Լիդիա Լեոնովա. «Հավկիթը փրկագինն էր, ճահիճը՝ ազատության ուղին» - Mediamax.am

exclusive
17472 դիտում

Լիդիա Լեոնովա. «Հավկիթը փրկագինն էր, ճահիճը՝ ազատության ուղին»

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Պատանեկությունն ու պատերազմը համատեղվել են Լիդիա Միխայլովնա Լեոնովայի կյանքում, իսկ գերության ու գնդակահարության վտանգը երկու անգամ զարհուրանքի ու քաջության են մղել 15-ամյա աղջնակին։ Պարտիզանական ջոկատում մարտնչել ու հաղթանակից հետո գտել է իր սերը, Բելառուսից եկել Հայաստան արդեն որպես Լիդիա Լեոնովա-Մարտիրոսյան։ Երեւանում ամուսնու՝ Խաչիկ Մարտիրոսյանի հետ ապրած շեն տարիները թեեւ բերել են ընտանեկան երջանկության, սակայն ծննդով բելառուսցի Լիդիայի մտապատկերից չեն ջնջել պատերազմի սարսափները։  

 

Երկրորդ համաշխարհայինն ու պատանեկությունը

 

15 տարեկան էի, երբ սկսվեց պատերազմը: 1941 թվականին գերմանացիները եկան Բելառուս: Նրանք ստիպում էին փոսեր փորել, իսկ ես երբեք ձեռքս բահ առած չկայի:

 

Ճարս ի՞նչ, սկսեցի փորել ու ձեռքերս պատվեցին արյունոտ կոշտուկներով: Քթիս տակ վիրավորանքներ էի հնչեցնում գերմանացիների հասցեին, անիծում էի նրանց, ովքեր մեզ ստիպում էին փոսեր փորել: Մի դավաճան աղջիկ կար. տեղն ու տեղը մատնեց ինձ:

Լիդիա Լեոնովան Լիդիա Լեոնովան

Լուսանկարը` Մեդիամաքս

Հավն ու հավկիթը՝ կյանքի փրկագին

 

Եկա տուն: Մորս հետ էինք ապրում: Հայրս մահացել էր, երբ ես դեռ փոքր էի:  Աղջիկների հետ նստած արյունոտ ձեռքերով կիթառ էի նվագում եւ երգում, երբ հանկարծ տուն ներխուժեցին երեք զինվորական՝ մեկ սպա եւ երկու շարքային։ Սպան հարցրեց.

 

- Ո՞վ է այստեղ Լեոնովա Լիդան։

 

- Ես,- ասացի:

 

Զենքերը պահեցին վրաս, ձերբակալեցին ու տարան։ Նկուղի խցիկներից մեկում էին պահում: Հաջորդ օրը պետք է գնդակահարեին: Սարսափելի էր. ամենազարհուրելի հիշողությունս է: Ինչեւէ, մորս հաջողվեց փրկել ինձ մի ֆրանսիացու միջոցով: Նրան հավ ու հավկիթ էր տարել, ֆրանսիացին էլ փրկեց ինձ գնդակահարությունից:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ազատության ուղի՝ փախուստ ճահիճներով

 

1942 թվականին սկսեցին երիտասարդներին հավաքել ու քշել Գերմանիա: Երբ մեզ բեռնատար վագոններով տեղափոխում էին, մի քանի աղջիկներով փորձեցինք փախչել։ Ընթացքի ժամանակ դուրս թռանք գնացքից, բայց ընկանք SS-ականների ձեռքը, նրանք էլ ձերբակալեցին ու տարան Բրեստի բանտ: Ստիպում էին արտաքնոցներ մաքրել եւ տարբեր այլ զզվելի գործեր անել:

 

Բրեստի բնակիչների միջոցով կապվեցինք պարտիզանների հետ եւ որոշեցինք փախչել ու պարտիզան դառնալ: Հաջողվեց՝ փախանք: Գերմանացիները շներով մեզ հետապնդում էին, կրակում մեզ վրա: Մեզ հաջողվեց վազել մինչեւ անտառ, որտեղ ճահիճներ էին: Մինչեւ կոկորդներս խրվեցինք ճահճի մեջ: Շները հաչում են, կրակոցներ են լսվում….  Իսկ մենք ճահճում նստած լուռ սպասեցինք երկու օր:

 

Երկար փնտրելուց հետո գերմանացիները կարծեցին, թե մեր հաշիվը մաքրել են ու հեռացան:  Պարտիզանները մեզ հանեցին ճահճից եւ տարան իրենց մոտ: Ես փուչիկի պես ուռել էի. ճահճի ջուրը թունավոր է: Պարտիզանական ջոկատի բժիշկներն ասացին. «Այս աղջնակը չի ապրի»: Բայց ապրեցի:

Լուսանկարը` Մեդիամաքս

Երկու տարի պարտիզանական ջոկատում

 

Երկու տարի` մինչեւ 1944 թվականը կռվեցինք որպես պարտիզան: Հետո մեզ ազատագրեցին եւ տարան զինվորագրելու: Բայց գեներալներից մեկը՝ անունը այլեւս չեմ հիշում, առաջ եկավ, մոտեցավ ինձ եւ ասաց.

 

- Դուք դաշնակահար եք, թե՞ ուսանողուհի։

- Դեռ փոքր եմ դաշնակահար կամ ուսանող լինելու համար, - ասացի:

 

Նա վեց հոգու ազատեց, փաստաթղթեր տվեց, եւ մենք տուն եկանք: 1944 թվականին եկա հետ՝ Բելառուս եւ գտա մորս: Նա ինձ վաղուց մահացած էր համարում: Ինչպես պարզվեց, Բրեստի գերմանական բանտից մեր փախուստից հետո, գերմանացիները վառել էին բանտը՝ կենդանի մարդկանցով:  Մայրս մտածել էր, թե ինձ էլ են վառել եւ ես մեռած եմ:

Լիդիա Լեոնովան Լիդիա Լեոնովան

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրազով սեր ու երջանկություն

 

Ի՞նչ սեր 15 տարեկանում: Միայն պատերազմից հետո սեր ունեցա: Նա ինձ պատահեց 1946 թվականի հունիսի 30-ին պարահրապարակում։  Հայ էր՝ Խաչիկ Մարտիրոսյան։ Այդ հիմա ասես Բաբա Յագա լինեմ, այն ժամանակ երիտասարդ էի, գեղեցիկ: Նա ինձ տեսել էր, հավանել, բայց զինվորական ընկերներն ասել էին, թե չի կարողանա ուշադրությունս գրավել ու գրազ էին եկել։ Ընկերները սխալվեցին. երկու օրից տարավ ԶԱԳՍ: Ամուսնացանք եւ եկանք Հայաստան՝ «Թամանյան» 89-րդ հրաձգային դիվիզիայում ծառայելու: Քանաքեռի զինվորական ավանում էինք ապրում, մինչեւ որ Նիկիտա Խրուշչովը կազմալուծեց դիվիզիան:

 

Ամուսինս Երեւանի մանկավարժական ինստիտուտն ավարտեց ու երկար տարիներ աշխատեց հանրակրթության ոլորտում՝ ուսմասվար էր։ Մի տղա ունեցանք, բայց նա, ցավոք, երեք տարի է չկա՝ քաղցկեղն անհաղթահարելի եղավ։ Ամուսինս 1993-ին հեռացավ կյանքից։ Երկու թոռ ունեմ՝ թոռնուհիս ապրում է Մոսկվայում, թոռս՝ Հայաստանում: Նրանցից ոչ մի օգնություն չեմ ստանում: Ուղղակի զանգում են որպիսությանս տեղեկանում: Բայց ես ամեն ինչ հասկանում եմ: Նրանք երեխաներ ունեն: Հիմա աշխատանքը այնպիսին է, որ մի կերպ քո անձնական ընտանիքի մասին կկարողանաս հոգ տանել…

Լիդիա Լեոնովան Լիդիա Լեոնովան

Լուսանկարը` Մեդիամաքս

Զինվո՞ր, թե՞ ռազմագերի 

Երկուսն էլ անընդունելի են: Բայց ես չէի ցանկանա ռազմագերի լինել, ավելի լավ է գնալ-կռվել: Գերի լինել՝ նշանակում է սովից հյուծվել եւ ամեն րոպե գիտակցել, որ միեւնույն է քեզ մահ է սպասվում: Բա կարելի՞ է գերի լինել: Դրա համար էլ փախանք: Ամուսինս կենդանի հավ էր բերում, խղճներս տանջում էր՝ չէինք կարողանում մորթել, բայց երբ գիտես, որ սպանելու են քեզ՝ դու էլ ես կրակում։ Գերի… Բա մեզ մարդու տե՞ղ էին դնում: Նրանք մեզ վերաբերում էին ինչպես անասունի: Բելառուսում յուրաքանչյուր չորրորդ մարդուն սպանել կամ այրել են:

 

Պատերազմի արձագանքն այսօր

 

(Լուռ լալիս է…, իր մեկսենյականոց բնակարանի անմխիթար խարխլվածությունը ցույց տալիս)

 

Ի՞նչ հետք կարող է թողնել պատերազմը։ Այ այսպիսի հետք…Ես մենակ եմ… Հարեւանուհիս է ինձ համար եփում–թափում, լվանում: Ուրախ եմ, որ Հայաստանում մարդիկ լավն են եւ օգնում են … Լավ խոզապահը իր խոզերին ավելի լավ պայմաններում կպահի, քան ես եմ ապրում: Եվ ո՞վ կամ ի՞նչն է օգնում՝ ոչինչը: Հայաստանը ոչնչով չի օգնում: Չեմ հասկանում, մի՞թե Հայաստանը ընդհանրապես միջոցներ չունի, քանի՞ հոգի ենք մնացել պատերազմի մասնակիցներով:  36 հազար դրամ կենսաթոշակ եմ ստանում, 30 հազար էլ ստանում եմ որպես պատերազմի մասնակից։ Ապրում եմ, շատ խնայողաբար, բայց ապրում եմ։ 

Լիդիա Լեոնովան Լիդիա Լեոնովան

Լուսանկարը` Մեդիամաքս

Ի՞նչ հետք կարող էր թողնել պատերազմը: Ես ընդհանրապես չեմ ուզում հիշել, ամեն անգամ հիշելիս լաց եմ լինում: 90 տարեկանում միայնությունն ու թշվառությունը անտանելի են: Ես որբ եմ…

 

Անուշ Պետրոսյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին