Սոֆյա Այդինյան. Սեր առաջին այրման պրոցեսից - Mediamax.am

exclusive
22951 դիտում

Սոֆյա Այդինյան. Սեր առաջին այրման պրոցեսից


Սոֆյա Այդինյանը
Սոֆյա Այդինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սոֆյա Այդինյանը
Սոֆյա Այդինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սոֆյա Այդինյանը
Սոֆյա Այդինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սոֆյա Այդինյանը
Սոֆյա Այդինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Սոֆյա Այդինյանը
Սոֆյա Այդինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է «Գիտամարդ» նախագիծը: Խորագիրը պատմում է այն մարդկանց մասին, ովքեր հասկացել են, որ իրենց կոչումը հետազոտող լինելն է եւ, չնայած բազմաթիվ դժվարություններին, որոշել են էներգիան, ներուժն ու ժամանակը ներդնել գիտության մեջ:

 

Քիմիկոս Սոֆյա Այդինյանն իր մասնագիտությունը սկսեց սիրել սովորելուց երեք տարի անց միայն: Սկզբում Բժշկական համալսարան էր դիմել, երկու տարի շարունակ մասնակցում էր ընդունելության քննություններին, սակայն վճարովի համակարգում ընդգրկվելով, ստիպված եղավ թողնել այս երազանքը:

 

«Ծնողներս երկար համոզեցին, ժամանակավոր հրաժարվեցի բժիշկ դառնալու մտքից, ընդունվեցի ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետ` մտածելով, որ հետո կփոխեմ Բժշկական համալսարան»,- ասում է նա:

 

Բժիշկ դառնալու չիրականացած երազանքն այդպես էլ թույլ չէր տալիս ճանաչել քիմիան: ԵՊՀ 3-րդ կուրսի ուսանող Սոֆյային դասախոսը` պրոֆեսոր Սուրեն Խառատյանն, առաջին անգամ տարավ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ: Այրման պրոցեսների հենց առաջին փորձից հետո վայր դրեց զենքերն ու բացեց դռները, որոնցից այն կողմ ամեն օր նոր բան սովորելու եւ ստեղծելու հնարավորությունն էր:

 

«Արդեն 12 տարի` զբաղվում եմ քիմիայով, սկզբում չէի պատկերացնում, որ այնքան անելիք կունենամ, որ այսքան երկար կմնամ: Հիմա չեմ պատկերացնում կյանքս առանց  գիտափորձերի: Միշտ ցանկությունը կա ավելին փորձելու, ավելին տեսնելու: Իսկ Բժշկական համալսարան գնալու երազանքս ինչ-որ չափով իրականացրի` մեկ ամիս դասավանդելով այնտեղ»,- ասում է նա:

 

Երեքը մեկում` գիտաշխատող, դասախոս եւ ուսուցիչ

 

Սոֆյան գիտաշխատող է Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ԲԻՍ (Բարձրջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզ) պրոցեսների կինետիկայի լաբորատորիայում եւ ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետի Անօրգանական քիմիայի ամբիոնում: ԵՊՀ-ում դասախոսելուց զատ, Սոֆյան դասավանդում է նաեւ աշակերտներին: Անանիա Շիրակացու անվան ճեմարան կրթահամալիրում աշխատանքը սկսել է նախ որպես քիմիայի ուսուցիչ, ապա որպես քիմիայի ամբիոնի վարիչ եւ առարկայական ծրագրերի ղեկավար, հիմա միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագրում խորացված հոսքի քիմիայի ուսուցիչ է:

Սոֆյա Այդինյանը Սոֆյա Այդինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Դեռ չի եղել մեկ օր, որ ձանձրանամ կամ չուզենամ աշխատանքի գնալ: Ես այն երջանիկներից եմ, որ աշխատավայրից չի փախչում: Գիտեմ, որ հաջորդ օրը նոր հետաքրքիր բան է լինելու, նոր բան ենք փորձելու: Հիմա, երբ նայում եմ ուսանողներիս, ուզում եմ հիշել` ե՞ս էլ էի հիասթափվում, երբ գիտափորձը չէր ստացվում: Իմ դասախոսն ասում էր` չստացված փորձն էլ արդյունք է, նույնիսկ եթե չի հաջողվել, դու դրանից սովորելու բան ունես: Եղել են, իհարկե հիասթափություններ, բայց ես ինձ հաջողակ եմ համարում, իմ ձեռնարկները անպայման հաղթանակով ավարտի համար եմ անում»,- ասում է Սոֆյան:

 

«Կեղծ համաձուլվածքներ»` այրման պրոցեսներով

 

Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում Սոֆյան զբաղվում է, այսպես կոչված, «կեղծ համաձուլվածքների» ստացմամբ: Դրանք նոր տիպի, բարձր ֆիզիկամեխանիկական հատկություններով նյութեր են, որոնք անհրաժեշտ բնութագրերով ստանալու դեպքում կարող են կիրառություն գտնել միկրոէլեկտրոնիկայի բնագավառից մինչեւ միջուկային սինթեզի ռեակտորներում:

 

«Առօրյայում հայտնի այրման պրոցեսներում մենք ջերմություն ենք ստանում, իսկ այրմամբ սինթեզի եղանակով օգտագործում ենք տարբեր նյութերի այսպես կոչված ներքին ջերմությունը: Հենց սկզբից գրավիչ այս պրոցեսների էությունն այն է, որ նյութերի ստացումն իրականացվում է առանց արտաքին էներգիայի աղբյուրների, առանց էներգածախսերի, չափազանց արագ (մի քանի հարյուր գրամ նյութ վայրկյանների ընթացքում), էկոլոգիապես անվտանգ եւ անթափոն: Արդյունքում մանրահատիկ նյութեր են ստացվում` նանոփոշիներ: Բացի այդ, այն բնութագրվում է բարձր արտադրողականությամբ»,- ասում է գիտաշխատողը:

Սոֆյա Այդինյանը Սոֆյա Այդինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կեղծ համաձուլվածքների ուսումնասիրություններից մեկում գիտական խումբն օգտագործել է մոլիբդեն եւ պղինձ, որոնցով հարուստ են Հայաստանի հանքավայրերը:

 

ԵՊՀ-ում Սոֆյան լուծույթների այրման պրոցեսներով է զբաղվում, որը նոր ուղղություն է այրման պրոցեսներում: Այն խիստ որոշակի կառուցվածքով եւ մաքրությամբ նանոնյութերի ստացման եղանակ է:

 

«Մինչ օրս մետաղների օքսիդներ են ստացվել եւ որոշ մետաղներ, բայց դեռեւս ոչ օքսիդային նանոնյութեր այս եղանակով չեն ստացվել: Մենք այս ուղղությամբ արդեն հաջողություններ ունենք, քանի որ մոտեցումը գտնված է, սակայն անելիքներ դեռ շատ կան փորձարկման հարցում: Մոլիբդենի կարբիդն անհրաժեշտ բնութագրերով ստանալու պարագայում այն որպես կատալիզատոր է փորձարկվելու, քանի որ հաճախ է քննարկվում դրա` ազնիվ թանկարժեք մետաղներին փոխարինող կատալիզատոր լինելու հարցը»,- պատմում է գիտաշխատողը:

 

Դպրոցի գրավչությունն ու գիտափորձերի հնարավորությունները

 

Դպրոցականների դասավանդելու մեծ փորձ ունեցող Սոֆյա Այդինյանը պնդում է, որ աշակերտները սովորելու մեծ ձգտում ունեն եւ սխալ է պնդումը, թե այս «այս սերունդը սովորել չի ուզում»:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Պարզապես այնպիսի սերունդ է մեծանում, որն ուղղակի ուզում է հասկանալ՝ ինչի համար սովորել եւ ինչ է անելու իր գիտելիքը, դա ժամանակի հրամայականն է: Մենք այսօր պետք է փաստերով համոզենք կամ ապացուցենք սովորողին, որ գիտությունը արժեք է: Պետք է սովորողներին մոտեցնել գիտության դարպասներին, ոչ թե պատմելով, որ արտերկրի համալսարաններում թունելային մանրադիտակով հետեւում են տարրական մասնիկներին եւ ուսումնասիրում դրանց հատկությունները, այլ հնարավորություն տալ իրենց դա ինքնուրույն փորձելու»:

 

Ըստ Սոֆյայի` հաճախ դպրոցում դասավանդող ուսուցիչը չի կարող մոտիվացված գնալ աշխատանքի, քանի որ դա չի գնահատվում ոչ բարոյապես, ոչ նյութապես:

 

Նա նկատում է, որ դպրոցներում հիմնականում բացակայում են ժամանակակից կահավորված լաբորատորիաները, եւ դպրոցը երիտասարդ մասնագետների համար դեռեւս գրավիչ չէ.

 

«Չնայած Teach for Armenia ծրագիրն է փորձում նոր շունչ տալ դպրոցին, համալսարան-դպրոց կապն ենք փորձում ապահովել փոխադարձ այցելություններով, բայց դրանք համակարգային լուծումներ չեն, այլ դրվագներ»:

 

Գիտությունն ու կրթությունը` պետության գերակա շահ

 

Գիտնականին, ինչպես նկատում է Սոֆյան, այժմ գիտության մեջ պահողն էնտուզիազմն է: Նրա խոսքով` խնդիրները շատ են, լուծումն էլ պարզ` պետական հոգածություն է հարկավոր:

Սոֆյա Այդինյանը Սոֆյա Այդինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Նախ նոր սարքավորումների բացակայությունն է, որը սահմանափակում է գիտական միտքը: Բաներ կան, որ մտածում ես կկարողանաս անել, մեկ էլ տեսնում ես, որ ձեռքիդ տակ չունես այդ հնարավորությունը: Հիմա, օրինակ, շատ հետաքրքիր տեխնոլոգիաներ կան. 3D տպիչներով անօրգանական նյութերով ցանկացած ձեւով իրեր են ստանում` նպատակ ունենալով մի օր էլ այդ ճանապարհով կարողանալ մարդկային օրգաններ ստանալ: Սա շատ գրավիչ ուղղություն է, կուզեի նաեւ սրանով զբաղվել»,- ասում է նա:

 

Մյուս հարցն այն է, որ գիտությունը գրավիչ չէ երիտասարդների համար, քանի որ գիտաշխատողների աշխատանքի պայմանները եւ աշխատավարձը հեռու են բավարար լինելուց:

 

Սոֆյայի բնորոշմամբ` մեկ այլ կարեւոր հարց է գիտաշխատողի ստացած արդյունքի կիրառությանը.

 

«Օրինակ` արտերկրում, անգամ համալսարաններում, էլ չեմ ասում գիտահետազոտական ինստիտուտների մասին, կան հատուկ մասնագետներ, ովքեր զբաղվում են դրա առեւտրայնացմամբ, իսկ մեզ մոտ հաճախ արդյունքը մնում է թղթի վրա, լավագույն դեպքում ավարտվում դրամաշնորհի սահմաններում կամ միջազգային վարկանիշ ունեցող ամսագրում տպագրությամբ: Իսկ գիտությունը, ինչպես եւ կրթությունը, պետության գերակա շահը պետք է լինեն, հակառակ դեպքում ոչ մի քայլ առաջ չենք գնա»:

 

Մարի Թարյան

Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին