր է, որ 2015թ. Թուրքիայում ժամանակակից արվեստի ցուցադրության հանգուցային թեման հայկական է, որը ներկայացվում է պատմական ժառանգության ստեղծագործություններով եւ ժամանակակից նկարիչների աշխատանքներով:
Լուսանկարը` Ալեքսանդր Գուսով/RVVZ
Բազմաթիվ հայտնի նկարիչներ 1915-ը տարբեր կերպ են իմաստավորել. օրինակ, Մեխիկոյում ապրող եւ աշխատող Ֆրենսիս Ալիսը դա կատարել է իրեն բնորոշ կարճամետրաժ տեսանյութի տեսքով: Ստամբուլի բիենալեի մասնակիցների շրջանում կան այնպիսիք, որոնք իրենց աշխատանքները ներկայացրել են Վենետիկի բիենալեի հայկական տաղավարում, օրինակ՝ հայկական ծագմամբ թուրք նկարիչ Սարգիսը, որն աշխատում է Ֆրանսիայում:
Ստամբուլի բիենալեում մեր մասնակցության տարրերից մեկը կլինի երիտասարդ նկարիչների պարգեւատրումը, հեղինակավոր կատալոգներում հրապարակվելու հնարավորության ընձեռումը: Պարգեւատրման արարողությունը կանցկացվի Դիլիջանում 2016 թվականին:
Վերոնիկա Զոնաբենդի հետ զրուցել է Արամ Արարատյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: