«Հայաստանը ձգտում է որքան հնարավոր է շուտ միանալ Մաքսային միությանը», - ասել է Շուվալովը - Mediamax.am

5252 դիտում

«Հայաստանը ձգտում է որքան հնարավոր է շուտ միանալ Մաքսային միությանը», - ասել է Շուվալովը


Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը
Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը

Լուսանկարը` http://vladnews.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովն ասել է, «Հայաստանը ձգտում է որքան հնարավոր է շուտ միանալ Մաքսային միությանը, եւ պատրաստակամություն է հայտնել անել դա ընդամենը մի քանի ամսվա ընթացքում»:

Ինչպես հաղորդում է РБК-ն, Իգոր Շուվալովն այդ մասին ասել է Մինսկում կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստից հետո: 

 

«ՀՀ նախագահը դիմել է Մաքսային միության երկրների նախագահներին, որպեսզի իրենց հնարավորություն տան որքան հնարավոր է շուտ վավերացնել բոլոր համաձայնագրերը», - նշել է Ռուսաստանի փոխվարչապետը:

 

Նրա խոսքերով, որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը պետք է  «ճանապարհային քարտեզ» եւ հստակ արդյունքներ ներկայացնի դեկտեմբերին  Մոսկվայում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հաջորդ նիստին:

 

Իգոր Շուվալովն ասել է, որ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ Երեւանի հետ բանակցությունները զգալիորեն տարբերվում են Ղրղզստանի հետ վարվող բանակցություններից: Նա նշել է, որ Ղրղզստանի հետ աշխատանքային խումբը ստեղծված է եւ վաղուց աշխատում է, սակայն բանակցությունները դժվար են ընթանում, քանի որ ղրղզական կողմը պահանջում է որոշակի բացառություններ, ընդ որում` բավական ցավոտ հարցերի շուրջ:

 

«Իսկ Հայաստանն ասում է` մենք պատրաստ ենք գրեթե ամբողջությամբ վավերացնել բոլոր համաձայնագրերը, դրանք վերլուծված են, մեր բոլոր գերատեսչությունները եւ նախարարությունները տեղյակ են: Մեզ աշխատանքի համար ընդամենը մի քանի ամիս է անհրաժեշտ, առանց որեւէ բացառությունների, եւ մենք պատրաստ ենք միանալ ողջ իրավական պայմանագրային բազային եւ հետեւել բոլոր կանոններին», - ասել է Իգոր Շուվալովը: Բացի այդ, նրա խոսքերով, Հայաստանը պատրաստակամություն է հայտնել համապատասխանեցնել իր ներքին օրենսդրությունը Մաքսային միությանը:

 

Իգոր Շուվալովը նշել է, որ Հայաստանը Doing Business վարկանշում բոլոր դիրքերով ավելի բարձր է գտնվում Մաքսային միությանն անդամակցող պետություններից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին