Մեդիամաքս-ի բացառիկ հարցազրույցը Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսի հետ
- Հայաստանի ղեկավարությունը պնդում է, որ Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) Հայաստանի անդամակցումը չի հակասում Հայաստանի երկխոսությանը Եվրամիության հետ: Ձեր կարծիքով, հնարավո՞ր է շարունակել Հայաստան-ԵՄ երկխոսությունը:
- Մենք շարունակում ենք երկխոսությունը, եւ դեկտեմբերի 9-ին Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան համագործակցության կոմիտեի հանդիպումը լավ հնարավորություն էր բացահայտելու հնարավորություններն այն ոլորտներում, որոնցում մենք կարող ենք համագործակցել:
Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության հետագա ամրապնդման վերաբերյալ հանձնառությունը պետք է համատեղելի լինի Հայաստանի քաղաքական վերջին որոշումների հետ, եւ մենք կարող ենք շարունակել աջակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են լավ կառավարումը, մարդու իրավունքները, կոռուպցիայի դեմ պայքարը, արդարադատության համակարգի բարեփոխումները եւ այլն:
Այս ծրագրերի իրականացումը կշարունակվի, եւ Հայաստանը պետք է որոշի իրեն հետաքրքրող այն ոլորտները, որոնք չենք հակասում ԵՏՄ-ի առջեւ ստանձնած իր պարտավորություններին:
- Հայաստան-ԵՄ համագործակցության կոմիտեի նիստում կողմերը քննարկել են ապագա իրավական հիմքերին վերաբերող հարցեր: Ձեր կարծիքով, նոր իրավական ձեւաչափի կարիք կա՞, թե՞ կարելի է առկա ձեւաչափը հարստացնել նոր գլուխներով:
- Ինչպես արդեն ասացի, Հայաստանը եւ Եվրամիությունը քննարկումների արդյունքում պետք է հստակեցնեն համագործակցության ոլորտները: Այնուհետ կտեսնենք՝ արդյո՞ք նոր համաձայնագրի կարիք կա, թե կարող ենք օգտագործել գոյություն ունեցող ձեւաչափը, եթե այն չի հակասում այլ մարմինների առջեւ ստանձնած պարտավորություններին:
Եկեք այս փուլում կանխատեսումներ չանենք: Չեմ բացառում նոր համաձայնագրի հնարավորությունը, բայց եւ չեմ ասում, որ ներկայումս այն իսկապես անհրաժեշտ է:
- 2014թ. մայիսին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Երեւանում ասել էր, որ ԵՄ-ն պետք է Հայաստանի հանդեպ «տարբերակված մոտեցում» ցուցաբերի՝ հաշվի առնելով վերջինիս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը: ԵՄ-ն կարո՞ղ է «հատուկ պայմաններ» առաջարկել Հայաստանին:
- Անձամբ ես կիսում եմ «հատուկ վերաբերմունքի» եւ տարածաշրջանային մոտեցման անհրաժեշտությունը ոչ միայն Հայաստանի դեպքում: Արեւելյան գործընկերության բոլոր անդամները տարբեր են, անգամ նրանք, ովքեր փորձում են «ակումբի» մաս կազմել: Նրանք տարբեր իրավիճակներում են գտնվում, տարբեր հավակնություններ ունեն, եւ մենք հարգում ենք յուրաքանչյուր երկրի ընտրությունը:
Կրկին նշեմ, որ մենք հարգում ենք Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ որոշումը եւ գտնում ենք, որ պետք է շարունակենք հարաբերությունները Հայաստանի հետ: Հայաստանն էլ պետք է առաջարկի այն ոլորտները, որտեղ հնարավոր կլինի շարունակել համագործակցությունը՝ հաշվի առնելով ԵՏՄ անդամակցությունը:
- Վերջին տարիների ընթացքում Հայաստանն ու ԵՄ-ն քննարկում էին Հայաստանի համար դոնորների համաժողով կազմակերպելու հարցը: Այդ հարցն այլեւս օրակարգում չէ՞:
- Որքան հիշում եմ, դոնորների համաժողով կազմակերպելու հարցը քննարկվում էր Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների համատեքստում: Այժմ, հաշվի առնելով Հայաստանի քաղաքական վերջին որոշումները, համաժողով անցկացնելու առաջարկը պետք է գա Հայաստանի կողմից:
- Ի՞նչ կարող եք ասել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջերս արձանագրված լարվածության աճի մասին:
- Մենք խիստ անհանգստացած ենք տարածաշրջանում տիրող իրավիճակով եւ պատասխանատու վարքագիծ ենք ակնկալում բոլոր կողմերից: Հայտարարությունները բավարար չեն: Դրանց պետք է հետեւեն գործողությունները:
- Վերջին մի քանի տարվա ընթացքում Հայաստանի ու Լիտվայի միջեւ երկկողմ հարաբերություններն ակտիվացել են: Ի՞նչ կարելի է անել այդ հարաբերությունները 2015 թվականին էլ ավելի ամրապնդելու համար:
- Մենք պետք է շարունակենք օգտակար եւ կարեւոր նախաձեռնությունները: Օրինակ, նոյեմբերի 27-ին Վիլնյուսում անցկացվեց առաջին հայ-լիտվական գործարար համաժողովը, որը կազմակերպել էին Հայաստանի զարգացման գործակալությունը եւ Լիտվայի արդյունաբերողների միությունը: Սրանք կապերը զարգացնելու շոշափելի եւ իրատեսական քայլեր են: Մենք ունենք լավ հեռանկարներ, որոշ պայմանավորվածություններ, ուղղություններ, այնպես որ եկեք իրագործենք դրանք:
Լինաս Լինկյավիչյուսի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: