Արմեն Ջանյան. «Նպատակ ունենք համախմբել աշխարհով սփռված մեր եղբայրներին Հայոց Գերագույն Օթյակի հովանու տակ» - Mediamax.am

exclusive
9338 դիտում

Արմեն Ջանյան. «Նպատակ ունենք համախմբել աշխարհով սփռված մեր եղբայրներին Հայոց Գերագույն Օթյակի հովանու տակ»

Արմեն Ջանյանը
Արմեն Ջանյանը

Լուսանկարը` Ա. Ջանյանի արխիվից

Լուսանկարը`


Ազատ Որմնադրության կամ, որ, ավելի ընդունված է ասել, Մասոնության նկատմամբ վերջին տարիներին առավել մեծ հետաքրքրություն է դրսեւորվում զանգվածային լրատվամիջոցներում: Հնչում են  տարբեր՝ հաճախ իրարամերժ դիրքորոշումներ, հարցադրումներ, պարզունակ կամ անհասկանալի պնդումներ, տեսակետներ ու մեկնաբանություններ:

 

Ազատ Որմնադրության մասին ճշգրիտ եւ սպառիչ տեղեկություններ տրամադրելու նպատակով ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բացառիկ հարցազրույց Հայոց Գերագույն Օթյակի համահիմնադիր, նախկին Գերագույն վարպետ Արմեն Ջանյանի հետ:

 

- Որպես սկիզբ, խնդրում եմ բնորոշեք, թե ինչ է Ազատ Որմնադրությունը:

 

- Կարծում եմ, հասարակությունը, տեղեկատվության բազմաթիվ աղբյուրներին զուգահեռ, իրավունք ունի նաեւ իրազեկվելու, այսպես կոչված, առաջին աղբյուրից: Այդուհանդերձ, նշեմ, որ Ազատ որմնադրության մասին լիակատար պատկերացում կազմելու համար պետք է լինել ազատ որմնադիր, ինչն ենթադրում է երկար ճանապարհ: Այս փաստը գուցե միանշանակ չընկալվի ոմանց կողմից, սակայն ստորեւ կփորձեմ մեկնաբանել:

 

- Մասոնությունը կրո՞ն է, ի՞նչ առնչություն ունի կրոնի հետ:

 

- Ոչ, մասոնությունը կրոն չէ, սակայն իր արարողություններում օգտագործում է համաշխարհային կրոնական ժառանգության տարրեր, մասնավորապես, ծիսակարգային բնույթի, որոնք բոլորն էլ ունեն բարոյահոգեբանական եւ ուսուցողական բնույթ: Առնչությունը բավականին սերտ է, քանի որ մասոն լինելու համար պարտադիր պայման է՝ ընդունել Աստծո, իբրեւ Գերագույն Արարչի գոյությունն ու հավատը նրա նկատմամբ, ինչպես նաեւ մահից հետո` հոգեւոր կյանքի անվերջությունը: Մյուս առնչությունն այն է, որ բոլոր ազատ որմնադիրները երդվում են Սուրբ Գրքի վրա՝ իրենց պարտավորությունների համար եւ պատասխանատու են իրենց արարքների համար առաջին հերթին Աստծո առջեւ: Այդ Սուրբ Գիրքը կարող է լինել Աստվածաշունչը՝ քրիստոնյայի համար, կամ այն Սուրբ Գիրը, որը համապատասխանում է նրա հավատին:

 

-Իսկ ի՞նչ պարտավորություններ են դրանք, արդյոք չե՞ն կաշկանդում հենց ազատ որմնադրին լինել ազատ՝ իր արարքների եւ գործունեության մեջ

 

- Այդ պարտավորություններն ենթադրում են որմնադրական գաղտնիքի պահպանումը եւ մարդու, որպես ազատ անհատի, պարտավորությունները Աստծո հանդեպ, իր ընտանիքի, հայրենիքի, պետության, իրեն շրջապատող մարդկանց, իր եղբայրների եւ աշխարհի առաջ:

 

- Արդյո՞ք դա արդեն իսկ ազատության սահմանափակում չէ:

 

- Ազատությունը որմնադրի համար իր իսկ որոշումների ընդունումն է, առանց որեւէ մեկի կամ որեւէ գաղափարի պարտադրման: Այսինքն նույն այդ երդումն ընդունվում է կամավորապես անձի կողմից՝ իր իսկ ազատ ցանկությամբ:

 

- Աստվածաշունչն արգելում է հավատացյալներին երդվել…

 

- Աստվածաշնչում, Հին կտակարանի մատուցմամբ, Աստվածն ինքն է երդվում ու մի քանի անգամ: Իսկ Նոր կտակարանում Հիսուսն ասում է. «Թող այոն այո լինի, իսկ ոչը՝ ոչ» եւ հորդորում չերդվել: Երդումը որպես սեփական խոսքի գնահատման միջոց օգտագործվել է եւ դարեր առաջ ծիսական արարողությունների ընթացքում, եւ կենցաղային իրավիճակներում, ինչպես նաեւ պետական տարաբնույթ մարմիններում, զինված ուժերում: Երդվում են բժիշկները, փաստաբանները, նախագահները, պատգամավորները, ընդ որում Հայաստանում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայությամբ, եւ այլն, եւ այլն:

 

Այն անհատի կողմից իր վրա վերցրած պարտավորության սրբացումն է: Որմնադրական երդումը տրվում է Սուրբ Գրքի վրա կամ այն Գրքի, որը համարվում է տվյալ Որմնադրի համար իր կրոնական համոզմունքների առհավատչյան:

 

Կրկին ուզում եմ նշել, որ որմնադրությունը կրոնական կազմակերպություն չէ, եւ ավելին` արգելում է իր անդամներին որմնադրական հավաքույթների ընթացքում եւ Օթյակների մեջ նույնիսկ բանավիճել կրոնական թեմաներով: Ի դեպ, նույն արգելանքը տարածվում է նաեւ քաղաքականության վրա:

 

-Ինչո՞ւ է որմնադրությունը գաղտնի, եւ այդ ի՞նչ գաղտնիքներ են, որոնք հասարակությունից այդպես խնամքով թաքցվում են:

 

- Որմնադրությունը գաղտնի կազմակերպություն չէ, ինչպես շատ հաճախ ներկայացվում է կամ ընկալվում. բոլոր երկրներում, որտեղ որմնադրությունը արգելված չէ՝ որմնադրական կազմակերպությունները գրանցված են այդ երկրի օրենսդրության համապատասխան եւ հայտնի են՝ որպես գործող հասարակական կազմակերպություններ: Գաղտնի են որմնադրական ծիսակարգի որոշ բաղադրիչներ, որոնք առավելապես խորհրդանշական նշանակություն ունեն եւ հիմնականում ծառայում են մարդ անհատի բարոյահոգեբանական դաստիարակությանը: Իմ կարծիքով, գաղտնիքն ինքնին անհրաժեշտ է յուրաքանչյուր մարդուն՝ իր ինքնությունն իմաստավորելու եւ վերաիմաստավորելու համար: Իսկ որմնադրական գաղտնիքները գեղեցիկն իմաստավորելու խնդիրն ունեն. ամեն անգամ, երբ գիտես, որ շղարշի ետեւում գեղեցիկ մի երեւույթ է ՝ ինքնակատարելագործվելով ես իրավունք ստանում բացել այդ շղարշն ու հաղորդակցվել գեղեցիկին: Գաղտնիքին տիրապետելու համար պետք է պատրաստ լինես ընդունել այն;

 

- Այսինքն, Ձեր կարծիքով, հասարակությունը պատրաստ չէ՞ ընկալել գեղեցիկը:

 

- Իմ կարծիքով, գեղեցիկին հաղորդակցվելու իրավունքը նվաճել է պետք, հակառակ դեպքում այն դառնում է լայն օգտագործման ապրանք: Հասարակությունը տվյալ պահին ուզում է ստանալ այն անմիջապես, որպեսզի հագենա նրանով եւ շտապ բավարարի իր հետաքրքրությունը: Որմնադրությունը դրա համար առաջարկում է ճանապարհ. որպեսզի կարդաս բանաստեղծությունը, անհրաժեշտ է կամ իմանալ բնագիրը, կամ թարգմանության լեզուն, եւ նույնիսկ այդժամ միգուցե դեռեւս չհասկանաս տողերը: Նույնիսկ գեղանկարչության ոլորտում նկարը լիովին բացահայտել չես կարող, քանի որ այն նկարչի հոգեվիճակի արտացոլանքն է , բայց չէ՞ որ դու այն ընկալում ես յուրովի՝ որպես ուրույն աշխարհ ունեցող անհատ: Ահա որմնադրության գաղտնիքների բացահայտման ճանապարհը՝ ինքնակատարելագործում: Եվ, ի վերջո, ամեն մի որմնադրի ամենամեծ գաղտնիքը ճշմարիտ ապրելու գաղտնիքն է, ինչի բացահայտմանն է ուղղված նրա ապրելակերպն ու ինքնակատարելագործումը:

 

- Այսինքն, որմնադրությունը ընտրյալների կազմակերպությո՞ւն է:

 

- Որմնադրական կազմակերպությունը բավականին պարզ ընդունելության համակարգ ունի: Յուրաքանչյուր ոք, ով հավատ ունի առ Աստված, 21 տարին լրացած է եւ իր ազատ կամքով որոշել է միանալ որմնադրությանը, կարող է այն անել, եթե չի դատապարտվել քրեական արարքի համար եւ իր շրջապատում լավ մարդու համարում ունի: Նա կարող է դիմել որեւէ որմնադրի, եւ տվյալ անձի դիմումը ստանալուց հետո՝ կազմակերպության պատասխանատու անդամներն արդեն զբաղվում են այդ դիմումում նշված տեղեկատվության ճշմարտացիության ուսումնասիրությամբ, որից հետո ընթանում են ընտրական ֆորմալ պրոցեսներ, եւ դրական արդյունքի դեպքում՝ նշանակվում է թեկնածուի ձեռնադրման արարողությունը:

 

Որմնադրական կազմակերպությունում են տարբեր մասնագիտությունների , տարիքի, ազգերի, կրոնների, կուսակցական կամ քաղաքական ուժերի, տարբեր կրթական ձեռքբերումներ ունեցող անձինք:

 

- Սեռերի՞:

 

- Ոչ, կանոնավոր որմնադրությունն իր շարքերում դեռեւս չի ընդգրկում կանանց: Գոյություն ունեն պատմականորեն ձեւավորված ավանդույթներ, ըստ որոնց որմնադրական աշխատանքն իր բնույթով լինելով ծանր, պետք է զերծ պահի դրանից կանանց: Ես, որպես ազատ որմնադիր, կարծում եմ, որ կանայք միշտ եղել են բարձրագույն նպատակներին հասնելու համար որպես պահապան հրեշտակներ, տրանսֆորմացիայի միջոցներ, նրանց առաքելությունն աստվածային է: Մերը՝ ձգտումն է դեպի բարձունքներ, նրանք արդեն իսկ այդ բարձունքում են՝ իրենք էլ դեռեւս չգիտակցելով դա:

 

Իհարկե, կան որմնադրությանն առնչվող կազմակերպություններ, մասնավորապես, ԱՄՆ-ում, ինչպիսին է, օրինակ, “Արեւելյան Աստղը”, որի անդամների մեծ մասը որմնադիրների կանայք են, սակայն նրանք չեն համարվում որմնադրական կազմակերպություններ:

 

- Խոսվում է ֆրանկ-մասոնական եւ անգլո-սաքսոնական որմնադրության մասին. ի՞նչ տարբերության կա դրանց միջեւ:

 

- Դրանք անկանոն որմնադրական կազմակերպությունների կողմից հնչած արտահայտություններ են. ֆրանկ-մասոնությունն ուղղակի ֆրանսերեն թարգմանությունն է ազատ որմնադրության, այլ ոչ թե ֆրանսիական որմնադրության, ինչ վերաբերում է անգլո-սաքսոնական, կամ այլ ազգային բնորոշիչ տերմիններին, ապա այդպիսիք ուղղակիորեն չկան: Որմնադրության կանոնավորությունը հիմնված է հնամյա ուղենիշների պահպանման բնորոշմամբ, որոնցից հիմնականներն են՝ անդամների կողմից Աստծո նկատմամբ հավատի առկայությունը, մասոնական Օթյակներում քաղաքականության եւ կրոնի վերաբերյալ բանավեճերի արգելանքը, կանանց՝ որմնադրական շարքերն ընդունելու արգելանքը: Այս պայմաններին չբավարարելու դեպքում որմնադրական որեւէ կազմակերպություն չի կարող համարվել կանոնավոր: Անկանոն որմնադրական կազմակերպություններ աշխարհում կան եւ իրենք իրենց անվանում են որմնադիրներ, սակայն չեն ընդունվում կանոնավոր իրավասությունների կողմից:

 

- Ի՞նչ կապ ունի սիոնիզմը որմնադրության հետ, եւ ինչո՞ւ են այն անվանում ջհուդա-մասոնականություն:

 

- Ոչ մի կապ չունի եւ չի էլ կարող ունենալ, քանի որ ուղղակիորեն հակասության մեջ է մտնում որմնադրական հիմնական սկզբունքների հետ: Այդ խայտառակ անվանման հեղինակներին պետք է փնտրել հակասեմիտական, հակամարդկային, տգետ, ուղղորդված, հատուկ պատվերներ կատարող եւ առանձնահատուկ շահեր հետապնդող մարդկանց շրջանակում: Համաշխարհային որեւէ իրադարձությանը որմնադիրների մասնակցության համար որմնադրությունը պատասխան չի կարող տալ, նախ եւ առաջ այն պատճառով, որ կազմակերպությունը իր անհատների աշխարհիկ կյանքի իրադարձություններին արձագանքում է, հետեւում է, վտանգի պահին աջակցում է նաեւ, բայց երբեք չի ուղղորդում, քանի որ այն կուսակցություն չէ եւ որեւէ քաղաքական, կամ նույնիսկ հոգեւոր պահանջ եւ խնդիր իր անդամների առջեւ չի դնում: Պարտավորությունները, որոնք ունի որմնադիրն իր Օթյակի եւ որմնադրության առջեւ, առնչվում են միայն նրա՝ որպես անհատի բարոյական նկարագրին՝ որպես մարդկային բարձրագույն արժեքներին նրա հավատարմությանը, եւ ընդունվում են նրա կողմից իր ազատ կամքով: Այդ հավատարմությունը խախտելու դեպքում տվյալ անձը հեռացվում է որմնադրության շարքերից:

 

Որմադիրներ են եղել տարբեր երկրներում եւ տարբեր ժամանակներում մեծագույն մտածողներ, քաղաքական, հասարակական գործիչներ եւ արվեստի նվիրյալներ, սակայն եղել են նաեւ ավանտյուրիստներ, հանցագործներ, խաբեբաներ: Որմնադրական Օթյակը աշխարհի արտացոլանքն է, սակայն որմնադրությունը իրեն հատուկ մեթոդներով եւ ճանապարհներով մարդուն ստիպում է ավելի խորը ճանաչել ինքն իրեն, գտնել իր մեջ առավելագույն դրականը եւ ծառայեցնել այն մարդկությանը: Իհարկե, որմնադրության մեջ կարողացել են սողոսկել նաեւ մարդիկ, որոնք փնտրել են կապեր ստեղծելու, կարիերայի նպատակով ծանոթություններ հաստատելու, իրենց շրջապատը լայնացնելու եւ որմնադրության միջազգային կապերն անհարկի եւ շահադիտական նպատակներին ծառայեցնելու միջոցներ: Դժբախտաբար, այդպիսիք կան նաեւ հիմա: Սակայն որոշ ժամանակ անց նմանները լքում են որմնադրական շարքերը: Նախորդ դարասկզբին երիտթուրքերը հենց այս նպատակներով մտան որմնադրության մեջ՝ օգտագործելու համար դրա միջազգային բնույթը: Այդ տարիներին նրանց կայացման համար եվրոպական որմնադրության ազդեցիկ անդամների աջակցությունն օդի նման անհրաժեշտ էր:

 

- Թալեաթը մասոն էր…

 

- Այո, դժբախտաբար, եւ ոչ միայն նա, այլեւ երիտթուրքերի կողմից ստեղծված կուսակցության եւ ձեւավորված կառավարության մեծ մասը, ինչը նրանց բնավ էլ չխանգարեց իրականացնել Հայերի ցեղասպանությունը եւ սպանել իրենց իսկ եղբայր հայ որմնադիրներին: Նրանցից շատերն իրենց արժանի պատիժը ստացան: Եվ, ի վերջո, որեւէ կազմակերպության, որը, շեշտում եմ, չունի քաղաքական նպատակներ, ազնիվ անդամները չեն կարող պատասխանատու լինել այլ անդամների կողմից գործած ոճիրների համար, ինչպես որ հայ եկեղեցու ազնիվ հավատացյալները չեն կարող պատասխանատվություն կրել քրիստոնյա մկրտված, բայց այդպիսին չդարձած հայ հանցագործների համար, կամ որեւէ ազնիվ մարդ՝ մարդկության հանցագործների համար, եւ այլն, եւ այլն:

 

- Ձեր նշած պատիժը որմնադրակա՞ն էր:

 

- Նրանք ստացան այն պատիժը, որին արժանի էին:

 

- Ի դեպ, կա՞ն արդյոք եղբայրական հարաբերություններ Հայոց Գերագույն Օթյակի եւ Թուրքիայի Գերագույն Օթյակի միջեւ:

 

- Ո՛չ, այդպիսի հարաբերություններ չկան:

 

- Իսկ կլինե՞ն:

 

- Ժամանակը ցույց կտա:

 

- Ինչո՞ւ Հայոց եւ ոչ թե Հայաստանի Գերագույն Օթյակ:

 

- Ի դեպ, միջազգային բոլոր լեզուներով ՝ Հայաստանի Գերագույն Օթյակ, իսկ միայն հայերենով՝ Հայոց, քանզի մենք նպատակ ունենք համախմբել աշխարհի տարբեր կողմերում սփռված մեր բոլոր եղբայրներին՝ Հայոց Գերագույն Օթյակի հովանու տակ, որպեսզի մեր բոլոր մղումներն ուղղված լինեն մեր հայրենիքի զարգացմանն ու բարգավաճմանը:

 

- Քանի՞ հայ որմնադիրներ կան աշխարհում:

 

- Մոտավոր հաշվարկներով, որմնադրական կանոնավոր օթյակներում ընդրկված են 2500-ի չափ ազգությամբ հայեր: Հիմնականում Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Լատինական Ամերիկայի երկրներում, Ռուսաստանում եւ այլն: Հայաստանում այդ թիվը կազմում է մոտ 200:

 

-Ե՞րբ ստեղծվեց Հայոց Գերագույն Օթյակը, եւ ո՞վ է այն ղեկավարում:

 

- Հայոց Գերագույն Օթյակը ստեղծվել է 2002թ. Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի Վաշինգտոն Դաշնային Օկրուգի եւ Ռումինիայի Գերագույն Օթյակների աջակցությամբ: Այն ղեկավարվում է Գերագույն Մեծարգո Վարպետի կողմից 2 տարվա ընտրական-ռոտացիոն սկզբունքով: Հիմնական գործունեությունը Հայաստանում բարեգործությունն է, որ արտահայտվում է մանկատներին հատկացվող օգնությամբ “Նոյի զավակներ” կազմակերպության միջոցով, ինչպես նաեւ` ուսանողներին համալսարանական կրթաթոշակ ենք տրամադրում: Մեր անդամների շրջանում էլ անցկացնում ենք կրթական դասընթացներ` ուսուցանելով մեր փիլիսոփայությունը:

 

- Ինչո՞ւ չեն բացահայտվում Հայաստանի որմնադիրները, չէ՞ որ նշեցիք, որ կազնակերպությունը գաղտնի չէ: Եվ արդյո՞ք հայտնի պաշտոնյաներ ներգրավված են:

 

- Որեւէ որմնադիր ինքն է որոշում՝ կարո՞ղ է այդ մասին բարձրաձայն արտահայտվել, թե՞ ոչ: Կազմակերպությունն արգելանք չի հանդիսանում որեւէ մեկի համար, եւ Հայոց Գերագույն Օթյակի Գերագույն Վարպետները ներկայանում են որպես այդպիսիք տարբեր միջոցառումների ժամանակ, ինչպես Հայաստանում, այդպես էլ դրա սահմաններից դուրս: Սակայն, կարող եմ նշել, որ շարքային անդամները մտավախություն ունեն իրենց եւ իրենց ընտանիքների անվտանգության հանդեպ, քանի որ Հայաստանի հասարակության կողմից որմնադրությունն անհարկի ընկալվում է որպես սատանայական, սիոնիստական, մութ ուժերի կողմից կառավարվող եւ հայ ազգի նկատմամբ թշնամական կեցվածք ունեցող մի կազմակերպություն: Ինչ վերաբերում է պաշտոնյաներին կամ հայտնի մարդկանց, նշեմ, որ առանց տվյալ անձի թույլտվության որեւէ մեկը չի կարող հայտարարել նրա որմնադիր լինելու մասին, եթե նա ինքը չի հայտնել հասարակությանը: Մնացածը ասեկոսեներ են: Օթյակում բոլորը հավասար են՝ անկախ նրանից, թե աշխարհիկ կյանքում ինչով են զբաղված, կամ ինչ դիրք են զբաղեցնում:

 

- Լավ, Դուք նշեցիք որ կազմակերպությունը կրոնական չէ, քաղաքական չէ, աշխարհը չի ղեկավարում: Ապա ի՞նչ խնդիրներ է լուծում այն, եւ ինչու՞ է ամբողջ աշխարհում արժանանում ոչ համարժեք վերաբերմունքի:

 

- Սկզբունքորեն լինելով իմաստասիրական` որմնադրությունը կոչված է անհատի մեջ արթնացնել հասարակության հանդեպ նրա պատասխանատվության տեսլականը` երբեք չլինելով նրա նեղ անձնական շահի իրագործողը, կամ հովանավորը, սակայն խթանողն այն ձգտումների, որոնք ուղղված են մարդկության ավելի բարեկեցիկ եւ երջանիկ ապագային: Որմնադրական գիտությունը բնության, հասարակական երեւույթների խիստ անհատական ըմբռնում է, իսկ Որմնադրությունը` անհատի` գիտության, փորձությունների եւ փորձառության միջոցով ստացած հոգեւոր եւ կամ նյութական պաշարը` դրա կարիքն ունեցողին անհատույց տալու կարողությունն է, առաքելությունը ու հավատամքը:

 

Եղբայրական Սեր, Գթասրտություն եւ Ճշմարտություն սրանք են այն բարձրագույն արժեքները, որոնցով առաջնորդվում է Որմնադրությունը, անկախ անձանց ռասայական, կրոնական, ազգային պատկանելիությունից :

Որմնադիրն իր աշխարհաճանաչողության ճանապարհն անցնելիս չի կարող ոտնատակ անել որեւէ մեկին. նա պարտավոր է հարգել յուրաքանչյուրի քաղաքական, կրոնական հայացքներն ու յուրաքանչյուրի ճշմարտության բացահայտման անհատական իրավունքը` սակայն, մերժելով բացահայտ անհանդուրժողականությունն ու մոլեռանդությունը:

 

- Հավատն առ Աստված, Սերը` հանդեպ Հայրենիքը, անվերապահ հարգանքը Պետության եւ Պետականության նկատմամբ, նվիրվածությունը ընտանեկան եւ բարոյական արժեքներին, գթասրտությունն ու բարեգործությունը` որպես առօրյա գործելաոճ, կարիքի մեջ հայտնվածին ձեռք մեկնելու պատրաստակամությունը… Սրա՞նք են բնորոշիչ հատկություններն ամեն մի Որմնադրի:

 

- Որմնադրության բարոյականությունն իր հիմքում կրում է մարդկային պատմության հնագույն ժամանակներից մինչ այժմ գիտական, փիլիսոփայական եւ մշակութային ժառանգության բազմաթիվ տարրեր, որոնք միտված են բացահայտելու գոյի տարաբնույթ պատկերների հիմնարար էությունը:

 

Օգտագործելով խորհրդանիշային արտահայտչամիջոցները՝ որմնադրությունը հստակ ուղերձ է հղում իր հետեւորդներին` լինել աննկուն՝ հանուն բարու եւ գեղեցիկի, եւ արվեստի ու գիտության միջոցով հասնել կատարելությանը, ինչն իր հերթին մատչելի կդարձնի նրանց առաքելության հանդեպ հասարակական գիտակցությանը:

 

Մենք հավատում ենք, որ, լինելով մարդկության ժառանգության արժեքավոր որմնադիրներից մեկը, հայ ժողովուրդը դեռեւս իր ասելիքն ու անելիքն ունի աշխարհի զարգացման գործում, մենք հավատում ենք մարդ արարածի Հրաշքին, այն անհատին, որի հայացքը չի սահմանափակվում իր նեղմիտ նյութական շրջանակում, այն անհատին, որն ինքն իր մեջ փնտրելով իր իսկ էության Գաղտնիքը՝ վեր է հանում իր մտքի զորությունն ի նպաստ աշխարհի բարեկեցության:

 

Որմնադրությունը միշտ հալածվել է տարբեր ժամանակներում, տարբեր երկրներում, տարբեր կերպ եւ տարբեր պատճառներով: Այն արգելված է եղել այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Խորհրդային Միությունը եւ նրա արբանյակ դաշնակիցները, ֆաշիստական Գերմանիան, հիմա այն արգելված է հիմնական մուսուլմանական երկրներում՝ բացառությամբ Եգիպտոսի եւ Լիբանանի, Հյուսիսային Կորեայում: Կաթոլիկ եկեղեցին երկար տարիներ համարում էր որմնադրությունը եկեղեցու թշնամի, ի հակառակ որոշ երկրներ հրաշալի վերաբերմունք են դրսեւորել, ինչպես Կուբան, աֆրիկյան մայրցամաքի բազմաթիվ երկրներ: Ամերիկայի Միացյալ Նահանգների ամբողջ իրավական եւ սոցիալական համակարգը հիմնադրման առաջին իսկ օրերից գործել է որմնադրական սկզբունքներով: Անգլիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Հոլանդիայում, Գերմանիայում, Պորտուգալիայում, Չեխիայում, Սկանդինավյան երկրներում տարբեր ժամանակներում որմնադրական սկզբունքները հիմք են հանդիսացել համակարգային բարեփոխումների: Եվրոպական բոլոր երկրներում այժմ գործում են կանոնավոր որմնադրական օթյակները, նույնը Ռուսաստանում, Լատինական Ամերիկայում, Կանադայում, Ավստրալիայում, Աֆրիկայում, Ասիայի երկրներում եւ այլուր: Աշխարհում մոտ 6 միլիոն որմնադիր կա:

 

Ժամանակին որոշ եկեղեցականներ չէին հանդուրժում զանգվածային որեւէ այլ կազմակերպության գոյությունը, որի գործունեությունից տեղյակ չէին, նույնը վերաբերում է գաղտնի ծառայություններին, տարատեսակ կուսակցություններին եւ կեղծ հայրենասիրական-ազգայնական կազմակերպություններին:

 

Եկեղեցու որոշ սպասավորներ մեղադրում էին որմնադիրներին սատանայապաշտության համար, գաղտնի ծառայությունները եւ տարաբնույթ լրատվամիջոցներն ու պսեվդոպատմաբանները՝ պետական հեղաշրջումների եւ հեղափոխությունների, կուսակցությունները՝ կոնսպիրոլոգիայի, ազգային կազմակերպությունները՝ կոսմոպոլիտիզմի:

 

Տարբեր ժամանակներում որմնադրությունն իրենց թշնամի են համարել մոլեռանդները, բռնապետները, ֆեմինիստները, հոմոֆոբները, ռասիստներն ու սեւամորթ ծայրահեղականները, գլոբալիստներն ու անտիգլոբալիստները, սիոնիստներն ու անտիսեմիտները, կրոնական ֆունդամենտալիստներն ու աթեիստները, ֆաշիստներն ու կոմունիստները:

 

Որմնադրությունն ինքը մերժում է ծայրահեղականության որեւէ դրսեւորում:

 

Բացասական վերաբերմունքը հիմնականում դրսեւորվում է գաղտնիքի շուրջ, քանի որ անհայտ երեւույթը միշտ էլ վախի եւ տարակարծության առիթ է տալիս: Եթե խնդրի լուծումը չես տեսնում, ապա ամենահեշտն է մեղադրել դրանում որեւէ մեկին, քանի որ այդ մեկը գաղտնիքներ ունի, որոնք դու չգիտես: Այդ առումով ամենահարմար թեկնածուն որմնադրությունն է, քանի որ մնացած բոլորի գործունեությունը շատ ավելի պարզ է ու մատչելի:

 

- Ներկայում այսպիսի խոսք է տարածված` «թափանցիկ»…

 

- Մենք չենք կարող ապահովել լիակատար թափանցիկություն, դա կզրկի մեր կողմից դարերով փայփայած որմնադրական արժեքից՝ առ այն, որ գեղեցիկը չի բացահայտվում միանգամից՝ այն պետք է նվաճել՝ ամենօրյա մաքառումով, ունենալով այդ գաղտնիքը բացահայտելու կամքը, մաքրությունը, իրավունքը:

 

- Գեղեցիկը կփրկի՞ աշխարհը:

 

- Մեր համոզմամբ, յուրաքանչյուր անհատ ի զորու է բարեփոխել ինքն իրեն եւ դրանով իսկ խթան հանդիսանալ հասարակության համար՝ որմնադրական երեք հիմնարար սյուներով. Ուժը՝ որպես կամքի արտահայտում, Գեղեցիկը՝ որպես ձեւ, Իմաստությունը՝ որպես արարում:

 

- Ի՞նչ նշանակություն ունեն Ազատ Որմնադիրների համար նշաններն ու գաղտնաբառերը:

 

- Նշանները, որոնց թվում օրինակ` ձեռքսեղմումը, պատմականորեն են հասել մեզ, որոնք պահպանում ենք որպես խորհրդանիշներ: Անծանոթ որմնադիրները, օրինակ, միմյանց կարող են ճանաչել այդ նշանների միջոցով:

 

Արմեն Ջանյանի հետ զրուցել է Անի Խաչատրյանը (ԱՄՆ)՝ հատուկ Մեդիամաքս-ի համար

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին