Ստեփան Բաղդասարյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

Հոկտեմբեր 04, 2025
1616 դիտում

Ստեփան Բաղդասարյան. Իմ կինն իմ ընկերն է


Լուսանկարը`


Գիտե՞ք` այս վերնագրով ուզում էի գեղեցիկ բառերով ինչ-որ շարադրություն գրել՝ համոզելով բոլորին, թե որքան լավ ընկերներ ենք ես ու կինս, միաժամանակ աշխատելով իմիջիս վրա և փորձելով ի ցույց դնել հանրության դատին իմ մտավոր ունակություններն ու մտքիս թռիչքը…

 

Ավա՜ղ. չստացվեց:

 

Թող ներեն ինձ մարդիկ կամ չներեն նրանք, ովքեր մխիթարում են իրենց կյանքը հորինված իրականությամբ՝ բազմաթիվ անիմաստ պարտավորություններով, §ամոթներով¦ և §սելֆիներով¦, որոնցով կիսվելուց հետո միմյանց հետ ընդհանուր թեմա չունեն խոսելու: Ողբալի է... Ցավոք՝ իրական:

 

Գիտե՞ք` երբ փորձում էի ի մի բերել մտքերս ու կենտրոնանալ, հասկացա՝ աշխարհի բոլոր լեզուներով բառերը բավական չեն, որպեսզի նկարագրեմ իմ զգացմունքներն ու վերաբերմունքը կնոջս հանդեպ: Ավելի լավ է պատմեմ մեր համատեղ կյանքից որոշ դրվագներ: Կլինեմ անկեղծ, առանց ձևականության՝ չփորձելով ռոմանտիկ կամ սրտաճմլիկ պատմություններով խաղալ Ձեր խղճի հետ:

 

Կնոջս հետ միասին ենք յոթ տարի, որոնցից մեկ տարի է ինչ ամուսնացած ենք: Ինչպես բոլորը, մենք էլ ունեցել ենք բազմաթիվ խոչընդոտներ և անմոռանալի պահեր՝ ուրախություն, տխրություն, սպասողական վիճակ, կիրք՝ մի քանի §ի¦ տառերով, նույնիսկ իրար վրա թռչող իրեր, մասնավորապես մայոնեզ՝ իմ վրա, երբ որոշեցինք բնության գրկում գարնանային մի գեղեցիկ առավոտ նախաճաշել: Նախաճաշեցի… §Համեղ էր¦… Միգուցե արժանի էի §համեղ¦ նախաճաշի: Ինչևէ… Ոչ այնքան երկար համատեղ մեր կյանքի բոլոր պահերը հիշում ենք ժպիտով, երբեմն՝ լիաթոք ծիծաղում:

 

Ընկերության տարիներն անցել են գունեղ՝ բնականաբար չհիմնվելով ֆինանսական կարողությունների վրա: Միասին հաճախել ենք պարի, սպորտի, տարբեր մշակութային և ոչ այնքան մշակութային միջոցառումների, խմել ենք միասին, նույնիսկ՝ ծխել՝ իմանալավ, որ դա վնասակար է առողջությանը, հատկապես, երբ կինդ բժիշկ է և միշտ իր պայուսակի մեջ ունի մի քանի թերթանոց գործառնական հրահանգներ ծխելու վնասակարության մասին, որի առաջին գլուխն ունի §Ծխելը բացասաբար է ազդում տղամարդկանց պոտենցիայի վրա¦ վերնագիրը: Տղամարդի՛կ, համաձայնվեք` վախենալու է…

 

Ամուսնական կյանքն ավելի հետաքրքիր է: Գիտե՞ք` իմ համար երջանկությունն այն է, որ ամեն գիշեր գրկում եմ կնոջս, իսկ առավոտյան արթնանում և առաջինը նրան եմ տեսնում` հասկանալով, որ էլ ավելի շատ եմ սիրում նրան: Իհարկե նա քնած է լինում: Կբացեմ նրա արթնանալու գաղտնիքը՝ չնայած նրան, որ տանը դեռ §թռչող մայոնեզ¦ ունենք:

 

Հիշու՞մ եք այն միֆը, որ տղամարդու սրտի բանալին գտնվում է նրա ստամոքսում կամ նմանատիպ ինչ-որ բան: Մի՛ հավատացեք, կանայք էլ բանալին նույն վայրում են պահում: Աղջկա հետ հանդիպելուց, հատկապես, եթե նա չունի քաշի խնդիր, աղանդի փոխարեն առաջարկեք տաք հիմնական ուտեստ: Ինչքան վնասակար, այնքան ավելի համեղ: Հավատացե՛ք` Ձեր հարաբերությունները կունենան դրական ընթացք:

 

Կանգնել էի արթնացնելու գաղտնիքի վրա: Ասեմ, որ միակ տարբերակն ուտելիքի գայթակղիչ բույրն է: Այո՛, ճի՛շտ եք, ես գրեթե ամեն օր մեծ հաճույքով արթնանում եմ վաղ առավոտյան՝ կնոջս նախաճաշ պատրաստելու համար: Իհարկե լինում են բացառություններ, օրինակ, երբ զարթուցիչս խափանվում է կամ կինս ինքն է ուզում անակնկալ մատուցել: Ես նույնիսկ համացանցից տարբեր բաղադրատոմսեր եմ նայում՝ ձվածեղի մի քանի ձևից բացի ավելի օրիգինալ լինելու համար:

 

Գրեթե ամեն ինչ անում ենք միասին. զբոսնում ենք, առօրյա ընտանեկան գործերով ենք զբաղվում, ճաշում ենք, մարզվում ենք, սայթակում, ընկնում, մեկս մյուսին օգնում ենք, որ նորից բարձրանանք:

 

Մի պահ հայացքս հետ եմ դարձնում՝ վերհիշելով երիտասարդությունս. ազատ էի, չէի մտածում ապագայի մասին, տարբեր մեգապոլիսներում վարում էի գիշերային կյանք §թեթև¦ կամ §ծանր¦ վարքով էակների հետ, ունեի ընկերական մեծ շրջապատ, որոնց մի մասն էլ Հայատանում չի բնակվում, իսկ մյուսը՝ սեփական հոգսերն ունի: Հրաժարվում եմ ամեն ինչից, միայն թե կինս միշտ ժպտա, արթնանալով առավոտյան պատրաստածս նախաճաշի բույրից` նայի ինձ քնքոտ աչքերով ու ասի, որ չկա ինձ նմանը: Հավատացե՛ք` ես երջանիկ եմ…

 

Կինս միշտ հարցնում է, որ մեծանանք, մի օր չլինենք երկրի վրա և միգուցե երկնքում աստղ դառնանք, արդյո՞ք ես կկարողանամ անծայրածիր տիեզերքում գտնել ու բռնել նրա ձեռքը: Ես պատասխանում եմ. §Չկասկածե՛ս, կգտնե՜մ: Մենք կլինենք ամենափայլուն աստղերը երկնակամարին¦:

 

Միգուցե սենտիմենտալ է, միգուցե մելանխոլիկ, բայց իրական է ու անկեղծ: Ես չեմ կարող առանց կնոջս: Նա է ինձ ապրելու և առաջ գնալու ուժ տալիս: Սիրում եմ նրան… Առանց նրա անիմաստ է …

 

Կինս իմ ընկե՞րն է, թե՞ ոչ, կթողնեմ ընթերցողի դատին: Մինչ մի մասը կհավանի, մյուսը՝ կքննադատի նախաճաշերի և արդեն հայտնի դարձած մայոնեզի համար, ես կգործեմ ու կգնամ առաջ՝ վայելելով իմ կյանքի ամեն վայրկյանը, որ անցկացնում եմ կնոջս հետ:

 

Այսքանով կավարտեմ: Շնորհակալ եմ, որ կարդացիք մինչև վերջին նախադասությունը, դա կարևոր էր…

 

 

Նվիրում եմ կնոջս:

Հ.Գ.

 

Շնորհավոր ծնունդդ, միա՛կս: Հավատա` դու վեր ես ուղղակի կին կամ ընկեր բառերից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին